ԼՂՀ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին

                                                                                                                                                                                                                        Ընդունվել է 2001թ. օգոստոսի 24-ին

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա

                  քաղաքացիների իրավական վիճակի մասին» օրենքի խնդիրները

 

Սույն օրենքը, հիմնվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների եւ նոր­մերի վրա, սահմանում է օտարերկրյա քաղաքացու` Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետություն մուտք գործելու, բնակվելու, տեղաշարժվելու, տարանցիկ ուղեւորություններ կատարելու, ելքի, կացության կարգավիճակ ստանալու կարգը, ինչպես նաեւ նրա իրավունք­ները եւ պարտականու-թյունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

 

Հոդված 2. Օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի սկզբունքները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացի է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը, որն ունի այլ պետության քաղաքացիություն:

Օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օգտվում է միջազգային իրավունքի նորմերով եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենս­դրութ­յամբ սահմանված իրավունքներից ու ազատություններից:

Օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պարտավոր է պահպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները, հարգել նրա ժողովրդի ազգային սովորույթները եւ ավանդույթները:

 

Հոդված 3. Օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին օրենսդրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացու իրավական վիճակը կարգավորվում է սույն օրենքով, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացու իրավա­կան վիճակի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով:

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահ­ման­ված են այլ նորմեր, քան սույն օրենքում, ապա գործում են միջազգային պայմանագրի նորմերը:

 

Հոդված 4. Քաղաքացիություն չունեցող անձինք

 

Սույն օրենքի դրույթները տարածվում են նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տությունում գտնվող քաղաքացիություն չունեցող անձանց վրա, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:

 

ԳԼՈՒԽ 2

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՆՐԱՆՑ ԵԼՔԸ

 

Հոդված 5. Օտարերկրյա քաղաքացիների Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

                  մուտք գործելը

 

Օտարերկրյա քաղաքացին կարող է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապա-տասխան մարմինների, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանա­կետերում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության հա­­մա­պատասխան մարմինների կողմից տրված մուտքի արտոնագրի հիման վրա կամ Լեռ­նային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված կար­գով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտար­երկրյա քաղաքացու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործելը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ելքը կարգավորվում է սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքի արտոնագիր

                  ստանալու կարգը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրյա քաղաքացին լրացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ձեւի հարցաթերթիկ, ներկայացնում է անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

 

Հոդված 7. Մուտքի արտոնագրի տեսակները եւ ժամկետները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացուն տրվում են հետեւյալ մուտքի արտոնագրերը՝

ա) մուտքի կարճաժամկետ արտոնագիր՝ մինչեւ հինգ օր ժամկետով.

բ) մուտքի զբոսաշրջիկային արտոնագիր՝ մինչեւ քսանմեկ օր ժամկետով.

գ) մուտքի երկարաժամկետ արտոնագիր՝ մինչեւ երեք ամիս ժամկետով.

դ) մուտքի դիվանագիտական արտոնագիր:

 

Հոդված 8. Մուտքի արտոնագրի ժամկետների երկարաձգման կարգը

 

Դիվանագիտական, զբոսաշրջիկային եւ կարճաժամկետ մուտքի արտոնագրերը տրվում են միանգամյա, իսկ երկարաժամկետ մուտքի արտոնագիրը՝ նաեւ բազմակի գոր­ծածութ­յան համար: Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն օտարերկրյա քաղաքացու մուտքի զբոսաշրջիկային եւ երկարաժամկետ արտոնագրերի ժամկետները կարող են երկարաձգվել ոչ ավելի, քան երկու անգամ՝ յուրաքանչյուր դեպքում մուտքի արտոնագրի ժամկետի մեկ երրորդի չափով:

Մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության արտաքին գործերի նախարարության համապատասխան մարմինների կողմից:

 

Հոդված 9. Մուտքի արտոնագրի մերժումը

 

Օտարերկրյա քաղաքացուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքի արտո­նագիր տալը կարող է մերժվել, որի մասին տեղյակ է պահվում դիմողին:

 

Հոդված 10. Մուտքի արտոնագրի տրման ձեւը

 

Մուտքի արտոնագիրը գրանցվում է օտարերկրյա քաղաքացու ինքնությունը հաստա­տող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթում կամ՝ առանձին կցվում է դրան:

 

Հոդված 11. Մուտքի արտոնագրի տուրքը

 

Մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրյա քաղաքացուց գանձվում է տուրք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով:

 

Հոդված 12. Օտարերկրյա քաղաքացիների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

                    մուտք գործելու կարգը

 

Օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործե­լիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանակետում պարտավոր է ներկայաց­նել մուտքի արտոնագիր, ինքնությունը հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստա­թուղթ:

Օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գոր­ծելիս պարտավոր է լրացնել հայտարարագիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավա-րության կողմից հաստատված կարգով:

 

Հոդված13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանակետերում

                   օտարերկրյա քաղաքացիների պարտավորությունները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանակետում օտարերկրյա քաղաքա­ցին պարտավոր է կատարել սահմանակետի այն պահանջները, որոնք սահմանված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 14. Պաշտոնական փաստաթղթերին փոխարինող փաստաթղթեր

                    ստանալու կարգը

 

Մուտքի արտոնագիրը, ինքնությունը հաստատող միջազգայնորեն ճանաչված փաս­տա­թուղթը կամ այլ պաշտոնական փաստաթղթեր կորցնելու կամ փչացնելու դեպքում օտար­երկրյա քաղաքացին պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության համա­պատասխան մարմիններին, որոնք երկօրյա ժամկետում օտարերկրյա քաղաքացուն տալիս են փաստաթուղթը կորցնելու կամ փչանալու մասին տեղեկանք:

 

Հոդված 15. Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությունից օտարերկրյա

                    քաղաքացիների   ելքը

 

Օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից կարող է դուրս գալ ինքնությունը հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթով կամ Լեռնա­յին Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության համա­պա­տաս­­խան մարմինների կողմից տրված՝ դրան փոխարինող փաստաթղթով:

Օտարերկրյա քաղաքացու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ելքը կարող է արգելվել՝

ա) եթե նրա նկատմամբ հարուցված է քրեական գործ՝ մինչեւ գործի վարույթն ավարտելը.

բ) եթե դատապարտվել է՝ մինչեւ պատժի կրումը կամ պատժից ազատվելը.

գ) եթե նրա նկատմամբ կա դատարանի վճիռ կամ որոշում՝ մինչեւ վճռի կամ որոշման կատարման ավարտը կամ կատարումից ազատվելը:

 

Հոդված 16.  Օտարերկրյա քաղաքացիների հաշվառման կարգը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացու ըստ բնա­կության վայրի հաշվառումն իրականացնում են ներքին գործերի նախարարության մար­մինները՝ հանրապետությունում նրա բնակության իրավունքը հաստատող, ինչպես նաեւ բնակելի տարածությունը նրա կողմից զբաղեցնելու մասին փաստաթղթերի հիման վրա:

Հյուրանոց, հանգստյան տուն, առողջարան կամ զբոսաշրջիկային այլ հանգրվան ժամանած օտարերկրյա քաղաքացու հաշվառումն իրականացնում է տվյալ հիմնարկը՝ Լեռնա­յին Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից սահ­ման­ված կարգով:

Հաշվառման համար օտարերկրյա քաղաքացուց գանձվում է տուրք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով:

 

ԳԼՈՒԽ 3

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԴՐԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 17. Օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանվում են օտարերկրյա քաղաքա­ցու կացության չորս կարգավիճակներ՝ ժամանակավոր, սովորական, հատուկ եւ բացառիկ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացին միաժամա­նակ չի կարող ունենալ կացության մեկից ավելի կարգավիճակ:

 

Հոդված18.  Կացության ժամանակավոր կարգավիճակ

 

Կացության ժամանակավոր կարգավիճակ տրվում է պայմանագրային հիմքով կամ անձնական նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործած օտար­երկրյա քաղաքացիներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական, կրոնա­կան կրթօջախներում սովորող օտարերկրյա ուսանողներին, փախստականի կարգա­վիճակ ունեցող անձանց, ինչպես նաեւ օտարերկրյա լրագրողներին, հետազոտողներին, հասարա­կական կամ կրոնական ծառայության հրավիրված անձանց:

