Գրադարանների և գրադարանային գործի մասին

 

                                                                                                                                                                                                                        Ընդունված է 2013թ. հունիսի 27-ին 

ԳԼՈՒԽ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված  1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է գրադարանների ստեղծման, գործունեության կազմակերպման և ֆինանսավորման հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է գրադարանների տեսակները, գործառույթները, գրադարանային հավաքածուների հաշվառման, համալրման, պահպանության և հանրային գրադարանի հավատարմագրման կարգը, գրադարանների և գրադարաններից օգտվողների իրավունքներն ու պարտականությունները և ապահովում գրա-դարանային գործի զարգացման իրավական հիմքերը:

 

Հոդված 2. Գրադարանների և գրադարանային գործի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական ակտերը

 

1. Գրադարանների և գրադարանային գործի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ օրենքներից ու իրավական ակտերից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

2. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող գրադարանների վրա` անկախ դրանց ստեղծման կարգից, ֆինանսավորման աղբյուրից, գործունեության բնույթից և իրավական կարգավիճակից:

 

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) գրադարան` տեղեկատվական, մշակութային, գիտական և կրթական գործունեություն իրականացնող կազմակերպություն, որն ունի համակարգված հավաքածու, և այն տրամադրում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ժամանակավոր օգտագործման համար.

2) գրադարանային գործ` տեղեկատվական, մշակութային, գիտական և կրթական ոլորտ, որը ներառում է գրադարանային համակարգի ստեղծումն ու զարգացումը, հավաքածուների ձևավորումը, մշակումը և պահպանումը, գրադարանից օգտվողների գրադարանային-տեղեկատվական ու մատենագիտական սպասարկման կազմակերպումը, գրադարանային կադրերի վերապատրաստումը, ինչպես նաև գրադարանների զարգացման գիտամեթոդական գործունեության ապահովումը.

3) գրադարանային համակարգ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող գրադարաններ` անկախ սեփականության ձևից, հավաքածուի կազմից, կիրառական նշանակությունից, որոնք կամավորության սկզբունքով կապված են համագործակցությամբ ու տեղեկատվական պաշարների միասնական օգտագործմամբ.

4) գրավոր հուշարձան` հնատիպ և հազվագյուտ գրքեր, տպագիր հրատարակություններ, այլ փաստաթղթատեղեկատվական աղբյուրներ, որոնք ունեն հոգևոր և նյութական բացառիկ արժեք, պատմական, գիտական մշակութային հատուկ նշանակություն: Դրանց նկատմամբ սահմանվում է հաշվառման, պահպանության և օգտագործման հատուկ կանոնակարգ (ռեժիմ).

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրադարանային հավաքածու՝ գրադարանային համակարգում միավորված գրադարանների հավաքածուներ.

6) ազգային գրադարանային հավաքածու` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրադարանային հավաքածուի բաղկացուցիչ մաս` գրավոր հուշարձաններ և պարտադիր օրինակներ, որն ունի պատմական, գիտական, մշակութային առանձնահատուկ նշանակություն և նախատեսված է հանրային օգտագործման համար ու մշտապես պահպանվում է պետության կողմից.

7) գրադարանային հավաքածու` տեղեկատվական նյութական տարբեր կրիչների ամբողջություն.

8) հանրային գրադարան` սույն օրենքով սահմանված կարգով կարգավիճակ ստացած գրադարան, որը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրում է գրադարանային հավաքածուներն ու ծառայությունները առանց սահմանափակումների, ինչպես նաև իրականացնում է սույն օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներով սահմանված գործառույթները.

9) գրադարանից օգտվող` գրադարանի ծառայություններից օգտվող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

10) գրադարանային փաստաթուղթ՝ ելից տեղեկույթ ունեցող` պահպանության, հանրային օգտագործման, փոխանցման ենթակա տեքստային, թվային, պատկերային, տեսա- և (կամ) ձայնաշարային կամ համակցված նյութ պարունակող կրիչ.

11) համահավաք գրացուցակ (պետական գրացուցակ)` մատենագիտական գրառումների ամբողջություն, որը ներառում է գրադարանային հավաքածուների կազմը և բովանդակությունը.

12) տեղեկատվական պաշարներ` գրադարաններում, արխիվներում, թանգարաններում հավաքված փաստաթղթերի ամբողջություն.

13) գրադարանի գլխավոր մատյան՝ գրադարանային հավաքածուների հաշվառման փաստաթուղթ, որը պարունակում է հիմնական տվյալներ գրադարանային հավաքածուի մասին և պարտադիր է բոլոր գրադարանների համար.

14) գրադարանային փաստաթղթի հաշվառում՝ նյութական բոլոր տեսակի կրիչների գրանցում գրադարանի գլխավոր մատյանում.

15) գրադարանային փաստաթղթի պահպանում՝ նպաստավոր պայմանների ստեղծում գրադարանային հավաքածուների ամբողջության ապահովման, ամրակայման և վերականգնման համար.

16) գրադարանային փաստաթղթի պաշտպանում՝ գրադարանային հավաքածուների պաշտպանում բոլոր տեսակի ռիսկերից.

17) գրադարանի տեղեկատու-որոնողական համակարգ՝ տեղեկույթի ավտոմատացված տվյալների շտեմարան` տեղեկատու և մատենագիտական հրատարակությունների քարտային և էլեկտրոնային գրացուցակ.

18) ազգային մատենագիտություն՝ գրադարանային հավաքածուի տվյալների համապարփակ ամբողջություն.

19) գրադարանների խորհուրդ` հասարակական հիմունքներով գործող խորհրդատվական մարմին, որը նպաստում է գրադարանների զարգացմանը և համագործակցությանը, ձևավորում է առաջարկություններ` դրանց գործունեությանը նպաստող պետական ռազմավարության ծրագրերի մշակման համար.

20) միջգրադարանային բաժնույթ` գրադարանային ծառայության տեսակ` հիմնված գրադարանային հավաքածուների փոխօգտագործման վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հոդված 5. Գրադարանների ստեղծումը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գրադարանները ստեղծվում և գործում են սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Գրադարանները կարող են հիմնադրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից:

 

Հոդված 6. Գրադարանների տեսակները

 

1. Գրադարանային համակարգը ներառում է բոլոր գրադարանները` ըստ սեփականության ձևի, տարածքային բաժանման և բնույթի.

1) ըստ սեփականության ձևի գրադարանները լինում են`

ա. պետական գրադարաններ`  հիմնադրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից,

բ. Համայնքային գրադարաններ` հիմնադրված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից,

գ. ոչ պետական գրադարաններ` հիմնադրված ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև քաղաքական, կրոնական և հասարակական կազմակերպությունների կողմից.

2) ըստ տարածքային բաժանման գրադարանները լինում են`

ա. հանրապետական` այդ թվում՝ հատուկ և մասնագիտացված գրադարաններ, որոնք ամբողջացնում են գիտության, տեխնիկայի կամ արվեստի որևէ ճյուղի տեղեկատվական պաշարները,

բ. շրջանային` ապահովում է շրջանի բնակչության գրադարանային-տեղեկատվական մատչելիությունը, համալրում է գրադարանային տեղեկույթի էլեկտրոնային շտեմարանը, օգտվում է ցանցի հնարավորություններից, ապահովում է շրջանի կազմակերպությունների գրադարանային ծառայության մեթոդական, մասնագիտական և տեղեկատվական ծառայությունը,

գ. համայնքային` ապահովում է համայնքի բնակչության  համար գրադարանային-տեղեկատվական մատչելիությունը, համալրում է գրադարանային հավաքածուն հանրապետական, շրջանային, տեղական տեղեկույթ կրող համապատասխան նյութական կրիչով, ինչպես նաև էլեկտրոնային շտեմարանի միջոցով իրականացնում է դրանց պահպանումը.

3) ըստ բնույթի գրադարանները լինում են`

ա. մասնագիտացված` իրականացնում են գիտության և մշակույթի որևէ ճյուղի ազգային և օտարերկրյա տպագիր արտադրանքի ու տեղեկատվական պաշարների համակարգված համալրումը, պահպանումը, մատչելիության ապահովմանն ուղղված ծառայությունների մատուցումը,

բ. կրթական` գործում են ուսումնական հաստատությունների կառուցվածքում և, դրանց բնույթին համապատասխան, ձևավորում են հավաքածուներ, մասնակցում ուսումնական ու գիտահետազոտական գործընթացներին, ապահովում են դասախոսների, ուսանողների, գիտական աշխատողների, մասնագետների և այլ անձանց գրադարանային-տեղեկատվական սպասարկումը,

 գ.  այլ գրադարաններ` հասարակական, մանկական, ինչպես նաև օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց հիմնադրած միջազգային կազմակերպությունների, թանգարանների, արխիվների, հրատարակչությունների, առողջապահական կազմակերպությունների, եկեղեցիների, ազատազրկման վայրերի և հատուկ փաստաթղթերի հետ աշխատող գրադարաններ:

 

Հոդված 7. Գրադարանի պարտադիր գործառույթները

 

1. Գրադարանը իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) հավաքում, կազմակերպում, պահպանում և օգտագործման է տրամադրում գրադարանային փաստաթղթերը, դրանց վերաբերյալ և այլ բնույթի տեղեկույթ.

2) ցուցակագրում, դասակարգում և կազմում է գրադարանի  հավաքածուի գրացուցակը և մատենագիտությունը.

3) ապահովում է գրադարանի հավաքածուի և տեղեկատվական համակարգերի մատչելիությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

4) ապահովում է գրադարանից օգտվողների համար որակյալ ծառայությունների մատուցումը.

5) նպաստում է կրթությանը, խթանում է ընթերցանությունը, ինքնակրթությունը և քաղաքացիների սոցիալական հաղորդակցման գործընթացները.

6) տրամադրում է գրադարանի հավաքածուի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկույթ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրադարանի հավաքածուի պետական գրացուցակի համար.

7) ապահովում է գրադարանային հավաքածուում գտնվող գրավոր հուշարձանների պահպանումը և վերականգնումը.

8) ներդնում է նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ:

 

Հոդված 8. Հանրային գրադարանի հավատարմագրումը և կարգավիճակը

 

1. Գրադարանը կարող է հավատարմագրվել և ստանալ հանրային գրադարանի կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Սույն օրենքով սահմանված կարգով հանրային գրադարանի կարգավիճակը տրվում է հինգ տարի ժամկետով, որի վերաբերյալ լիազորված պետական մարմինը տալիս է համապատասխան վկայական: Վկայականի ձևը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

3. Գրադարանը ենթակա է հավատարմագրման, եթե համապատասխանում է հետևյալ պահանջներին.

1) ունի իրավաբանական անձի կարգավիճակ.

2) ունի տպագիր արտադրանքի և այլ տեսակի փաստաթղթերի դասակարգված հավաքածու (իրականացվել է հաշվառում, ստեղծվել է գրադարանի տեղեկատվական համակարգը).

3) ունի պահպանության, հավաքածուների դասակարգման և գրադարանի գործունեության համար համապատասխան տարածք, գույք.

4) ապահովված է մշտական ֆինանսավորմամբ.

5) ունի լիազորված պետական մարմնի սահմանած գրադարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշներին համապատասխան որակավորված մասնագետներ.

6) գրադարանից օգտվողներին մատուցում է գրադարանային ծառայություններ` անկախ նրանց սեռից, տարիքից, ռասայից, կրոնական դավանանքից, ազգությունից, ֆիզիկական վիճակից, բնակության վայրից, գտնվելու վայրից և այլ գործոններից, ինչպես նաև ապահովում է սպասարկման այլ միջոցներ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար.

7) օգտվում է միջգրադարանային բաժնութային համակարգից:

4. Հանրային գրադարանի կարգավիճակ ստանալու դեպքում գրադարանը կարող է օգտվել`

1) գրադարանի հավաքածուների համալրման ծրագրից.

2) գրադարանի աշխատողների պետական վերապատրաստման ծրագրից և մեթոդական օգնությունից.

3) գրադարանային տեղեկույթի էլեկտրոնային միասնական շտեմարանին միանալու իրավունքից.

