Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգի մասին

                                                                                                                                                                                                                    Ընդունված է 2008թ. նոյեմբերի 26-ին

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգի հետ կապված հարաբերությունները և օգտագործման կարգը:

 

Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական խորհրդանիշներից է:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգը «Հիմն Արցախի»-ն է (երաժշտական խմբագրությունը և տեքստը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների):

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգը հանդիսավոր երաժշտական  ստեղծա­գոր­ծու­թյուն է, որը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգը կատարվում  է վոկալ, գործի­քա­յին, նվա­գա­խմբային, երգչախմբային, նվագախմբային-երգչախմբային տարբերակներով:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգը պետք է կատարվի  սույն օրենքով հաստատված երաժշտական  խմբագրությամբ և տեքստի  համապատասխանությամբ:

 

Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգի կատարումը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգը  պարտադիր  կատարվում է`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի երդման արարողության ժամանակ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելիս.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի մասնակցու­թյամբ պաշտոնական և հանդիսավոր արարողությունների ժամանակ.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին  նիստի գու­մարման պահին,  ինչպես նաև  հերթական նստաշրջանների բաց­ման և փակման ժամա­նակ.

4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում անցկացվող պաշտոնական արարո­ղությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը բարձրացնելիս.

5) օտարերկրյա պետությունների նախագահների, օրենսդիր մարմինների ղեկավար­ների, վարչապետների, պաշտոնական ներկայացուցիչների, միջպետական և միջկառա­վարա­կան կազմակերպությունների ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն պետական և պաշտոնական այցերի ժամանակ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արարողա­կարգի հիմնադրույթներին համապատասխան.

6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում անցկացվող զորահանդեսների ժամանակ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում առավոտ­յան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի բարձրացման, և երեկոյան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի իջեցման ժամանակ, ինչպես նաև զինվորական կանոնա­գրքերով և կանոնադրություններով նախատեսված այլ դեպքերում.

7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող բարձրագույն  կրթական հաստա­տություններում՝ անկախ սեփականության ձևից, ուսումնական տարվա սկիզբն ու ավարտը ազդարարելիս.

8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական դպրոց­­ներում` անկախ սեփականության ձևից, ամեն երկուշաբթի՝ դասերը սկսելուց  առաջ:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգը կարող է կատարվել`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման, տեղական ինքնակա­ռա­վարման մարմինների, ինչպես նաև ոչ պետական կազմակերպությունների և այլ անձանց կողմից անցկաց­վող հանդիսավոր արարողությունների և միջոցառումների ժամանակ.

2) պետական տոների, պատմական իրողություններին նվիրված հանդիսավոր նիս­տերի,  ժողովների ժամանակ.

3) հուշարձանների, հուշաքանդակների և հուշատախտակների բացման հանդիսավոր արարողությունների ժամանակ:

3. Սույն հոդվածով սահմանված դեպքերում օրհներգի կատարման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգի օգտագործումը

                  հեռուստաընկերությունների և  ռադիոընկերությունների կողմից

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգը հեռարձակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության կողմից`  ամեն օր` հաղորդումների հեռարձակման սկզբին:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգի կատարումները կարող են օգտագործ­վել ձայնագրությամբ, տեսագ­րությամբ հեռուստառադիոհեռարձակման միջոցով:

 

Հոդված  5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում Լեռնային Ղարաբաղի

                   Հանրա­պե­տու­թյան օրհներգի  օգտագործումը մարզական միջոցառումների 

                    ժամանակ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տու­թյան տարածքում անցկացվող միջազգային պաշտոնական մրցումների ու մրցաշա­րերի, համապետական  մարզական պաշտոնական միջոցառումների  բացման և փակման ժամանակ, իսկ  Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության տարածքից դուրս` տվյալ պետության օրենսդրությանը համապատաս­խան:

 

Հոդված 6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգի երաժշտության

                  օգտագործումը

 

 Սույն օրենքով նախատեսված դեպքերից  բացի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգի երաժշտության  օգտա­գործման  դեպքերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության կառավարությունը:

 

Հոդված 7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգի  օգտագործումը

                  օտարերկրյա պետությունների տարածքում անցկացվող միջոցառումների

                  ժամանակ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կամ այլ պաշտոնական  պատվիրակության մասնակցությամբ օտարերկրյա պետությունների տարածքում անցկացվող պաշ­տո­նական ու հանդիսավոր արարողությունների և միջոցառումների ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության օրհներգը հնչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արարո­ղակար­գի հիմնադրույթներին և տվյալ օտարերկրյա պետության օրենսդրությանը համա­պատասխան:

 

Հոդված 8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ

                 ներկայացվող պահանջները

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ բոլորը հոտնկայս են (դրոշի առկայության դեպքում՝  դեմքով շրջված դեպի դրոշը, իսկ պաշտոնական արարողությունների ժամանակ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արարողա­կարգի հիմնադրույթներին համապատասխան), տղամարդիկ՝ առանց գլխարկի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինվորական ծա­ռա­յող­ներին  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ ներկայաց­վող պահանջները սահմանվում են զինվորական կանոնագրքերով ու կանոնադրություն­ներով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգի նկատմամբ խորին հարգանքը յուրաքան­չյուր քաղաքացու  սրբազան պարտքն է:

 

Հոդված 9. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում

 

Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 10. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հոդված 11. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1993 թվականի հունվարի 26-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական օրհներգի օգտագործման կարգը և կանոնադրությունը հաստատելու մասին» որոշումը և 1994 թվականի դեկտեմբերի 23-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական օրհներգի մասին» որոշումը:

 

 

       ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                 

       ՆԱԽԱԳԱՀ ̀                              Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

      24 դեկտեմբերի 2008թ.

      ք.Ստեփանակերտ

      ՀՕ-57-Ն

 

 

 

 

 

 

 

 Հավելված N 1

   «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգի մասին»

    Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(երաժշտությունը՝ Արմեն Նասիբյանի)

 

        ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻ

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Հավելված N 2

   «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգի մասին»

   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՏԵՔՍՏԸ

(խոսքերը` Վարդան Հակոբյանի)

 

 

Ազատ ու անկախ Արցախ,

Քո տուն-ամրոցը կերտեցինք,

Պատմությունը մեր երկրի

Մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք:

Դու բերդ ես անառիկ,

Բարձունք սրբազան, վեհ անուն,

Մասունք աստվածային,

Քեզնով ենք հավերժանում:

Դու մեր լույս հայրենիք,

Երկիր, հայրենյաց դուռ սիրո.

Ապրիր դու միշտ խաղաղ,

Մեր հին ու նոր Ղարաբաղ:

Քաջերն ենք մենք հայկազուն,

Մռով ենք, Քիրս ենք ու Թարթառ,

Մեր վանքերով լեռնապահ`

Անհաղթելի մի բուռ աշխարհ: