Ընդունվել է 1999թ. նոյեմբերի 29-ին
Հոդված 1. Դատական մագիստրատուրայի խորհուրդը նշանակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից հինգ տարի ժամկետով:
Խորհրդի կազմի մեջ մտնում են 7 անդամ, այդ թվում՝ ԼՂՀ Ազգային ժողովի, ԼՂՀ կառավարության եւ ԼՂՀ Նախագահի կողմից մեկական ներկայացուցիչներ, Գերագույն դատարանի նախագահը, երեք դատավորներ՝ երկուսը՝ առաջին ատյանի դատարանից, մեկը՝ Գերագույն դատարանից:
Հոդված 2. Խորհրդի դատավոր անդամների թեկնածություններն առաջադրվում են առաջին ատյանի դատարանի և Գերագույն դատարանի դատավորների ընդհանուր ժողովներում՝ գաղտնի քվեարկությամբ:
Դատավորների ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե ժողովին ներկա է դատավորների երկու երրորդը:
Յուրաքանչյուր տեղի համար առաջադրված է համարվում դատավորների ընդհանուր ժողովում առավել շատ ձայներ ստացած թեկնածուն:
Քվեարկությունը համարվում է կայացած, եթե քվեարկությանը մասնակցել է ժողովին ներկա դատավորների մեծամասնությունը:
Քվեարկության արդյունքները արձանագրվում և հրապարակվում են ժողովում:
Ընտրությունների արդյունքներն արձանագրվում են£ Արձանագրությունը ստորագրվում է ժողովի նախագահի և քարտուղարի կողմից:
Առաջադրված թեկնածուները ներկայացվում են Հանրապետության Նախագահին:
Հոդված 3. Հանրապետության նախագահը խորհրդի ոչ դատավոր անդամներ նշանակում է սույն օրենքի 1 հոդվածում նախատեսված մարմինների կողմից առաջադրված, որպես կանոն, բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող ներկայացուցիչներին:
Հոդված 4. Խորհրդի դատավոր անդամի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարեցված, եթե՝
1. նա կորցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը.
2. վաղաժամկետ դադարեցվել է նրա՝ որպես դատավորի լիազորությունները.
3. նա երկու անգամ անընդմեջ անհարգելի պատճառով չի ներկայացել խորհրդի նիստերին.
4. նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ.
5. լրացել է դատավորի պաշտոնավարման համար օրենքով սահմանված տարիքը.
6. դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած:
Հոդված 5. Խորհրդի մյուս անդամների լիազորություններն համարվում են վաղաժամկետ դադարեցված, եթե՝
1. նա կորցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը.
2. նա չի աշխատում օրենսդիր կամ գործադիր մարմիններում կամ Նախագահի աշխատակազմում կամ հետ է կանչվել նշված մարմինների կողմից.
3. նա երկու անգամ անընդմեջ անհարգելի չի ներկայացել խորհրդի նիստերին.
4. նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ.
5. դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած:
Հոդված 6. Խորհրդի անդամի մահվան, լիազորությունների ժամկետն ավարտվելու, լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ իր դիմումի համաձայն խորհրդի կազմից դուրս գալու դեպքերում խորհրդի նոր անդամի նշանակումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով՝ միամսյա ժամկետում:
Հոդված 7. Խորհրդի յուրաքանչյուր անդամ քվեարկությունների ժամանակ ունի մեկ ձայն:
Հոդված 8. Խորհրդի դատավոր անդամը չի մասնակցում քվեարկությանը, եթե՝
1. խորհրդի կողմից Հանրապետության Նախագահին առաջարկ է ներկայացվել նրա՝ որպես դատավորի լիազորությունները դադարեցնելու, նրան կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին:
2. Նրա նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցված:
Խորհրդի մյուս անդամները չեն մասնակցում քվեարկություններին՝ նրանց նկատմամբ մեղադրանք առաջադրելու պահից:
Հոդված 9. Խորհրդի անդամն իրավունք ունի՝
1.ծանոթանալ նիստում քննարկվող հարցերին առնչվող նյութերին.
2.իր լիազորությունների շրջանակում անել առաջարկություններ.
3.պարզաբանումներ ստանալ զեկուցողից:
Խորհրդի անդամը պարտավոր է՝
1.մասնակցել նիստերին.
2. կատարել խորհրդի հանձնարարությունները.
