Ընդունված է 2014թ. մարտի 26-ին
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան
- Սույն օրենքով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց մասին հայտարարագրման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական
հասկացությունները
- Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.
1) հայտարարագիր՝ հայտարարատուի գրավոր հայտարարություն՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող հայտարարագրման ենթակա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին.
2) բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ «Հանրային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված անձ.
3) բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձինք՝ «Հանրային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված անձինք:
Հոդված 3. Գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին
հայտարարագրման պարտականությունը
- Բարձրաստիճան պաշտոնատար անձինք սույն օրենքով նախատեսված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմին (այսուհետ՝ լիազորած մարմին) են ներկայացնում գույքի, եկամուտների հայտարարագրեր։
- Բարձրաստիճան պաշտոնատար անձինք սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով լիազորած մարմին են ներկայացնում փոխկապակցված անձանց մասին հայտարարագիր։
- Եթե բարձրաստիճան պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելը կատարվում է այլ մարմնի կողմից առաջադրման միջոցով, ապա գույքի և եկամուտների հայտարարագրեր, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքում` նաև փոխկապակցված անձանց մասին հայտարարագիր թեկնածուն ներկայացնում է նաև առաջադրվելիս։
- Բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսինը, նրա հետ համատեղ ապրող ծնողը, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակը սույն օրենքով բարձրաստիճան պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով լիազորած մարմին են ներկայացնում իրենց գույքի և եկամուտների հայտարարագիրը:
- Հայտարարագրերը լիազորած մարմին ներկայացվում են անձամբ կամ ուղարկվում են պատվիրված նամակով: Ընդ որում, հայտարարագիրը պատվիրված նամակով ուղարկվելու դեպքում հայտարարագիր ներկայացնելու օր է համարվում պատվիրված նամակը փոստային բաժանմունքում մուտքագրվելու օրը:
Հոդված 4. Հայտարարագրման ժամկետները
- Բարձրաստիճան պաշտոնատար անձը պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագրերն այդ օրերին հաջորդող տասնհինգ օրվա ընթացքում ներկայացնում է լիազորած մարմին: Նշված անձինք պաշտոնավարման ընթացքում հայտարարագրեր են ներկայացնում նաև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա փետրվարի 15-ը։
- Այն բարձրաստիճան պաշտոնատար անձը, որը պաշտոնեական պարտականությունները դադարեցվելու օրը ստանձնել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց այլ պաշտոն, հայտարարագրերը ներկայացնում է միայն նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ՝ այդ օրվան հաջորդող տասնհինգ օրվա ընթացքում:
Հոդված 5. Գույքի հայտարարագրման բովանդակությունը
- Բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա ամուսնու գույքի հայտարարագիրը պետք է ներառի նրանց սեփականության իրավունքով պատկանող`
1) այն անշարժ գույքը՝ հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույք (այսուհետ՝ անշարժ գույք), որն օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում.
2) այն շարժական գույքը՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենան կամ մեխանիզմը, օդային, ջրային փոխադրամիջոցը (այսուհետ՝ շարժական գույք), որն օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների շարքին են դասվում այն տրանսպորտային միջոցները, որոնց շարժիչների աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր. սանտիմետրը, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է 50 կմ/ժամը, ինչպես նաև տարբեր բեռնատարողությամբ կցորդները կամ կիսակցորդները.
3) այն արժեթուղթը (պարտատոմսը, չեկը, մուրհակը, բաժնետոմսը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթը, բացառությամբ բանկային վկայագրի) կամ այլ ներդրումը հավաստող փաստաթուղթը (բաժնեմասը, փայաբաժինը) (այսուհետ՝ արժեթուղթ կամ այլ ներդրում), որը օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում.
4) այն փոխառությունը, որը հայտարարատուն հանձնել է, կամ որը նրան վերադարձվել է հարկային տարում: Սույն օրենքի իմաստով փոխառություն է համարվում հայտարարատուի կողմից այլ սուբյեկտի սեփականությանը դրամի (փոխառության գումարի) կամ տեսակային հատկանիշներով որոշվող այլ գույքի հանձնումը՝ միևնույն գումարի դրամ կամ ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք վերադարձնելու պայմանով (այսուհետ՝ փոխառություն).
5) սույն մասի 1-4-րդ կետերում չնշված` 8 մլն ՀՀ դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք (այսուհետ՝ թանկարժեք գույք), որն օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում.
6) դրամական միջոցները (այդ թվում՝ բանկում ունեցած)։
- Բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի հայտարարագրին պետք է կցվի նաև իր կողմից ստորագրված ցանկը, որում ներառվում են իր ամուսնու, իր հետ համատեղ ապրող ծնողի, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի անունը, հայրանունը, ազգանունը, ազգակցական կապը, ծննդյան տարեթիվը։
- Բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողի, ինչպես նաև իր հետ համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի հայտարարագիրը պետք է ներառի նրանց սեփականության իրավունքով պատկանող`
1) անշարժ գույքը, եթե հարկային տարում անշարժ գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 50 մլն ՀՀ դրամը: Ընդ որում, ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) 50 մլն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են անշարժ գույքի ձեռքբերման և օտարման բոլոր գործարքները.
