Ընտրական օրենսգիրք

                                                                                                                                                                                                              Ընդունված է 2014թ. հոկտեմբերի 29-ին


                                                                                                        Ա Ռ Ա Ջ Ի Ն  Մ Ա Ս 

                                                                                                            Բ Ա Ժ Ի Ն 1

                                                                                               ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

                                                                                                           Գ Լ ՈՒ Խ 1

                                                                                             ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Ընտրությունների հիմունքները

  1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի (այսուհետ՝ Հանրապետության Նախագահ), Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:
  2. Օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման օրինականության համար:
  3. Ընտրական իրավունքը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով:

 

Հոդված 2.

Ընտրելու իրավունքը

 

  1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն քվեարկության անցկացման օրը 18 տարին լրացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրությունն անցկացվող համայնքում մինչև քվեարկության օրն առնվազն վերջին մեկ տարվա հաշվառում ունենալու դեպքում:
  2. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ սույն օրենսգրքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձանց վրա:
  3. Ընտրելու և ընտրվելու իրավունք չունեն դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող քաղաքացիները:
  4. Պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները, ձերբակալված կամ կալանավորված անձինք, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները տեղական ինքնակառավարման մարմինների և Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ քվեարկություններին չեն կարող մասնակցել:
  5. Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող, ինչպես նաև քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողները տեղամասային կենտրոնում քվեարկությանը մասնակցում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

 

Հոդված 3.

Հավասար ընտրական իրավունքը

 

  1. Ընտրողներն ընտրություններին մասնակցում են հավասար հիմունքներով:
  2. Պետությունը հավասար պայմաններ է ապահովում ընտրողների ընտրական իրավունքի իրականացման համար:
  3. Ընտրողները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ընտրելու և ընտրվելու իրավունք ունեն:

 

Հոդված 4.

Ուղղակի ընտրական իրավունքը

 

  1. Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, տեղական ինքնակառավարման մարմիններն ընտրվում են անմիջականորեն:

 

Հոդված 5.

Քվեարկության գաղտնիությունը

 

  1. Քվեարկությունը գաղտնի է: Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն: Քվեարկողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է:

 

Հոդված 6.

Ընտրությունների հրապարակայնությունը

 

  1. Ընտրությունները նախապատրաստվում և անցկացվում են հրապարակայնորեն:
  2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ որոշումները հրապարակվում են «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անհատական որոշումներն ընդունվելուց, իսկ նորմատիվ որոշումներն օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց և կենտրոնական ընտրական հանձնաժողովում մուտքագրվելուց հետո` մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
  3. Ընտրությունների կազմակերպման և անցկացման հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովելու, հանրային իրազեկման մակարդակը բարձրացնելու, կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի անվտանգությունը, պաշտպանվածությունը և անխափան աշխատանքն ապահովելու, ընտրական հանձնաժողովներին սույն օրենսգրքով վերապահված լիազորությունների պատշաճ իրականացման նպատակով ընտրական հանձնաժողովներն ապահովվում են անհրաժեշտ ծրագրատեխնիկական և կապի միջոցներով, սարքավորումներով և գույքով:
  4. Համապետական (համապետական են Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունները) ընտրությունների ժամանակ թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) կարող են ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած էլեկտրոնային ձևով` կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ ծրագրերը տեղադրում է համացանցային կայքում ներկայացվելուց հետո` մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը:
  5. Թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո` հինգ օրվա ընթացքում, թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները) համապատասխան ընտրական հանձնաժողով ներկայացնում են հայտարարագիր` իրենց գույքի և եկամուտների մասին: Հանրապետության Նախագահի թեկնածուները ներկայացնում են ինքնակենսագրություն և մեկ լուսանկար:

Հայտարարագրերի ձևերը և դրանց ներկայացման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

  1. Հանրապետության Նախագահի թեկնածուների, կուսակցությունների հայտարարագրերը ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում, տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում, իսկ մյուս թեկնածուների հայտարարագրերի պատճենները գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում են ընտրական հանձնաժողովների անդամներին, վստահված անձանց, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, դիտորդներին:
  2. Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմինը հրապարակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը:
  3. Ընտրողները սույն օրենսգրքով սահմանված կարգով տեղեկացվում են ընտրական հանձնաժողովների կազմի, գտնվելու վայրերի, աշխատաժամերի, ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, թեկնածուների առաջադրման, գրանցման, քվեարկության օրվա, քվեարկության և ընտրությունների արդյունքների մասին:
  4. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովները պարտավոր են մինչև ժամը 11.30-ը, 14.30-ը, 17.30-ը և 20.30-ը տարածքային ընտրական հանձնաժողով հաղորդել համապատասխանաբար մինչև ժամը 11.00-ն, 14.00-ն, 17.00-ն և 20.00-ն տվյալ ընտրական տեղամասում քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը: Տարածքային ընտրական հանձնաժողովներն այդ տվյալները նույն պարբերականությամբ ամփոփում, հրապարակում և հաղորդում են կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապետական ընտրությունների ժամանակ քվեարկության օրը` ժամը 9.00-ին, տեղեկություններ է հրապարակում ընտրությունների ընթացքի մասին, իսկ ժամը 12.00-ից սկսած մինչև ժամը 21.00-ն, երեքժամյա պարբերականությամբ, ըստ ընտրատարածքների հրապարակում է տեղեկություններ մինչև նախորդ ժամը քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ: Քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի մասին տեղեկությունների հրապարակումից հետո դրանք ըստ ընտրական տեղամասերի տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

Սույն մասի առաջին պարբերության մեջ նշված դեպքերում կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալները հրապարակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով` կենտրոնական ընտրական հանձնաժողովի նստավայրից կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո կենտրոնից:

  1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ ուշ, քան քվեարկության հաջորդ օրը` ժամը 00.00-ից սկսած` իրականացնում է քվեարկության արդյունքների աղյուսակավորում` ըստ ընտրական տեղամասերի: Քվեարկության նախնական արդյունքների աղյուսակավորումը կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտում և ընտրությունների նախնական արդյունքները հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրում է ընտրական տեղամասից քվեարկության արդյունքների մասին վերջին տեղեկություններն ստանալուց հետո` ոչ ուշ, քան քվեարկության ավարտից հետո՝ 24 ժամվա ընթացքում:
  2. Ընտրական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև քվեարկության ամբողջ ընթացքում տեղամասային կենտրոնում սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն ներկա լինելու վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները` վերադաս հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ: Ընտրական հանձնաժողովների նիստերը, ինչպես նաև քվեարկության ընթացքը վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել` չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը:

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

 

Հոդված 7.

Ընտրողների ռեգիստր վարելը, ընտրողների ցուցակները կազմելը

 

  1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրը մշտապես վարվող փաստաթուղթ է, որը կազմվում է ըստ շրջանների (Ստեփանակերտ քաղաքի) և համայնքների: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քվեարկելու իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրում չեն ընդգրկվում, որը չի սահմանափակում ընտրողների ցուցակում ընդգրկված լինելու նրանց իրավունքը:

  1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրը վարում և ընտրողների ցուցակը կազմում է քաղաքացիների` ըստ բնակության վայրի հաշվառումն իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին): Լիազոր մարմինը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրը և ընտրողների ցուցակը սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան վարելու և կազմելու համար:
  2. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով ընտրողների ցուցակներ կազմում են նաև օտարերկրյա պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների, քրեակատարողական հիմնարկների ղեկավարները և զինվորական մասերի հրամանատարները:
  3. Լիազոր մարմինը տարին երկու անգամ՝ հուլիսին և հունվարին (երկշաբաթյա ժամկետում), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրը` ըստ շրջանների և համայնքների, իսկ համապետական ընտրությունների դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր առաջ՝ նաև ըստ ընտրական տեղամասերի, էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրը կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի մշտական և անբաժանելի մասն է:

 

Հոդված 8.

Ընտրողներին ցուցակում ընդգրկելը

 

  1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրի հիման վրա կազմվում է համայնքի ընտրողների ցուցակ` ըստ ընտրական տեղամասերի, որում ընդգրկվում են սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` համապատասխան ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:
  2. Յուրաքանչյուր ընտրության դեպքում ընտրողը կարող է ընդգրկվել ընտրողների միայն մեկ ցուցակում և միայն մեկ անգամ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ համայնքի ընտրողների ցուցակում չեն կարող ընդգրկվել այն քաղաքացիները, ովքեր այդ համայնքում հաշվառվել են ընտրություններ նշանակվելուց հետո: Սույն պարբերության դրույթները չեն տարածվում այն քաղաքացիների վրա, ովքեր համայնքում հաշվառվել են ամուսնությամբ, պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրվելու, ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվելու հանգամանքներով պայմանավորված:

  1. Համապետական ընտրությունների դեպքում այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան յոթ օր առաջ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացնում են դիմում` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն: Դիմումի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին տրամադրում է տեղեկանք` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից նրա տվյալները հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ: Տեղեկանքի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

  1. Հայտ ներկայացրած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն ընտրողները, ովքեր բնակվում կամ գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս կազմվող ընտրողների ցուցակում:

Օտարերկրյա պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության բացակայության դեպքում սույն մասի առաջին պարբերության մեջ նշված ընտրողն ընտրողների ցուցակում գրանցվելու հայտով կարող է դիմել իր բնակվելու կամ գտնվելու վայրին մոտ գտնվող պետությունում գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն:

  1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողները համապետական ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար քվեարկության օրվանից ոչ ուշ, քան յոթ օր առաջ լիազոր մարմին ներկայացնում են դիմում` ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն: Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին ընդգրկում է քվեարկության օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում և այդ մասին նրան տրամադրում տեղեկանք: Դիմումի և տեղեկանքի ձևերը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
  2. Համապետական ընտրությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան չորս օր առաջ՝ մինչև ժամը 14.00-ն, կազմում է քվեարկության օրն ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների ցուցակը` դրանում նշելով ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը և օրը (այսուհետ` ամսաթիվ) և հաշվառման վայրի հասցեն: Լիազոր մարմինը, ըստ այդ ցուցակների, ոստիկանության ծառայողներին հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից, սույն օրենսգրքի 9-րդ հոդվածով ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան` կազմում է ընտրական տեղամասում քվեարկող ոստիկանության ծառայողների լրացուցիչ ցուցակ:
  3. Համապետական ընտրությունների ժամանակ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատության ղեկավարը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան չորս օր առաջ՝ մինչև ժամը 14.00-ն, լիազոր մարմին է ներկայացնում ստացիոնար բուժման մեջ գտնվող և տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող քվեարկությանը մասնակցել ցանկացող ընտրողների ցուցակը` դրանում նշելով ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը և հաշվառման վայրի հասցեն:

Լիազոր մարմինը, ըստ ներկայացված ցուցակների, ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողներին հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից, սույն օրենսգրքի 9-րդ հոդվածով ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան` կազմում է ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ:

  1. Համապետական ընտրությունների ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները ծառայությունից օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված լինելու դեպքում հանվում են զորամասի ընտրողների ցուցակից և իրենց մշտական բնակության վայրերում կարող են ընդգրկվել ընտրողների ցուցակում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին հայտ ներկայացնելու դեպքում: Հայտի ձևը և դրան կից փաստաթղթերի ցանկը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
  2. Համապետական ընտրությունների ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայողները, ինչպես նաև զորամասերի տեղակայման տարածքում հաշվառված պայմանագրային զինծառայողները և նույն տարածքում հաշվառված ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները, վարժական հավաքներ անցնող ընտրողներն ընդգրկվում են զորամասի ընտրողների ցուցակում:
  3. Համապետական ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը համայնքի ղեկավարին, լիազոր մարմին ու կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում զինվորական մասերում հաշվառված ընտրողների թիվը` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Սույն մասի դրույթները վերաբերում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության և ոստիկանության զորքերին:
  4. Զորամասի տարածքից դուրս հաշվառված պայմանագրային զինծառայողները համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:
  5. Կալանավորված անձանց պահելու վայրում գտնվող ընտրողների ցուցակները կազմում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարը` տարածքային ընտրական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ, քվեարկության օրվանից երեք օր առաջ:

 

Հոդված 9.

Ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները

 

  1. Ընտրողների ցուցակները կազմվում են ըստ ընտրողների հաշվառման վայրի հասցեների:
  2. Ընտրողների ցուցակում նշվում են շրջանի և համայնքի անվանումը, իսկ առանձին սյունակներում՝ ընտրողի՝

1) ցուցակում հերթական համարը.

2) ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը` հաշվառման փաստաթղթերում առկայության դեպքում).

3) ծննդյան ամսաթիվը.

4) հաշվառման վայրի հասցեն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների դեպքում` քվեարկության օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվելու վայրի հասցեն:

  1. Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրվող ընտրողների ցուցակներում սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված համարակալումը կատարվում է ըստ ընտրական տեղամասերի, ցուցակների յուրաքանչյուր թերթի վրա նշվում է նաև ընտրական տեղամասի համարը, նախատեսվում է ևս չորս սյունակ`

1) ընտրողի անձը հաստատող փաստաթղթի սերիայի և համարի (այսուհետ` համար).

2) ընտրողի ստորագրության.

3) հանձնաժողովի` ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամի ստորագրության.

4) լրացուցիչ նշումների: Ընտրողների ցուցակում լրացուցիչ նշումներ կատարվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

  1. Միաժամանակ մեկից ավելի ընտրությունների դեպքում յուրաքանչյուր քվեարկության համար նախատեսվում է ընտրողի ստորագրության առանձին սյունակ:
  2. Ընտրողների ցուցակները կազմվում են մատյանի ձևով և էջակալվում մինչև 750 ընտրողի քանակով, բայց այն հաշվարկով, որ 750-ից ավելի ընտրող ունեցող ընտրական տեղամասին հատկացվող ընտրողների ցուցակների յուրաքանչյուր մատյան ընդգրկի մոտավորապես հավասար թվով ընտրողների տվյալներ: Ընտրողների ցուցակի յուրաքանչյուր էջում կարող են նշվել առավելագույնը 20 ընտրողի վերաբերյալ տվյալներ:
  3. Ընտրողների ցուցակը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում լիազոր մարմնի կողմից կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակը կազմում, էջակալում, ցուցակի յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում է լիազոր մարմինը:
  4. Զինվորական մասում և քրեակատարողական հիմնարկում կազմվող ընտրողների ցուցակները կազմում, էջակալում, ցուցակների յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում են համապատասխանաբար զինվորական մասերի հրամանատարները և քրեակատարողական հիմնարկի ղեկավարը:

 

Հոդված 10.

Ընտրողների ցուցակներն ընտրական հանձնաժողովներին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին տրամադրելը

 

  1. Լիազոր մարմինը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 40 օր առաջ տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին տրամադրում է ընտրողների ցուցակների մեկ օրինակ, որը վերջին էջում ներառում է տեղեկանք` ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի, ժամանակի և պայմանների մասին` տեղամասային կենտրոնում փակցնելու համար: Տեղեկանքի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
  2. Լիազոր մարմինը քվեարկության օրվանից տասն օր և երեք օր առաջ համապետական ընտրությունների դեպքում` կենտրոնական ընտրական հանձնաժողովին, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների դեպքում տարածքային ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ` ըստ ընտրատարածքների և ընտրական տեղամասերի:
  3. Լիազոր մարմնի կողմից կազմվող ընտրողների ցուցակները (այդ թվում` լրացուցիչ ցուցակները)` ըստ ընտրական տեղամասերի, և ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները` տպագրված երկու օրինակից (ընտրողների ցուցակների, այդ թվում` լրացուցիչ ցուցակների 1-ին օրինակը` կազմված մատյանի ձևով, 2-րդ օրինակը` տեղամասային կենտրոնում փակցնելու համար), ինչպես նաև սույն օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանված` ընտրողների լրացուցիչ ցուցակներ կազմելու համար անհրաժեշտ ձևաթղթերը լիազոր մարմինը քվեարկության օրվանից երկու օր առաջ տրամադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին:
  4. Լիազոր մարմինը սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված ժամկետներում ընտրողների ցուցակներն էլեկտրոնային կրիչով տրամադրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
  5. Զորամասի հրամանատարը զինվորական մասում հաշվառված ընտրողների ցուցակները տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին տրամադրում է քվեարկության օրվանից երեք օր առաջ զմռսված ծրարով, որը բացվում է միայն քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովում:
  6. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը քվեարկության օրվանից երկու օր առաջ ընտրողների ցուցակը հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին։

 

Հոդված 11.

Ընտրողների ցուցակների մատչելիությունը

 

  1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ցուցակը, բացառությամբ զինվորական մասում, քրեակատարողական հիմնարկում կազմվող, ինչպես նաև ընտրողների ստորագրած ցուցակների, ազատ է ծանոթության համար:

Ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից լուսապատճեններ չեն հանվում, դրանք չեն լուսանկարվում և տեսանկարահանվում:

  1. Համապետական ընտրությունների ժամանակ լիազոր մարմինն ընտրողների ցուցակը` ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից 40 օր և երկու օր առաջ տեղադրում է համացանցում: Համացանցում ըստ ընտրական տեղամասերի տեղադրված ընտրողների ցուցակները պետք է ունենան դրանք ներբեռնելու հնարավորություն:
  2. Տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողը քվեարկության օրվանից 40 օր առաջ ընտրողների ցուցակը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում:
  3. Ընտրողների ցուցակի, այդ թվում` լրացուցիչ ցուցակների օրինակը, քվեարկության օրվանից երկու օր առաջ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում: Այս ցուցակները տեղամասային կենտրոնում մնում են փակցված մինչև տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունների դադարման օրը:
  4. Զինվորական մասերում հաշվառված ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից տասն օր առաջ փակցվում են զորամասերում՝ զինծառայողների համար տեսանելի տեղում:
  5. Լիազոր մարմինն ընտրողներին ուղարկում է ծանուցագրեր` քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, քվեարկության տեղի և ժամանակի մասին, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան երեք օր առաջ:

 

Հոդված 12.

Ընտրողների ցուցակների անճշտությունները վերացնելու վերաբերյալ դիմումներ տալու, դիմումները քննարկելու և ընտրողների ցուցակները ճշտելու կարգը

  1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան հինգ օր առաջ ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնելու լիազոր մարմին: Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան չորս օր առաջ, սույն օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարում է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:
  2. Քվեարկության օրվան նախորդող չորս օրվա ընթացքում` մինչև քվեարկության ավարտը, յուրաքանչյուր ոք իրավունք ունի իրեն ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին դիմում ներկայացնելու լիազոր մարմին: Ցուցակներում ընդգրկվելու մասին դիմումների վերաբերյալ որոշումները կայացվում են այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը: Տեղամասային ընտրական հանձնաժողովին ներկայացվող` ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին լիազոր մարմնի տեղեկանքի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին լիազոր մարմնի տեղեկանքի հիման վրա ընտրողների ցուցակում լրացում կատարում է տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրը` սույն օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով՝ լրացուցիչ ցուցակ կազմելու միջոցով:
  3. Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերացման և ցուցակում լրացում կատարելու վերաբերյալ վեճերը լուծվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով (այսուհետ` վարչական դատավարության օրենսգիրք) սահմանված կարգով և ժամկետներում: Դատարանը ցուցակում լրացում կատարելու վերաբերյալ վճիռը կայացնում է այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը: Ընտրողների ցուցակներում անճշտությունները վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռն իրականացնում է լիազոր մարմինը: Ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին վճռի հիման վրա ընտրողների ցուցակում լրացում կատարում է տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրը` սույն օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով՝ լրացուցիչ ցուցակ կազմելու միջոցով: Ընտրողների ռեգիստրը ճշգրտելու նպատակով դատարաններն ընտրողների ցուցակներում ընտրողներին ընդգրկելու վերաբերյալ վճռի պատճենն ուղարկում են լիազոր մարմին` նաև ընտրողների ռեգիստրում համապատասխան փոփոխություններ կատարելու համար:
  4. Ընտրական հանձնաժողովներն իրավունք չունեն սեփական նախաձեռնությամբ որևէ փոփոխություն՝ ճշտում կամ լրացում կատարելու ընտրողների ցուցակներում (այդ թվում` լրացուցիչ ցուցակներում), բացառությամբ քվեարկության օրն ընտրական տեղամասում տառասխալների և տեխնիկական վրիպակների ուղղման, ինչպես նաև սույն օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանված դեպքի:

 

Հոդված 13.

Ընտրողների լրացուցիչ ցուցակները

 

  1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքով սահմանված կարգով կազմում է ընտրողների լրացուցիչ ցուցակ: Ընտրողին ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու համար հիմք համարվող փաստաթղթերը կցվում են լրացուցիչ ցուցակին:
  2. Ընտրողների լրացուցիչ ցուցակները կազմվում են տեղամասային ընտրական հանձնաժողովներին քվեարկության համար տրվող ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան` ավելացնելով մեկ սյունակ՝ դատարանի վճռի կամ լիազոր մարմնի տեղեկանքի համարը և ամսաթիվը նշելու համար:
  3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմած` ընտրողների լրացուցիչ ցուցակի յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը: Քվեարկության ավարտից հետո ցուցակի վերջում հանձնաժողովի նախագահը նշում է լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը:

 

Գ Լ ՈՒ Խ 3

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

 

Հոդված 14.

Ընտրական տեղամասերը

 

  1. Լիազոր մարմինը համայնքի ղեկավարի և տարածքային ընտրական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ կազմավորում է ընտրական տեղամասեր քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ` հաշվի առնելով տեղական և այլ պայմաններ, նպատակ ունենալով առավել նպաստավոր պայմաններ ստեղծել քվեարկության համար:
  2. Ընտրական տեղամասերը կազմավորվում են հերթական համարակալմամբ: Ընտրական տեղամասերի համարակալման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
  3. Ընտրական տեղամասը կազմավորման պահին չպետք է ունենա ավելի քան 2 000 ընտրող: Սույն մասով սահմանված թիվը կարող է փոփոխվել ընտրողների ցուցակների ճշգրտման և սույն օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, բայց ոչ ավելի, քան մեկ տոկոսի չափով:
  4. Ընտրական տեղամասը չի կարող ընդգրկել տարբեր համայնքների բնակավայրեր:

 

Հոդված 15.

Տեղամասային կենտրոնը

 

  1. Քվեարկությունն անցկացվում է տեղամասային կենտրոնում:
  2. Տեղամասային կենտրոնը պետք է հնարավորին չափ մոտ լինի ընտրական տեղամասում գտնվող բնակելի շենքերին և տներին: Տեղամասային կենտրոնը պետք է ընտրվի այնպես, որ ապահովվի քվեարկության բնականոն ընթացքը: Տեղամասային կենտրոնի գտնվելու վայրի ընտրության և քվեարկության սենյակի` սույն օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան կահավորման համար պատասխանատու է համայնքի ղեկավարը:
  3. Տեղամասային կենտրոնը չի կարող գտնվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմական ուսումնական հաստատությունների, զորամիավորումների և առողջապահության հիմնարկների զբաղեցրած շենքերում:
  4. Համապետական ընտրությունների ժամանակ տեղամասային կենտրոններ կազմավորվում են նաև արտասահմանում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում, ինչպես նաև կալանավորված անձանց պահելու վայրերում:
  5. Տեղական ինքնակառավարման մարմինները սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու համար տեղամասային կենտրոններում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ:

 

Հոդված 16.