3. անբասիր պահել խորհրդի անդամի պատիվն ու արժանապատվությունը:
Հոդված 10. Գերագույն դատարանի և առաջին ատյանի դատարանի նախագահների, ինչպես նաև Գերագույն դատարանի դատավորների թեկնածությունները խորհրդում կարող է առաջադրել խորհրդի յուրաքանչյուր անդամ եւ արդարադատության պետական վարչության պետը:
Խորհրդի հավանությանն արժանացած թեկնածությունը ներկայացվում է Հանրապետության Նախագահին:
Հոդված 11. Առաջին ատյանի դատավորների թեկնածությունները խորհրդին ներկայացնում է արդարադատության պետվարչության պետը: Դատավորների թեկնածությունների նախնական հաշվառումը և նախնական ընտրությունը կատարվում են արդարադատության պետվարչության կանոնադրությամբ սահմանված կարգով:
Մեկ թափուր տեղի համար արդարադատության պետվարչության պետը ներկայացնում է մեկ թեկնածություն:
Եթե թեկնածությունը չի արժանանում խորհրդի հավանությանը՝ արդարադատության պետվարչության պետը ներկայացնում է նոր թեկնածություն:
Խորհրդի հավանությանն արժանացած թեկնածությունը ներկայացվում է Հանրապետության Նախագահին:
Հոդված 12. Դատական մագիստրատուրայի խորհուրդը Հանրապետության Նախագահին առաջարկներ է ներկայացնում դատավորներին որակավորման դասեր շնորհելու մասին:
Դատավորին որակավորման դաս շնորհելու առաջարկ կարող է անել խորհրդի յուրաքանչյուր անդամ եւ արդարադատության պետական վարչության պետը:
Դատավորին որակավորման դաս շնորհելու մասին միջնորդության հարուցումը կատարվում է «Դատավորի կարգավիճակի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով:
Հոդված 13. Դատավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցով խորհրդին դիմում է արդարադատության պետվարչության պետը, իսկ դատավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին հարցով՝ գլխավոր դատախազը:
Խորհրդի եզրակացությամբ դատավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերն են՝
1. օրինականության կոպիտ խախտում թույլ տալը.
2. դատավորի կոչմանն անհամատեղելի արարք կատարելը:
Արդարադատության պետվարչության պետը կամ գլխավոր դատախազը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում խորհրդին է ներկայացնում դատավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, դատավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության համար հիմք հանդիսացող նյութերը:
Երկրորդ անգամ նույն հիմքերով դատավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին առաջարկություն չի կարող արվել:
Դատավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարց քննարկելիս խորհուրդը հրավիրում և լսում է դատավորին:
Խորհրդի երկրորդ կանչին անհարգելի պատճառով դատավորի չներկայանալու դեպքում խորհուրդն իրավունք ունի հարցը քննել նրա բացակայությամբ:
Դատական մագիստրատուրայի խորհուրդը դատավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին եզրակացությունը ներկայացնում է Հանրապետության Նախագահին:
Հոդված 14. Սույն հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում խորհուրդը դատավորին ենթարկում է կարգապահական պատասխանատվության:
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը կատարվում է «Դատավորի կարգավիճակի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով:
Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են՝
1. օրինականության խախտում թույլ տալը.
2. անփութության հետևանքով դատական աշխատանքում թերություններ ունենալը.
3. աշխատանքային կարգապահությունը խախտելը.
4. դատավորին անվայել արարք թույլ տալը:
Դատական մագիստրատուրայի խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս կարող է հայտարարել դիտողություն, նկատողություն, խիստ նկատողություն:
Եթե խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս նպատակահարմար չի գտնում նրա նկատմամբ կիրառել կարգապահական տույժի միջոց, ապա կարող է կարճել հարուցված կարգապահական վարույթը և բավարարվել հարցի քննարկմամբ:
Դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելիս դատական մագիստրատուրայի խորհուրդը հրավիրում և լսում է դատավորին:
Խորհրդի երկրորդ կանչին անհարգելի պատճառով դատավորի չներկայանալու դեպքում խորհուրդն իրավունք ունի հարցը քննել նրա բացակայությամբ:
Հոդված 15. Դատական մագիստրատուրայի խորհուրդը պետական մարմիններից, հասարակական կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից և քաղաքացիներից Սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում՝ դատական մարմիններից նյութեր, վարչական, քրեական, քաղաքացիական գործեր, տեղեկանքներ և այլ փաստաթղթեր ստանալու իրավունք ունի:
Հոդված 16. Խորհրդի նիստերը հրավիրում է Գերագույն դատարանի նախագահը:
Խորհրդի նիստերը վարում է Գերագույն դատարանի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ խորհրդի մեկ այլ դատավոր:
Խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության:
Հոդված 17. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են խորհրդի անդամների երկու երրորդը:
Հոդված 18. Խորհուրդը սույն օրենքի 14 հոդվածով նախատեսված լիազորություններն իրականացնելիս ընդունում է որոշումներ, իսկ սույն օրենքի 11,12,13 հոդվածներով նախատեսված լիազորություններն իրականացնելիս՝ եզրակացություններ:
Խորհրդի որոշումներն ու եզրակացություններն ստորագրվում են նիստը նախագահողի կողմից:
Հոդված 19. Խորհրդի որոշումներն ու եզրակացություններն ընդունվում են բաց (փակ գաղտնի) քվեարկությամբ՝ նիստի մասնակիցների ձայների մեծամասնությամբ:
Խորհրդի որոշումները կարող են վերանայվել միայն խորհրդի կողմից:
Եթե մեկ տեղում առաջադրվելու համար դատավորի մեկից ավելի թեկնածուներ ստացել են հավանության համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա առաջադրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն:
Հոդված 20. Հանրապետության Նախագահը խորհրդի որոշումներն ու եզրակացությունները կարող է վերադարձնել կրկնակի քննարկման իր առարկություններով եւ առաջարկություններով:
Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
նախագահ՝ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
31 դեկտեմբերի 1999 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-81