Կացության ժամանակավոր կարգավիճակ կարող է տրվել նաեւ քաղաքական ան­կայուն իրավիճակի պատճառով ապաստան փնտրող անձանց, որոնց հանրապետութ­յու­նում ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել ներքին գործերի նա­խա­րարության որոշմամբ: Այդ անձինք ազատվում են մուտքի արտոնագրի համար տուրքի վճարումից:

Կացության ժամանակավոր կարգավիճակ տրվում է մինչեւ մեկ տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել՝ յուրաքանչյուր անգամ ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:

 

Հոդված 19. Կացության սովորական կարգավիճակ

 

Կացության սովորական կարգավիճակ կարող է տրվել դիմում ներկայացրած յուրա­քանչյուր օտարերկրյա քաղաքացու:

Կացության սովորական կարգավիճակ առաջնահերթ կարգով կարող է տրվել օտար­երկրյա այն քաղաքացուն, որը՝

ա) օրինական կարգով երեք տարուց ավելի բնակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին քաղաքացի է կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու մերձավոր ազգական (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր).

գ) ավարտել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կամ հավատարմագրված ոչ պետական բուհ.

դ) ունի փախստականի կարգավիճակ:

Կացության սովորական կարգավիճակ տրվում է մինչեւ երեք տարի ժամկետով: Այն կարող է երկարաձգվել:

 

Հոդված  20. Կացության հատուկ կարգավիճակ

 

Կացության հատուկ կարգավիճակ տրվում է ծագումով հայ օտարերկրյա քաղաքացիներին:

Կացության հատուկ կարգավիճակ կարող է տրվել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տությունում տնտեսական, մշակութային գործունեություն ծավալող այլ օտար­երկրյա քաղաքա-ցիներին:

Կացության հատուկ կարգավիճակ տրվում է տասը տարի ժամկետով: Այն կարող է տրվել մեկից ավելի անգամ:

 

Հոդված  21.  Կացության բացառիկ կարգավիճակ

 

Կացության բացառիկ կարգավիճակ տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տութ­յունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայա­ցուց­չութ­յունների օտարերկրյա քաղաքացի հանդիսացող ծառայողներին, նրանց ընտա­նիքների անդամներին՝ նրանց ծառայության ժամկետով:

Կացության բացառիկ կարգավիճակ կարող է տրվել նաեւ միջազգային կազմակերպությունների օտարերկրյա քաղաքացի հանդիսացող ծառայողներին:

 

Հոդված 22.  Կացության ժամանակավոր եւ սովորական կարգավիճակ

                     ստանալու կարգը

 

Կացության ժամանակավոր եւ սովորական կարգավիճակներն ու դրանք հաստատող փաստաթղթերը ձեւակերպում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործե­րի նախարա-րությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով:

Ներքին գործերի նախարարությունը մեկամսյա ժամկետում իր որոշման մասին գրա­վոր տեղեկացնում է դիմողին:

Դիմումը մերժվելու դեպքում դիմողը կարող է այդ որոշումը գանգատարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին: Գանգատը քննարկվում է մեկամսյա ժամ­կե­տում եւ տրվում գրավոր պատասխան:

Կացության ժամանակավոր կամ սովորական կարգավիճակ ստանալու համար օտար­եր­կրյա քաղաքացին կարող է կրկին դիմել իր նախկին դիմումի մերժումից մեկ տարի հետո:

 

Հոդված 23.  Կացության հատուկ կարգավիճակ ստանալու կարգը

 

Կացության հատուկ կարգավիճակ ստանալ ցանկացող օտարերկրյա քաղաքացի­ներն արտասահմանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններին, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութ­յունում՝ ներքին գործերի նախարարությանը ներկայացնում են դիմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի անունով, սահմանված կարգով լրացնում հարցաթերթիկ եւ ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր:

Կացության հատուկ կարգավիճակ ստացած օտարերկրյա քաղաքացուն արտասահ­մանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուց-չութ­յուն­ների, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ ներքին գոր­ծե­րի նախարարության կողմից տրվում է հա­տուկ անձնագիր: Հատուկ անձնագիր ստանալու համար օտարերկրյա քաղաքացուց գանձվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճար:

Կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար օտարերկրյա քաղաքացին կարող է կրկին դիմել նախկին դիմումի մերժումից մեկ տարի հետո:

 

Հոդված 24. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա

                    քաղաքացիների իրավունքները եւ պարտականությունները

 

Օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ունի մտքի, խոսքի, խղճի եւ դավանանքի ազատության իրավունք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետութ­յան օրենսդրությանը համապատասխան:

Օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրավունք ունի պահպանելու իր ազգային լեզուն, մշակույթը եւ սովորույթները:

Օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չունի ընտ­րա­կան իրավունք, չի կարող անդամագրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հա­սա­րակական-քաղաքական որեւէ կազմակերպության, չի կարող ընտրվել կամ նշանակվել այնպիսի պաշտոնների կամ զբաղվել այնպիսի գործունեությամբ, որոնց համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված է ունենալ Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության քաղաքացիություն:

Օտարերկրյա քաղաքացին ունի անձնական եւ ընտանեկան կյանքին անօրինական միջա­մտելուց օրենքով պաշտպանվելու, անձի եւ բնակարանի անձեռնմխելիության, հաղոր­դակցության գաղտնիության, պատվի եւ արժանապատվության, կյանքի եւ առողջության, անձնական ազա-տության եւ գույքի դեմ ոտնձգություններից դատական պաշտպանության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացուն հավասար իրավունքներ:

Օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրութ­յամբ սահմանված կարգով ունի սեփականության, աշխատանքի եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք:

Օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կարող է ամուսնանալ կամ ամուսնալուծվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրութ­յամբ սահ-մանված կարգով, ընտանեկան հարաբերություններում ունի Լեռնային Ղարա­բա­ղի Հանրապետության քաղաքացուն հավասար իրավունքներ եւ պարտականություններ:

Օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վճարում է հարկեր, տուրքեր եւ կատարում այլ պարտադիր վճարումներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում ծառայելու պարտականություն չի կրում:

Օտարերկրյա քաղաքացին իր իրավունքները պաշտպանելիս օգտվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքացու իրավունքների իրականացման համար սահմանված բոլոր երաշխիքներից:

Օտարերկրյա քաղաքացուն ձերբակալելիս, կալանելիս, քրեական պատասխանա­տվութ­յան ենթարկելիս կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից նրա ելքն արգե­լելիս համապա-տասխան պաշտոնատար անձինք պարտավոր են ոչ ուշ, քան քսանչորս ժամվա ընթացքում այդ մասին տեղյակ պահել օտարերկրյա քաղաքացու շահերը պաշտ­պանող պետության ներկայացուցչությանը, իսկ փախստականների դեպքում՝ Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գծով գերագույն հանձնակատարին:

Օտարերկրյա քաղաքացին պարտավոր է ոչ ուշ, քան Լեռնային Ղարաբաղի Հանրա­պե­տություն մուտքի արտոնագրի կամ կացության ժամկետի լրանալը, հեռանալ Լեռնային Ղարա-բաղի Հանրապետությունից:

Օտարերկրյա քաղաքացու՝ իր իրավունքներից եւ ազատություններից օգտվելը չպետք է վնաս հասցնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների, այլ անձանց իրավունք-ներին եւ ազատություններին, հասարակական կարգին, ընդհանուր բարեկեցութ­յանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությանը:

 

ԳԼՈՒԽ 4

 

ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

Հոդված 25. Կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների

                   իրավունքները եւ պարտականությունները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացուն հավա­սար իրավունք ունի ժառանգելու, կտակելու կամ նվիրաբերելու իր սեփականությունը, օգտվելու ապահովագրական, թաղման եւ այլ ծառայություններից, անդամակցելու բարե­գոր­ծա­կան, մշակութային, մարզական եւ այլ հասարակական կազմա­կերպություններին:

Կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին կարող է անդամակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող միջազգային կազմակերպութ­յուն­ներին:

Կացության կարգավիճակն օտարերկրյա քաղաքացուն տալիս է Լեռնային Ղարա­բաղի Հանրապետություն մուտք գործելու եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ելքի իրավունք:

Կացության ժամանակավոր, սովորական եւ հատուկ կարգավիճակ ունեցող օտար­երկրյա քաղաքացին իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հրավիրել իր մերձավոր ազգականներին: Հրավերի փաստաթղթեր տալու դիմաց գանձնվում է վճար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով:

Կացության բացառիկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացու՝ այլ անձանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հրավիրելու իրավունքը կարգավորվում է միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 26. Կացության ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա

                    քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները

 

Կացության ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին Լեռնա­յին Ղարաբաղի Հանրապետությունում աշխատանքի իրավունք ստանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Կացության ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործելը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ելքը չի սահմանափակվում:

Օտարերկրացի ուսանողի արտերկրյա երթեւեկության իրավունքը կանոնավորվում է ուսումնական հաստատության կողմից թույլատրված ժամկետով:

Կացության ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին իր կացութ­յան ժամկետում կարող է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծել անձնական օգտա-գործման մեկ ավտոմեքենա:

Կացության ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության թույլ­տվության իրավունք չունի խախտել կամ փոխել կացության նպատակը:

Կացության ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին իր ֆինանսա-կան, տնտեսական, առեւտրական գործարքները կնքում է Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 27. Կացության սովորական կարգավիճակ ունեցող օտարերկրյա

                    քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները

 

Կացության սովորական կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ունի աշխատանքի, սոցիալական ապահովության իրա­վունք, կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, օգտվել ապահո­վա­գրա­կան ծառա-յություններից:

Կացության սովորական կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աշխատում է պայմանագրային կարգով: Օտարերկրյա քա­­ղաքացու աշխատանքային պայմանագրի պատճենը ներկայացվում է Լեռնային Ղարա­բա­ղի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան մարմին­ներին:

Օտարերկրյա քաղաքացու աշխատանքի ժամկետը ավարտվում է կացության ժամկետի ավարտման հետ միաժամանակ:

Կացության սովորական կարգավիճակ ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում օտարերկրյա քաղաքացին կարող է առանց տուրք մուծելու Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետություն ներմուծել անհատական գործածության իրեր, անձնական օգտագործ­ման մեկ ավտոմեքենա, տնային գույք: Սեփականություն հանդիսացող այլ գույք ներմու­ծելիս օտարերկրյա քաղաքացին վճարում է մաքսատուրք՝ օրենքով սահմանված կարգով:

Կացության սովորական կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին տարին մեկ անգամ ներկայանում է գրանցման, տարվա ընթացքում չի կարող բացակայել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից վեց ամսից ավելի ժամկետով, եթե նախօրոք չի ստացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության գրավոր համաձայնությունը՝ պայմանով, որ այն չի գերազանցում մեկ տարվա անընդմեջ ժամկետը, մուծում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահման­ված տարեկան վճարը:

Կացության սովորական կարգավիճակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութ­յու­նում երեք տարի բնակված օտարերկրյա քաղաքացին կարող է դիմել Լեռնային Ղարա­բա­ղի Հանրապետության քաղաքացիություն ստանալու խնդրանքով: Այս դեպքում նրա կա­ցութ­յան կարգավիճակի ժամկետը երկարաձգվում է մեկ տարով, որի ընթացքում նա առանց ներքին գործերի նախարարության գրավոր թույլտվության չի կարող բացակայել հանրապետությունից:

 

Հոդված 28. Կացության հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների

                    իրավունքներն ու պարտականությունները

 

Կացության հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ունի աշխատանքի իրավունք, կարող է զբաղվել ձեռ­նար­կա­տիրական գործունեությամբ՝ կացության սովորական կարգավիճակ ունեցող օտար­երկրյա քաղաքացիների համար սահմանված կարգով:

Նա ազատվում է մուտքի արտոնագրի վճարից:

Կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձը պարտավոր է տարին մեկ անգամ ներկայանալ արտասահմանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտա­կան կամ հյուպատոսական ներկայացուցչություն, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետութ­յան տարածքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նա­խա­րարության համապատասխան մարմին՝ հաշվառման համար:

 

Հոդվաժ 29. Կացության բացառիկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների

                    իրավունքներն ու պարտականությունները

 

Կացության բացառիկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացու իրավունք­ներն ու պարտականությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետութ­յան միջազգային պայմանագրերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով:

Կացության բացառիկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին ունի անձի անձեռնմխելիության իրավունք՝ միջազգային պայմանագրերին եւ Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության օրենսդրությանը համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 5

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 

Հոդված 30. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա

                    քաղաքացիների պատասխանատվությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացին օրենքի առջեւ կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացուն հավասար պատաս­խա­նատվություն, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահման­ված դեպքերի:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կացության սահմանված կարգը խախ­տելու, առանց կացության կարգավիճակը հաստատող փաստաթղթերի կամ անվավեր փաս­տաթղթերով բնակվելու, հաշվառման սահմանված կարգը խախտելու, կացության կամ մուտքի արտոնագրի ժամկետի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տութ­յունից չհեռանալու, մաքսային կանոններին չենթարկվելու դեպքերում օտարերկրյա քաղաքացին ենթարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:

 

Հոդված 31. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից օտարերկրյա 

                    քաղաքացիների վարչական վտարումը

 

Օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից կարող է վտար­վել վարչական կարգով, եթե նրա գործունեությունը սպառնում է Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության ազգային անվտանգությանը, հասարակական կարգին եւ բարքերին, քաղաքացիների իրավունքներին եւ ազատություններին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

 

Հոդված 32. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից օտարերկրյա

                    քաղաքացիների վարչական վտարման կարգը

 

Վարչական կարգով օտարերկրյա քաղաքացու վտարման մասին որոշումը, բացա­ռութ­յամբ կացության բացառիկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացի­ների, ընդու­նում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարը՝ իր կող­մից կազմված հանձ-նաժողովի եզրակացության հիման վրա: Հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունի օտարերկրյա քաղաքացու շահերը պաշտպանող պետութ­յան ներկայացուցիչը:

Կացության բացառիկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների վարչա­կան վտարմ՝ան որոշումն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառա­վարութ­յան կողմից սահմանված կարգով:

Վարչական վտարման մասին որոշումը յոթնօրյա ժամկետում կարող է գանգա­տարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին՝ վտարվող օտարերկրյա քաղաքացու կամ նրա շահերը պաշտպանող պետության ներկայացուցչի կողմից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետն իր որոշման մասին մեկամսյա ժամկետում տեղեկացնում է գանգատարկողին:

Վարչական կարգով վտարված օտարերկրյա քաղաքացին կարող է վերադառնալ մի­այն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարի, իսկ կա­ցութ­­յան բացառիկ կարգավիճակ ունեցողը՝ արտաքին գործերի նախարարի թույլտվությամբ:

 

Հոդված 33. Օտարերկրյա քաղաքացիների արտաքսումը

 

Օտարերկրյա քաղաքացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտա­քսվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպ­քերում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանը օտարերկրյա քաղա­քացու նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտաքսումը կարող է նշանակել որպես լրացուցիչ պատիժ: Եթե ազատազրկման ժամկետը չի գերազանցում երկու տարին, այն կարող է փոխարինվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտաքսմամբ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը կարող է օտարերկրյա քաղա­քացու նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանի նշանակած ազատազրկման պատիժը կամ նրա մի մասը փոխարինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտաքսմամբ:

Օտարերկրյա քաղաքացուն արտաքսելու մասին դատարանը տասնօրյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով տեղյակ է պահում օտարերկրյա քաղաքացու շահերը պաշտպանող ներկայացուցչությանը:

 

Հոդված 34. Օտարերկրյա քաղաքացիների հանձնումը քրեական հանցագործների

                    փոխանակման համաձայնագրով

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող այն օտարերկրյա քաղաքացին, որը մեղադրվում է որեւէ պետության տարածքում հանցագործություն կատարելու մեջ եւ որի հանձնման պահանջ է ներկայացվում այդ պետության կամ միջազգային կազմա­կերպության կողմից, հանձնվում է պահանջող կողմին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 6

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 35.  Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

       

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                            Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ 

 

 

 

 

31 օգոստոսի 2001 թ.                                 

ք. Ստեփանակերտ

ՀՕ-160