Տեղամասային կենտրոն սահմանելը

 

  1. Համայնքի ղեկավարը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 43 օր առաջ սահմանում է տեղամասային կենտրոն: Համայնքի ղեկավարն այդ մասին անհապաղ տեղեկացնում է լիազոր մարմնին, համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին:
  2. Տեղամասային կենտրոնում քվեարկության պատշաճ կազմակերպման կամ քվեարկության անցկացման անհնարինության դեպքում համայնքի ղեկավարը պարտավոր է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան հինգ օր առաջ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով փոխել տեղամասային կենտրոնի գտնվելու տեղը, իսկ բացառիկ դեպքերում (տարերային աղետ, վթար, հրդեհ կամ անհաղթահարելի ուժ)` նաև քվեարկության օրը` տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ:
  3. Տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը փոխելու դեպքում համայնքի ղեկավարն ընտրողներին տեղեկացնում է անհապաղ:

 

Գ Լ ՈՒ Խ 4

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ

 

Հոդված 17.

Ընտրատարածքները

 

  1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կազմավորվում են Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորների մանդատների թվին հավասար թվով ընտրատարածքներ:
  2. Ընտրատարածքը միասնական տարածք է և չի կարող ընդգրկել ոչ սահմանակից բնակավայրեր:
  3. Յուրաքանչյուր ընտրատարածքի սահմանները որոշվում են այնպես, որ կազմավորված բոլոր ընտրատարածքներում ընդգրկված լինեն մոտավորապես նույն թվով ընտրողներ՝ հաշվի առնելով տարածքի աշխարհագրական, տեղագրական և ֆիզիկական առանձնահատկությունները, հաղորդակցության միջոցների առկայությունը, գոյություն ունեցող սոցիալական, վարչական և այլ գործոնները, ընդ որում` կազմավորված ընտրատարածքներից յուրաքանչյուրում ընտրողների թիվը չպետք է ավելի քան 10 տոկոսով, իսկ բացառիկ դեպքերում՝ 15 տոկոսով գերազանցի կամ պակաս լինի ընտրողների ընդհանուր թվի և կազմավորված ընտրատարածքների թվի հարաբերությունից:

Եթե ընտրատարածքում ընտրողների թիվը գերազանցում է ընտրողների ընդհանուր թվի և կազմավորված ընտրատարածքների թվի հարաբերության 10 տոկոսը, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր որոշման մեջ մատնանշում է տվյալ որոշումը կայացնելու համար հիմք ծառայած բոլոր գործոնները և հիմնավորում դրանց ազդեցությունը:

  1. Ընտրատարածքները կազմավորում և համարակալում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
  2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համարակալված ընտրատարածքների ցուցակը և գծապատկերը հրապարակում է պաշտոնական տեղեկագրում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում և «Ազատ Արցախ» թերթում՝ սույն օրենսգրքով սահմանված ընտրատարածքների թվի փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո` երեսնօրյա ժամկետում:
  3. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների ժամանակ ընտրատարածքների սահմանները փոփոխության չեն ենթարկվում:

 

Գ Լ ՈՒ Խ 5

 

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 18.

Նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները

  1. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում թեկնածուների համար հավասար պայմաններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` սույն օրենսգրքով սահմանված կանոնները:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն սկսվում է թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ շրջանում քարոզչությունը ստորև անվանվում է նախընտրական քարոզչություն:

Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունն արգելվում է:

  1. Պետությունն ապահովում է նախընտրական քարոզչության ազատ իրականացումը: Այն ապահովում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները` նախընտրական ժողովներ, թեկնածուների հետ ընտրողների հանդիպումներ և ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով նրանց դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու միջոցով: Դրանք թեկնածուներին ու համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվում են հավասար հիմունքներով, անվճար` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
  2. Համապետական ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 20 օր հետո շրջվարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը) կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում այն դահլիճների և այլ շինությունների ցանկը, որոնք թեկնածուներին ու համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվում են անվճար: Այդ ցանկը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
  3. Ընտրողները, թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրավունք ունեն օրենքով չարգելված ձևերով քարոզչություն կատարելու թեկնածուի, կուսակցության, կուսակցության դաշինքի օգտին կամ դեմ:
  4. Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները սույն օրենսգրքով սահմանված կարգով ընտրություն նշանակվելուց հետո կարող են կազմավորել ընտրական շտաբներ: Ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ շտաբներն զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք), ինչպես նաև այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները:
  5. Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`

1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև դրանց ծառայողներին, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս.

2) դատավորներին, դատախազներին, ոստիկանության և ազգային անվտանգության մարմիններում ծառայողներին, զինծառայողներին.

3) բարեգործական և կրոնական կազմակերպություններին.

4) օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին.

5) ընտրական հանձնաժողովի անդամներին։

  1. Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:
  2. Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, ինչպես նաև ընտրությունների մյուս մասնակիցները պարտավոր են պահպանել նախընտրական քարոզչության կազմակերպման սահմանված կարգը: Ընտրական հանձնաժողովները հսկում են նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանումը: Թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից այդ կարգի խախտման դեպքում թեկնածուին, կուսակցության, կուսակցության դաշինքի ընտրական ցուցակը գրանցած հանձնաժողովը դիմում է իրավասու մարմիններ` դրանք կանխելու կամ կիրառում նախազգուշացում խախտում թույլ տված թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի նկատմամբ` տալով խախտումը դադարեցնելու համար երեք օրը չգերազանցող ողջամիտ ժամկետ: Նշված ժամկետում խախտումը չդադարեցնելու դեպքում հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար:

Նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտման դեպքում, որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, եթե այն կատարել է թեկնածուն, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, ապա թեկնածուին, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցած հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, կուսակցության, կուսակցության դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար:

  1. Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են ընտրական գործընթացներում իրենց վստահված անձանց միջոցով: Այդ նպատակով ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող թեկնածուներն իրավունք ունեն նախընտրական քարոզչության ընթացքում օրական մինչև երկու ժամ տևողությամբ համապատասխանաբար ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում հանդիպումներ ունենալու իրենց ներկայացնող մինչև երեք վստահված անձանց հետ:
  2. Նախընտրական քարոզչության ընթացքում արգելվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնության կամ պատերազմի քարոզումը, ազգային, ռասայական, կրոնական ատելության բորբոքումը, ինչպես նաև ռասայական, ազգային կամ կրոնական ատելություն առաջացնող նյութերի հրապարակումն ու տարածումը:

 

Հոդված 19.

Նախընտրական քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով

  1. Հանրապետության Նախագահի թեկնածուները և ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ունեն հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից հավասար պայմաններով անվճար և վճարովի (այդ թվում՝ ուղիղ եթերով) օգտվելու իրավունք:
  2. Հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից Հանրապետության Նախագահի թեկնածուներին, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը յուրաքանչյուր համապետական ընտրության համար սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` հաջորդ օրը:
  3. Հանրային հեռուստառադիոընկերությունը պարտավոր է թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար ապահովել ոչ խտրական պայմաններ:

Հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության լրատվական հաղորդումներում թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական քարոզարշավի վերաբերյալ ներկայացվում է անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն:

 Թեկնածուի, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից միջոցառումներ չկազմակերպելը կամ այդ միջոցառումների մասին տեղեկատվության բացակայությունը հիմք չէ զանգվածային լրատվության միջոցի համար ընտրությունների մյուս մասնակիցների քարոզարշավի մասին տեղեկություններ չհրապարակելու համար:

  1. Համապետական ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան տասն օր հետո հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հրապարակվում է իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը, որը չի կարող գերազանցել մինչև ընտրությունների նշանակումը վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին գինը և մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:
  2. Սույն հոդվածի 3-4-րդ մասերով սահմանված դրույթները հավասարապես տարածվում են նաև թեկնածուներին, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին քարոզչություն իրականացնելու համար եթերաժամ տրամադրող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող մյուս ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների վրա` անկախ սեփականության ձևից:
  3. Զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչությունն իրականացվում է հրապարակային բանավեճերի, կլոր սեղանների, մամուլի ասուլիսների, հարցազրույցների, քաղաքական գովազդի և օրենքով չարգելված այլ ձևերով:
  4. Արգելվում է նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները և հեռուստահաղորդումներն ընդմիջել ապրանքների կամ ծառայությունների գովազդով:
  5. Նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները և հեռուստահաղորդումները վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելիս ձայնագրվում և տեսագրվում են: Դրանք պահպանվում են առնվազն երեք ամիս:
  6. Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը:
  7. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած թերթերը և ամսագրերը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում պարտավոր են թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար ապահովել ոչ խտրական պայմաններ:

 

Հոդված 20.

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառների և քարոզչական տպագիր նյութերի օգտագործման կարգը

 

  1. Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրավունք ունեն հավասար հիմունքներով անարգել տարածելու քարոզչական պաստառներ, քարոզչական տպագիր և այլ նյութեր:
  2. Արգելվում է քարոզչական պաստառներ փակցնելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի վրա կամ ներսում:

Քարոզչական պաստառներ կարող են առանց սահմանափակման փակցվել կամ օգտագործվել նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու ժամանակ` այդ միջոցառումների անցկացման վայրում: Այդ միջոցառումների ժամանակ փակցված քարոզչական պաստառները միջոցառման ավարտից հետո հանվում են համապատասխան թեկնածուի, կուսակցության կամ կուսակցության դաշինքի կողմից:

Քարոզչություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք առանց սահմանափակման կարող են կրել քարոզչական նյութեր:

  1. Ընտրություններ նշանակվելուց հետո` 21-օրյա ժամկետում, համայնքի ղեկավարը պարտավոր է ընդունել որոշում համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելու մասին` սահմանելով այնպիսի պայմաններ, որոնք թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար կապահովեն հավասար հնարավորություններ (հավասար մակերես): Սույն լիազորությունը համայնքի ղեկավարի համար համարվում է պարտադիր լիազորություն:
  2. Արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները քարոզչական պաստառների տեղադրման դեպքում նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար ապահովում են ոչ խտրական և ոչ կողմնակալ պայմաններ:
  3. Համապետական ընտրությունների ժամանակ ավտոմոբիլային ճանապարհների լայնությամբ քարոզչական ձգապաստառներ փակցնելու թույլտվություն ստանալու մասին բոլոր դիմումները պետք է բավարարվեն դրանք փակցնելու թույլտվություն տվող պաշտոնատար անձանց կողմից: Ձգապաստառները փակցվում են թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի միջոցներով: Այդ ձգապաստառների տեղադրման համար գումար չի գանձվում:
  4. Արգելվում է պաստառները պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ ցանկացած այլ եղանակով վնասելը:
  5. Համայնքի ղեկավարը, արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունների ղեկավարներն ապահովում են, որ գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների քարոզչական պաստառները վերացվեն:
  6. Սույն հոդվածի դրույթների խախտմամբ փակցված քարոզչական պաստառները վերացնում է համայնքի ղեկավարը, անհրաժեշտության դեպքում` ոստիկանության աջակցությամբ: Սույն գործառույթը համայնքի ղեկավարի համար պատվիրակված լիազորություն է:
  7. Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ ներառեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ:
  8. Արգելվում է անանուն քարոզչական տպագիր նյութեր տարածելը: Անանուն կամ կեղծ քարոզչական տպագիր նյութեր հայտնաբերելու դեպքում իրազեկ ընտրական հանձնաժողովը դիմում է իրավասու մարմիններին` ապօրինի գործողությունները դադարեցնելու համար:

 

Հոդված 21.

Ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործության արգելումը

 

  1. Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների` որպես թեկնածու գրանցված աշխատակիցներին արգելվում է ընտրությունների լուսաբանումը, ռադիոհաղորդումների կամ հեռուստահաղորդումների վարումը կամ դրանցով հանդես գալը, բացառությամբ սույն օրենսգրքի 19-րդ հոդվածով սահմանված դեպքերի:
  2. Նախընտրական քարոզչության ընթացքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին և աշխատակիցներին, զանգվածային լրատվության միջոցների աշխատակիցներին արգելվում է իրենց վերապահված լիազորությունները գործադրել թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև անհավասար պայմաններ ստեղծելու, կողմնակալություն ցուցաբերելու միջոցով ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործելու նպատակով:
  3. Թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելիս հարցումն իրականացնող կազմակերպությունը պարտավոր է նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը և պատվիրատուին:

Արգելվում է քվեարկության օրվան նախորդող յոթ օրվա ընթացքում, ներառյալ՝ քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն, հրապարակել թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները:

Արգելվում է քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերություններին կամ հեռուստաընկերություններին հրապարակել ընտրողների հարցման արդյունքներն այն մասին, թե ում օգտին են քվեարկել:

  1. Արգելվում է քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը: Սույն մասի դրույթների կատարումն ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը` անկախ ընտրական հանձնաժողովի պահանջից:

 

Հոդված 22.

Քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայող հանդիսացող թեկնածուների նախընտրական քարոզչության սահմանափակումները

 

  1. Քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայող հանդիսացող թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են հետևյալ սահմանափակումների հաշվառմամբ.

1) արգելվում են թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչերը պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումն ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար.

2) արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների։

Նախընտրական քարոզչության նպատակով պետական սեփականությունն այս թեկնածուներն օգտագործում են այլ թեկնածուների հետ հավասար պայմաններով.

3) արգելվում է զանգվածային լրատվության միջոցներով այս թեկնածուների գործունեության լուսաբանումը, բացառությամբ Սահմանադրությամբ սահմանված դեպքերի, պաշտոնական այցերի և ընդունելությունների, ինչպես նաև տարերային աղետների ընթացքում նրանց իրականացրած գործունեության:

  1. Եթե իրականացվում է սույն հոդվածում նշված թեկնածուի այլ գործունեության լուսաբանում, ապա վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող զանգվածային լրատվության միջոցն այն հաշվի է առնում մյուս թեկնածուների գործունեությունը լուսաբանելիս` սույն օրենսգրքի 19-րդ հոդվածով սահմանված լուսաբանման հավասարության ոչ խտրական սկզբունքը պահպանելու համար:

 

Գ Լ ՈՒ Խ 6

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 23.

Ընտրությունների կազմակերպման և անցկացման ֆինանսավորումը

 

  1. Ընտրությունների կազմակերպման և անցկացման (ներառյալ` ընտրողների ցուցակները կազմելը, ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացները կազմակերպելը), ինչպես նաև ընտրական հանձնաժողովների գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Այդ ծախսերը նախատեսվում են պետական բյուջեում` առանձին հոդվածով:
  2. Արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում ընտրությունները ֆինանսավորվում են պետական բյուջեի պահուստային ֆոնդից, ընտրությունները նշանակվելուց հետո` հնգօրյա ժամկետում:
  3. Ընտրությունների համար նախատեսված ֆինանսական միջոցները (այդ թվում` հանձնաժողովների պահպանման համար նախատեսված միջոցները) հատկացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որը սույն օրենսգրքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է ֆինանսական միջոցները: Ընտրական հանձնաժողովների նախագահները պատասխանատու են այդ միջոցները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած նախահաշիվներին համապատասխան օգտագործելու համար:
  4. Ընտրություններից հետո` տասնօրյա ժամկետում, տեղամասային ընտրական հանձնաժողովը տարածքային ընտրական հանձնաժողով, իսկ քսանօրյա ժամկետում` տարածքային ընտրական հանձնաժողովը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում է հաշվետվություն ֆինանսական միջոցների ծախսման վերաբերյալ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատ ներկայացնում է հաշվետվություն կատարված ծախսերի վերաբերյալ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

 

Հոդված 24.

Ընտրական գրավը

 

  1. Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ:
  2. Ընտրական գրավի գումարը վերադարձվում է գրավոր դիմումի հիման վրա` մեկամսյա ժամկետում`

1) ընտրվելու կամ համամասնական ընտրակարգով մանդատների բաշխմանը մասնակցելու.

2) թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու.

3) մինչև թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումն ինքնաբացարկ ներկայացնելու.

4) ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվելու և նոր ընտրություն նշանակվելու դեպքերում և

5) ժառանգներին` թեկնածուի մահվան դեպքում:

 

Հոդված 25.

Նախընտրական հիմնադրամի ձևավորումը

 

  1. Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրենց նախընտրական քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով բացում են նախընտրական հիմնադրամ։ Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները և միայն համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներն առանձին նախընտրական հիմնադրամ ձևավորել չեն կարող: Նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող որևէ առևտրային բանկում: Նախընտրական հիմնադրամ ձևավորելու նպատակով թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների դիմումների հիման վրա բանկերը բացում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ: Այդ հաշվեհամարներից եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում:
  2. Թեկնածուի նախընտրական հիմնադրամը համալրվում է`

1) իր անձնական միջոցներից.

2) իրեն առաջադրած կուսակցության տրամադրած միջոցներից.

3) ընտրելու իրավունք ունեցող անձանց կամավոր մուծումներից:

  1. Համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցության, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամը ձևավորվում է`

1) այդ կուսակցության, կուսակցությունների դաշինքի դեպքում` դաշինքի անդամ կուսակցությունների միջոցներից.

2) ընտրելու իրավունք ունեցող անձանց կամավոր մուծումներից:

  1. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում չնշված ֆիզիկական և իրավաբանական անձանց` նախընտրական հիմնադրամների հաշվին մուծած գումարները փոխանցվում են պետական բյուջե` կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:
  2. Նախընտրական հիմնադրամներում կատարվող մուծումների առավելագույն չափերը սահմանվում են սույն օրենսգրքով: Նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափերը գերազանցող մասերը փոխանցվում են պետական բյուջե` կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:
  3. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, համապետական ընտրությունների դեպքում թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո` երեք աշխատանքային օրը մեկ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն տեղեկանք են ներկայացնում թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրում կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

Մյուս ընտրությունների դեպքում սույն կետի 1-ին պարբերության մեջ նշված ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքը ներկայացվում է համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով:

  1. Նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

 

Հոդված 26.

Նախընտրական հիմնադրամի միջոցների օգտագործումը

 

  1. Նախընտրական հիմնադրամի միջոցները թեկնածուները կարող են օգտագործել նախընտրական քարոզչություն իրականացնելուն ուղղված` օրենքով չարգելված ցանկացած միջոցառման ֆինանսավորման համար:
  2. Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար օգտագործում են միայն նախընտրական հիմնադրամի միջոցները: Այդ նպատակով նախընտրական հիմնադրամից կատարվող ծախսերի առավելագույն չափը սահմանվում է սույն օրենսգրքով:

Սույն մասում նկարագրված ապրանքներն ու ծառայությունները, եթե մատուցվել են շուկայական արժեքից պակաս գնով կամ ձեռք են բերվել մինչև նախընտրական հիմնադրամի ձևավորումը, ապա իրենց շուկայական արժեքով ներառվում են նախընտրական հիմնադրամի ծախսերում:

  1. Եթե հիմնավորվում է, որ թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի նախընտրական քարոզչության համար կատարված ծախսերը գերազանցել են նախընտրական հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափը, ապա ընտրական հանձնաժողովը որոշում է կայացնում` պարտավորեցնելով թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարը փոխանցել պետական բյուջե:
  2. Սույն հոդվածով սահմանված գումարներն ընտրական հանձնաժողովի որոշումից հետո` հնգօրյա ժամկետում, պետական բյուջե չփոխանցելու կամ նույն ժամկետում ընտրական հանձնաժողովի որոշումը դատական կարգով չբողոքարկելու դեպքում ընտրական հանձնաժողովը նշված գումարը գանձում է դատական կարգով:
  3. Նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից:
  4. Թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տալիս հիմնադրամից վճարումներ կատարել նաև քվեարկության օրվանից հետո, բայց մինչև քվեարկության օրը կատարված գործարքների համար:
  5. Ընտրությունից հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցներն ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` եռամսյա ժամկետում, թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի հայեցողությամբ օգտագործվում են բարեգործական նպատակներով: Եռամսյա ժամկետը լրանալուց հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
  6. Ընտրությունները չկայացած ճանաչվելու դեպքում նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները սառեցվում են մինչև նոր ընտրությունների համար թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը: Նոր ընտրությունների դեպքում թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կարող են օգտագործել իրենց նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները:
  7. Նոր ընտրություններին չմասնակցող թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

 

Հոդված 27.

Նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը

 

  1. Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը` ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերով, ներկայացնում են իրենց գրանցած ընտրական հանձնաժողովներին նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` տասներորդ օրը, ինչպես նաև ընտրությունների արդյունքների ամփոփման համար` սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան երեք օր առաջ:

Համապետական ընտրությունների դեպքում ընտրական հանձնաժողովները հայտարարագրերն ստանալուց հետո` երեք օրվա ընթացքում, դրանք ուղարկում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն:

  1. Հայտարարագրի էլեկտրոնային ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հայտարարագրի ձևը ներառում է նաև ուղեցույց հայտարարագիրը կազմելու և ներկայացնելու կարգի ու ժամկետների մասին:
  2. Հայտարարագրում նշվում են`

1) նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների ժամանակագրությունը, մուծված գումարի չափը.

2) սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված յուրաքանչյուր ծառայության, գույքի, ապրանքի ձեռքբերման համար կատարված ծախսերը, դրանց կատարման ժամկետը, ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերի տվյալները.

3) հիմնադրամում մնացած գումարի չափը:

  1. Հանրապետության Նախագահի թեկնածուների և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների ներկայացրած հայտարարագրերը եռօրյա ժամկետում տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում, իսկ մյուս թեկնածուների հայտարարագրերի պատճենները կարող են տրամադրվել վստահված անձանց, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, դիտորդներին:

 

Հոդված 28.

Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը

 

  1. Ընտրական հանձնաժողովներին տրամադրված միջոցների օգտագործման, նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով համապետական ընտրությունները նշանակվելու օրվան հաջորդող օրվանից կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստեղծում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն, որի գործունեությունը դադարում է ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո` 31-րդ օրը:
  2. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը նշանակվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ: Ծառայության ղեկավարը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ: Ծառայության աշխատանքներում պայմանագրային հիմունքներով ընդգրկվում են մասնագետներ:
  3. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերն ստանալուց հետո` երկու օրվա ընթացքում, ստուգում, ստուգման արդյունքներով կազմում է տեղեկանք և ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը: Հանձնաժողովի նիստում քննարկելուց հետո տեղեկանքը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
  4. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործունեության կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ 7

 

ԴԻՏՈՐԴՆԵՐԸ, ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

 

Հոդված 29.

Դիտորդական առաքելության իրավունքը

 

  1. Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`

1) միջազգային կազմակերպությունները.

2) օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին:

  1. Միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները և օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել հրավերի առկայության դեպքում: Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների կազմում որպես դիտորդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներ ընդգրկվել չեն կարող:

Սույն մասում նշված կազմակերպություններին և անձանց դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ուղարկելու իրավունք ունեն`

1) Հանրապետության Նախագահը.

2) Ազգային ժողովի նախագահը.

3) վարչապետը.

4) կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

  1. Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների` ընտրությունների վերաբերյալ զեկույցները տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

 

Հոդված 30.

Դիտորդների հավատարմագրումը

 

  1. Սույն օրենսգրքի 29-րդ հոդվածում նշված կազմակերպությունների դիտորդներն իրենց առաքելությունն իրականացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո:
  2. Հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումները կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան տասն օր առաջ:
  3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդներին տրվող վկայականներն այդ կազմակերպություններին հանձնում է դիմումն ստանալուց ոչ ուշ, քան յոթ օր հետո:
  4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, եթե կազմակերպության կանոնադրական խնդիրները չեն բավարարում սույն օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջները, կամ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված` կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման պահանջներին:
  5. Դիտորդի կողմից որևէ թեկնածուի, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի աջակցելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի համապատասխան կազմակերպությանը զրկելու դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից:
  6. Դիտորդների լիազորությունները դադարում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` ութերորդ օրը, եթե ընտրության արդյունքները դատարան չեն բողոքարկվել: Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում դիտորդների լիազորություններն ավարտվում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը, եթե վերաքվեարկություն չի նշանակվել: Վերաքվեարկության դեպքում դիտորդների վերագրանցում չի պահանջվում:
  7. Դիտորդների հավատարմագրման կարգը, դիտորդների հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, դիտորդների վկայականների ձևերը և դրանց լրացման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

 

Հոդված 31.

Դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները

 

  1. Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչն իրավունք ունեն`

1) ներկա լինելու ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև քվեարկության սենյակում.

2) կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հետևելու քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման և քվեաթերթիկների հաշվարկման գործընթացներին.

3) անարգել ծանոթանալու քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, անարգել ծանոթանալու տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, ընտրական հանձնաժողովների որոշումներին, նիստերի արձանագրություններին, դատարանի համապատասխան վճիռներին, լիազոր մարմնի` ընտրողին տրամադրած համապատասխան տեղեկանքին, ստանալու դրանց պատճենները կամ դրանցից քաղվածքներ (բացառությամբ ընտրողների ստորագրած ցուցակների), քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ ինքնուրույն կատարելու քաղվածքներ ընտրողների ստորագրած ցուցակներից.

4) ազատ տեղաշարժվելու քվեարկության սենյակում՝ քվեաթերթիկների ու քվեատուփի դիտարկման համար.

5) օգտվելու սույն օրենքով նախատեսված այլ իրավունքներից:

  1. Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչն իրավունք չունեն միջամտելու ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:
  2. Դիտորդը քվեարկության օրը հետևում է ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և կարող է հանձնաժողովի նախագահին ներկայացնել իր դիտարկումներն ու առաջարկությունները:
  3. Դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում: Ոչ ոք (այդ թվում` ընտրական հանձնաժողովները) իրավունք չունի դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին դուրս հանելու քվեարկության սենյակից կամ ցանկացած այլ կերպ նրանց մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա լինելուց, բացառությամբ նրանց ձերբակալելու կամ կալանավորելու դեպքերի:
  4. Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը պարտավոր են պահպանել սույն օրենսգրքի պահանջները:

 

Հոդված 32.

Վստահված անձի կարգավիճակը

 

  1. Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ընտրական ցուցակները գրանցելուց, իսկ թեկնածուները` գրանցվելուց հետո, ընտրական հանձնաժողովներում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների հետ փոխհարաբերություններում իրենց շահերը պաշտպանելու նպատակով կարող են ունենալ վստահված անձինք: Վստահված անձ կարող են լինել միայն ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները:
  2. Թեկնածուներին, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները գրանցելուց հետո` հնգօրյա ժամկետում, գրանցում իրականացրած ընտրական հանձնաժողովը թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչին տալիս է կազմավորված ընտրական տեղամասերի թվի եռապատիկից ոչ ավելի թվով վստահված անձանց վկայականներ: Համապատասխան հանձնաժողովը վկայականում նշում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, թեկնածուի անունը, հայրանունը, ազգանունը: Թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը կամ կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչը վկայականները լրացնում և տրամադրում է վստահված անձանց:
  3. Վստահված անձ չեն կարող լինել դատավորները, դատախազները, ոստիկանության և ազգային անվտանգության մարմիններում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում ծառայողները, զինծառայողները, դիտորդները, թեկնածուները, ընտրական հանձնաժողովի անդամները:

 

Հոդված 33.

Վստահված անձի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները

  1. Վստահված անձն իրավունք ունի՝

1) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու հանձնաժողովի նիստերին, քվեարկության ընթացքում ներկա լինելու քվեարկության սենյակում.

2) անարգել ծանոթանալու քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, անարգել ծանոթանալու տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, ընտրական հանձնաժողովների որոշումներին, նիստերի արձանագրություններին, դատարանի համապատասխան վճիռներին, լիազոր մարմնի` ընտրողին տրամադրած համապատասխան տեղեկանքին, ստանալու դրանց պատճենները կամ դրանցից քաղվածքներ (բացառությամբ ընտրողների ստորագրած ցուցակների), քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ ինքնուրույն կատարելու քաղվածքներ ընտրողների ստորագրած ցուցակներից.

3) սույն օրենսգրքով սահմանված կարգով և դեպքերում բողոքարկելու հանձնաժողովների որոշումները, գործողությունները, անգործությունը.

4) կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հետևելու քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման և քվեաթերթիկների հաշվարկման գործընթացներին.

5) չմիջամտելով հանձնաժողովի անդամի աշխատանքներին` ֆիզիկապես ներկա լինելու հանձնաժողովի՝ ընտրողների գրանցում իրականացնող, քվեաթերթիկ հատկացնող, քվեաթերթիկ կնքող և քվեատուփը հսկող անդամների կողքին և հետևելու նրանց աշխատանքներին.

6) քվեարկության օրը հետևելու ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և դրանց վերաբերյալ հանձնաժողովի նախագահին ներկայացնելու դիտարկումներ և առաջարկություններ.

7) քվեարկության արդյունքներն ամփոփելիս ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, անարգել ծանոթանալու քվեարկված քվեաթերթիկներին և դրանցում կատարված նշումներին, ներկա լինելու քվեաթերթիկների հաշվարկմանը և քվեարկության արդյունքների ամփոփմանը.

8) իրականացնելու սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

  1. Վստահված անձն իր լիազորություններն իրականացնում է սույն օրենսգրքով սահմանված կարգով:
  2. Ընտրական հանձնաժողովի նիստին և քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում կարող է ներկա լինել յուրաքանչյուր թեկնածուի և համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի մեկական վստահված անձ:
  3. Վստահված անձի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում։ Ոչ ոք (այդ թվում` ընտրական հանձնաժողովները) իրավունք չունի վստահված անձանց դուրս հանելու քվեարկության սենյակից կամ այլ կերպ նրանց մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա լինելուց, բացառությամբ նրանց ձերբակալելու կամ կալանավորելու դեպքերի:
  4. Վստահված անձը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքի պահանջները:

 

Բ Ա Ժ Ի Ն 2

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ 8

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ:

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

Հոդված 34.

Ընտրական հանձնաժողովների համակարգը, կարգավիճակը և գործունեության կարգը

  1. Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով կազմավորվում է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգ` կենտրոնական ընտրական հանձնաժողով, տարածքային ընտրական հանձնաժողովներ և տեղամասային ընտրական հանձնաժողովներ:
  2. Հանրապետության յուրաքանչյուր շրջանում և շրջանի կարգավիճակ ունեցող Ստեփանակերտ քաղաքում կազմավորվում է մեկական տարածքային ընտրական հանձնաժողով, որի նստավայրը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
  3. Եթե ընտրատարածքն ընդգրկում է մեկից ավելի շրջանների համայնքներ, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 65 օր առաջ որոշում է այն տարածքային ընտրական հանձնաժողովին, որին լիազորություն է վերապահվում տվյալ համայնքում ընտրությունների կազմակերպումը և անցկացումը:

Ստեփանակերտ քաղաքում, որի տարածքն ընդգրկված է մեկից ավելի ընտրատարածքների կազմում, ընտրությունների կազմակերպման և անցկացման լիազորությունը վերապահվում է Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովին:

  1. Ընտրական հանձնաժողովներն իրենց լիազորություններն իրականացնելիս անկախ են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից:
  2. Ընտրական հանձնաժողովները գործում են օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:
  3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները տարածքային ընտրական հանձնաժողովներին անհատույց ապահովում են անհրաժեշտ աշխատանքային տարածքներով, աջակցում հանձնաժողովներին՝ նրանց բնականոն աշխատանքային գործունեությունն ապահովելու համար:

 

Հոդված 35.

Ընտրական հանձնաժողովների գործառույթները

 

  1. Ընտրական հանձնաժողովներն ապահովում են ընտրողների ընտրական իրավունքի իրականացումը և պաշտպանությունը:

 

Հոդված 36.

Ընտրական հանձնաժողովների ակտերը

 

  1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունում է նորմատիվ և անհատական իրավական ակտեր, իսկ տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովը` անհատական իրավական ակտեր:
  2. Ընտրական հանձնաժողովների իրավական ակտերը` ընդունված իրենց լիազորությունների շրջանակում, ենթակա են պարտադիր կատարման:

 

Հոդված 37.

Ընտրական հանձնաժողովների անդամների կարգավիճակը

 

  1. Ընտրական հանձնաժողովի անդամն ընտրական հանձնաժողովում գործում է անկախ և չի ներկայացնում իրեն նշանակողին:
  2. Ընտրական հանձնաժողովների անդամներն ազատվում են զորահավաքներից, վարժական հավաքներից, իսկ համապետական ընտրությունների ժամանակահատվածում` նաև զորակոչից:
  3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության ողջ ժամանակահատվածում, իսկ տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները՝ համապետական ընտրությունների ժամանակ, կարող են կալանավորվել կամ նրանց նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ:
  4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը և տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներն աշխատում են մշտական հիմունքներով և չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
  5. Ընտրական հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն նախապես ծանոթանալու հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին, ելույթներ ունենալու հանձնաժողովի նիստերում, ներկայացնելու առաջարկություններ և պահանջելու, որ այդ առթիվ անցկացվի քվեարկություն, նիստի մասնակիցներին տալու հարցեր և ստանալու պատասխաններ:
  6. Ընտրական հանձնաժողովի անդամները պարտավոր են կատարել հանձնաժողովի նախագահի` իր իրավասության սահմաններում տված հանձնարարությունները:
  7. Վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները` այդ հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ, համապատասխանաբար պարտավոր են կամ կարող են խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել ստորադաս ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության օրը` ներկա լինել քվեարկության սենյակում:
  8. Ընտրական հանձնաժողովների անդամներն իրենց լիազորությունների իրականացման նպատակով կարող են ազատվել, իսկ ընտրական հանձնաժողովի պահանջով` անհապաղ ազատվում են արտադրական կամ ծառայողական պարտականություններ կատարելուց:
  9. Ընտրական հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և կատարել իր լիազորությունները:
  10. Ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձը նրանց հիմնական աշխատավայրերում պահպանվում է:

 

Հոդված 38.

Ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը

 

  1. Ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը և ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունն ու դրամական փոխհատուցումը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին` սույն հոդվածով սահմանված կարգով: Ընտրական վարչարարության բարձրացմանն ու ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինմանն ուղղված ծրագրերի իրականացման համար կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է ունենալ արտաբյուջետային հաշիվ:
  2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կենտրոնական ապարատի աշխատողների (բացառությամբ քաղաքացիական և հայեցողական պաշտոն զբաղեցնող, ինչպես նաև քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց) վրա տարածվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված` պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառելի դրույթները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամին, բացառությամբ համապետական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակահատվածից (60 օր), տրվում է ամենամսյա դրամական փոխհատուցում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի (այսուհետ՝ նվազագույն ամսական աշխատավարձ) 30 տոկոսի չափով:

Համապետական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակահատվածի գործունեության յուրաքանչյուր ամսվա համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամին տրվում է դրամական փոխհատուցում նվազագույն ամսական աշխատավարձի 2,5-ապատիկի չափով:

  1. Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնային դրույքաչափի 40 տոկոսի չափով:

Համապետական, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորների նոր կամ լրացուցիչ ընտրությունների կամ շրջանի միաժամանակ երեք և ավելի համայնքներում (եթե սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակված առաջին և վերջին ընտրությունների անցկացման օրերի միջև ընկած ժամանակահատվածը չի գերազանցում 30 օրը) կամ 1000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում, ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակահատվածի (60 օր) յուրաքանչյուր ամսվա համար տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալին և հանձնաժողովի քարտուղարին տրվում է դրամական փոխհատուցում նվազագույն ամսական աշխատավարձի 1,5-ապատիկի, իսկ տարածքային ընտրական հանձնաժողովի անդամին՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

  1. Մինչև 1000 ընտրող ունեցող տեղամասի դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին տրվում է դրամական փոխհատուցում նվազագույն ամսական աշխատավարձի 80 տոկոսի, հանձնաժողովի նախագահի տեղակալին և հանձնաժողովի քարտուղարին՝ 50 տոկոսի, իսկ հանձնաժողովի անդամին՝ 30 տոկոսի չափով:

1000 և (կամ) ավելի ընտրող ունեցող տեղամասի դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին տրվում է դրամական փոխհատուցում նվազագույն ամսական աշխատավարձի չափով, հանձնաժողովի նախագահի տեղակալին և հանձնաժողովի քարտուղարին՝ նվազագույն ամսական աշխատավարձի 60 տոկոսի, իսկ հանձնաժողովի անդամին՝ 40 տոկոսի չափով:

  1. Ընտրական հանձնաժողովների անդամներին, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությամբ սահմանված դեպքի, դրամական փոխհատուցում տրվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
  2. Վերաքվեարկություն անցկացվելու դեպքում ընտրական հանձնաժողովների նախագահին, նախագահի տեղակալին, հանձնաժողովի քարտուղարին կամ անդամին լրացուցիչ դրամական փոխհատուցում չի տրվում:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, նախագահի տեղակալին, հանձնաժողովի քարտուղարին կամ անդամին դրամական փոխհատուցում չի տրվում, եթե նրա լիազորությունները վաղաժամկետ դադարել են:

  1. Համապետական ընտրությունների դեպքում ընտրությունների անցկացման ժամանակահատվածի մեկ ամսվա համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի կենտրոնական ապարատի աշխատողների, բացառությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի, պաշտոնային դրույքաչափերը կրկնապատկվում են: Սույն մասով սահմանված ժամանակահատվածի համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի կենտրոնական ապարատի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի տարբերությունը նախատեսվում է ընտրությունների կազմակերպման և անցկացման ծախսերում:
  2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցների մինչև 15 տոկոսը` յուրաքանչյուր տարվա համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ հաստատված նախահաշվին համապատասխան, կարող է օգտագործվել ընտրական վարչարարության փորձի ուսումնասիրման, ընտրական վարչարարության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման, ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինման և ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի պատրաստման և հրատարակման համար:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում մնացած մյուս միջոցները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են օգտագործվել ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինման և ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի պատրաստման և հրատարակման համար:

 

Գ Լ ՈՒ Խ 9

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 39.

Ընտրական հանձնաժողովներ կազմավորելու հիմունքները

 

  1. Ընտրական հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները:
  2. Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 147-158-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք, Ազգային ժողովի պատգամավորները, դատավորները, դատախազները, նախարարները և նրանց տեղակալները, շրջվարչակազմերի ղեկավարները (Ստեփանակերտի քաղաքապետը) և նրանց տեղակալները, համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները, ոստիկանության և ազգային անվտանգության մարմիններում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում ծառայողները, զինծառայողները, վստահված անձինք, լիազոր ներկայացուցիչները, դիտորդները, թեկնածուները:
  3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել ընտրական իրավունք ունեցող այն քաղաքացիները, ովքեր կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անցել են ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ և ստացել որակավորման վկայականներ, բացառությամբ օտարերկրյա պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների:
  4. Տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցումն իրականացվում է հանձնաժողովների կազմավորումից հետո:
  5. Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացները կազմակերպում և անցկացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովն` իր սահմանած կարգին համապատասխան: Դասընթացները կազմակերպվում են Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում: Որակավորման վկայականները տրվում են ստուգարքի հիման վրա:
  6. Քաղաքացին կարող է ընդգրկվել միաժամանակ միայն մեկ ընտրական հանձնաժողովի կազմում:
  7. Ընտրական հանձնաժողովների կազմի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

 

Հոդված 40.

Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը

 

  1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում է`

1) Հանրապետության Նախագահի նշանակած երեք անդամից.

2) Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի որոշմամբ, իսկ դաշինքի դեպքում՝ դաշինքի անդամ կուսակցությունների մշտական գործող ղեկավար մարմինների համատեղ` ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ նշանակված մեկական անդամից:

Եթե Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և դաշինքների թիվը չի գերազանցում երեքը, ապա յուրաքանչյուր կուսակցություն և դաշինք նշանակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի երկուական անդամ:

Եթե մինչև կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման համար սույն օրենքով սահմանված ժամկետում, սույն մասի 2-րդ կետի պահանջներին համապատասխան, որևէ կուսակցություն (դաշինք) թեկնածու չի նշանակում, ապա հանձնաժողովի թափուր տեղը լրացնում է համապատասխան խմբակցությունը:

  1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների թեկնածուների տվյալները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ներկայացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 20 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտի ժամկետի մասին սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձանց և մարմիններին տեղեկացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից ոչ ուշ, քան 50 օր առաջ:

Նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանին հաջորդող հերթական նստաշրջանի բացման օրվանից հետո՝ 60-րդ օրը:

Նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է նրա անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը: Եթե մինչև նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման վերջին օրը, սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման համար անհրաժեշտ անդամների նվազագույն թիվը չի նշանակվել, ապա այն մինչև սահմանված նվազագույն թիվը լրանալը նշանակում է Հանրապետության Նախագահը:

  1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում թափուր տեղը համալրվում է սույն հոդվածով սահմանված կարգով` 21-օրյա ժամկետում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է լիազորությունները վաղաժամկետ դադարած կամ դադարեցված անդամի պաշտոնավարման համար սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար:
  2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձանց և մարմինների առաջարկությունների հիման վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը` առաջարկությունը ներկայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:
  3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, նախագահի տեղակալին և հանձնաժողովի քարտուղարին ընտրում է հանձնաժողովն իր կազմից:
  4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին:
  5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարը քվեարկությամբ ընտրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստը կայանում է Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի հրապարակման հաջորդ օրը՝ ժամը 12.00-ին, և կարող է ընթանալ մինչև նույն օրվա ժամը 24.00-ն` կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում: Առաջին նիստը վարում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի պաշտոնի համար քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին: Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի պաշտոնի համար քվեարկվել է մեկից ավելի թեկնածու, ապա ընտրվում է առավել թվով կողմ ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում առավել թվով կողմ ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է վիճակահանություն:

  1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ առաջին նիստում սահմանված կարգով չընտրվելու դեպքում` եռօրյա ժամկետում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին նշանակում է Հանրապետության Նախագահը՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից:

 

Հոդված 41.

Տարածքային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը

 

  1. Տարածքային ընտրական հանձնաժողովի անդամները նշանակվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից` կենտրոնական ընտրական հանձնաժողովի մեկ անդամ` տարածքային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ սկզբունքով:

Տարածքային ընտրական հանձնաժողովը կազմավորվում և իր լիազորությունները ստանձնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իր լիազորությունները ստանձնելու պահից 15 օր հետո:

Տարածքային ընտրական հանձնաժողովը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է նրա անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը: Եթե մինչև տարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սահմանված ժամկետում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով տարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորման համար անհրաժեշտ անդամների նվազագույն թիվը չի նշանակվել, ապա այն մինչև սահմանված նվազագույն թիվը լրանալը նշանակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

Տարածքային ընտրական հանձնաժողով կազմավորող մարմինների առաջարկությունների հիման վրա տարածքային ընտրական հանձնաժողովի կազմը` առաջարկությունը ներկայացնելուց հետո` տասնօրյա ժամկետում, հրապարակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

  1. Տարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում թափուր տեղը համալրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորման` սույն հոդվածով սահմանված կարգով` 21-օրյա ժամկետում:
  2. Տարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի նախագահի տեղակալը:
  3. Տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներին, հանձնաժողովների նախագահների տեղակալներին և հանձնաժողովների քարտուղարներին ընտրում են համապատասխան հանձնաժողովներն իրենց կազմերից` կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի ընտրության համար սահմանված կարգով, տարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստում:

Տարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը կայանում է տարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորումից հետո` երկօրյա ժամկետում, տարածքային ընտրական հանձնաժողովի վարչական շենքում: Նիստը հրավիրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, իսկ վարում է տարածքային ընտրական հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

  1. Սահմանված կարգով և ժամկետում տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ չընտրվելու դեպքում հանձնաժողովի նախագահին նշանակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` տվյալ տարածքային ընտրական հանձնաժողովի անդամներից, եռօրյա ժամկետում:

 

Հոդված 42.

Տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը

 

  1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին նշանակում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի անդամները` տարածքային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ` տեղամասային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ սկզբունքով:
  2. Տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու համար տարածքային ընտրական հանձնաժողովի անդամները հայտերն իրենց հանձնաժողովի նախագահին են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 25 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ն, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 20 և ոչ ուշ, քան 18 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ն:
  3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում թափուր տեղը համալրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով` յոթնօրյա ժամկետում, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան երեք օր առաջ:
  4. Տեղամասային ընտրական հանձնաժողովները նշված կարգով չկազմավորվելու դեպքում հանձնաժողովի թափուր տեղերը եռօրյա ժամկետում համալրում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:

 Քվեարկության օրը` ժամը 8.00-ին, տեղամասային հանձնաժողովների անդամների թիվը երկու երրորդից պակաս լինելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն այդ մասին կապի ցանկացած առկա միջոցի կիրառմամբ ծանուցում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին:

Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը մասնագիտական դասընթացներ անցած և որակավորման վկայականներ ստացած անձանց թվից նշանակում է տեղամասային հանձնաժողովի անդամ` հաշվի առնելով վարչատարածքային պատկանելությունը:

  1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը կայանում է տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմավորումից հետո` երկօրյա ժամկետում, տեղամասային կենտրոնում: Նիստը հրավիրում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, իսկ վարում է տեղամասային ընտրական հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
  2. Տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին նիստում իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և հանձնաժողովի քարտուղար:
  3. Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների, նախագահների տեղակալների և հանձնաժողովների քարտուղարների ընտրություններն անցկացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի ընտրության համար սահմանված կարգով` երկօրյա ժամկետում:
  4. Եթե տեղամասային ընտրական հանձնաժողովը նախատեսված ժամկետում հանձնաժողովի նախագահ չի ընտրում, ապա համապատասխան ընտրական հանձնաժողովի նախագահին նշանակում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան երկու օր հետո` համապատասխան հանձնաժողովի կազմից:
  5. Տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները դադարում են քվեարկության օրվանից հինգ օր հետո, եթե ընտրության արդյունքները չեն բողոքարկվել: Ընտրության արդյունքները բողոքարկվելու և վերաքվեարկություն անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները դադարում են վերաքվեարկության օրվանից հինգ օր հետո:
  6. Առանձին ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունվելու կամ այդ ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակվելու դեպքում այդ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարած, և նրանք չեն կարող ընդգրկվել վերաքվեարկություն անցկացնող տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում: Այս դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին որոշում ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:

 

Հոդված 43.

Ընտրական հանձնաժողովի նախագահին, նախագահի տեղակալին, հանձնաժողովի քարտուղարին պաշտոնանկ անելու և հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու կարգը

 

  1. Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարը կարող են պաշտոնանկ արվել հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ, եթե պատշաճ չեն իրականացնում իրենց վերապահված լիազորությունները:
  2. Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները համարվում են դադարած, եթե նա ներկայացրել է այդ պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում:
  3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ կարող են պաշտոնանկ արվել միայն, եթե քվեարկության նախորդ օրը կամ քվեարկության օրը ցուցաբերում են ակնհայտ անգործություն, որի հետևանքով կարող է վտանգվել քվեարկության նախապատրաստումը կամ քվեարկության բնականոն ընթացքը կամ քվեարկության արդյունքների ամփոփումը: Այդ դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ կամ հանձնաժողովի քարտուղար նշանակում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` տեղամասային ընտրական հանձնաժողովի այլ անդամներից:
  4. Ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են`

1) եթե չունի հանձնաժողովում նշանակվելու իրավունք.

2) եթե դատապարտվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 147-158-րդ հոդվածներով, կամ նրա նկատմամբ որպես պատիժ կիրառվել է կալանք կամ ազատազրկում.

3) եթե ներկայացրել է հանձնաժողովի անդամի պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում: Այդ դիմումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը ներկայացնում է Հանրապետության Նախագահին, իսկ մյուս հանձնաժողովների անդամները` վերադաս ընտրական հանձնաժողովի նախագահին.

4) եթե տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը կամ հանձնաժողովի քարտուղարը ներկայացրել է այդ պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում: Նման դիմում կարող է ներկայացվել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան երեք օր առաջ մինչև ժամը 18.00-ն` տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին.

5) եթե զորակոչվել է.

6) եթե նա մահացել է.

7) սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

Սույն մասի 1-6-րդ կետերով նախատեսված դեպքերում լիազորությունների վաղաժամկետ դադարման փաստը կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի դեպքում արձանագրում է Հանրապետության Նախագահը, իսկ մյուս հանձնաժողովների անդամների դեպքում` վերադաս ընտրական հանձնաժողովի նախագահը:

  1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ` վարչական դատարան) կարող է վաղաժամկետ դադարեցնել կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները` սույն օրենսգրքի դրույթները խախտելու դեպքում: Նման պահանջով վարչական դատարան դիմելու իրավունք ունի Հանրապետության Նախագահը:

Վարչական դատարանը կարող է վաղաժամկետ դադարեցնել տարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները` սույն օրենսգրքի դրույթները խախտելու դեպքում: Նման պահանջով վարչական դատարան դիմելու իրավունք ունի կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան հինգ օր առաջ կարող է վաղաժամկետ դադարեցնել տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները` սույն օրենսգրքի դրույթները խախտելու դեպքում: Նման պահանջով տարածքային ընտրական հանձնաժողով կարող է դիմել հանձնաժողովում նրան նշանակած տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրան առաջարկած տարածքային ընտրական հանձնաժողովի անդամը:

Սույն մասով սահմանված կարգը կենտրոնական կամ տարածքային ընտրական հանձնաժողովի հերթական նիստերից անհարգելի բացակայության հիմքով կարող է գործադրվել, եթե հանձնաժողովի անդամը երեք օրացուցային ամսվա ընթացքում ունի երեք կամ ավելի անհարգելի բացակայություն հերթական նիստերից:

Սույն մասով սահմանված կարգը տեղամասային ընտրական հանձնաժողովի հերթական նիստերից անհարգելի բացակայության հիմքով չի կիրառվում:

  1. Երեք օրացուցային ամսվա ընթացքում կենտրոնական կամ տարածքային ընտրական հանձնաժողովի հերթական նիստերից երեք կամ ավելի անհարգելի բացակայության դեպքում այդ հանձնաժողովն իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ իրավունք ունի վաղաժամկետ դադարեցնելու հանձնաժողովի անդամի լիազորությունները:

 

Հոդված 44.

Ընտրական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը

 

  1. Ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա հանձնարարության կամ բացակայության դեպքում` նախագահի տեղակալը:
  2. Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները սահմանում են հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը: Տեղամասային ընտրական հանձնաժողովները հերթական նիստեր գումարում են սույն օրենքով սահմանված ժամկետներում:
  3. Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրում է հանձնաժողովի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում, այդ մասին կապի հնարավոր միջոցներով տեղեկացնելով հանձնաժողովի անդամներին: Տեղամասային ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրում է հանձնաժողովի նախագահը` տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով:
  4. Ընտրական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին, բացառությամբ համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ ընկած ժամանակահատվածում կայացող հերթական նիստերի:

Համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ հերթական նիստերն իրավազոր են` անկախ նիստին ներկա անդամների թվից, եթե սպառված են հանձնաժողովի` նիստ գումարելու համար անհրաժեշտ թվով անդամներին նիստին մասնակից դարձնելու բոլոր հնարավորությունները:

  1. Ընտրական հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել քվեարկությանը: Որոշումն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել նիստին ներկա հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:

Համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած` մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ, որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին կողմ քվեարկած հանձնաժողովի անդամների թիվը մեծ է դեմ քվեարկած հանձնաժողովի անդամների թվից:

Համապետական ընտրությունների ժամանակահատվածում հերթական նիստերի իրավազորության վերաբերյալ սույն հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությամբ և սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դրույթները չեն տարածվում հանձնաժողովների նախագահ, նախագահի տեղակալ և հանձնաժողովի քարտուղար ընտրելու դեպքերի վրա:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի օրակարգում, հանձնաժողովի անդամներից բացի, հարցեր կարող է ներկայացնել վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը` ծառայությանը վերապահված իրավասության շրջանակներում:

  1. Ընտրության արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելիս ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
  2. Ընտրական հանձնաժողովներն ստանում են համարակալված էջերով` վերադաս հանձնաժողովի կնքած գործավարության մատյան (այսուհետ` գրանցամատյան):

Գրանցամատյանին ներկայացվող պահանջները, ինչպես նաև այն լրացնելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

  1. Գրանցամատյանում նշվում է նիստերին հանձնաժողովի անդամների մասնակցության մասին: Այդ գրառման տակ ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները:
  2. Ընտրական հանձնաժողովների անդամները, հանձնաժողովի նիստին (ներառյալ` քվեարկության օրը` քվեարկության սենյակում) ներկա լինելու իրավունք ունեցող անձինք (բացառությամբ քվեարկողների և տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների) վերնազգեստի վրա պարտադիր կարգով տեսանելի ձևով կրում են ներկա լինելու իրավունքը հավաստող վկայական: Հանձնաժողովի նախագահն արգելում է ընտրական հանձնաժողովներում, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև քվեարկության սենյակում ներկա լինելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև վերնազգեստի վրա առանց համապատասխան վկայականի անձանց ներկայությունն ընտրական հանձնաժողովում (ընտրական տեղամասում):
  3. Ընտրական հանձնաժողովի անդամները պարտավոր են մասնակցել հանձնաժողովի նիստերին:
  4. Ընտրական հանձնաժողովների որոշումների, արձանագրությունների, գրանցամատյանների գրառումների պատճենները և քաղվածքները (բացառությամբ ընտրողների ստորագրած ցուցակներից քաղվածքների) կնքում և ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Տեղամասային ընտրական հանձնաժողովից ստացված փաստաթղթերը կնքվում են միայն քվեարկության օրը:

 

Հոդված 45.

Ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկելը, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմում ներկայացնելը

 

  1. Ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) կարող է բողոքարկել`

1) յուրաքանչյուր ոք, եթե գտնում է, որ խախտվել կամ կարող է խախտվել իր սուբյեկտիվ ընտրական իրավունքը.

2) վստահված անձը, եթե գտնում է, որ խախտվել են վստահված անձի կամ իր վստահորդի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքները.

3) դիտորդը, եթե գտնում է, որ խախտվել են դիտորդի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքները.

4) հանձնաժողովի անդամը, եթե գտնում է, որ ստորադաս հանձնաժողովը կամ հանձնաժողովը, որի անդամն է ինքը, խախտել է իր կամ այլ անձանց` սույն օրենսգրքով սահմանված որևէ իրավունք:

  1. Թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները բողոքարկելու վերաբերյալ դիմում համապատասխանաբար կարող են ներկայացնել միայն թեկնածուն, ընտրական ցուցակ ներկայացրած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը), իսկ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու դեպքում` միայն ընտրական ցուցակ ներկայացրած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը):
  2. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում կարող են ներկայացնել`

1) թեկնածուն, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը).

2) վստահված անձը, եթե ներկա է եղել տվյալ ընտրական տեղամասում.

3) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը, եթե արձանագրությունում կատարել է գրառում հատուկ կարծիք ունենալու մասին.

4) կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը:

Ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմում կարող են ներկայացնել թեկնածուն, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը):

  1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը), ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները կարող են բողոքարկվել տարածքային ընտրական հանձնաժողով:
  2. Տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) (բացառությամբ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի և համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումների) կարող են բողոքարկվել կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել Գերագույն դատարան: Համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների ընտրությունների արդյունքների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել վարչական դատարան:
  3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) (բացառությամբ համապետական ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումների) կարող են բողոքարկվել վարչական դատարան: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` համապետական ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել Գերագույն դատարան:
  4. Ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները (անգործությունը) վերադաս ընտրական հանձնաժողով բողոքարկելու դեպքում բողոք ներկայացնող կողմը կրում է իր ներկայացրած փաստական հանգամանքների ապացուցման բեռը, իսկ ընտրական հանձնաժողովն` իր կայացրած որոշման հիմքում ընկած փաստական հանգամանքների ապացուցման բեռը: Բողոքը քննող ընտրական հանձնաժողովն ի պաշտոնե կարող է ապացույցներ հայթայթել: Սույն մասով սահմանված կանոնները վերաբերում են նաև ընտրական տեղամասում արդյունքներն անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումին:
  5. Քվեարկության օրվա ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումների, գործողությունների կամ անգործության մասին բողոքները կարող են ներկայացվել համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության օրը կամ քվեարկության հաջորդ օրը՝ մինչև ժամը 18.00-ն:

Քվեարկության օրվան նախորդող օրերի ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումների, գործողությունների կամ անգործության մասին բողոքները կարող են ներկայացվել տարածքային ընտրական հանձնաժողով երկու օրվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ ողջամտորեն պարտավոր էր իմանալ խախտման մասին:

Տարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումների, գործողությունների կամ անգործության մասին բողոքները կարող են ներկայացվել կենտրոնական ընտրական հանձնաժողով երեք օրվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ ողջամտորեն պարտավոր էր իմանալ խախտման մասին:

Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել միայն քվեարկության հաջորդ օրը՝ մինչև ժամը 18.00-ն:

Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում համապատասխան ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել ընտրության արդյունքներն ամփոփելու համար սույն օրենսգրքով սահմանված համապատասխան ժամկետի ավարտից ոչ ուշ, քան երկու օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

  1. Եթե բողոքի կամ դիմումի քննարկման արդյունքով տարածքային ընտրական հանձնաժողովը հանգում է այն եզրակացության, որ քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին էապես ազդել քվեարկության արդյունքների վրա, և եթե հնարավոր չէ պարզել քվեարկության իրական արդյունքները, իսկ խախտումը արտահայտված չէ անճշտություններում, ապա այդ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները տարածքային ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչում: Այդ դեպքում նյութերն ուղարկվում են դատախազություն:
  2. Թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին դիմում կարող է ներկայացվել մինչև քվեարկության օրը: Տարածքային ընտրական հանձնաժողովի` թեկնածուի գրանցման վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել կենտրոնական ընտրական հանձնաժողով երեք օրվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ ողջամտորեն պարտավոր էր իմանալ խախտման մասին, սակայն ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը:

Այս ժամկետների ավարտից հետո ընտրական հանձնաժողովներում ստացված դիմումների ընթացքը որոշվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո:

  1. Ընտրություններ նշանակվելուց հետո՝ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, ընտրական հանձնաժողովները սույն հոդվածով նախատեսված բողոքներին և դիմումներին պատասխանում, իսկ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում դրանց վերաբերյալ որոշումներ ընդունում են հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան համապատասխանաբար մինչև քվեարկության նախորդ օրը կամ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը:

 

Հոդված 46.

Դիմումներին և բողոքներին ներկայացվող պահանջները:

Ընտրական հանձնաժողովներում դրանց քննարկման կարգը

 

  1. Ընտրական հանձնաժողովներում դիմումները և բողոքները (այսուհետ` դիմում) քննարկվում և պատասխանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:
  2. Դիմումը պետք է ստորագրված լինի դիմողի կամ բողոք բերողի (այսուհետ` դիմողի) կողմից, ներառի նրա անունը, ազգանունը, բնակության վայրը (հասցեն), տրման ամսաթիվը: Դիմումը կարող է ներառել նաև դիմումատուի էլեկտրոնային կապի որևէ միջոցի տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն և այլն): Դիմումատուն պետք է հստակ սահմանի իր պահանջը, բերի հիմնավորումներ, իսկ հնարավոր ապացույցները կցի դիմումին: Դիմումատուի վերաբերյալ տվյալներ չներառող կամ կեղծ տվյալներ ներառող դիմումները չեն քննարկվում:
  3. Եթե դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա ընտրական հանձնաժողովը հնարավորություն է ընձեռում շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե դիմումին կից փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա ընտրական հանձնաժողովը դիմողին առաջարկում է սահմանված ժամկետում համալրել այն:
  4. Դիմողը դիմումը հասցեագրում է այն ընտրական հանձնաժողովին, որի իրավասության սահմաններում է բարձրացված հարցի լուծումը: Եթե դիմում տալու համար սույն օրենսգրքով նախատեսված է վերջնաժամկետ, ապա դիմումը համարվում է պատշաճ ժամկետում ներկայացված, եթե այն մինչև վերջնաժամկետը մուտքագրվել է համապատասխան ընտրական հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահը դիմումը հասցեագրում է հանձնաժողովի անդամին: Դիմումում բարձրացված հարցերն ուսումնասիրում է հանձնաժողովի անդամը, ով իրավունք ունի դիմումի վերաբերյալ որոշման նախագիծ ներկայացնելու` հարցը հանձնաժողովի նիստում քննարկելու համար: Դիմումատուն իրավունք ունի մասնակցելու հանձնաժողովի նիստում իր դիմումի քննարկմանը, ներկայացնելու հիմնավորումներ, դիմումի շրջանակներում հարցեր տալու զեկուցողին, ելույթ ունենալու:
  5. Տեղեկատվություն ստանալու մասին դիմումի պատասխանը դիմումատուին ուղարկվում է հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ, պատասխանի օրինակը պահվում է հանձնաժողովում: Եթե պահանջվող տեղեկատվությունը կամ փաստաթղթի օրինակը ներբեռնելու հնարավորությամբ տեղադրված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում, ապա այդ մասին տեղեկացվում է դիմողին, և նրան դրանցից պատճեններ կամ քաղվածքներ չեն տրամադրվում:
  6. Օպերատիվ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ընտրական հանձնաժողովները ձեռնարկում են համապատասխան միջոցներ:

 

Հոդված 47.

Քվեարկության արդյունքների վերահաշվարկը

 

  1. Թեկնածուն, վստահված անձը, եթե ներկա են եղել ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփմանը, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը` ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունում քվեարկության արդյունքների ամփոփման կարգի վերաբերյալ հատուկ կարծիք ունենալու մասին գրառում կատարելու դեպքում, իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում բողոքարկելու տվյալ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները` տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելով ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին (այսուհետ` վերահաշվարկ) դիմում:

Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմում կարող է ներկայացվել միայն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը՝ մինչև ժամը 18.00-ն:

  1. Վերահաշվարկի դիմումը պետք է ներառի դիմումատուի անունը, ազգանունը, բնակության վայրը (հասցեն) և այն ընտրական տեղամասի համարը, որում պահանջվում է կատարել վերահաշվարկ, ինչպես նաև այն քվեարկության արդյունքները (եթե միաժամանակ կայացել է մի քանի քվեարկություն), որոնց վերաբերյալ պահանջվում է վերահաշվարկ անցկացնել: Դիմումին կարող են կցվել քվեարկության արդյունքների սխալ ամփոփման ապացույցներ:
  2. Եթե միաժամանակ կայացել է մի քանի քվեարկություն, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը վերահաշվարկի դիմում կարող է ներկայացնել միայն այն քվեարկության արդյունքի վերաբերյալ, որի արձանագրությունում կատարել է գրառում հատուկ կարծիք ունենալու մասին:
  3. Միաժամանակ մեկից ավելի քվեարկություններ անցկացվելու դեպքում յուրաքանչյուր քվեարկության արդյունքների վերահաշվարկի համար ներկայացվում է առանձին դիմում:
  4. Տարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկի դիմումները գրառում է գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` նշելով ստացման ժամանակը:
  5. Վերահաշվարկի աշխատանքներն սկսվում են վերահաշվարկի դիմումների ընդունման համար սահմանված ժամկետի հաջորդ օրը` ժամը 9.00-ից, և դադարեցվում են քվեարկության օրվանից հետո` հինգերորդ օրը, ժամը 14.00-ին (այսուհետ` վերահաշվարկի վերջնաժամկետ): Ընտրական հանձնաժողովը վերահաշվարկն իրականացնում է առանց հանգստյան օրերի` ժամը 9.00-ից մինչև 18.00-ն: Ընտրական հանձնաժողովը շարունակում է վերահաշվարկը ժամը 18.00-ից հետո, եթե չի ավարտել ընտրական տեղամասի արդեն սկսած վերահաշվարկը, ինչպես նաև այն դեպքերում, եթե մինչև ժամը 18.00-ն աշխատելու պայմաններում մինչև վերահաշվարկի վերջնաժամկետը հնարավոր չէ ավարտել սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված քվեարկության արդյունքների վերահաշվարկը:
  6. Տարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկում է բոլոր այն քվեարկության արդյունքները, որոնց վերաբերյալ տարածքային հանձնաժողովի կարծիքով ներկայացված են քվեարկության արդյունքների սխալ ամփոփման հիմնավոր ապացույցներ, ինչպես նաև վերահաշվարկում է բոլոր այն քվեարկության արդյունքները, որոնց արձանագրությունների ուսումնասիրմամբ (այդ թվում` անճշտությունների ուսումնասիրման) տարածքային հանձնաժողովում ծագել են կասկածներ արդյունքների սխալ ամփոփման վերաբերյալ:
  7. Եթե սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված քվեարկության արդյունքների վերահաշվարկն ավարտվել է մինչև վերահաշվարկի վերջնաժամկետը, կամ այդպիսիք չեն եղել, ապա հանձնաժողովը վերահաշվարկի առկա դիմումների հիման վրա վիճակահանությամբ որոշում է, թե ինչ հերթականությամբ է վերահաշվարկելու քվեարկության արդյունքները:
  8. Դիմումատուի հրաժարվելը քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումից հիմք չէ վերահաշվարկ չիրականացնելու համար:
  9. Վերահաշվարկն իրականացվում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան և կազմվում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին արձանագրություն:

Վերահաշվարկ կատարելիս քվեարկության չսահմանված նմուշի քվեաթերթիկ է համարվում սահմանված նմուշից ակնհայտ տարբերվող քվեաթերթիկը, իսկ քվեաթերթիկի վավերականությունը որոշվում է սույն օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրամադրվում են այդ արձանագրությունների պատճենները:

  1. Կախված ծանրաբեռնվածությունից` տարածքային ընտրական հանձնաժողովն ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկ կարող է իրականացնել հանձնաժողովի առնվազն երեք անդամի կազմով: Հանձնաժողովի առնվազն երեք անդամի կազմով վերահաշվարկ իրականացնելիս քվեարկության արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի համար սահմանված պարտականություններն իրականացնում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը կամ հանձնաժողովի քարտուղարը, իսկ եթե նրանք ընդգրկված չեն այդ կազմում, ապա տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից նշանակված անդամը:
  2. Մեկ ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի տևողությունը չի կարող գերազանցել հինգ աշխատանքային ժամը:
  3. Քվեարկության արդյունքների վերահաշվարկն իրականացնելիս կարող են ներկա լինել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները, ընտրական հանձնաժողովի նիստերին ներկա լինելու իրավունք ունեցող անձինք, վերահաշվարկի մասին դիմում ներկայացրած անձը, թեկնածուն և նրա վստահված անձը:
  4. Քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ դիմող կողմն այլ փաստաթղթերի հետ իրավունք ունի ծանոթանալու ընտրողների ստորագրած ցուցակներին, ինքնուրույն կատարելու քաղվածքներ` առանց դրանք լուսապատճենահանելու, լուսանկարահանելու և տեսանկարահանելու իրավունքի: Վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել վերահաշվարկի աշխատանքները:
  5. Քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմում ներկայացնողի բացակայությունը հիմք չէ վերահաշվարկ չիրականացնելու կամ այն դադարեցնելու համար:
  6. Տարածքային ընտրական հանձնաժողովը մերժում է ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմումը և վերահաշվարկ չի իրականացնում, եթե պահանջվել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի իրականացում սույն հոդվածի դրույթների խախտումով:

 

Գ Լ ՈՒ Խ 10

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 48.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունները

  1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունները կազմակերպող և ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մշտական հիմունքներով գործող պետական մարմին է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը`

1) վերահսկողություն է իրականացնում ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ.

2) ընդունում է իր և ստորադաս ընտրական հանձնաժողովների կանոնակարգերը.

3) կազմակերպում և անցկացնում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացները, սահմանում դասընթացներ կազմակերպելու և որակավորում շնորհելու կարգը.

4) վերահսկողություն է իրականացնում սույն օրենսգրքի միատեսակ կիրառման նկատմամբ.

5) սահմանում է քվեաթերթիկների, արձանագրությունների և ընտրական այլ փաստաթղթերի ձևերը, նմուշները, դրանց լրացման և պահպանման կարգը, ընտրական հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ ընտրական փաստաթղթերով.

6) սահմանում է թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը.

7) իր լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ, որոնք պարտադիր են կատարման հանրապետության ողջ տարածքում.

8) վերացնում, ուժը կորցրած, անվավեր կամ չեղյալ է ճանաչում հանձնաժողովների` սույն օրենսգրքին հակասող որոշումները, բացառությամբ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր, համայնքի ղեկավար կամ ավագանու անդամներ ընտրվելու մասին տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումների.

9) լսում է ընտրական հանձնաժողովների և պետական մարմինների հաղորդումներն ընտրությունների նախապատրաստման ու անցկացման մասին.

10) հավատարմագրում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, դիտորդներին.

11) կազմակերպում է Հանրապետության Նախագահի թեկնածուների կենսագրական տվյալների հրապարակումը.

12) գրանցում է Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներին, Ազգային ժողովի պատգամավորներին տալիս է պատգամավորի վկայական.

13) նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի լրացուցիչ և նոր ընտրություններ.

14) ընդունում է սույն օրենսգրքով նախատեսված որոշումներ, ընտրական գործընթացները կանոնակարգելու նպատակով ընդունում է սույն օրենսգրքին չհակասող որոշումներ.

15) յուրաքանչյուր համապետական ընտրության ժամանակ կարող է հրապարակել ուսումնական ձեռնարկ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, վստահված անձանց և դիտորդների համար.

16) սահմանում է ընտրական հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգը.

17) հաստատում է քվեատուփի նմուշը (չափսերը).

18) օրենքով սահմանված կարգով կարող է ստեղծել հիմնարկներ.

19) իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

  1. Համապետական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո` երեք ամսվա ընթացքում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից որևէ մեկն ընտրությունների կազմակերպման և անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների վերլուծության վերաբերյալ հաղորդագրությամբ և առաջարկություններով հանդես է գալիս Ազգային ժողովում:
  2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է դիմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը՝ ընտրական գործընթացի կազմակերպման բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների մասին առաջարկություններով:

 

Հոդված 49.

Տարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունները

 

  1. Տարածքային ընտրական հանձնաժողովը մշտական հիմունքներով գործող պետական մարմին է: Տարածքային ընտրական հանձնաժողովը`

1) վերահսկողություն է իրականացնում համապատասխան տարածքում սույն օրենսգրքի պահանջների կատարման նկատմամբ.

2) սահմանում է ընտրական տեղամասերի հերթական համարները` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան, և այդ տվյալները երկօրյա ժամկետում ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով.

3) իր և տեղամասային ընտրական հանձնաժողովների գործունեության վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում կենտրոնական ընտրական հանձնաժողով.

4) քննարկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների վերաբերյալ ստացված դիմումները (բողոքները), վերանայում կամ վերացնում է տեղամասային ընտրական հանձնաժողովների` սույն օրենսգրքին հակասող որոշումները.

5) ըստ ընտրական տեղամասերի` տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների տվյալների հիման վրա հրապարակում է քվեարկության նախնական արդյունքները.

6) հայտարարում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը.

7) հետևում է ընտրողների ցուցակները կազմելուն և համընդհանուր ծանոթացման համար դրանք ընտրական տեղամասերում ներկայացնելուն.

8) վերահսկում է տեղամասային կենտրոնների` սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան կահավորումը.

9) գրանցում է Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին, նրանց տալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած նմուշի վկայական.

10) վերահսկողություն է իրականացնում տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից սույն օրենսգրքի պահանջների կատարման նկատմամբ.

11) անվավեր է ճանաչում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները.

12) իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 50.

Տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները

  1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը`

1) կազմակերպում է քվեարկությունը, ամփոփում քվեարկության արդյունքներն ընտրական տեղամասում.

2) կազմում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն, արձանագրության օրինակը փակցնում է տեղամասային կենտրոնում.

3) հանձնաժողովի կնիքը, գրանցամատյանը, քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության երկու օրինակները, ընտրական փաստաթղթերի ընդհանուր փաթեթը և քվեատուփը ներկայացնում է տարածքային ընտրական հանձնաժողով.

4) իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 51.

Ընտրական փաստաթղթեր հանձնելը և ընդունելն ընտրական հանձնաժողովներում

  1. Ընտրական փաստաթղթերն ընտրական հանձնաժողովներում հանձնվում են հանձնողի ու ընդունողի կողմից ստորագրվելու և ստացական տալու միջոցով:
  2. Ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար ընտրական հանձնաժողովներին հատկացվում են քվեաթերթիկներ, ձևաթղթեր, այլ փաստաթղթեր, գրենական պիտույքներ և այլ պարագաներ, որոնց պահպանման պատասխանատուներն ընտրական հանձնաժողովների նախագահներն են:
  3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո պահպանության են հանձնվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվ` սահմանված կարգով պահպանելու համար:

 

Հոդված 52.

Ընտրական հանձնաժողովների և ոստիկանության համագործակցությունը

 

  1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը պարտավոր է ապահովել ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունն ընտրությունների հետ կապված միջոցառումներում ապահովում է պատշաճ կարգ ու կանոն, հանձնաժողովի նախագահի պահանջով աջակցում հանձնաժողովներին, ապահովում է ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումն ու դրանց պահպանումն ընտրական հանձնաժողովներում:

 

Բ Ա Ժ Ի Ն 3

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ 11

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 53.

Քվեարկության տեղը և ժամանակը

 

  1. Քվեարկությունն անցկացվում է միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կազմավորված տեղամասային կենտրոններում` ժամը 8.00-ից մինչև 20.00-ն, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի: Ժամը 20.00-ին քվեարկության սենյակում գտնվող, բայց դեռևս չքվեարկած ընտրողները քվեարկելու իրավունք ունեն:
  2. Համապետական ընտրությունների ժամանակ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում ստացիոնար բուժման մեջ գտնվող, քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող ընտրողների համար քվեարկությունը կազմակերպվում է ստացիոնար բժշկական հաստատությունում` շրջիկ արկղի միջոցով:

Քվեարկությունն անցկացվում է քվեարկության գաղտնիության պահպանմամբ՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում քվեարկողների քվեարկության կազմակերպմանը կարող են ներկա լինել նաև վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում քվեարկությունը կազմակերպվում է այն հաշվարկով, որ ավարտվի մինչև ժամը 18.00-ն:

 

Հոդված 54.

Քվեարկության սենյակը

 

  1. Քվեարկությունն անցկացվում է այդ նպատակով կահավորված սենյակում` յուրաքանչյուր ընտրական տեղամասում մեկ սենյակ հաշվարկով:
  2. Քվեարկության սենյակը պետք է լինի հնարավորին չափ ընդարձակ և բավարարի հետևյալ պահանջները.

1) հնարավորություն ընձեռի քվեարկության ողջ ընթացքում ապահովելու տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների և քվեարկությանը ներկա լինելու իրավունք ունեցող անձանց միաժամանակյա կանոնավոր աշխատանքը.

2) հնարավորություն ընձեռի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին և դիտորդներին իրենց տեսադաշտում պահելու քվեատուփը, քվեարկության խցիկները (պայմանով, որ չի խախտվում քվեարկության գաղտնիությունը), քվեարկության խցիկներից մինչև քվեատուփն ընկած հատվածը:

  1. Քվեարկության սենյակի կահավորումը պետք է ավարտվի քվեարկության նախորդ օրը` մինչև ժամը 24.00-ն:

 

Հոդված 55.

Քվեարկության խցիկները

 

  1. Քվեարկության համար հատկացվում են խցիկներ` յուրաքանչյուր 750 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ խցիկ:
  2. Քվեարկության խցիկը պատրաստվում է այնպես, որ ընտրողը կարողանա տեղամասային կենտրոնում գտնվող անձանցից գաղտնի լրացնել քվեաթերթիկը, ունենա բավարար լուսավորվածություն, տեղադրված լինի գրիչ:
  3. Քվեարկության խցիկները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորությամբ և այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով և թիկունքով դեպի պատը:

 

Հոդված 56.

Քվեաթերթիկը

 

  1. Միաժամանակ տարբեր քվեարկություններ անցկացվելու դեպքում քվեաթերթիկները պատրաստվում են այնպես, որ ակնհայտ տարբերվեն միմյանցից:
  2. Քվեաթերթիկը պետք է ներառի տպագրատան անվանումը և ծանուցում` քվեաթերթիկի լրացման կարգի մասին: Քվեաթերթիկները պատրաստվում են անթափանց թղթից:
  3. Թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումները քվեաթերթիկում նշվում են ձախ կողմում` այբբենական հերթականությամբ, իսկ աջ կողմում նախատեսվում են դատարկ քառանկյուններ` քվեարկողի կողմից նշում կատարելու համար:
  4. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում քվեաթերթիկում թեկնածուի ազգանվան տողի ներքևում նշվում են «կողմ եմ» և «դեմ եմ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունում:
  5. Քվեաթերթիկների տպագրումն ապահովում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
  6. Քվեաթերթիկները տպագրվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան տասը, և ոչ ուշ, քան երեք օր առաջ` լիազոր մարմնի կողմից ընտրողների թվի վերաբերյալ քվեարկության օրվանից տասն օր առաջ տրամադրված տեղեկատվության հիման վրա:
  7. Քվեաթերթիկները տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում են քվեարկության նախորդ օրն ընտրական տեղամասում ընտրողների թվի մինչև երեք տոկոս ավելի քանակով, բայց ոչ պակաս, քան ընտրողների թվից երկու քվեաթերթիկ ավելին:
  8. Քվեաթերթիկները տպագրելուց հետո թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում թեկնածուի անունը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը քվեաթերթիկներից հանվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով։

 

Հոդված 57.

Կնիքը, քվեատուփը

 

  1. Ընտրական հանձնաժողովների կնիքների նմուշները հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Դրանք պատրաստվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով:
  2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը պետք է ունենա քառանիշ համար:
  3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները տեղադրում է անթափանց փաթեթներում, առանց դրանց վրա նշումներ կատարելու փակում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կնիքով կնքում է դրանք և քվեարկության օրվանից ոչ շուտ, քան հինգ, և ոչ ուշ, քան երեք օր առաջ հանձնում տարածքային ընտրական հանձնաժողովին՝ յուրաքանչյուր ընտրական տեղամասին մեկ կնիք հաշվարկով` կատարելով հանձնվող կնիքների բացառապես քանակական հաշվառում:
  4. Տարածքային ընտրական հանձնաժողովում փաթեթները կնքվում և քվեարկության նախորդ օրը հանձնվում են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին՝ յուրաքանչյուրին մեկ փաթեթավորված կնիք:
  5. Տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները քվեարկության ավարտից հետո, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով` ընտրական փաստաթղթերի ընդհանուր փաթեթի հետ միաժամանակ:
  6. Քվեարկության երկրորդ փուլ, վերաքվեարկություն կամ նոր ընտրություն անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրվում են նոր կնիքներ։
  7. Տեղամասային կենտրոնում կարող են օգտագործվել մեկից ավելի քվեատուփեր՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

 

Հոդված 58.

Քվեարկության նախապատրաստումը

 

  1. Քվեարկությունը նախապատրաստում են տեղամասային ընտրական հանձնաժողովները։
  2. Քվեաթերթիկները և փաթեթավորված կնիքը պահվում են քվեարկության սենյակում գտնվող հատուկ չհրկիզվող պահարանում: Դրանց պահպանման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
  3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պարտավոր է քվեարկության ընթացքում ապահովել սույն օրենսգրքով նախատեսված պահանջների կատարումը և անհրաժեշտ կարգ ու կանոն հաստատել տեղամասային կենտրոնում։
  4. Ընտրողների գրանցման, ընտրողներին քվեաթերթիկներ հատկացնելու և քվեաթերթիկները կնքելու համար տեղամասային կենտրոններում տեղադրվում են աշխատանքային սեղաններ:
  5. Քվեատուփը, հանձնաժողովի անդամների աշխատասեղանները տեղադրվում են ընտրական տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց համար տեսանելի տեղում:
  6. Քվեարկության սենյակում կամ դրա մուտքի մոտ փակցվում են քվեաթերթիկների նմուշները, Հանրապետության Նախագահի թեկնածուների կենսագրություններով ու լուսանկարներով պաստառ, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակները:
  7. Քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում վիճակահանությամբ որոշում է քվեաթերթիկներն ստորագրող հանձնաժողովի երեք անդամի, որոնք պարտավոր են այդ օրը` մինչև ժամը 24.00-ն, ստորագրել բոլոր քվեաթերթիկները (ստորագրությունները դրվում են քվեաթերթիկների հակառակ կողմում)՝ գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելով:

 

Հոդված 59.

Դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության կազմակերպումը

 

  1. Այլ պետություններում բնակվող կամ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները համապետական ընտրություններին կարող են մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում: Քվեարկությունից յոթ օր առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտաքին գործերի բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի միջոցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ է ուղարկում Հանրապետության Նախագահի՝ գրանցված թեկնածուների տվյալները և Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները, քվեաթերթիկների, ընտրական այլ փաստաթղթերի նմուշները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը`

1) ապահովում է քվեաթերթիկների պատրաստումը՝ սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան.

2) հիմնարկի ղեկավարը, սույն օրենսգրքով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, նախապատրաստում, կազմակերպում և անցկացնում է ընտրությունները, ամփոփում է քվեարկության արդյունքները, կազմում է արձանագրություն և դրա տվյալները պաշտոնապես անհապաղ ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Սույն հոդվածի 2-րդ կետում նշված արձանագրությունը՝ ընտրական փաստաթղթերի հետ միասին, կնքված վիճակում, հատուկ փոստով ուղարկվում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:

 

Հոդված 60.

Ձերբակալված և կալանավորված ընտրողների քվեարկության կազմակերպումը

  1. Ձերբակալված ընտրողները քվեարկությանը մասնակցում են իրենց հաշվառման վայրում կազմավորված տեղամասում: Ձերբակալված ընտրողների՝ քվեարկությանը մասնակցելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
  2. Կալանավորված անձանց պահելու վայրում քվեարկությունը սույն օրենսգրքով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով նախապատրաստում, կազմակերպում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարը: Կալանավորված անձանց պահելու վայրերում քվեարկությունը կազմակերպվում է ժամը 9.00-ից հետո` կախված ընտրելու իրավունք ունեցող անձանց թվից: Կալանավորված անձանց պահելու յուրաքանչյուր վայրի համար քվեարկության սկիզբը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովն այն հաշվարկով, որ քվեարկությունն ավարտված լինի ժամը 20.00-ին:

 

Գ Լ ՈՒ Խ 12

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 61.

Տեղամասային ընտրական հանձնաժողովի գործողությունները քվեարկությունից առաջ

 

  1. Քվեարկության օրը` ժամը 7.00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովը տեղամասային կենտրոնում կայացած նիստում վիճակահանությամբ որոշում է.

1) ընտրողների գրանցումն իրականացնող անդամներին` մինչև 750 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամ.

2) քվեաթերթիկներ հատկացնող անդամներին` մինչև 750 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամ.

3) քվեաթերթիկների կնքման համար պատասխանատու առնվազն մեկ անդամի.

4) քվեատուփի համար պատասխանատու առնվազն մեկ անդամի.

5) շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող առնվազն մեկ անդամի.

6) տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների` գործառույթների հերթափոխային ժամակարգը:

Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վիճակահանությանը չեն մասնակցում:

  1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների և քվեարկությանը ներկա լինելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ բացում է չհրկիզվող պահարանը, հանում է քվեաթերթիկները, ընտրողների ցուցակները և փաթեթավորված կնիքը, ստուգում է փաթեթավորված կնիքի փաթեթի ամբողջականությունը, բացում է փաթեթավորված կնիքը, գրանցամատյանում կնիք դնելով՝ հայտարարում է կնիքի համարը: Ստուգում է քվեատուփի դատարկ լինելը, փակում և կնքում է քվեատուփը, ընտրողների ցուցակները հանձնում է ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամներին, քվեաթերթիկները հարյուրական փաթեթով` քվեաթերթիկներ հատկացնող անդամներին, կնիքը և ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները` քվեաթերթիկների կնքման համար պատասխանատու անդամին: Վերոհիշյալ բոլոր գործողությունների մասին տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը համապատասխան գրառում է կատարում գրանցամատյանում:

 

Հոդված 62.

Քվեարկության սկիզբը, կարգը

 

  1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրը` ժամը 8.00-ին, հայտարարում է քվեարկության սկիզբը և թույլատրում ընտրողների մուտքը քվեարկության սենյակ:
  2. Հանձնաժողովի նախագահը կազմակերպում և վերահսկում է քվեարկության անցկացումը, անհրաժեշտության դեպքում օժանդակում գործառույթ իրականացնող անդամներին, փոխարինում նրանց բացակայության դեպքում: Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հանձնաժողովի քարտուղարը գրառումներ է կատարում գրանցամատյանում, օժանդակում գործառույթ իրականացնող անդամներին, փոխարինում նրանց բացակայության դեպքում:
  3. Արգելվում է տեղամասային կենտրոն զենքով, ռազմամթերքով մուտք գործելը:
  4. Զինծառայողները, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում ծառայողները տեղամասային կենտրոն մուտք են գործում ոչ շարային կարգով, առանց զենքի, ռազմամթերքի: Քվեարկության բնականոն ընթացքի վտանգման դեպքերում տեղամասային կենտրոն զենքով մուտք գործել կարող են միայն ոստիկանության ծառայողները` տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ:
  5. Տեղամասային կենտրոնում, ընտրական հանձնաժողովի անդամներից և քվեարկողներից բացի, կարող են ներկա լինել վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն ու վերադաս ընտրական հանձնաժողովների անդամները: Թեկնածուն քվեարկության ընթացքում տեղամասային կենտրոնում կարող է գտնվել միայն քվեարկությանը մասնակցելու համար:
  6. Քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 15-ից ավելի քվեարկող: Քվեարկության բնականոն ընթացքն ապահովելու համար ընտրական հանձնաժողովի նախագահն իրավունք ունի ընտրողներին քվեարկության սենյակ թողնելու հերթով` մեկ-մեկ: Ընտրական հանձնաժողովի կողմից սույն մասի կատարումն ապահովելու անհնարինության դեպքում ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով այն իրականացվում է ոստիկանության օժանդակությամբ:
  7. Քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է լրացուցիչ հնարավորություններ` ապահովելով քվեարկողի կամքի ազատ արտահայտման հնարավորությունը և քվեարկության գաղտնիությունը:

 

Հոդված 63.

Ընտրողների գրանցումը

 

  1. Ընտրողը քվեարկությանը մասնակցում է անձամբ. լիազորված քվեարկությունն արգելվում է: Յուրաքանչյուր ընտրող գրանցվում է հանձնաժողովի` գրանցման համար պատասխանատու անդամի մոտ գտնվող ընտրողների ցուցակում:
  2. Ընտրողների գրանցման համար պատասխանատու հանձնաժողովի անդամն ստուգում է ընտրողի ինքնությունը, ընտրողների ցուցակում գտնում է նրա անուն-ազգանունը, դրա դիմացի դատարկ սյունակում լրացնում է անձը հաստատող փաստաթղթի տվյալները, և ընտրողը ստորագրում է այդ տվյալների դիմաց` ընտրողի ստորագրության համար նախատեսված սյունակում: Ընտրողի գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամն ստորագրում է ընտրողի ստորագրության դիմաց` համապատասխան սյունակում: Եթե ընտրողը չի կարող ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա նա իրավունք ունի դիմելու այլ քաղաքացու օգնության, բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների և վստահված անձանց:
  3. Անձը հաստատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը, անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, իսկ զինծառայողների համար` զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում են (քվեարկում են) զինվորական մասի կազմած ընտրողների ցուցակում: Պարտադիր ժամկետային զինծառայողները ծառայությունից օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված լինելու դեպքում իրենց մշտական բնակության վայրերում քվեարկում են զինվորական գրքույկներով` ներկայացնելով նաև ծառայությունից ժամանակավոր արձակված լինելու մասին փաստաթղթի պատճենը:

Ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար:

 

Հոդված 64.

Քվեարկությունը

 

  1. Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր ընտրող ստանում է քվեարկության մեկ քվեաթերթիկ (քվեաթերթիկներ՝ միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում):
  2. Գրանցվելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է քվեաթերթիկների տրամադրման համար պատասխանատու հանձնաժողովի անդամին: Հանձնաժողովի անդամը քվեաթերթիկը (քվեաթերթիկները՝ միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում) հանձնում է ընտրողին:
  3. Ընտրողը մոտենում է քվեաթերթիկներ կնքող հանձնաժողովի անդամին: Հանձնաժողովի անդամը կարող է համոզվել ընտրողի` տվյալ տեղամասում հաշվառված լինելու մեջ, կնքում է քվեաթերթիկը: Ընտրողն անցնում է քվեարկության խցիկ՝ քվեարկելու:
  4. Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի՝ քվեարկության խցիկում: Արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե ընտրողն ինչպես է քվեարկում:
  5. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, ով չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ: Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։ Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
  6. Եթե ընտրողը կարծում է, որ քվեաթերթիկը սխալ է լրացրել կամ վնասել է, ապա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին` նոր քվեաթերթիկ ստանալու համար: Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ ընտրողին հատկացվում է նոր քվեաթերթիկ, ընտրողների ցուցակում կատարվում է համապատասխան նշում տվյալ ընտրողի անվան, ազգանվան դիմաց: Սխալ լրացված (վնասված) քվեաթերթիկն անհապաղ մարվում է:
  7. Տեղամասային կենտրոնում արգելվում է կատարած քվեարկության մասին տեղեկություններ հայտնելը:

Քվեարկելուց հետո ընտրողն անհապաղ պետք է դուրս գա տեղամասային կենտրոնից:

Քվեարկության ընթացքում թեկնածուին արգելվում է գտնվել տեղամասային կենտրոնում կամ տեղամասային կենտրոնին հարող` մինչև 50 մետր շառավղով տարածքում, բացառությամբ քվեարկությանը մասնակցելու դեպքի:

 

Հոդված 65.

Քվեաթերթիկը լրացնելու կարգը

 

  1. Քվեաթերթիկում ընտրողը կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևով միատեսակ նշում է կատարում այն թեկնածուի անվան, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանման դիմացի քառանկյունում, ում կողմ է քվեարկում:
  2. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում ընտրողը, եթե կողմ է քվեարկելու, նշում է կատարում «կողմ եմ» բառերի, եթե դեմ` «դեմ եմ» բառերի դիմաց:
  3. Քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո ընտրողը քվեարկության խցիկում քվեաթերթիկը ծալում է և մոտենում քվեատուփին:
  4. Քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը բացում է քվեատուփի ճեղքը և ընտրողին հնարավորություն է ընձեռում քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելու համար:

Քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամն իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի այլ անդամի կամ վստահված անձի պահանջով կարող է ստուգել (հանձնաժողովի այլ անդամին կամ վստահված անձին ներկայացնել) ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը:

  1. Եթե հանձնաժողովի անդամը կամ վստահված անձը գտնում է, որ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել սույն օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտում, ապա իրավունք ունի պահանջելու, որ իր գնահատականն արձանագրվի գրանցամատյանում։

 

Գ Լ ՈՒ Խ 13

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՂՅՈՒՍԱԿԱՎՈՐԵԼՈՒ, ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 66.

Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը

 

  1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ժամը 20.00-ին հայտարարում է քվեարկության ավարտի մասին և արգելում ընտրողների մուտքը քվեարկության սենյակ: Հանձնաժողովը քվեարկության սենյակում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն է տալիս, որից հետո հանձնաժողովի նախագահը փակում է քվեատուփի ճեղքը:
  2. Տեղամասային ընտրական հանձնաժողովն ընտրական հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ (նիստին կարող է մասնակցել նաև թեկնածուն) սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը: Այդ նպատակով՝

1) հաշվարկում է չօգտագործված, ընտրողների կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ տրված քվեաթերթիկների ընդհանուր թիվը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով մարում է չօգտագործված քվեաթերթիկները, փաթեթավորում, կնքում է փաթեթը և տեղադրում ընդհանուր փաթեթում.

2) հաշվարկում է ընտրողների յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակի (այդ թվում` քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված լրացուցիչ ցուցակի) ընտրողների թիվը` առանձին-առանձին, լրացուցիչ ցուցակների ընտրողների թվերի գումարին ավելացնելով ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը` ստանում է ընտրական տեղամասում ընտրողների ընդհանուր թիվը.

3) ընտրողների ցուցակներում (այդ թվում՝ լրացուցիչ ցուցակներում) ընտրողների ստորագրությունների հիման վրա հաշվարկում է քվեարկության մասնակիցների (քվեաթերթիկներ ստացած ընտրողների) թիվը, փաթեթավորում է ցուցակները, կնքում փաթեթը և տեղադրում ընդհանուր փաթեթում:

  1. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողությունների արդյունքները հրապարակվում են և արձանագրվում գրանցամատյանում: Հանձնաժողովի նախագահը գրանցամատյանում արձանագրված` ընտրական տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը կապի հնարավոր միջոցներով անհապաղ հայտնում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին: Վստահված անձի պահանջով նրան տրվում է գրանցամատյանից քաղվածք ընտրությունների մասնակիցների թվի վերաբերյալ` վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:
  2. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, քվեատուփից հանում մեկ քվեաթերթիկ, բարձրաձայն հայտարարում քվեաթերթիկի վավեր, անվավեր կամ չսահմանված նմուշի լինելու մասին, վավեր քվեաթերթիկի դեպքում հայտարարում նաև, թե ինչպես է քվեարկված, ապա ցուցադրում այնպես, որ այն տեսանելի լինի ներկաների համար: Պահանջի դեպքում քվեաթերթիկը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի արտահայտած կարծիքին համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում քվեարկության արդյունքով (քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը, և եթե հանձնաժողովի անդամի առաջարկությունը քվեարկությամբ չի ընդունվում, ապա ընդունված է համարվում հանձնաժողովի նախագահի առաջարկությունը), իսկ առարկություն չլինելու դեպքում հանձնաժողովի նախագահը, իր հայտարարության համաձայն, ըստ քվեաթերթիկում կատարված քվեարկության նշումի, քվեաթերթիկը դնում է համապատասխան թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին, մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկված կամ անվավեր քվեաթերթիկների փաթեթի մեջ, որից հետո քվեատուփից հանում է հաջորդ քվեաթերթիկը:

Այդ գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկների համար: Քվեաթերթիկների տեսակավորումն իրականացնելու ժամանակ հանձնաժողովի անդամներին արգելվում է նշումներ կատարել, ինչպես նաև իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու այլ առարկաներ:

  1. Քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկները տեսակավորելուց հետո հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների ներկայությամբ մեկ առ մեկ հաշվարկում է անվավեր ճանաչված քվեաթերթիկների, ինչպես նաև յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում՝ թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը: Հաշվարկված թվերը հրապարակվում են և արձանագրվում գրանցամատյանում:
  2. Արդյունքներն ամփոփելիս չսահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվի չեն առնվում և չեն հաշվարկվում։
  3. Հաշվարկված և տեսակավորված քվեաթերթիկները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով փաթեթավորվում են, իսկ փաթեթները կնքվում և տեղադրվում են ընդհանուր փաթեթում:

Փաթեթների վրա պետք է առկա լինի հանձնաժողովի նախագահի ստորագրությունը: Հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու փաթեթների վրա: Գրանցամատյանում գրառվում են ստորագրողների անուն-ազգանունները, դրվում ստորագրության նմուշները:

  1. Վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը:
  2. Միաժամանակ մի քանի ընտրություն անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին ամփոփում է համապետական ընտրության քվեարկության արդյունքները, ընդ որում, Հանրապետության Նախագահի ընտրություններն այլ ընտրությունների հետ անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին ամփոփում է Հանրապետության Նախագահի ընտրության քվեարկության արդյունքները, Ազգային ժողովի ընտրությունների դեպքում` համամասնական ընտրակարգով ընտրությունների, իսկ տեղական ինքնակառավարման ընտրությունների դեպքում` համայնքի ավագանու ընտրության քվեարկության արդյունքները:

 

Հոդված 67.

Քվեաթերթիկների վավերականությունը

 

  1. Սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե`

1) մեկից ավելի թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին նշումներ է ներառում.

2) մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում միաժամանակ «կողմ եմ» և «դեմ եմ» բառերի դիմաց նշումներ է ներառում.

3) որևէ նշում չի ներառում.

4) բացի քվեարկության համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կամ դրան նմանվող նշանից ներառում է այլ նշում.

5) ընտրական հանձնաժողովի անդամի կողմից ստորագրված կամ կնքված չէ.

6) ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձևը: Սահմանված ձևի ոչ էական խախտումը չի կարող համարվել քվեաթերթիկի անվավերության հիմք, եթե ընտրողի մտադրությունը հստակ է և աներկբա:

  1. Քվեաթերթիկը վավեր է, եթե այն անվավեր չէ:

 

Հոդված 68.

Չսահմանված նմուշի քվեաթերթիկները

 

  1. Չսահմանված նմուշի է սահմանված նմուշից տարբերվող քվեաթերթիկը:

 

Հոդված 69.

Տեղամասային ընտրական հանձնաժողովի` քվեարկության արդյունքների արձանագրությունը

 

  1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով սույն օրենսգրքի 66րդ հոդվածով սահմանված կարգով կատարված հաշվարկները, կազմում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն, դրանում նշելով`

1) յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակի (այդ թվում` քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված լրացուցիչ ցուցակի) ընտրողների թիվը` առանձին-առանձին.

2) ընտրական տեղամասում ընտրողների ընդհանուր թիվը, որը հավասար է լրացուցիչ ցուցակների ընտրողների թվերի և հիմնական ցուցակում ընդգրկված ընտրողների թվի գումարին.

3) քվեարկության մասնակիցների թիվը (լրացվում է գրանցված և քվեաթերթիկներ ստացած ընտրողների ստորագրությունների թիվը).

4) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը.

5) մարված քվեաթերթիկների (չօգտագործված և ընտրողների կողմից ոչ ճիշտ լրացված կամ վնասված և հետ տված քվեաթերթիկներ) ընդհանուր թիվը.

6) անվավեր քվեաթերթիկների թիվը.

7) յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.

8) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).

9) անճշտությունների գումարային չափը:

  1. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը և անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:
  2. Հանձնաժողովի անդամը պարտավոր է ստորագրել արձանագրությունը: Եթե նա արձանագրության տվյալների վերաբերյալ ունի առարկություն (հատուկ կարծիք), ապա այդ մասին գրառում է կատարում արձանագրությունում` դրա համար նախատեսված հատուկ տեղում:
  3. Քվեարկության ավարտից հետո՝ մինչև ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:
  4. Նիստի վերջում, բայց ոչ ուշ, քան քվեարկության ավարտից տասը ժամ հետո, հանձնաժողովն ավարտում է արձանագրության կազմումը, իսկ հանձնաժողովի նախագահը հրապարակում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը:
  5. Արձանագրությունը կազմվում է չորս օրինակից. մեկ օրինակը փակցվում է տեղամասային կենտրոնում` ընտրողների ցուցակների կողքին, մեկ օրինակը տեղադրվում է ընտրական փաստաթղթերի ընդհանուր փաթեթում:
  6. Ընդհանուր փաթեթի վրա պետք է առկա լինի հանձնաժողովի նախագահի ստորագրությունը: Հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու ընդհանուր փաթեթի վրա: Գրանցամատյանում գրառվում են ստորագրողների անուն-ազգանունները, դրվում ստորագրության նմուշները:

Ընտրական փաստաթղթերի ընդհանուր փաթեթը տեղամասային ընտրական հանձնաժողովում պետք է փակվի: Տեղամասային ընտրական հանձնաժողովում այդ փաթեթը սահմանված կարգով փակելու համար պատասխանատու է հանձնաժողովի նախագահը:

  1. Հանձնաժողովում ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածք՝ վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով:
  2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարն ընդհանուր փաթեթը, քվեարկության արդյունքների արձանագրության երկու օրինակը, գրանցամատյանը և հանձնաժողովի կնիքը քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, ներկայացնում են տարածքային ընտրական հանձնաժողով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

 

Հոդված 70.

Անճշտությունները որոշելու կարգը

 

  1. Ընտրական տեղամասում անճշտությունների չափը հաշվարկելու համար՝

1) համադրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը մարված քվեաթերթիկների թվի, քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվի գումարի հետ: Եթե տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը փոքր է մարված քվեաթերթիկների թվի, քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվի գումարից, ապա տարբերությունը՝ թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես առաջին անճշտության չափ: Հակառակ դեպքում առաջին անճշտության չափը նշվում է զրո.

2) համադրվում է ընտրողների ցուցակում ստորագրությունների թիվը քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի հետ: Եթե քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարը մեծ է ընտրողների ցուցակում ստորագրությունների թվից, ապա տարբերությունը` թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես երկրորդ անճշտության չափ: Հակառակ դեպքում երկրորդ անճշտության չափը նշվում է զրո.

3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերում նշված թվերի գումարը համարվում է ընտրական տեղամասում անճշտությունների գումարային չափ:

  1. Ընտրական տեղամասում անճշտությունների չափը հաշվարկում և արձանագրում է ընտրության արդյունքներն ամփոփող ընտրական հանձնաժողովը:
  2. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ տեղամասում քվեարկության մասնակիցների թիվն արձանագրվում է որպես տեղամասում անճշտությունների գումարային չափ:
  3. Քվեարկության արդյունքների արձանագրությունը կազմելիս մնացած տեղամասերի քվեարկության արդյունքներին համապատասխանաբար գումարվում են քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչված տեղամասի ընտրողների թիվը` նաև ըստ լրացուցիչ ցուցակների, քվեարկության մասնակիցների թիվը, հատկացված քվեաթերթիկների թիվը, իսկ որպես մարված քվեաթերթիկների թիվ արձանագրվում է այդ տեղամասին հատկացված քվեաթերթիկների թիվը: Քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչված ընտրական տեղամասի արձանագրության մյուս արդյունքները (թվերը), բացառությամբ անճշտությունների չափի, արձանագրվում են զրո:

 

Հոդված 71.

Տարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունները տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրություններն ստանալուց հետո

 

  1. Տարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների կազմման վավերականությունը, իսկ թվաբանական սխալների առկայության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վերացնում են այդ սխալներն՝ ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում։ Ելակետային են տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից հատ-հատ հաշվելու միջոցով ստացված տվյալները:
  2. Տարածքային ընտրական հանձնաժողովն ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով պարբերաբար, բայց ոչ ուշ, քան երեք ժամը մեկ աղյուսակավորում է ըստ ընտրական տեղամասերի: Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների տվյալների աղյուսակավորումը տարածքային ընտրական հանձնաժողովն ավարտում է քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում:
  3. Տարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով, անհապաղ փակցվում է հանձնաժողովում՝ բոլորի համար տեսանելի տեղում: Ընտրական հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է տեղամասում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակ՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:

Համապետական ընտրությունների ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովն ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության մեկ օրինակը քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:

  1. Համապետական ընտրությունների ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովը տարածքում քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրություն չի կազմում, քվեարկության արդյունքների վերահաշվարկի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում ուսումնասիրում է տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումները, ուսումնասիրության արդյունքներն ամփոփում է հանձնաժողովի նիստում և այդ մասին ընդունած որոշումը ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով:

 

Հոդված 72.

Տարածքային ընտրական հանձնաժողովում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներն ամփոփելու կարգը

 

  1. Տարածքային ընտրական հանձնաժողովն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում, սույն հոդվածի պահանջներին համապատասխան` ամփոփում է տարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք:
  2. Տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, իսկ քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում քվեարկության օրվանից հետո՝ հինգերորդ օրը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն տարածքում քվեարկության արդյունքների վերաբերյալ:
  3. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների արձանագրությունում նշվում են`

1) տարածքի ընտրական տեղամասերի յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակների (այդ թվում` քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակների), ընտրողների ընդհանուր թվերը` առանձին-առանձին.

2) տարածքի ընտրողների ընդհանուր թիվը (հավասար է տարածքի` ընտրության համար կազմավորված բոլոր ընտրական տեղամասերի ընտրողների ընդհանուր թվերի գումարին).

3) քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը (լրացվում է գրանցված և քվեաթերթիկներ ստացած ընտրողների ստորագրությունների թիվը).

4) տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը.

5) տեղամասային ընտրական հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

6) անվավեր քվեաթերթիկների թիվը.

7) յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.

8) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).

9) անճշտությունների գումարային չափը:

Տարածքում (համայնքում) անճշտությունների գումարային չափը հավասար է տարածքում (համայնքում) ընդգրկված ընտրական տեղամասերի անճշտությունների գումարային չափերի գումարին:

  1. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի անդամները, կնքում է հանձնաժողովի նախագահը:
  2. Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հրապարակում է կազմված արձանագրությունը:
  3. Արձանագրության մեկ օրինակը փակցվում է հանձնաժողովում՝ տեսանելի տեղում՝ սույն հոդվածով նախատեսված գործողություններն ավարտվելուց անմիջապես հետո։
  4. Ընտրական հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է քվեարկության արդյունքների արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:
  5. Տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` հինգ օրվա ընթացքում, հիմք ընդունելով տարածքում քվեարկության արդյունքների արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընդունած որոշումը, ամփոփում է տարածքում քվեարկության արդյունքները և ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ:
  6. Տարածքային ընտրական հանձնաժողովն արձանագրության և որոշման օրինակները երկօրյա ժամկետում ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:

 

Հոդված 73.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Հանրապետության Նախագահի և համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների ամփոփման կարգը

 

  1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված՝ ընտրական տեղամասերում քվեարկությունների արդյունքների հիման վրա, քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, սույն հոդվածի պահանջներին համապատասխան, ամփոփում է համապետական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացնում ու հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում դրանք:
  2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում, իսկ քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում քվեարկության օրվանից հետո՝ յոթերորդ օրը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն` քվեարկության արդյունքների վերաբերյալ:
  3. Քվեարկության արդյունքների մասին արձանագրությունում նշվում են`

1) ընտրական տեղամասերի յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակների (այդ թվում` քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակների) ընտրողների ընդհանուր թվերը` առանձին-առանձին.

2) ընտրողների ընդհանուր թիվը (հավասար է ընտրության համար կազմավորված բոլոր ընտրական տեղամասերի ընտրողների ընդհանուր թվերի գումարին).

3) քվեարկության մասնակիցների թիվը (լրացվում է գրանցված և քվեաթերթիկներ ստացած ընտրողների ստորագրությունների թիվը).

4) տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը.

5) տեղամասային ընտրական հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

6) անվավեր քվեաթերթիկների թիվը.

7) յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.

8) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).

9) անճշտությունների գումարային չափը:

Համապետական ընտրությունների դեպքում անճշտությունների գումարային չափը հավասար է կազմավորված բոլոր ընտրական տեղամասերի անճշտությունների գումարային չափերի գումարին:

  1. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի անդամները, կնքում է հանձնաժողովի նախագահը:
  2. Ընտրական հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է քվեարկության արդյունքների արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:
  3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` յոթերորդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

 


Ե Ր Կ Ր Ո Ր Դ  Մ Ա Ս

 

Բ Ա Ժ Ի Ն 4

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ 14

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 74.

Ընտրական համակարգը

 

  1. Հանրապետության Նախագահի ընտրության ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքը մեկ մեծամասնական ընտրատարածք է:
  2. Հանրապետության Նախագահն ընտրվում է բացարձակ մեծամասնական ընտրակարգով, իսկ երկրորդ փուլում` հարաբերական մեծամասնական ընտրակարգով:

 

Հոդված 75.

Հանրապետության Նախագահի թեկնածուին առաջադրվող պահանջները

 

  1. Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
  2. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում:

 

Գ Լ ՈՒ Խ 15

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ


 

Հոդված 76.

Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը

  1. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և քաղաքացիները` ինքնաառաջադրման միջոցով:

 

Հոդված 77.

Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը

 

  1. Կուսակցությունը Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրում է իր համագումարի որոշմամբ: Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի առաջադրելու Հանրապետության Նախագահի մեկ թեկնածու:
  2. Ինքնաառաջադրման դեպքում քաղաքացին ներկայացնում է դիմում ինքնաառաջադրման մասին` վավերացված նոտարական կարգով:
  3. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության համագումարի որոշումը, քաղաքացու ինքնաառաջադրման մասին դիմումը ներառում են թեկնածուի`

1) ազգանունը, անունը, հայրանունը.

2) ծննդյան ամսաթիվը.

3) բնակության վայրը.

4) աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).

5) կուսակցական պատկանելությունը:

  1. Կուսակցության համագումարի որոշմանը, քաղաքացու ինքնաառաջադրման մասին դիմումին կից ներկայացվում են`

1) թեկնածուի լիազոր ներկայացուցչի տվյալները (նշվում են ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).

2) ընտրական գրավի վճարման անդորրագիրը.

3) տեղեկանք թեկնածուի` վերջին տասը տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին տասը տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

4) թեկնածուի գրավոր հայտարարությունը` Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին (միայն կուսակցության կողմից առաջադրվելու դեպքում).

5) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

6) կուսակցության կանոնադրությունը (միայն կուսակցության կողմից առաջադրվելու դեպքում):

  1. Սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված տեղեկանքի ձևը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքը տրամադրում է լիազոր մարմինը դիմելուց հետո` եռօրյա ժամկետում, բայց ոչ շուտ, քան մինչև Հանրապետության Նախագահի ընտրության օրվա մասին հաղորդագրության հրապարակումը:

Լիազոր մարմինն իր որոշմամբ մերժում է դիմումատուին նշված ձևի տեղեկանք տրամադրելը, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում սույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները:

  1. Նշված փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում միայն թեկնածուի կամ լիազոր ներկայացուցչի միջոցով` սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում:
  2. Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու համար ներկայացրած փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ փաստաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրում է դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպես նաև նրանց ներկայությամբ ինքնուրույն ուղղում է ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակները:

Հանձնաժողովն իրավունք չունի չընդունելու ներկայացված փաստաթղթերը միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման սխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ: Սույն մասի դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքն օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տրամադրած մարմիններին:

Ներկայացված փաստաթղթերում սույն մասի երկրորդ պարբերությունում նշված անճշտությունների կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերը թերի լինելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տալիս նշված անճշտությունները վերացնելու, կից ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում թեկնածուի գրանցումը մերժվում է:

 

Հոդված 78.

Հանրապետության Նախագահի թեկնածուի ընտրական գրավը

 

  1. Հանրապետության Նախագահի թեկնածուները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող որևէ առևտրային բանկում բացված կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի (այսուհետ՝ նվազագույն աշխատավարձ) 1000-ապատիկի չափով:

 

Հոդված 79.

Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը

 

  1. Հանրապետության Նախագահի թեկնածուն կարող է գրանցվել միայն մեկ կուսակցության առաջադրմամբ:
  2. Հանրապետության Նախագահի թեկնածուն գրանցվում է առանց քվեարկության, եթե նրա գրանցման վերաբերյալ հանձնաժողովի անդամներն առարկություն չեն ներկայացրել:
  3. Մինչև Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու իրավունք ունեն թեկնածուն և նրա լիազոր ներկայացուցիչը:
  4. Հանրապետության Նախագահի թեկնածուների գրանցման մասին հաղորդագրությունը հրապարակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` եռօրյա ժամկետում:

 

Հոդված 80.

Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը մերժելը

 

  1. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է, եթե`

1) չունի ընտրվելու իրավունք.

2) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված:

  1. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցման վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի առարկության դեպքում առարկությունը դրվում է քվեարկության: Գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

 

Հոդված 81.

Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը

  1. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ անվավեր է ճանաչվում, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, ըստ որոնց` թեկնածուն չունի ընտրվելու իրավունք, կամ գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

 

Հոդված 82.

Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը մերժելու, անվավեր ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը

 

  1. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան` վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:
  2. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճռով թեկնածուն համարվում է գրանցված կամ վերագրանցված:

 

Հոդված 83.

Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

 

  1. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում`

1) կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, եթե նա ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին կամ մահացել է.

2) դատարանի վճռի հիման վրա, եթե նա խախտել է սույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասի կամ սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի դրույթները:

 

Գ Լ ՈՒ Խ 16

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

Հոդված 84.

Հանրապետության Նախագահի թեկնածուների իրավահավասարությունը

 

  1. Հանրապետության Նախագահի թեկնածուներն ունեն Հանրապետության Նախագահի թեկնածուի կարգավիճակից բխող հավասար իրավունքներ և պարտականություններ:

 

Հոդված 85.

Հանրապետության Նախագահի թեկնածուների իրավունքները և պարտականությունները

 

  1. Հանրապետության Նախագահի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում գրանցումից հետո: Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները Հանրապետության Նախագահի թեկնածուի վրա տարածվում են մինչև Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև Գերագույն դատարանի որոշում ընդունելը:
  2. Հանրապետության Նախագահի թեկնածուները, բացառությամբ քաղաքական պաշտոն զբաղեցնողների, որպես թեկնածու գրանցվելուց հետո` մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց: Հանրապետության Նախագահի թեկնածուներն իրավունք չունեն օգտագործելու իրենց պաշտոնեական դիրքը նախընտրական քարոզչության ժամանակ առավելություն ստանալու համար:
  3. Հանրապետության Նախագահի թեկնածուն ազատվում է զորահավաքներից և ուսումնավարժական հավաքներից:
  4. Արգելվում է Հանրապետության Նախագահի թեկնածուին գործատուի նախաձեռնությամբ ազատել աշխատանքից, տեղափոխել այլ աշխատանքի կամ գործուղել:
  5. Հանրապետության Նախագահի թեկնածուն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան տասն օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունի հանելու իր թեկնածությունը:

Ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:

Ինքնաբացարկի դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուի գրանցումը ճանաչում է ուժը կորցրած, իսկ թեկնածուն պարտավոր է հատուցել իր նախընտրական քարոզչության համար պետության կատարած ֆինանսական ծախսերը:

  1. Հանրապետության Նախագահի թեկնածուն, ընտրված Նախագահը մինչև Հանրապետության Նախագահի պաշտոնն ստանձնելը կարող է ձերբակալվել կամ կալանավորվել կամ նրա նկատմամբ դատական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալությունը կալանքով փոխելու և կալանավորված թեկնածուի կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա:

 

Գ Լ ՈՒ Խ 17

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 86.

