Ընդունված է 2014թ. փետրվարի 26-ին
Հոդված 1. «Կենդանական աշխարհի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի ՀՕ-170 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում.
1) 1-ին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«վայրի կենդանի` բնության կողմից ստեղծված, բնական ընտրությամբ (առանց մարդու միջամտության) առաջացած, բնական ազատ պայմաններում ապրող կենդանիներ, այդ կենդանիների տեսակների անազատ և կիսաազատ պայմաններում պահվող առանձնյակներ ու դրանց սերունդներ.».
2) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«անազատ պայմաններում պահվող վայրի կենդանի` կենդանական աշխարհի վայրի տեuակների առանձնյակներ, որոնք գտնվում են ոչ բնական պայմաններում, որոնց տեղաշարժերը uահմանափակված են որոշակի տարածքով և կենդանու կենսաապահովումը իրականացնում է պահողը.».
3) տասնհինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«կիuաազատ պայմաններում պահվող վայրի կենդանի` կենդանական աշխարհի վայրի տեuակների առանձնյակներ, որոնք գտնվում են բնական պայմաններում, որոնց տեղաշարժերը uահմանափակված են բնական կամ արհեստական սահմաններով և կենդանու կենսաապահովումը մասամբ իրականացնում է պահողը.»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 1-ին մասի̀
ա. «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) կենդանական աշխարհի պաշարների պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում պետական ծրագրերի (այսուհետ` պետական ծրագրեր) հաստատում.»,
բ. «է» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի և դրա մեջ գրանցված կենդանիների ցանկի հաստատումը.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մաս.
«Պետական ծրագրերն իրականացվում են տարեկան ծրագրերի միջոցով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը տարեկան ծրագիրն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում, որի ֆինանսավորման գումարն արտացոլվում է պետական բյուջեի ծախսերում:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) կենդանական աշխարհի պաշարների օգտագործման պայմանագրեր կնքելը.»:
Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 21. Կենդանական աշխարհի, դրա հավաքածուների և առանձին
նմուշների ներմուծումը, արտահանումն ու կենդանիների
վերաբնակեցումը
«Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի հավելվածներում ընդգրկված վայրի կենդանիների, դրանց մասերի և ածանցյալների արտահանումն ու ներմուծումն իրականացվում են կոնվենցիայով սահմանված պահանջներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Վայրի կենդանիների արտահանումը, ներմուծումն ու դրանց պահումն անազատ պայմաններում կամ վերաբնակեցումն ազատ պայմաններում իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործման տրամադրված վայրի կենդանիների արտահանման: Գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործման տրամադրված վայրի կենդանիների արտահանման համար հիմք է դառնում լիազորված մարմնի հետ վայրի կենդանիների օգտագործման նպատակով կնքված պայմանագիրը` դրանում նշված տեսակներին և քանակներին համապատասխան:
Կենդանաբանական հավաքածուների կամ առանձին նմուշների արտահանումը և ներմուծումն իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածում`
- 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օգտագործումն իրականացվում է լիազորված մարմնի հետ կնքված պայմանագրերի հիման վրա:».
2) 3-րդ մասի «Լիցենզիաներ տալու և պայմանագրեր կնքելու» բառերը փոխարինել «Պայմանագրեր կնքելու» բառերով.
3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 27. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը, այդ թվում` հայթայթումը, թույլատրվում է բացառիկ դեպքերում` գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, ինչպես նաև արհեստական և բնական պայմաններում` դրանց վերարտադրության նպատակներով` կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվությամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.1-ին և 27.2-րդ հոդվածներով.
«Հոդված 27.1. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու կարգը
Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառեն պահելու վայրից կենդանիների փախուստը: Փախուստը բացառելու և մշտական վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները համարակալվում են:
Սույն մասով նախատեսված պայմանների առկայության դեպքում անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների վերարտադրությունը բնապահպանական և որսի համար օգտագործելու նպատակով կարող է իրականացվել` բացառելով պահվող կենդանիների միջտեսակային խաչասերումը:
Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու տարածքների նվազագույն չափերը սահմանում է լիազորված մարմինը` ելնելով տվյալ կենդանու առանձնահատկություններից: Ձագերով և հղի առանձնյակների առողջությունը և կյանքի անվտանգությունը ապահովելու նպատակով դրանց համար պետք է ստեղծվեն հատուկ պայմաններ` հաշվի առնելով նրանց տեսակային առանձնահատկությունները:
Սույն մասով նշված չափերը չեն տարածվում այն վայրի կենդանիների վրա, որոնք բազմացվում և աճեցվում են ուuումնական փորձերի, կենuաբանական թեuտավորման, uննդում կամ այլ կենդանիների համար որպեu կեր oգտագործելու և արգասիք uտանալու նպատակներով:
Անազատ և կիսաազատ պայմանններում վայրի կենդանիները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիները պահվում են`
ա) կենդանիների վերարտադրություն իրականացնող տնտեսություններում` բուծման կենտրոններում.
բ) կենդանաբանական այգիներում.
գ) վնասված կենդանիների բուժում իրականացնող տնտեսություններում` վերականգնողական կենտրոններում.
դ) որսորդական տնտեսություններում` կենդանիների վերարտադրության գոտիներում.
ե) սույն հոդվածի առաջին մասի պայմաններն ապահովող առանձնացված տարածքներում:
Նշված տարածքներում կենդանիները կարող են պահվել մեծավանդակներում, վանդակներում, տերարիումներում, ջրավազաններում, ակվարիումներում և այլ տարանջատված տեղերում:
Կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու և օգտագործելու իրավունք ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված տարածքներում լիազորված մարմնի կողմից այդ անձանց կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ նախապես կատարվում է վայրի կենդանիների օրենսդրությամբ սահմանված կարգով պետական հաշվառում և տվյալները գրանցվում են կենդանական աշխարհի կադաստրում:
Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պետական հաշվառումն իրականացվում է սույն օրենքով սահմանված ժամկետներում, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառումը` յուրաքանչյուր տարի: Հաշվառման տվյալները ենթակա են պարտադիր հրապարակման, այդ թվում` լիազորված մարմնի կայքէջում տեղադրման միջոցով:
Հոդված 27.2. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործման կարգը
Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, արգասիք ստանալու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու, որսի և որպես որսամիջոց (որսկան թռչուն, խաբ-սաբադ) օգտագործելու նպատակներով:
Կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, սննդի համար օգտագործելու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու և որսի նպատակներով:
Կիսաազատ պայմաններում պահվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներին կիսաազատ պայմաններում պահելու և օգտագործելու թույլտվություն ունեցողները, սկսած երկրորդ սերնդից, կարող են լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով օգտագործել որսի, սննդի նպատակներով, եթե տվյալ տեսակի բուծման արդյունքում ապահովել են դրանց վերարտադրությունը:
Կիսաազատ պայմաններում պահվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների, սկսած երկրորդ կենսունակ սերնդից, մինչև 10 տոկոսը լիազորված մարմնի թույլտվությամբ տրամադրվում է պահելու և օգտագործելու իրավունք ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց` որսի կամ այլ նպատակներով օգտագործելու համար, իսկ կոնկրետ տեսակի քանակի ավելացման վերաբերյալ հիմնավորված տվյալների առկայության դեպքում՝ լիազորված մարմնի թույլտվությամբ կարող է տրամադրվել սահմանված չափից ավելի:
Կիսաազատ պայմաններում պահվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներին, սկսած երկրորդ կենսունակ սերնդից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներ պահելու և օգտագործելու իրավունք ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք բնություն են բաց թողնում` սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովի եզրակացությամբ տրված չափաքանակներին համապատասխան:
Որսի կամ այլ եղանակներով վայրի կենդանիներին օգտագործելու թույլտվություն չի կարող տրվել, եթե տվյալ տարածքում համապատասխան կենդանիների միջին քանակը ցածր է լիազորված մարմնի կողմից սահմանված նվազագույն չափաքանակից:
Կենդանիների տվյալ տեսակին բնորոշ կազմվածքին կամ այլ հատկանիշներին չհամապատասխանող, կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների առանձնյակները չեն կարող օգտագործվել սերունդ ստանալու և բնության մեջ բաց թողնելու նպատակով, իսկ որսորդական տնտեսություններում նման կենդանիները ենթակա են պարտադիր որսման: Լիազորված մարմնի թույլտվությամբ որսման կարող են ենթարկվել նաև`
ա. ծերության պատճառով` վերարտադրության տարիքն անցած,
բ. պահվող կենդանիների հանդեպ չափազանց ագրեսիվ վարք դրսևորող,
գ. մարդկանց կյանքին կամ առողջությանը անմիջական սպառնացող,
դ. անբուժելի կամ վարակիչ հիվանդությամբ վարակված վայրի կենդանիները:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
18 մարտի 2014թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-3-Ն