Ընդունված է 2014թ. դեկտեմբերի 25-ին
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան
- Սույն օրենքը կարգավորում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներին առնչվող հարաբերությունները, սահմանում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց, իսկ պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու դեպքում՝ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները:
- Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին օրենսդրությունը բաղկացած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական այլ ակտերից:
Հոդված 2. Պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակային ապահովությունը և այլ սոցիալական երաշխիքները
- Սույն օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք ունի՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնաթող Նախագահը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում.
2) դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը, որի լիազորությունները դադարեցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.
3) դատախազի, դատախազության քննիչի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը, որը պաշտոնից ազատվել է «Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 9-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.
4) առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.
5) առնվազն մեկ գումարման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի (Գերագույն խորհրդի, Խորհրդարանի) պատգամավորի պաշտոն զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.
6) «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի հավելված N 1-ով սահմանված պաշտոններում, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.
7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, վարչապետը, կառավարության անդամները, մարդու իրավունքների պաշտպանը, վերահսկիչ պալատի նախագահը, դատավորները, դատախազները, դատախազության քննիչները՝ իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու դեպքում:
- Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նշված դեպքում պետական պաշտոն զբաղեցրած անձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող բժշկական կազմակերպություններում ապահովվում է բժշկական սպասարկմամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
- Պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակի իրավունք ունի, եթե չի աշխատում (չի զբաղեցնում պետական և համայնքային պաշտոն, կամ չի կատարում վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, որպես անհատ ձեռնարկատեր չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ):
Հոդված 3. Պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքները պետական պաշտոն զբաղեցրած անձի մահանալու (զոհվելու) դեպքում
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, կառավարության անդամի, մարդու իրավունքների պաշտպանի, վերահսկիչ պալատի նախագահի, դատավորի, դատախազի, դատախազության քննիչի կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով մահանալու (զոհվելու) դեպքում`
1) նրա հուղարկավորությունը կազմակերպած անձին վճարվում է հուղարկավորության նպաստ.
2) նրա ընտանիքին տրվում է միանվագ դրամական օգնություն.
3) նրա ընտանիքի` «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներին նշանակվում և վճարվում է կենսաթոշակ:
- Միանվագ դրամական օգնություն, հուղարկավորության նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, նշանակելու և վճարելու կարգը, հուղարկավորության նպաստի չափը, միանվագ դրամական օգնության չափը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 4. Կենսաթոշակի ընտրության իրավունքը
- Սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ օրենքներով սահմանված պետական կենսաթոշակների իրավունք ունեցող անձին նշանակվում է մեկ կենսաթոշակ` իր ընտրությամբ:
Հոդված 5. Պետական պաշտոն զբաղեցրած անձի և նրա ընտանիքի անդամների կենսաթոշակը հաշվարկելու կարգը
- Սույն օրենքով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկվում է Կ=Հ*Գ+ՄՍ*ՄՍԱ բանաձևով, որտեղ`
Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,
Հ-ն` սույն օրենքով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական կենսաթոշակի չափը (այսուհետ՝ հիմնական կենսաթոշակ),
Գ-ն` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած պաշտոնների համար սահմանված առավելագույն գործակիցը (այսուհետ՝ գործակից),
ՄՍ-ն` մասնագիտական ստաժը,
ՄՍԱ-ն` մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը:
- 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված՝ պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկելիս մասնագիտական ստաժում հաշվառվում են մինչև 2016 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածները:
- Սույն օրենքով սահմանված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը, գործակիցը փոխվելու դեպքում:
- Մասնագիտական ստաժը հաշվարկելու կարգը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները), հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 6. Պետական պաշտոն զբաղեցրած անձի, նրա ընտանիքի անդամների կենսաթոշակ ստանալու իրավունքը
- Սույն օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ ստանալու իրավունք ունի, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է կենսաթոշակ նշանակող մարմին և նրան նշանակվել է կենսաթոշակ:
- Սույն օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում է՝
1) պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարեցվելու) օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում.
2) պետական պաշտոն զբաղեցրած անձի մահվան օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո վեց ամսվա ընթացքում.
3) հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում.
4) դիմելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-3-րդ կետերով սահմանված վեցամսյա ժամկետը լրանալուց հետո:
- Սույն օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կենսաթոշակ նշանակող մարմինը, կենսաթոշակ նշանակելու և վճարելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
- Սույն օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի աշխատանքի ընդունվելու (պետական և համայնքային պաշտոն զբաղեցնելու կամ վճարովի այլ աշխատանք կատարելու, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, որպես անհատ ձեռնարկատեր` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու) դեպքում՝ աշխատանքի ընդունվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
- Սույն օրենքով սահմանված կենսաթոշակը վճարվում է, կենսաթոշակ վճարելը դադարեցվում է, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով զինվորական կենսաթոշակների համար սահմանված կարգով:
Հոդված 7. Թաղման նպաստի վճարումը
- Սույն օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:
- Թաղման նպաստը նշանակվում և վճարվում է, եթե անձը մահացել կամ հուղարկավորվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում:
- Թաղման նպաստի չափը, թաղման նպաստը նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 8. Օրենքի ուժի մեջ մտնելը
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերի, որոնց գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-61-Ն օրենքը:
Հոդված 9. Անցումային դրույթներ
- 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու դեպքում կենսաթոշակ է նշանակվում նաև «Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով դատախազի պաշտոնից ազատված անձին, եթե նա ծնվել է մինչև 1974 թվականի հունվարի 1-ը։
Սույն մասով սահմանված մասնագիտական աշխատանքային ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դատախազի (մինչև 2009 թվականի հունվարի 1-ը դատախազի տեղակալի, դատախազի օգնականի), քննիչի (ներառյալ` դատախազության հատուկ քննչական, իսկ մինչև 2009 թվականի հունվարի 1-ը՝ քննչական բաժնի պետի, պետի տեղակալի), ԽՍՀՄ դատախազության համակարգում դատախազի և քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և ԽՍՀՄ-ում դատավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը:
Սույն մասով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկվում է հաշվարկային աշխատավարձի 70 տոկոսի չափով. 20 տարուց ավելի մասնագիտական աշխատանքային ստաժի յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենսաթոշակին ավելանում է հաշվարկային աշխատավարձի երկու տոկոսը, իսկ մինչև դատախազի կամ դատախազության քննիչի պաշտոն զբաղեցնելն աշխատած և մասնագիտական աշխատանքային ստաժում չհաշվառվող յուրաքանչյուր տարվա համար` մեկ տոկոսը: Սույն մասով սահմանված կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել հաշվարկային աշխատավարձի չափը:
Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է դատախազի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դատախազի, դատավորի, դատախազության քննիչի պաշտոնում աշխատած տարիների համար տրվող հավելավճարի հանրագումարի) 85 տոկոսի չափով՝ հաշվի առնելով վերջին պաշտոնը, դասային աստիճանը և դատախազի, դատավորի, դատախազության քննիչի պաշտոնում աշխատած տարիները՝ դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:
Հաշվարկային աշխատավարձը հաշվարկելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին, դատավորին, դատախազին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված կենսաթոշակները, սույն հոդվածի 1-ին մասով նշանակված կենսաթոշակները համարվում են սույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն նշանակված կենսաթոշակներ և հաշվարկվում են սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հաշվի առնելով հիմնական կենսաթոշակի չափը, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված գործակիցը և մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը:
Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին (կամ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված) չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին (կամ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված) չափով:
- Սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի և 6-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ սույն օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, կամ դատախազի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ է նշանակվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով:
Սույն մասով սահմանված դեպքերում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է, եթե պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակ նշանակվելուց հետո անցել է զինվորական ծառայության, նշանակվել է դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, դատախազության քննիչի կամ դատավորի պաշտոնում:
- Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ մտնելը ոչ մշտական հիմունքներով աշխատած պատգամավորի կենսաթոշակը սույն օրենքով հաշվարկելիս հիմք է ընդունվում 8.0 գործակիցը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2014թ. դեկտեմբերի 29
Ստեփանակերտ
ՀՕ-68-Ն