Ընդունված է 2012թ. ապրիլի 26-ին
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և նպատակը
Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները ըստ տիպերի, ինչպես նաև սահմանում է այդ հուշարձանների և դրանց զբաղեցրած տարածքների նպատակային օգտագործման ձևերը:
Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական
սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա
պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարման ենթակա չեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սեփականություն համարվող հետևյալ հուշարձանները.
1) հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների հետևյալ հուշարձանները` իրենց զբաղեցրած և առանձնացված տարածքներով`
ա. քարեդարյան բացօթյա կայանները, քարայր-կացարանները, դրանց համալիրները,
բ. բնակատեղիները, ամրոց-բնակատեղիները, ամրոցները, դրանց հատվածները, պաշտպանական պարիսպները, դիտակետերը, աշտարակները, խանդակները, գետնուղիներն ու ամրաշինական այլ կառույցներ,
գ. մեգալիթյան կոթողները` մենհիրներ, վիշապաքարեր, կրոմլեխներ, սահմանաքարեր,
դ. ժայռապատկերները, վիմագրական հուշարձանները, դրանց համալիրները,
ե. հնագիտական մշակութային շերտերը,
զ. դամբարանները, դամբարանադաշտերը, դամբարանաբլուրները, պատմական գերեզմանոցները, խաչքարերը, հուշակոթողները, հուշասյուները, տապանաքարերը,
է. այն պաշտամունքային և քաղաքացիական կառույցները՝ մեհյանները, տաճարները, եկեղեցիները, մատուռները, վանական համալիրները, բնակելի, պալատական, արտադրական, կոմունալ, տնտեսական շինությունները, որոնց պահպանվածության վիճակը բացառում է դրանց ամբողջական գիտական վերականգնման և սկզբնական գործառնական նշանակությամբ օգտագործման հնարավորությունը,
ը. չգործող հին հանքահորերը, պատմական ճանապարհների հատվածները, ճարտարագիտական կառույցները՝ ջրանցքներ, ամբարտակներ, կամուրջներ, ջրանցույցներ.
2) նոր և նորագույն ժամանակաշրջանների հետևյալ հուշարձանները` իրենց զբաղեցրած և առանձնացված տարածքներով`
ա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա ստեղծված պատմամշակութային և բնապատմական արգելոցները, տուն-թանգարանները, պանթեոնները, հուշահամալիրները, հուշակոթողները,
բ. պատմամշակութային հավաքածուներ ներառող պետական պահոցների, թանգարանների, տուն-թանգարանների շենքերը:
Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական
սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա
հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների
պատմության և մշակույթի հուշարձանների
օգտագործման ձևերը
1. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետում նշված` պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները և դրանց համալիրներն իրենց զբաղեցրած և առանձնացված տարածքներով կարող են օգտագործվել միայն գիտական, կրթական, մշակութային, ճանաչողական և զբոսաշրջության նպատակներով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հուշարձանների հետազոտման, ամրակայման, նորոգման, վերականգնման, դրանց տարածքների բարեկարգման աշխատանքները պետք է նպատակաուղղված լինեն միայն հուշարձանի` որպես պատմամշակութային արժեքի առավելագույն բացահայտմանը և պահպանմանը` անհրաժեշտ նվազագույն միջամտությամբ՝ համապատասխան մասնագիտական եզրակացության հիման վրա:
Հոդված 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական
սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա նոր ու
նորագույն ժամանակաշրջանների պատմության և մշակույթի
հուշարձանների օգտագործման ձևերը
Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետում նշված` պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանները և դրանց համալիրներն իրենց զբաղեցրած և առանձնացված տարածքներով կարող են օգտագործվել իրենց սկզբնական կամ դրան մոտ գործառնական նշանակությամբ: Ժամանակակից օգտագործման նպատակահարմարությունից ելնելով` դրանք օրենքով կարող են նաև մասնակիորեն փոփոխվել, արդիականացվել` չխաթարելով հուշարձանի տեսքը, պատմամշակութային արժեքը:
Հոդված 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական
սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա
նորահայտ հուշարձանները
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սեփականություն են համարվում և օտարման ենթակա չեն նաև շինարարական, գյուղատնտեսական և այլ բնույթի աշխատանքների ժամանակ, ինչպես նաև պատահաբար հայտնաբերված այն օբյեկտները, որոնք փորձագիտական եզրակացության հիման վրա դասվում են սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետում նշված հուշարձանների թվին և ենթակա են ընդգրկվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:
2. Համայնքի, քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականություն համարվող հողամասերում պատահականորեն հայտնաբերված հուշարձանների պահպանության խնդիրներն ու դրանց նկատմամբ գույքային իրավունքները կարգավորվում են օրենքով:
Հոդված 6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական
սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա
հուշարձանների պահպանության գոտիներում գործող
հողօգտագործման սահմանափակումների պետական
գրանցումը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հուշարձանների պահպանության գոտիներում գործող հողօգտագործման սահմանափակումները, ինչպես նաև հուշարձանը այլ սեփականատիրոջ հողամասում գտնվելու պարագայում ծագող սերվիտուտները ենթակա են պետական գրանցման օրենսդրությամբ սահմանված կարգով կամ դատարանի վճռով:
Հոդված 7. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների
խախտման համար
Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն:
Հոդված 8. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը հաստատում է օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը` օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովելով ցուցակում ընդգրկված հուշարձանների պահպանության ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի տրամադրումը և (կամ) օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դեպքերում ապահովելով ծագող սերվիտուտների պետական գրանցումը:
2. Պետական ցուցակի հաստատումից հետո հուշարձանների պահպանության պետական լիազորված մարմինը երկու տարվա ընթացքում ապահովում է հուշարձանների և համապատասխան հողամասերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
12 մայիսի 2012թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-14-Ն