4) պետական աջակցության այլ աղբյուրներից:

5. Սույն հոդվածի 3-րդ մասի պահանջներին չհամապատասխանելը հիմք է հանրային գրադարանի կարգավիճակի մերժման համար, որը կարող է բողոքարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Սույն հոդվածով նախատեսված նպատակների և կանոնադրական խնդիրների լուծման համար հանրային գրադարանը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության առանձին տեսակներ` հիմնադրի որոշմամբ:

7. Պետական և համայնքային հանրային գրադարանների շենքերը և զբաղեցրած տարածքները հասարակական կամ պետական կարիքների համար կարող են օտարվել միայն բացառիկ դեպքերում` օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  3

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ  ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ  ԵՎ  ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ  ՀԱՄԱԼՐՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՇՏՊԱՆՈԻԹՅՈՒՆԸ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 9. Ազգային գրադարանային հավաքածուի ձևավորման, օգտագործման պայմանները

 

1. Ազգային գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկվում են գրավոր հուշարձանները, փաստաթղթի պարտադիր օրինակը և փորձաքննությամբ  արժեվորված  փաստաթղթերը: Փաստաթղթերը  արժեվորելու,  ազգային  գրադարանային  հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը  սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

2. Ազգային  գրադարանային հավաքածուի գրացուցակում  կարող են ընդգրկվել իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն  համարվող գրավոր հուշարձանները սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ` նրա և  լիազորված պետական մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա: Գրացուցակը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

3. Ազգային գրադարանային հավաքածուների կազմում ընդգրկված գրադարանային փաստաթղթերը ենթակա չեն մաuնավորեցման (uեփականաշնորհման), վաճառքի, փոխանակության, նվիրատվության, ինչպեu նաև չեն կարող դառնալ այլ գործարքի առարկա:

4. Ազգային գրադարանային հավաքածուի` պետական սեփականություն  համարվող հավաքածուները ամրացվում են գրադարանին մշտական, անհատույց օգտագործման իրավունքով:

5. Ազգային գրադարանային հավաքածուին վերաբերող փաստաթղթերի պահպանության, օգտագործման  և երկարաժամկետ պահպանվածության ապահովումը իրականացվում է գրադարանների, արխիվների, թանգարանների և ազգային հավաքածուներ ունեցող այլ կազմակերպությունների ու հաստատությունների միջոցով:

6. Ազգային գրադարանային հավաքածուի  հաշվառման, պահպանության, վերականգնման և օգտագործման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

7. Արտակարգ իրավիճակում ազգային գրադարանային հավաքածուի տարահանման և պաշտպանության կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 10. Գրադարանային հավաքածուների համալրումը, հաշվառումը, պահպանությունը, պաշտպանությունը և մատչելիությունը

 

1. Պետական սեփականություն համարվող գրադարանային հավաքածուները գրադարաններին ամրացվում են մշտական և անհատույց օգտագործման իրավունքով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրադարանային հավաքածուներում ընդգրկված գրադարանային փաստաթղթերը ենթակա են գրանցման գլխավոր մատյանում՝ անկախ դրանց  uեփականության իրավունքից և պահպանության վայրից: Գրադարանի հավաքածուների հաշվառման, պահպանման, վերականգնման ու ամրակայման (կոնսերվացման), ինչպես նաև  գրադարանների հավաքածուների հաշվառման գլխավոր մատյանի վարման կարգը հաստատում է լիազորված պետական մարմինը:

3. Գրադարանների հավաքածուների համալրման կարևորագույն սկզբունքը անընդհատությունն է: Գրադարանը գնման, նվիրատվության, ժառանգության կամ փոխանակման պայմանագրերով  կարող է ձեռք բերել ցանկացած նյութական կրիչ` ապահովելով գրադարանից օգտվողների պահանջարկը համալրվող նյութական կրիչի բովանդակությամբ, լեզվի, տեսակի բազմազանությամբ:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրադարանային  հավաքածուի` իրավաբանական և ֆիզիկական անձանց uեփականություն համարվող գրադարանային փաստաթղթերը uույն oրենքով uահմանված կարգով պահպանում են դրանց uեփականատերերը: Գրադարաններին փաստաթղթերը ժամանակավոր պահպանության  կարող են հանձնվել պայմանագրի հիման վրա:

5. Գրադարանային հավաքածուները գրադարանների կողմից վերցվում են մշտական պահպանության, որը ներառում է անվտանգ պահպանության ապահովումը  և վերականգնման աշխատանքների իրականացումը:

6. Գրադարանային  հավաքածուների կազմում ընդգրկված  նյութական բոլոր տեսակի  կրիչները անվճար, ժամանակավոր օգտագործման նպատակով  տրամադրվում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:

7. Գրադարանային հավաքածուները մատչելի են հանրության բոլոր շերտերի համար:

8. Գրադարանային  հավաքածուների մատչելիությունն իրականացվում է`

1) Գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկված նյութական կրիչի առկայության մասին տեղեկույթի, դրա աղբյուրների որոնման և ընտրության վերաբերյալ խորհրդատվության  տրամադրմամբ,  այդ թվում` տեղեկատու-որոնողական համակարգի միջոցով.

2) միջգրադարանային բաժնույթի միջոցով:

9. Գրադարանային հավաքածուների մատչելիության սահմանափակումը գրաքննություն կատարելու նպատակով արգելվում է:

10. Գրադարանային հավաքածուի սեփականատերը հավաքածուի մատչելիության վերաբերյալ կարող է սահմանել  սահմանափակումներ միայն`

1) ֆիզիկական պահպանվածության ոչ բավարար վիճակի,

2) վերականգնման ընթացքում գտնվելու,

3) այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված  դեպքերում:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 11. Գրադարանային գործի ոլորտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորությունները

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը`

1) ստեղծում, լուծարում և վերակազմակերպում է պետական գրադարանները.

2) ձևավորում է գրադարանային գործի ոլորտում պետական քաղաքականությունը.

3) սահմանում է արտակարգ իրավիճակում գրադարանային հավաքածուների տարահանման և պաշտպանության կարգը.

4) սահմանում է գրադարանային հավաքածուների հաշվառման, պահպանման, վերականգնման և օգտագործման կարգը.

5) սահմանում է փաստաթղթերը արժեվորելու, գրադարանային հավաքածուների կազմում ընդգրկելու կարգը և հաստատում է գրադարանային հավաքածուի ընդհանուր գրացուցակը.

6) սահմանում է գրադարանների ոլորտում կադրերի պատրաստման և վերապատրաստման պետական քաղաքականությունը.

7) սահմանում է հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և հաստատում վկայականի ձևը.

8) հաստատում է գրադարանների խորհրդի աշխատակարգը և կազմը.

9) սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրադարանների միասնական մատենագիտական համահավաք գրացուցակի ստեղծման կարգը.

10) սահմանում է գրադարանային հավաքածուի թվային տարբերակի (թվային գրադարանի) կազմակերպման և համակարգման կարգը.

11) սահմանում է ազգային գրադարանային հավաքածուում ընդգրկված, գրադարանների կամ ֆիզիկական անձանց սեփականությունը համարվող գրադարանային փաստաթղթերի և (կամ) հավաքածուների պահպանության ծախսերի մասնակի փոխհատուցման կարգը:

 

Հոդված 12. Գրադարանային գործի ոլորտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի լիազորությունները

 

1. Լիազորված պետական մարմինը`

1) ապահովում է ոլորտի զարգացման պետական քաղաքականությունը.

2) սահմանում է գրադարանային փաստաթղթերի հաշվառման, պահպանման, վերականգնման ու ամրակայման (կոնսերվացման) կարգը.

3) հաստատում է  գրադարանների հավաքածուների հաշվառման գլխավոր մատյանի վարման կարգը.

4) սահմանում է գրադարանային տեղեկատվական շտեմարանում գրադարանների հավաքածուների ընդգրկման կարգը.

5) ապահովում է արտակարգ իրավիճակներում գրադարանային հավաքածուի տարահանումը, ամբողջականությունը և անվտանգությունը.

6) ընդունում է որոշում պետական գրադարանի գործող հավաքածուի կազմից նյութական կրիչների օտարման կամ պահպանության տեղի փոփոխման վերաբերյալ.

7) վերահսկում է պետական գրադարանային հավաքածուի պահպանությունը և օգտագործումը.

8) ապահովում է գրադարանների գործունեության վերաբերյալ վարչական վիճակագրական տվյալների մասնագիտական վերլուծությունը, ամփոփումը և հրատարակումը.