Հանրապետության Նախագահի թեկնածուի նախընտրական հիմնադրամը

  1. Հանրապետության Նախագահի թեկնածուն նախընտրական քարոզչություն իրականացնելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող որևէ առևտրային բանկում բացում է նախընտրական հիմնադրամ, որը համալրվում է սույն օրենսգրքի 25-րդ հոդվածում նշված կամավոր մուծումներից:
  2. Թեկնածուի` նախընտրական հիմնադրամ կատարած անձնական մուծումների չափը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկը:
  3. Թեկնածուին առաջադրած կուսակցության` նախընտրական հիմնադրամ կատարած մուծումների չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 10 000-ապատիկը:
  4. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է թեկնածուի նախընտրական հիմնադրամ կատարել նվազագույն աշխատավարձի մինչև 300-ապատիկի չափով կամավոր մուծում:
  5. Նախընտրական հիմնադրամից զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար թեկնածուների կատարած ծախսերի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 30 000-ապատիկը:

 

Հոդված 87.

Հանրապետության Նախագահի թեկնածուի նախընտրական քարոզչությունը

 

  1. Հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից Հանրապետության Նախագահի թեկնածուների անվճար և վճարովի նախընտրական քարոզչությունն իրականացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
  2. Հանրապետության Նախագահի թեկնածուն իրավունք ունի անվճար օգտվելու հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի եթերաժամերից ոչ ավելի, քան 30-ական րոպե:
  3. Հանրապետության Նախագահի թեկնածուն իրավունք ունի իր նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով օգտվելու հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի եթերաժամերից ոչ ավելի, քան 80-ական րոպե:
  4. Հանրապետության Նախագահի ընտրությունների երկրորդ փուլի, ինչպես նաև արտահերթ ընտրությունների ժամանակ Հանրապետության Նախագահի թեկնածուն իրավունք ունի հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի եթերաժամերից անվճար օգտվելու ոչ ավելի, քան 15-ական րոպե, իսկ թեկնածուի նախընտրական հիմնադրամի հաշվին՝ վճարովի հիմունքներով՝ 30-ական րոպե:

 

Գ Լ ՈՒ Խ 18

 

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

Հոդված 88.

Քվեաթերթիկները

 

  1. Հանրապետության Նախագահի ընտրությունների քվեաթերթիկում նշվում են թեկնածուների ազգանունները` այբբենական հերթականությամբ, անունները, հայրանունները և առաջադրող կուսակցությունների անվանումները, իսկ ինքնաառաջադրման դեպքում` «ինքնաառաջադրում» բառը:

 

Հոդված 89.

Ընտրությունների արդյունքների ամփոփումը

 

  1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին.

2) ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին.

3) ընտրությունն անվավեր ճանաչելու և Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին.

4) ընտրությունը չկայացած ճանաչելու և Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին:

  1. Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքով ընդունված որոշման վիճարկման մասին դիմում Գերագույն դատարան կարող է ներկայացվել ընտրությունների արդյունքի պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:

 

Հոդված 90.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին

 

  1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում այն թեկնածուի` Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին:
  2. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:
  3. Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլում Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:

 

Հոդված 91.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին

 

  1. Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ, ապա քվեարկությունից հետո` 14-րդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկություն: Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:

 

Հոդված 92.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին

 

  1. Հանրապետության Նախագահի ընտրությունը ցանկացած փուլում անվավեր է ճանաչվում, եթե ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:

 

Հոդված 93.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին

 

  1. Հանրապետության Նախագահի ընտրությունը չկայացած է ճանաչվում, եթե`

1) քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ.

2) ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուն մահացել է մինչև ընտրության արդյունքներն ամփոփելը.

3) ընտրություններին չի մասնակցել ընտրողների առնվազն 25 տոկոսը:

 

Գ Լ ՈՒ Խ 19

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

 

Հոդված 94.

Հանրապետության Նախագահի ընտրություն անցկացնելու ժամկետը

 

  1. Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ:
  2. Հանրապետության Նախագահի ընտրության օրվա մասին հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:
  3. Հանրապետության Նախագահի ընտրության ժամանակ քվեարկության օրը հայտարարվում է ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 95.

Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցելու ժամկետները

 

  1. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55 և ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
  2. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45 և ոչ ուշ, քան 35 օր առաջ:

 

Հոդված 96.

Հանրապետության Նախագահի նոր ընտրությունը

 

  1. Եթե սույն օրենսգրքի 92-րդ և 93-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում Հանրապետության Նախագահ չի ընտրվում, ինչպես նաև ընտրությունից հետո` մինչև լիազորությունների ստանձնումը, ընտրված Նախագահի հրաժարականի կամ մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակվելուց հետո` 40-րդ օրը:
  2. Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո` 40-րդ օրը:
  3. Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում եռօրյա ժամկետում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` 40-րդ օրը:
  4. Հանրապետության Նախագահի նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:

 

Հոդված 97.

Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրությունը

 

  1. Հանրապետության Նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ Սահմանադրության 71-րդ հոդվածով սահմանված կարգով նրան պաշտոնանկ անելու դեպքերում նշանակվում է Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո` 40-րդ օրը:

2.Պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ Հանրապետության Նախագահի ընտրություն չի անցկացվում, իսկ Հանրապետության Նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը մինչև պատերազմի կամ արտակարգ դրության ավարտից հետո ընտրված Հանրապետության Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը: Այդ դեպքում պատերազմի կամ արտակարգ դրության ավարտից հետո` 90-րդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրություն` արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:

 

Հոդված 98.

Հանրապետության Նախագահի նոր և արտահերթ ընտրության օրը հայտարարելը

 

  1. Հանրապետության Նախագահի նոր և արտահերթ ընտրության մասին հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 39 օր առաջ:

 

Հոդված 99.

Հանրապետության Նախագահի թեկնածուներ առաջադրելը և գրանցելը, ընտրական տեղամասեր կազմավորելը, տեղամասային կենտրոններ սահմանելը և ընտրողների ցուցակները հրապարակելը Հանրապետության Նախագահի նոր և արտահերթ ընտրությունների ժամանակ

 

  1. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
  2. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25 և ոչ ուշ, քան 20 օր առաջ:
  3. Ընտրական տեղամասերը կազմավորվում և տեղամասային կենտրոնները սահմանվում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ: Լիազոր մարմինն ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ հանձնում է տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին, որը դրանք փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:

 

Բ Ա Ժ Ի Ն 5

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ 20

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 100.

Ազգային ժողովի կազմը

 

  1. Ազգային ժողովի պատգամավորների թիվը սահմանվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 101.

Ընտրական համակարգը

 

  1. Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական և մեծամասնական ընտրակարգերով: 22 պատգամավոր ընտրվում է համամասնական ընտրակարգով, Հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորի թեկնածուների թվից, 11 պատգամավոր ընտրվում է մեծամասնական ընտրակարգով` յուրաքանչյուր ընտրատարածքից մեկ պատգամավոր:

 

Հոդված 102.

Ընտրելու իրավունքը

 

  1. Յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայնի իրավունք` համամասնական ընտրակարգով ընտրության, և մեկ ձայնի իրավունք` մեծամասնական ընտրակարգով ընտրության ժամանակ, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:

 

Հոդված 103.

Ընտրվելու իրավունքը

 

  1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսաներեք տարին լրացած, վերջին հինգ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

 

Գ Լ ՈՒ Խ 21

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 104.

Պատգամավորի թեկնածու առաջադրելու իրավունքը

 

  1. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:

Պատգամավորի թեկնածուն կարող է առաջադրվել միայն մեկ կուսակցության ընտրական ցուցակով և միայն մեկ մեծամասնական ընտրատարածքում:

  1. Կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել առնվազն երկու կուսակցության նախընտրական դաշինք կազմավորելու դեպքում:
  2. Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններն ընտրությունների ընթացքում չեն կարող ընդգրկվել այլ կուսակցությունների դաշինքում:
  3. Կուսակցությունների դաշինքում ընդգրկվելու որոշումն ընդունվում է կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի որոշմամբ:
  4. Կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները կազմվում են դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած առանձին ցուցակից: Կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում պատգամավորի թեկնածուների հերթականությունը որոշվում է դաշինքում ընդգրկված կուսակցությունների համատեղ խորհրդակցությունների ընթացքում և հաստատվում դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի մշտական գործող ղեկավար մարմնի որոշմամբ:
  5. Կուսակցությունների դաշինքից որևէ կուսակցության դուրս գալու դեպքում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից հանվում են այդ կուսակցության ներկայացրած պատգամավորի թեկնածուների անունները:

 

Հոդված 105.

Առաջադրման սահմանափակումները

 

  1. Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու չեն կարող առաջադրվել դատավորները, դատախազները, ոստիկանության, ազգային անվտանգության, դատական ակտերի հարկադիր կատարման, փրկարարական, հարկային, մաքսային մարմիններում ծառայողները, զինծառայողները:
  2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար այն անձինք, որոնց նկատմամբ չեն տարածվում սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները, Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու գրանցվելուց հետո մինչև նախընտրական քարոզչության ավարտը ժամանակավորապես ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց, բացառությամբ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց:

 

Հոդված 106.

Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ առաջադրելը

 

  1. Կուսակցություններն Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու մասին դիմումը ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողով` իրենց մշտական գործող ղեկավար մարմնի որոշման հիման վրա, իսկ դիմումն ստորագրում է կուսակցության ղեկավարը: Կուսակցությունների դաշինքներն Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու դիմումը ներկայացնում են դաշինքի անդամ կուսակցությունների մշտական գործող ղեկավար մարմինների որոշումների հիման վրա, իսկ դիմումն ստորագրում են դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարները:
  2. Յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք իրավունք ունի առաջադրելու թեկնածուների միայն մեկ ընտրական ցուցակ: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից առանձին ընտրական ցուցակ առաջադրելու: Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 2-րդ համարից սկսած ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը: Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության, կուսակցության դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկվում է առնվազն հինգ թեկնածու: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չի կարող գերազանցել Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորների մանդատների թվի համար սույն օրենսգրքով սահմանված թվի եռապատիկը: Կուսակցության ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձինք:
  3. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության, կուսակցությունների դաշինքի դիմումին կցվում են`

1) կուսակցության կանոնադրությունը (կուսակցությունների դաշինքի դեպքում` դաշինքում ընդգրկված կուսակցությունների կանոնադրությունները).

2) կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի որոշումը (կուսակցությունների դաշինքի դեպքում` դաշինքի անդամ կուսակցությունների մշտական գործող ղեկավար մարմինների որոշումները) Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով թեկնածուների ընտրական ցուցակ առաջադրելու վերաբերյալ, ընտրական ցուցակը, որում համարակալմամբ նշվում են թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, կուսակցական պատկանելությունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, հաշվառման վայրը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).

3) կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների գրավոր հայտարարությունը պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.

4) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների առանձին ընտրական ցուցակները.

5) կուսակցության դեպքում՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ նվազագույն աշխատավարձի 1250-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը.

6) տեղեկանք՝ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների` վերջին հինգ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին հինգ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

7) կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

  1. Սույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված տեղեկանքի ձևը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքը տրամադրում է լիազոր մարմինը դիմելուց հետո` եռօրյա ժամկետում, բայց ոչ շուտ, քան մինչև ընտրությունների նշանակումը:

Լիազոր մարմինն իր որոշմամբ մերժում է դիմումատուին նշված ձևի տեղեկանք տրամադրելը, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում սույն օրենսգրքի 103-րդ հոդվածի պահանջները:

  1. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության, կուսակցությունների դաշինքի դիմումում նշվում են նաև մինչև երկու լիազոր ներկայացուցչի տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)):
  2. Գրանցման փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են միայն կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի միջոցով` սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:

Գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտից հետո կուսակցությունը, կուսակցությունների դաշինքն ընտրական ցուցակում փոփոխություններ չեն կարող կատարել:

  1. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցելու համար ներկայացրած փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ փաստաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրում է դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպես նաև նրանց ներկայությամբ ինքնուրույն ուղղում է ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակները:

Հանձնաժողովն իրավունք չունի չընդունելու ներկայացված փաստաթղթերը միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման սխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ: Սույն մասի դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքն օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տրամադրած մարմիններին:

Ներկայացված փաստաթղթերում սույն մասի երկրորդ պարբերությունում նշված անճշտությունների կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի թերի լինելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տալիս նշված անճշտությունները վերացնելու, կից ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի վերաբերյալ անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է, իսկ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի դեպքում նրա անունը հանվում է կուսակցության ընտրական ցուցակից:

 

Հոդված 107.

Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելը

  1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ առարկություն չլինելու դեպքում ընտրական ցուցակը գրանցվում է առանց քվեարկության:
  2. Գրանցման համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները:
  3. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցման հարցը քննարկելիս հանձնաժողովի նիստին իրավունք ունի ներկա լինելու լիազոր ներկայացուցիչը:

 

Հոդված 108.

Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելը

  1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված.

2) ընտրական ցուցակը չի համապատասխանում սույն օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին.

3) կուսակցությունը լուծարվել է.

4) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվը նվազել է երկուսից.

5) կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է:

  1. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի առարկության դեպքում առարկությունը դրվում է քվեարկության: Ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:
  2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը, եթե`

1) նա չունի ընտրվելու իրավունք.

2) նրա վերաբերյալ ներկայացրած փաստաթղթերը թերի են կամ կեղծված:

  1. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցման վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի առարկության դեպքում առարկությունը դրվում է քվեարկության: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

 

Հոդված 109.

Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը

 

  1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու հետևանքով ընտրական ցուցակի թեկնածուների թիվը նվազում է 5-ից.

2) կուսակցության վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

  1. Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) նա չունի ընտրվելու իրավունք.

2) նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

Նման դեպքում թեկնածուն հանվում է ցուցակից:

  1. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

 

Հոդված 110.

Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, անվավեր ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը

 

  1. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է վիճարկվել վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:
  2. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճռով կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը կամ դրանում ընդգրկված թեկնածուն համարվում է գրանցված կամ վերագրանցված:

 

Հոդված 111.

Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

 

  1. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում, եթե`

1) ներկայացվել է դիմում ինքնաբացարկի մասին.

2) կուսակցությունը լուծարվել է.

3) կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է.

4) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվը նվազել է երկուսից:

  1. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը դատարանի վճռի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում, եթե խախտվել են սույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասի կամ սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի դրույթները:
  2. Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին կամ մահացել է:
  3. Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը դատարանի վճռի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա խախտել է սույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասի կամ սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի դրույթները:

 

Հոդված 112.

Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ առաջադրելը

 

  1. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և քաղաքացիները` ինքնաառաջադրման միջոցով:
  2. Կուսակցությունն Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուի առաջադրումն իրականացնում է իր մշտական գործող ղեկավար մարմնի որոշմամբ: Կուսակցությունը յուրաքանչյուր ընտրատարածքում իրավունք ունի առաջադրելու պատգամավորի մեկ թեկնածու: Կուսակցությունը կարող է պատգամավորի թեկնածու առաջադրել նաև իր կուսակցության անդամ չհանդիսացող անձի:
  3. Ինքնաառաջադրման դեպքում քաղաքացին ներկայացնում է դիմում ինքնաառաջադրման մասին` վավերացված նոտարական կարգով:

 

Հոդված 113.

Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցումը

 

  1. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության որոշումը, քաղաքացու ինքնաառաջադրման մասին դիմումը ներառում են ընտրատարածքի համարը և թեկնածուի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները`

1) ազգանունը, անունը, հայրանունը.

2) ծննդյան ամսաթիվը.

3) հաշվառման վայրը.

4) աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).

5) կուսակցական պատկանելությունը, ինչպես նաև թեկնածուի մինչև երկու լիազոր ներկայացուցչի վերաբերյալ տվյալներ (նրանց ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)):

  1. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության որոշմանը, քաղաքացու ինքնաառաջադրման մասին դիմումին կից տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում նաև`

1) թեկնածուի գրավոր հայտարարությունը` տվյալ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին (միայն կուսակցության կողմից առաջադրվելու դեպքում).

2) նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը.

3) տեղեկանք թեկնածուի` վերջին հինգ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին հինգ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

4) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

  1. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված տեղեկանքի ձևը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքը տրամադրում է լիազոր մարմինը դիմելուց հետո` եռօրյա ժամկետում, բայց ոչ շուտ, քան մինչև ընտրությունների նշանակումը:

Լիազոր մարմինն իր որոշմամբ մերժում է դիմումատուին նշված ձևի տեղեկանք տրամադրելը, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում սույն օրենսգրքի 103-րդ հոդվածի պահանջները:

  1. Սույն հոդվածով սահմանված փաստաթղթերը տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում է միայն թեկնածուի կամ նրա լիազոր ներկայացուցչի միջոցով` սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:
  2. Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու գրանցվելու համար ներկայացրած փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում տարածքային ընտրական հանձնաժողովն այդ փաստաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրում է դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպես նաև նրանց ներկայությամբ ինքնուրույն ուղղում է փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակները:

Հանձնաժողովն իրավունք չունի չընդունելու ներկայացված փաստաթղթերը միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման սխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ: Սույն մասի դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքն օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տրամադրած մարմիններին:

Ներկայացված փաստաթղթերում սույն մասի երկրորդ պարբերությունում նշված անճշտությունների կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի թերի լինելու դեպքում տարածքային ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տալիս նշված անճշտությունները վերացնելու, կից ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում թեկնածուի գրանցումը մերժվում է:

  1. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուները գրանցվում են տարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ:

Տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից գրանցման վերաբերյալ առարկություն չլինելու դեպքում թեկնածուն գրանցվում է առանց քվեարկության:

  1. Թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս տարածքային ընտրական հանձնաժողովի նիստին իրավունք ունեն ներկա լինելու առաջադրված թեկնածուն և լիազոր ներկայացուցիչը:

 

Հոդված 114.

Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուի գրանցումը մերժելը

 

  1. Տարածքային ընտրական հանձնաժողովը պատգամավորի թեկնածուի գրանցումը մերժում է, եթե`

1) չունի ընտրվելու իրավունք.

2) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված:

  1. Թեկնածուի գրանցման վերաբերյալ հանձնաժողովի անդամի առարկության դեպքում առարկությունը դրվում է քվեարկության: Գրանցումը մերժվում է տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

 

Հոդված 115.

Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը

 

  1. Տարածքային ընտրական հանձնաժողովը պատգամավորի թեկնածուի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) չունի ընտրվելու իրավունք.

2) ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

  1. Թեկնածուի գրանցումը ճանաչվում է անվավեր տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

 

Հոդված 116.

Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուի գրանցումը մերժելու, անվավեր ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը

 

  1. Պատգամավորի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է վիճարկվել վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:
  2. Պատգամավորի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճռով նա համարվում է գրանցված կամ վերագրանցված:

 

Հոդված 117.

Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

 

  1. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում`

1) կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, եթե նա ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին կամ մահացել է.

2) դատարանի վճռի հիման վրա, եթե նա խախտել է սույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասի կամ սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի դրույթները:

 

Գ Լ ՈՒ Խ 22

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

Հոդված 118.

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուների իրավահավասարությունը

 

  1. Պատգամավորի թեկնածուներն ունեն պատգամավորի թեկնածուի կարգավիճակից բխող հավասար իրավունքներ և պարտականություններ:

 

Հոդված 119.

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուների իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները

 

  1. Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում գրանցումից հետո: Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականություններն Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի վրա տարածվում են մինչև պատգամավոր ընտրվելու մասին ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև Գերագույն դատարանի որոշում ընդունելը:

Համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված, բայց պատգամավոր չընտրված անձը թեկնածուի կարգավիճակ է ձեռք բերում համամասնական ընտրակարգով համապատասխան մանդատը թափուր մնալուց հետո:

  1. Պատգամավորի թեկնածուներն ազատվում են զորահավաքներից, ժամկետային զինվորական ծառայությունից և ուսումնավարժական հավաքներից մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը:
  2. Պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան տասն օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունեն հանելու իրենց թեկնածությունը: Ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է հանձնաժողովի նիստում:

Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված քաղաքացու անուն-ազգանունը ցուցակից հանվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

  1. Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան տասն օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, իրավունք ունեն դիմում ներկայացնելու ինքնաբացարկի մասին:
  2. Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուն, ընտրված պատգամավորը մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելը կարող է ձերբակալվել, կալանավորվել կամ նրա նկատմամբ դատական կարգով պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշում ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալությունը կալանքով փոխելու և կալանավորված թեկնածուի կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա:

 

Գ Լ ՈՒ Խ 23

 

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

 

Հոդված 120.

Պատգամավորի թեկնածուի, կուսակցության նախընտրական հիմնադրամը

 

  1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար պատգամավորի թեկնածուն, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը բացում է նախընտրական հիմնադրամ, որը համալրվում է սույն օրենսգրքի 25-րդ հոդվածում նշված կամավոր մուծումներից:
  2. Մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուն իրավունք ունի իր հիմնադրամում մուծում կատարելու նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի, իսկ թեկնածուին առաջադրած կուսակցությունը` մինչև 2000-ապատիկի չափով, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունն իր հիմնադրամում՝ նվազագույն աշխատավարձի մինչև 5000-ապատիկի, իսկ կուսակցությունների դաշինքը՝ դաշինքի հիմնադրամում` նվազագույն աշխատավարձի մինչև 7000-ապատիկի չափով գումար:
  3. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է պատգամավորի թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամում մուծում կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով գումար:
  4. Նախընտրական հիմնադրամից զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար թեկնածուների կատարած ծախսերի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 6000-ապատիկը, իսկ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի կատարած ծախսերի չափը` 30 000-ապատիկը:

 

Հոդված 121.

Նախընտրական քարոզչությունը

 

  1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ նախընտրական քարոզչությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:
  2. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն օգտվում են սույն օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված իրավունքներից:

 

Գ Լ ՈՒ Խ 24

 

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

Հոդված 122.

Քվեաթերթիկները

 

  1. Ազգային ժողովի համամասնական և մեծամասնական ընտրակարգերով ընտրություններն անցկացվում են առանձին քվեաթերթիկներով:
  2. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկում նշվում են կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումները` այբբենական հերթականությամբ, ինչպես նաև ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները:

Քվեաթերթիկները պետք է լինեն միևնույն գույնի:

  1. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկում նշվում են պատգամավորի թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները` ազգանվան այբբենական հերթականությամբ, և առաջադրող կուսակցությունների անվանումները, իսկ ինքնաառաջադրման դեպքում` ինքնաառաջադրում բառը:

Քվեաթերթիկները պետք է լինեն միևնույն գույնի և տարբերվեն սույն հոդվածի 2-րդ մասում նշված քվեաթերթիկների գույնից:

 

Հոդված 123.

Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն ամփոփելը

  1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին.

2) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

3) Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր ճանաչելու և Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.

4) Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունները չկայացած ճանաչելու և նոր ընտրություն նշանակելու մասին:

  1. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն 5 կամ 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել է ընդամենը մեկ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են հաջորդ երկու` համապատասխանաբար առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները): Եթե Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով քվեարկությանը մասնակցում է մինչև երեք կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են բոլոր կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները):
  2. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատները բաշխվում են կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև` նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:
  3. Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության` յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ցուցակին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում հարցը լուծվում է վիճակահանությամբ:
  4. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրվում է այն թեկնածուն, որի հերթական համարն ընտրական ցուցակում փոքր կամ հավասար է այդ ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվին:
  5. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված թեկնածուի մանդատը, եթե նա ընտրվել է նաև Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով, տրվում է այդ կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուին:
  6. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների միջև մանդատների բաշխումն իրականացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ` գրանցելով յուրաքանչյուր ընտրական ցուցակից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին:

Եթե կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը փոքր է մանդատների բաշխմամբ հասանելիք մանդատների թվից, ապա այդ մանդատները բաշխվում են մանդատների բաշխմանը մասնակցելու իրավունք ստացած մյուս կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև` ըստ մնացորդների մեծության հերթականության` յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով:

  1. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին: Եթե ընտրական ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը բաշխվում է սույն հոդվածի 7-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված սկզբունքով:
  2. Եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր են ճանաչվում և նշանակվում է Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների վերաքվեարկություն:
  3. Եթե ընտրությունների նախապատրաստման ընթացքում կամ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր ճանաչելու մասին և նշանակում է Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների վերաքվեարկություն:
  4. Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, ապա վերաքվեարկությունն անցկացվում է այդ որոշումն ընդունելուց հետո` յոթերորդ օրը: Այս դեպքում Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվարկվում են վերաքվեարկության օրվանից:
  5. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքով ընդունված որոշման վիճարկման մասին դիմում Գերագույն դատարան կարող է ներկայացվել ընտրությունների արդյունքի պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:
  6. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 15 և ոչ ուշ, քան 30 օր հետո սույն օրենսգրքով սահմանված կարգով և կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն:
  7. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների վերաքվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 70 օր հետո անցկացվում է նոր ընտրություն: Նոր ընտրության դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրը նշանակելու մասին որոշում ընդունում է Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշում ընդունելուց հետո` յոթերորդ օրը:
  8. Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրությունները չկայացած են ճանաչվում, եթե ընտրություններին չի մասնակցել ընտրողների առնվազն 25 տոկոսը:
  9. Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրությունները չկայացած ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օր հետո անցկացվում է նոր ընտրություն:
  10. Նոր ընտրությունն անցկացվում է նոր առաջադրմամբ և արտահերթ ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում:

 

Հոդված 124.

Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն ամփոփելը

 

  1. Տարածքային ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) պատգամավոր ընտրվելու մասին.

2) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

3) պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.

4) պատգամավորի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:

  1. Պատգամավոր է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:
  2. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:
  3. Եթե հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են երկու և ավելի թեկնածուներ, ապա նրանց միջև անցկացվում է վիճակահանություն` ընտրված թեկնածուին որոշելու համար:
  4. Եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա տարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա ընտրություններն անվավեր են ճանաչվում և նշանակվում է վերաքվեարկություն:
  5. Եթե ընտրությունների նախապատրաստման ընթացքում կամ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա տարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում ընտրություններն անվավեր ճանաչելու մասին և նշանակում է վերաքվեարկություն:
  6. Եթե տարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, ապա վերաքվեարկությունն անցկացվում է այդ որոշումն ընդունելուց հետո` յոթերորդ օրը: Այս դեպքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվարկվում են վերաքվեարկության օրվանից:
  7. Պատգամավորի ընտրությունը համարվում է չկայացած, եթե`

1) քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ.

2) առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուն մահացել է մինչև ընտրությունների արդյունքներն ամփոփելը.

3) սույն օրենսգրքով թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում և կարգով թեկնածու չի գրանցվել.

4) ընտրություններին չի մասնակցել տվյալ ընտրատարածքի ընտրողների առնվազն 25 տոկոսը:

  1. Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումը երկօրյա ժամկետում ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:
  2. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքով ընդունված որոշման վիճարկման մասին դիմում Գերագույն դատարան կարող է ներկայացվել ընտրությունների արդյունքի պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:
  3. Պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչվելու դեպքում այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան տասը և ոչ ուշ, քան 20 օր հետո սույն օրենսգրքով սահմանված կարգով թեկնածուների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն:

Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրության ժամանակ վերաքվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օր հետո անցկացվում է նոր ընտրություն:

  1. Պատգամավորի ընտրությունը չկայացած ճանաչվելու դեպքում այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օր հետո անցկացվում է նոր ընտրություն:
  2. Մինչև քվեարկության ավարտը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակվելուց ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օր հետո: Ընտրությունից հետո` մինչև լիազորությունների ստանձնումը, ընտրված պատգամավորի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակվելուց ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օր հետո:
  3. Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ և արտահերթ ընտրությունների համար սահմանված ժամկետներում:

 

Գ Լ ՈՒ Խ 25

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

 

Հոդված 125.

Ազգային ժողովի հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու և պատգամավորի թեկնածուներ առաջադրելու և գրանցելու ժամկետները

 

  1. Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան 40 և ոչ ուշ, քան 30 օր առաջ:
  2. Հերթական ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագիր քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:
  3. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցման փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55 և ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
  4. Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45 և ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչև 18.00-ն:
  5. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցման փաստաթղթերը տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55 և ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
  6. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45 և ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

 

Հոդված 126.

Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններ նշանակելը և անցկացնելը

 

  1. Պատգամավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետևանքով Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով մանդատը թափուր մնալու դեպքում այդ ընտրատարածքում անցկացվում են լրացուցիչ ընտրություններ:
  2. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ անցկացվում են հերթական ընտրությունների համար սահմանված կարգով և այդ մանդատը թափուր մնալուց հետո` յոթանասունօրյա ժամկետում:
  3. Ազգային ժողովի լիազորությունների վերջին մեկ տարվա ընթացքում մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ չեն անցկացվում:

 

Հոդված 127.

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելը և անցկացնելը

 

  1. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովի արձակումից հետո` ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:
  2. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության Նախագահը հրամանագիր է հրապարակում Ազգային ժողովն արձակելու մասին հրամանագրի հետ միաժամանակ:
  3. Պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում, իսկ Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև պատերազմի կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման օրը: Այդ դեպքում պատերազմի կամ արտակարգ դրության ավարտից հետո` ոչ շուտ, քան յոթանասուն և ոչ ուշ, քան հարյուր օրվա ընթացքում անցկացվում է Ազգային ժողովի ընտրություն` արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:
  4. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ`մինչև ժամը 18.00-ն:
  5. Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25 և ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
  6. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ`մինչև ժամը 18.00-ն:
  7. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25 և ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
  8. Ընտրական տեղամասերը կազմավորվում և տեղամասային կենտրոնները սահմանվում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ: Լիազոր մարմինն ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ հանձնում է տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին, որն այն փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:

 

Բ Ա Ժ Ի Ն 6

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ 26

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 128.

Ընտրական համակարգը

 

  1. Համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում է միամանդատ մեծամասնական ընտրատարածք:
  2. Համայնքի ավագանու ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում է մեկ բազմամանդատ մեծամասնական ընտրատարածք:
  3. Համայնքի ավագանին բաղկացած է`

1) հինգ անդամից` մինչև 1 000 ընտրող ունեցող համայնքում.

2) յոթ անդամից` 1 000-ից մինչև 3 000 ընտրող ունեցող համայնքում.

3) տասնմեկ անդամից` 3 000-ից մինչև 20 000 ընտրող ունեցող համայնքում.

4) տասնհինգ անդամից` 20 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում:

 

Հոդված 129.

Ընտրական իրավունքը

 

  1. Յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայնի իրավունք`

1) համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ.

2) ավագանու անդամի ընտրության ժամանակ:

 

Հոդված 130.

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին առաջադրվող պահանջները

 

  1. Համայնքի ղեկավար կարող են ընտրվել 23 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին մեկ տարվա հաշվառում ունեցող, սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:
  2. Համայնքի ավագանու անդամ կարող են ընտրվել 21 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին մեկ տարվա հաշվառում ունեցող, սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:
  3. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել դատավորները, դատախազները, ոստիկանության, ազգային անվտանգության, դատական ակտերի հարկադիր կատարման, փրկարարական, հարկային, մաքսային մարմիններում ծառայողները, զինծառայողները, ընտրական հանձնաժողովի անդամները:

 

Գ Լ ՈՒ Խ 27

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 131.

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելը

 

  1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ կարող են առաջադրել կուսակցությունները, ինչպես նաև ընտրվելու իրավունք ունեցող քաղաքացիները` ինքնաառաջադրման կարգով, այդ մասին ներկայացնելով դիմում, որի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Կուսակցությունը կարող է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրել նաև իր կուսակցության անդամ չհանդիսացող անձի:

  1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության որոշումը, ինքնաառաջադրման դեպքում դիմումը ներառում են համայնքի անվանումը և թեկնածուի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները`

1) ազգանունը, անունը, հայրանունը.

2) ծննդյան ամսաթիվը.

3) հաշվառման վայրը.

4) աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).

5) կուսակցական պատկանելությունը, ինչպես նաև կարող են ներառել թեկնածուի մինչև երկու լիազոր ներկայացուցչի վերաբերյալ տվյալներ (նրանց ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը):

  1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները կուսակցության որոշմանը կամ ինքնաառաջադրման մասին դիմումին կից տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնում են`

1) ընտրական գրավի գումարի վճարման անդորրագիրը:

Մինչև 1000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն վճարում է նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի, ավագանու անդամը` նվազագույն աշխատավարձի, 1000-ից մինչև 3000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն` 30-ապատիկի, ավագանու անդամը` կրկնապատիկի, 3000-ից մինչև 20000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն` 50-ապատիկի, ավագանու անդամը` եռապատիկի, իսկ 20000-ից ավելի ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն` 200-ապատիկի, ավագանու անդամը` հնգապատիկի չափով ընտրական գրավ.

2) տեղեկանք` վերջին մեկ տարում տվյալ համայնքում հաշվառված լինելու մասին.

3) անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

  1. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված տեղեկանքի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքը տրամադրում է լիազոր մարմինը դիմելուց հետո` եռօրյա ժամկետում, բայց ոչ շուտ, քան մինչև ընտրությունների նշանակումը:

Լիազոր մարմինն իր որոշմամբ մերժում է դիմումատուին նշված ձևի տեղեկանք տրամադրելը, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի համապատասխանաբար 1-ին և 2-րդ մասերով նախատեսված պահանջները:

  1. Գրանցման փաստաթղթերը ներկայացվում է միայն թեկնածուի կամ լիազոր ներկայացուցչի միջոցով` սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:
  2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու գրանցվելու համար ներկայացրած փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում տարածքային ընտրական հանձնաժողովն այդ փաստաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրում է դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպես նաև նրանց ներկայությամբ ինքնուրույն ուղղում է ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակները:

Հանձնաժողովն իրավունք չունի չընդունելու ներկայացված փաստաթղթերը միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման սխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ: Սույն մասի դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքն օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տրամադրած մարմիններին:

Ներկայացված փաստաթղթերում սույն մասի երկրորդ պարբերությունում նշված անճշտությունների կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի թերի լինելու դեպքում տարածքային ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տալիս նշված անճշտությունները վերացնելու, կից ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում թեկնածուի գրանցումը մերժվում է:

 

Հոդված 132.

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին գրանցելը

 

  1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները գրանցվում են տարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ:

Տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից գրանցման վերաբերյալ առարկություն չլինելու դեպքում թեկնածուն գրանցվում է:

  1. Թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս տարածքային ընտրական հանձնաժողովի նիստին իրավունք ունեն ներկա լինելու թեկնածուն և լիազոր ներկայացուցիչը:

 

Հոդված 133.

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների գրանցումը մերժելը

  1. Տարածքային ընտրական հանձնաժողովը թեկնածուի գրանցումը մերժում է, եթե`

1) չունի ընտրվելու իրավունք.

2) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված:

  1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցման վերաբերյալ հանձնաժողովի անդամի առարկության դեպքում առարկությունը դրվում է քվեարկության: Գրանցումը մերժվում է տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

 

Հոդված 134.

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների գրանցումն անվավեր ճանաչելը

 

  1. Տարածքային ընտրական հանձնաժողովը համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) չունի ընտրվելու իրավունք.

2) ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

  1. Թեկնածուի գրանցումը ճանաչվում է անվավեր տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

 

Հոդված 135.

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների գրանցումը մերժելու, անվավեր ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը

 

  1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է վիճարկվել վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:
  2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճռով թեկնածուն համարվում է գրանցված կամ վերագրանցված:

 

Հոդված 136.

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

 

  1. Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում`

1) տարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ, եթե նա ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին կամ մահացել է.

2) դատարանի վճռի հիման վրա, եթե նա խախտել է սույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասի կամ սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի դրույթները:

 

Գ Լ ՈՒ Խ 28

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

Հոդված 137.

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների կարգավիճակը, իրավահավասարությունը

 

  1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներն իրենց կարգավիճակը ձեռք են բերում գրանցումից հետո: Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների վրա տարածվում են մինչև համայնքի ղեկավար և ավագանու անդամներ ընտրվելու մասին տարածքային ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև վարչական դատարանի որոշում ընդունելը:

Թեկնածուներն ունեն համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի կարգավիճակից բխող հավասար իրավունքներ և պարտականություններ:

  1. Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն ինքնաբացարկի մասին դիմում կարող է ներկայացնել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան տասն օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

 

Գ Լ ՈՒ Խ 29

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 138.

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամը

 

  1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն բացում է նախընտրական հիմնադրամ:
  2. Նախընտրական հիմնադրամը համալրվում է սույն օրենսգրքի 25-րդ հոդվածում նշված կամավոր մուծումներից:

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն իրավունք ունի իր հիմնադրամում մուծում կատարելու նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով, թեկնածուին առաջադրած կուսակցությունը` նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով, իսկ յուրաքանչյուր ֆիզիկական անձ` 100-ապատիկի չափով գումար:

  1. Նախընտրական հիմնադրամից նախընտրական քարոզչության ֆինանսավորման համար համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների կատարած ծախսերի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 6 000-ապատիկը:

 

Հոդված 139.

Նախընտրական քարոզչությունը

 

  1. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նախընտրական քարոզչությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

Գ Լ ՈՒ Խ 30

 

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

Հոդված 140.

Քվեաթերթիկները

 

  1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամների քվեաթերթիկներում համապատասխանաբար նշվում են թեկնածուների ազգանունները, անունները և հայրանուններն` ազգանվան այբբենական հերթականությամբ, առաջադրող կուսակցության անվանումը, ինքնաառաջադրման դեպքում` ինքնաառաջադրում բառը: Թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները համընկնելու դեպքում նշվում է նաև ծննդյան ամսաթիվը:
  2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամների քվեաթերթիկները պատրաստվում են այնպես, որ միմյանցից ակնհայտ տարբերվեն գույներով:

 

Հոդված 141.

Համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներն ամփոփելը

 

  1. Տարածքային ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) համայնքի ղեկավար ընտրվելու մասին.

2) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

3) համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.

4) համայնքի ղեկավարի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:

  1. Համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ: Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:

Եթե հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են երկու և ավելի թեկնածուներ, ապա ընտրված թեկնածուին որոշելու համար նրանց միջև անցկացվում է վիճակահանություն:

  1. Եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա տարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա ընտրություններն անվավեր են ճանաչվում և նշանակվում է վերաքվեարկություն:
  2. Եթե ընտրությունների նախապատրաստման ընթացքում կամ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա տարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում ընտրություններն անվավեր ճանաչելու մասին և նշանակում է վերաքվեարկություն:
  3. Եթե տարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, ապա վերաքվեարկությունն անցկացվում է այդ որոշումն ընդունելուց հետո` յոթերորդ օրը: Այս դեպքում համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվարկվում են վերաքվեարկության օրվանից:
  4. Համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած, եթե`

1) քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ.

2) սույն օրենսգրքով թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում և կարգով թեկնածու չի գրանցվել.

3) սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում.

4) վերաքվեարկության արդյունքների հիման վրա ընտրություններն անվավեր են ճանաչվել.

5) ընտրությանը չի մասնակցել ընտրողների առնվազն 25 տոկոսը:

  1. Մինչև քվեարկության ավարտը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն: Առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուի` մինչև ընտրության արդյունքներն ամփոփելը կամ ընտրությունից հետո` մինչև լիազորությունների ստանձնումը, ընտրված համայնքի ղեկավարի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն:
  2. Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը համայնքի ղեկավարի ընտրության մասին որոշումն ընդունելուց հետո` երկօրյա ժամկետում, այն ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով և շրջվարչակազմի ղեկավարին (Ստեփանակերտի քաղաքապետին):
  3. Համայնքի ղեկավարի ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում քվեարկության օրվանից 21 օր հետո թեկնածուների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն: Թեկնածուների նույն կազմով վերաքվեարկություն կարող է անցկացվել միայն մեկ անգամ:
  4. Համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքով տարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշման վիճարկման մասին դիմում վարչական դատարան կարող է ներկայացվել վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

Հոդված 142.

Ավագանու անդամների ընտրության արդյունքներն ամփոփելը

 

  1. Տարածքային ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) համայնքի ավագանու անդամներ ընտրվելու մասին.

2) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

3) համայնքի ավագանու ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.

4) համայնքի ավագանու ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:

  1. Համայնքում ընտրվում են առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած, սույն օրենսգրքի 128-րդ հոդվածի 3-րդ մասում նշված համապատասխան թվով ավագանու անդամի թեկնածուները: Կողմ քվեարկված քվեաթերթիկների հավասարության դեպքում ընտրված թեկնածուին որոշելու համար նրանց միջև անցկացվում է վիճակահանություն` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
  2. Եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա տարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է վերաքվեարկություն:
  3. Եթե ընտրությունների նախապատրաստման ընթացքում կամ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա տարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում ընտրություններն անվավեր ճանաչելու մասին և նշանակում է վերաքվեարկություն:
  4. Եթե տարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, ապա վերաքվեարկությունն անցկացվում է այդ որոշումն ընդունելուց հետո` յոթերորդ օրը: Այս դեպքում համայնքի ավագանու ընտրությունների արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվարկվում են վերաքվեարկության օրվանից:
  5. Համայնքի ավագանու անդամների ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում քվեարկության օրվանից 21 օր հետո թեկնածուների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն:

Թեկնածուների նույն կազմով վերաքվեարկություն կարող է անցկացվել միայն մեկ անգամ:

  1. Համայնքի ավագանու անդամների ընտրությունը համարվում է չկայացած, եթե սույն օրենսգրքով սահմանված ժամկետում և կարգով գրանցումից հետո թեկնածուների թիվը նվազում է սույն օրենսգրքի 128-րդ հոդվածի 3-րդ մասում նշված` համայնքի ավագանու անդամների թվի կեսից, կամ վերաքվեարկության արդյունքների հիման վրա համայնքի ավագանու ընտրությունն անվավեր է ճանաչվել:
  2. Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը համայնքի ավագանու անդամների ընտրության մասին որոշումն ընդունելուց հետո` երկօրյա ժամկետում, այն ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով և շրջվարչակազմի ղեկավարին (Ստեփանակերտի քաղաքապետին):
  3. Համայնքի ավագանու անդամների ընտրությունների արդյունքով տարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշման վիճարկման մասին դիմում վարչական դատարան կարող է ներկայացվել վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

Գ Լ ՈՒ Խ 31

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 143.

Հերթական ընտրություն նշանակելու, անցկացնելու և թեկնածուներ առաջադրելու ու գրանցելու ժամկետները

 

  1. Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններն անցկացվում են ոչ ուշ, քան տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ավարտից 30 օր առաջ:
  2. Համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակում է կառավարությունը` համայնքի ղեկավարի, ավագանու անդամների լիազորությունների ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 70 օր առաջ:
  3. Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 35 և ոչ ուշ, քան 30 օր առաջ՝ մինչև ժամը 18.00 -ն:
  4. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 25 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ն:

 

Հոդված 144.

Նոր ընտրություն նշանակելը և անցկացնելը

 

  1. Ընտրված և լիազորությունները չստանձնած համայնքի ղեկավարի մահվան կամ հրաժարականի, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների ընտրությունները չկայացած ճանաչելու մասին տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն ընդունելուց կամ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրն անցկացվում է նոր ընտրություն: Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` համայնքի ղեկավարի, ավագանու անդամների արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով: Նոր ընտրություն նշանակում է կառավարությունը:

 

Հոդված 145.

Արտահերթ ընտրություն նշանակելը և անցկացնելը

 

  1. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու կամ նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող քառասնօրյա ժամկետի վերջին կիրակի օրը:
  2. Կառավարությունն արտահերթ ընտրության նշանակման մասին որոշում է ընդունում համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հետ միաժամանակ:
  3. Համայնքի ավագանու անդամների ընդհանուր թիվը կիսով չափ նվազելու դեպքում արտահերթ ընտրություն նշանակելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող քառասնօրյա ժամկետի վերջին կիրակի օրն անցկացվում է համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն:
  4. Պատերազմի ժամանակ կամ արտակարգ դրության պայմաններում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն չի անցկացվում, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև պատերազմի կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր տեղական ինքնակառավարման մարմինների առաջին նիստը: Այդ դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունն անցկացվում է պատերազմի կամ արտակարգ դրության ավարտից հետո` ոչ շուտ, քան յոթանասուն և ոչ ուշ, քան հարյուր օրվա ընթացքում` արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:
  5. Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25 և ոչ ուշ, քան 21 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
  6. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 21 և ոչ ուշ, քան 19 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
  7. Ընտրական տեղամասերը կազմավորվում և տեղամասային կենտրոնները սահմանվում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ, ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 17 օր առաջ փակցվում են տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:

 

Ե Ր Ր Ո Ր Դ  Մ Ա Ս

 

Գ Լ ՈՒ Խ 32

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 146.

Անցումային դրույթ

 

  1. Համայնքում ավագանու անդամների թվի` սույն օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված թիվը գործում է այն համայնքների դեպքում, որտեղ ավագանու անդամների ընտրությունները նշանակվել են սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո:

 

Հոդված 147.

Եզրափակիչ դրույթներ

 

  1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ին:
  2. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 2004 թվականի դեկտեմբերի 8-ին ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգիրքը:
  3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, ընդունում է սույն օրենսգրքից բխող նորմատիվ որոշումները:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2014թ. նոյեմբերի 18

Ստեփանակերտ

ՀՕ-38-Ն