2) շարժական գույքը, եթե հարկային տարում շարժական գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 8 մլն ՀՀ դրամը: Ընդ որում, ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) 8 մլն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են շարժական գույքի ձեռքբերման և օտարման բոլոր գործարքները.
3) արժեթուղթը կամ այլ ներդրումը, եթե հարկային տարում արժեթղթերի ձեռքբերման կամ այլ ներդրման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 8 մլն ՀՀ դրամը: Ընդ որում, ձեռքբերման կամ այլ ներդրման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) 8 մլն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են արժեթղթերի ձեռքբերման կամ այլ ներդրման և օտարման բոլոր գործարքները.
4) փոխառությունը, եթե հարկային տարում փոխառության հանձնման գործարքների ընդհանուր գումարը (չափը) կամ վերադարձման գործարքների ընդհանուր գումարը (չափը) գերազանցել է 8 մլն ՀՀ դրամը: Ընդ որում, փոխառության հանձնման գործարքների ընդհանուր գումարը (չափը) կամ վերադարձման գործարքների ընդհանուր գումարը (չափը) 8 մլն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են փոխառության հանձնման և վերադարձման բոլոր գործարքները.
5) թանկարժեք գույքը, որն օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում։
- Սույն հոդվածում նշված հայտարարագրման ենթակա գույքի գինը (արժեքը) կամ արտարժույթով եկամուտը որոշելիս արտարժույթի համարժեքը հաշվարկվում է` ելնելով գործարքի օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից, իսկ բնամթերքով իրականացրած գործարքի գինը (արժեքը)՝ ելնելով բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքը հայտարարագրում արտացոլելու կարգով որոշվող գնից (արժեքից)։
- Գույքը հայտարարագրելիս պետք է նշվեն՝
1) անշարժ գույքի դեպքում՝ անշարժ գույքի տեսակը, գտնվելու վայրի հասցեն, առկայությունը հարկային տարվա սկզբին և վերջին, ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը) և արժույթը.
2) շարժական գույքի դեպքում՝ շարժական գույքի տեսակը, մակնիշը և սերիան, առկայությունը հարկային տարվա սկզբին և վերջին, ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը) և արժույթը.
3) արժեթղթի կամ այլ ներդրման դեպքում՝ արժեթղթի կամ այլ ներդրման արժույթը, գինը (արժեքը) հարկային տարվա սկզբին և վերջին, ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը).
4) փոխառության դեպքում՝ պարտապանի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը, հասցեն, փոխառության արժույթը, փոխառության գումարը (չափը) հարկային տարվա սկզբին և վերջին, հարկային տարում հանձնված և վերադարձված փոխառության գումարը (չափը).
5) թանկարժեք գույքի դեպքում՝ գույքի անվանումը, առկայությունը հարկային տարվա սկզբին և վերջին, գույքի ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը) և արժույթը.
6) դրամական միջոցի դեպքում՝ դրամական միջոցի արժույթը, չափը հարկային տարվա սկզբին` հունվարի 1-ին, ավարտին` դեկտեմբերի 31-ին։
Հոդված 6. Եկամուտների հայտարարագրման բովանդակությունը
- Բարձրաստիճան պաշտոնատար անձի, նրա ամուսնու, նրա հետ համատեղ ապրող ծնողի, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի եկամուտների հայտարարագրում ընդգրկվում են հարկային տարում ստացած՝ սույն հոդվածով սահմանված եկամուտները և դրանց ստացման աղբյուրները։
- Հայտարարատուի եկամուտների ստացման աղբյուր է այն անձը, որը հարկային տարում հայտարարատուին վճարել է սույն հոդվածով սահմանված եկամուտ: Մասնավորապես, եկամուտների ստացման աղբյուր կարող են հանդիսանալ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, առևտրային, ոչ առևտրային կազմակերպությունը, հիմնարկը, մասնաճյուղը, ներկայացուցչությունը, անհատ ձեռնարկատերը (այսուհետ՝ կազմակերպությունը) կամ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձը։
Օրենսդրությամբ սահմանված կարգով հարկերը կամ պարտադիր այլ վճարները եկամտի ստացման աղբյուրի մոտ պահված լինելու դեպքում եկամուտները հայտարարագրվում են առանց այդ գումարների: Սույն կանոնը չի տարածվում «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող անձանց վրա։
- Սույն օրենքի համաձայն` հայտարարագրման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված հետևյալ եկամուտները.
1) աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումները.
2) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներ օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (ռոյալթի) և հեղինակային վարձատրությունը.
3) ստացված փոխառությունները (վարկերը) կամ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը.
4) շահաբաժինները.
5) խաղատներում կամ շահումներով խաղերում ստացված եկամուտները (շահումները).
6) մրցույթների կամ մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային կամ դրամական շահումները (մրցանակները).
7) նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները (բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացված).
8) ժառանգության կարգով ստացված գույքը (այդ թվում՝ դրամական միջոցները).
9) ապահովագրական հատուցումները.
10) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը.
11) գույքն (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը.
12) վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցում, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը.
13) միանվագ վճարները.
14) գույքային իրավունքներից ստացված եկամուտը։
- Հայտարարագրման ենթակա են նաև սույն հոդվածի 3-րդ մասով չսահմանված այլ եկամուտները՝ նշելով դրանց տեսակները և ստացման աղբյուրները։
- Եկամուտը հայտարարագրելիս պետք է նշվեն՝
1) եկամտի տեսակը.
2) եկամտի ստացման աղբյուրը՝ եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը, հասցեն.
3) եկամտի չափը (գումարը).
4) եկամտի արժույթը։
Հոդված 7. Փոխկապակցված անձանց մասին հայտարարագրի
բովանդակությունը
- Բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում ընդգրկվում են`
1) նախարարների և նրանց տեղակալների համար` նախարարության համակարգում պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք.
2) գլխավոր դատախազի, նրա տեղակալների, շրջանների և Ստեփանակերտ քաղաքի դատախազների համար` դատախազի, դատավորի, քննիչի պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք.
3) կառավարությանն առընթեր պետական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների համար` այդ մարմնում (ներառյալ` կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում, ինչպես նաև նրանց ենթակայության` պետական ոչ առևտրային կազմակերպություններում) պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք.
4) օրենքներով ստեղծված կոլեգիալ պետական մարմինների ղեկավարների և անդամների համար` այդ մարմնի ղեկավարի կամ անդամի պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք, ինչպես նաև այդ մարմնի կողմից կարգավորվող ոլորտում գործող առևտրային կազմակերպություններում ղեկավար պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք.
5) դատավորների համար` դատախազի, դատավորի, քննիչի պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք:
- Փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում պետք է նշվեն փոխկապակցված անձի՝
1) անունը, հայրանունը, ազգանունը.
2) զբաղեցրած պաշտոնը։
- Եթե սույն հոդվածի 1-ին մասում թվարկված անձը կորցրել է կապը որևէ փոխկապակցված անձի հետ և տեղեկատվության բացակայության պատճառով ի վիճակի չէ հայտարարագրելու նրան որպես փոխկապակցված անձ, ապա նա հայտարարագրին կցում է համապատասխան հայտարարություն` նշելով ազգակցական կապը և անձի անունը, հայրանունը, ազգանունը։
Հոդված 8. Հայտարարագրերում ներառվող տեղեկությունների
հրապարակայնությունը
- Հայտարարագիրը ստանալուց հետո` տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում, լիազորած մարմինը կազմում է հայտարարատուների գույքի ևեկամուտների հայտարարագրերում ներառվող տեղեկությունների վերաբերյալ տեղեկանքներ (այսուհետ՝ տեղեկանք) և դրանք տեղադրում պաշտոնական ինտերնետային կայքում:
- Տեղեկանքում ընդգրկված տվյալները պետք է համապատասխանեն ներկայացված հայտարարագրերում արտացոլված տեղեկություններին:
- Տեղեկանքի բովանդակությունը, ձևը և լրացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը: Տեղեկանքում չեն նշվում պետական, ծառայողական և բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները, անձը և գույքը նույնականացնող տվյալներ։
- Լիազորած մարմինն ապահովում է հրապարակման ոչ ենթակա տվյալների պաշտպանությունը։
Հոդված 9. Լիազորած մարմինը
Լիազորած մարմինը՝
1) ընդունում է սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտեր.
2) վարում է հայտարարատուների հաշվառումը.
3) ապահովում է հայտարարագրերի հաշվառումը և պահպանումը.
4) մշակում է հայտարարագրերում ներառվող տեղեկությունները, դրանց հիման վրա կազմում է հայտարարատուների՝ հայտարարագրման ենթակա գույքի և եկամուտների վերաբերյալ տեղեկանքներ ու սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով ապահովում է հայտարարագրերում ներառվող տեղեկությունների հրապարակայնությունը.
5) իրականացնում է սույն օրենքի կիրառման նկատմամբ վերահսկողությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
6) հայտարարատուներին անվճար տրամադրում է հայտարարագրերի ձևերը.
7) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:
Հոդված 10. Օրենքը խախտելու համար պատասխանատվությունը
- Հայտարարագրման հարաբերությունները կարգավորող օրենսդրության խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
Հոդված 11. Եզրափակիչ և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի ևեկամուտներիհայտարարագրման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-15 օրենքը։
- Սույն օրենքով նախատեսված գույքի և եկամուտների հայտարարագրերը 2013 թվականի համար ներկայացվում են մինչև 2014 թվականի մայիսի 31-ը: Եթե բարձրաստիճան պաշտոնատար անձը պաշտոնեական պարտականությունները ստանձնել է 2013 թվականին, ապա սույն օրենքով նախատեսված հայտարարատուները սույն մասով նախատեսված ժամկետում ներկայացնում են նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրեր:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
18 ապրիլի 2014թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-14-Ն