9) աջակցում է սոցիալապես առավել խոցելի խմբերի (երեխաների, հաշմանդամների, կենսաթոշակային տարիքի մարդկանց, փախստականների, անաշխատունակների, գյուղական` հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի բնակչության) գրադարանային սպասարկման զարգացմանը.

10) աջակցում է գրադարանային կադրերի վերապատրաստման, որակավորման բարձրացման, համակարգի զարգացման ծրագրերի մշակմանը և դրանց իրականացմանը.

11) սահմանում է գրադարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշները.

12) սահմանում է հանրային գրադարանների կողմից մատուցվող ծառայությունների ցանկը.

13) սահմանում է հանրային գրադարանի կողմից միջգրադարանային գրքափոխանակության հավաքածուի ձևավորման և օգտագործման կարգը:

 

Հոդված 13. Գրադարանային գործի ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները

 

1. Գրադարանային գործի ոլորտում տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված լիազորությունները:

 

Հոդված 14. Գրադարանների խորհրդի լիազորությունները

 

1. Գրադարանների խորհրդի կազմում ընդգրկվում են հանրապետական, շրջանային ու համայնքային գրադարանների, գրադարանային աշխատողների, հասարակական կազմակերպությունների, միությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ, գիտնականներ ու մասնագետներ:

2. Գրադարանների խորհուրդը գրադարանների ռազմավարական զարգացման, գիտական ծրագրերի, դրանց ֆինանսավորման, բյուջետային միջոցների բաշխման հարցերի վերաբերյալ իր առաջարկությունները ներկայացնում է պետական լիազորված մարմին:

3. Գրադարանների խորհրդի աշխատակարգը և կազմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ լիազորված պետական մարմնի ներկայացմամբ` 3 տարի ժամկետով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 15. Գրադարանների իրավունքները

 

1. Գրադարաններն իրավունք ունեն`

1) իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ պայմանագիր կնքելիս սահմանելու գրադարանային հավաքածուի օգտագործման պայմանները.

2) ինքնուրույն որոշելու իրենց գործունեության բովանդակությունը, ուղղություններն ու ձևերը` գրադարանի կանոնադրությամբ սահմանված նպատակներին և խնդիրներին համապատասխան.

3) հիմնադրի հետ համաձայնեցնելով՝ հաստատելու գրադարանից օգտվելու կանոնները.

4) պահանջելու  գրադարաններին պատճառված վնասի փոխհատուցում՝ օրենքով սահմանված կարգով.

5) առաջարկելու գրադարանների կողմից մատուցվող ծառայությունների ցանկի ընդլայնում լիազորված պետական մարմնի հաստատած գրադարանային ծառայությունների ցանկում.

6) ստեղծելու գրադարանային միավորումներ` գործող օրենսդրությամբ սահմանված կարգով.

7) մասնակցելու դրամաշնորհային կամ այլ մրցութային ծրագրերին՝ գրադարանային գործի զարգացման նպատակով.

8) համագործակցելու օտարերկրյա պետությունների գրադարանների և այլ կազմակերպությունների հետ, անդամակցելու միջազգային կազմակերպություններին, մասնակցելու միջազգային գրադարանային ծրագրերի իրականացմանը.

9) ինքնուրույն որոշելու հավաքածուների համալրման աղբյուրները.

10) գրադարանային հավաքածուներից դուրս գրելու և օտարելու նյութական կրիչներ՝ համաձայնեցնելով հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի հետ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 16. Գրադարանների պարտականությունները

 

1. Գրադարանները պարտավոր են`

1) իրենց գործունեությունն իրականացնել գործող օրենսդրությանը, սույն օրենքին, գրադարանի կանոնադրությանը, գրադարանից օգտվելու կանոններին համապատասխան.

2) իրենց գործունեության մասին հաշվետվություններ ներկայացնել հիմնադրին կամ լիազորված պետական մարմին և ազգային վիճակագրական ծառայությանը` գործող օրենսդրությանը համապատասխան.

3) գրադարանից օգտվողների պահանջին համապատասխան՝ տրամադրել տեղեկույթ իրենց գործունեության, հավաքածուների օգտագործման և համալրման վերաբերյալ.

4) իրականացնել գրադարանային հավաքածուների համալրումը, հաշվառումը, պահպանությունը, վերականգնումը` լիազորված պետական մարմնի սահմանած կարգով.

5) պահպանել գրադարանից օգտվողի հարցումների և օգտագործած տեղեկույթի գաղտնիությունը` որպես նրա անձնական տեղեկույթ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

6) իրականացնել  ազգային գրադարանային հավաքածուի հաշվառումը, պահպանությունը, վերականգնումը և օգտագործումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

7) իրազեկել ֆիզիկական և իրավաբանական անձանց գրադարանի ծառայություններից օգտվելու կանոնների մասին:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԳՐԱԴԱՐԱՆԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 17. Գրադարանային ծառայություններից օգտվելու իրավունքը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում յուրաքանչյուր ոք ունի գրադարանային ծառայություններից օգտվելու իրավունք` անկախ սեռից, ռասայից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, հաշմանդամությունից, տարիքից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

2. Քաղաքացիների գրադարանային ծառայություններից օգտվելու իրավունքն ապահովվում է`

1) գրադարանների համակարգի միջոցով, գրադարանների տեսակների բազմազանությամբ.

2) գրադարանների զարգացման գործում պետական հոգածությամբ` անկախ նրանց կազմակերպական-իրավական տեսակից, սեփականության ձևից, բնույթից և գործունեության ծավալից:

 

Հոդված 18. Գրադարանի ծառայություններից օգտվողների իրավունքները

 

1. Գրադարանի ծառայությունից օգտվողներն իրավունք ունեն՝

1) օգտվելու գրադարանի հավաքածուից՝ սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված կարգին և գրադարանից օգտվելու կանոններին համապատասխան (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի).

2) օգտվելու միջգրադարանային բաժնույթի ծառայություններից.

3) անվճար ստանալու տեղեկույթ գրադարանային հավաքածուներում ընդգրկված պահանջվող փաստաթղթի վերաբերյալ.

4) օգտվելու գրադարանի ընտրության և մատչելիության իրավունքից` իր պահանջմունքներին և հետաքրքրություններին համապատասխան:

2. Ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձինք իրավունք ունեն գրադարանային ծառայություններից օգտվելու համապատասխան սպասարկման այլ միջոցներով:

 

Հոդված 19. Գրադարանի ծառայությունից օգտվողների պարտականությունները

 

1. Գրադարանի ծառայությունից օգտվողները պարտավոր են պահպանել գրադարանի ծառայություններից և գրադարանային հավաքածուից օգտվելու կանոնները:

2. Գրադարանի հավաքածուին և (կամ) այլ գույքին վնաս պատճառելու դեպքում գրադարանի ծառայությունից օգտվողը վերականգնում է գրադարանի հավաքածուն և (կամ) այլ գույքը կամ փոխհատուցում դրանց շուկայական արժեքի չափով: Գրադարանային հավաքածուներից օգտվելու կանոնները խախտելու դեպքում գրադարանի ծառայությունից օգտվողը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 20. Գրադարանների ֆինանսավորումը

 

1. Պետական գրադարանների ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

2. Համայնքային գրադարանների ֆինանսավորումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

3. Պետությունն աջակցում է հանրային գրադարանների ցանցի ձևավորման և զարգացման գործընթացներին:

4. Ֆիզիկական սահմանափակում ունեցող անձանց գրադարանային տեղեկատվական սպասարկումն իրականացվում է նպատակային ֆինանսավորման պետական ծրագրերով:

5. Գրադարանների կամ ֆիզիկական անձանց սեփականությունը համարվող  ազգային գրադարանային հավաքածուում ընդգրկված գրադարանային փաստաթղթերի և (կամ) հավաքածուների պահպանության ծախսերի մասնակի փոխհատուցման նպատակով տրամադրվում է  պետական աջակցություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

 

Հոդված 21. Պատասխանատվությունը գրադարանների և գրադարանային գործի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար

 

Սույն օրենքի պահանջները խախտող իրավաբանական և ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 22. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                         Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

           

 

           

6 հուլիսի 2013թ.                                                    

ք.Ստեփանակերտ

 ՀՕ-36-Ն