Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և գանգատները քննարկելու կարգի մասին

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` քաղաքացիներ) կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց դիմելու` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքի իրացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգը:

2. Սույն օրենքը չի տարածվում քաղաքացիների առաջարկությունների« դիմումների և բողոքների քննարկման այն կարգի վրա, որը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով:

 

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) առաջարկություն` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության կատարելագործմանը, հասարակական հարաբերությունների զարգացմանը, սոցիալ-տնտեսական և այլ ոլորտներում պետության և հասարակության գործունեության բարելավմանն ուղղված քաղաքացու առաջարկ.

2) դիմում՝ իր կամ այլ անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների իրագործմանն աջակցելու վերաբերյալ քաղաքացու խնդրանք կամ հաղորդում օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի խախտման փաստերի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց աշխատանքում տեղ գտած թերությունների վերաբերյալ կամ նշված մարմինների գործունեության քննադատություն.

3) բողոք` իր կամ այլ անձի խախտված իրավունքները, ազատությունները և օրինական շահերը պաշտպանելու կամ վերականգնելու վերաբերյալ քաղաքացու խնդրանք.

4) դիմող` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց առաջարկություն, դիմում կամ բողոք ներկայացրած անձ.

5) պաշտոնատար անձ` մշտապես, ժամանակավոր կամ հատուկ լիազորությամբ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպակարգադրական, վարչատնտեսական գործունեություն իրականացնող անձ:

 

Հոդված 3. Առաջարկություն, դիմում և բողոք ներկայացնելու քաղաքացու իրավունքը


1. Քաղաքացիներն իրավունք ունեն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց դիմել անձամբ, ինչպես նաև ուղարկել անհատական կամ կոլեկտիվ առաջարկություններ, դիմումներ և բողոքներ:

2. Առաջարկություններ, դիմումներ և բողոքներ ներկայացնելու իրավունքը քաղաքացիներն իրացնում են ազատ և կամավոր: Առաջարկություններ, դիմումներ և բողոքներ ներկայացնելու իրավունքի իրագործումը չպետք է խախտի այլ անձանց իրավունքներն ու ազատությունները:

3. Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկումն իրականացվում է անվճար:

 

Հոդված 4. Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման 

              հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորումը

 

1. Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և այլ օրենքներով:

2. Օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել առաջարկություններ, դիմումներ և բողոքներ ներկայացնելու` քաղաքացիների իրավունքի պաշտպանությանն ուղղված դրույթներ, այդ թվում նաև` սահմանվել առաջարկություններ, դիմումներ և բողոքներ ներկայացնելու քաղաքացիների իրավունքի լրացուցիչ երաշխիքներ:

 

Հոդված 5. Առաջարկության, դիմումի և բողոքի քննարկման ժամանակ քաղաքացու

             իրավունքները 

 

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց կողմից առաջարկության, դիմումի կամ բողոքի քննարկման ժամանակ քաղաքացին իրավունք ունի`

1) ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր և նյութեր կամ դիմել դրանք այլ մարմիններից կամ պաշտոնատար անձանցից պահանջելու խնդրանքով.

2) ծանոթանալ առաջարկության, դիմումի կամ բողոքի քննարկման հետ կապված փաստաթղթերին և նյութերին, եթե դրանով չեն խախտվում այլ անձանց իրավունքները, ազատությունները և օրինական շահերը կամ եթե այդ փաստաթղթերն ու նյութերը չեն պարունակում պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկություններ.

3) ստանալ գրավոր պատասխան գրավոր առաջարկությունում, դիմումում կամ բողոքում առաջադրված հարցերի շուրջ, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, ինչպես նաև ստանալ ծանուցում գրավոր առաջարկությունը, դիմումը կամ բողոքը այն պետական և տեղական ինքնակառավարման մարմնին կամ պաշտոնատար անձին վերահասցեագրելու վերաբերյալ, որոնց անմիջական ենթակայությանն է վերապահված առաջադրված հարցերի լուծումը.

4) օրենսդրությանը համապատասխան վարչական կամ դատական կարգով բողոքարկել առաջարկության, դիմումի կամ բողոքի քննարկման արդյունքում ընդունված որոշումը կամ կատարված գործողությունը (անգործությունը).

5) ներկայացնել դիմում առաջարկության, դիմումի կամ բողոքի քննարկումը դադարեցնելու վերաբերյալ:

 

Հոդված 6. Առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման հետ կապված

              քաղաքացու անվտանգության երաշխիքները 

 

1. Արգելվում է քաղաքացու հետապնդումը` կապված նրա կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց գործունեությունը քննադատելու, իր կամ ուրիշի խախտված իրավունքները, ազատությունները և օրինական շահերը պաշտպանելու կամ վերականգնելու նպատակով նշված մարմիններին կամ պաշտոնատար անձանց առաջարկություն« դիմում կամ բողոք ներկայացնելու հետ:

2. Առանց դիմողի համաձայնության արգելվում է առաջարկությունում, դիմումում կամ բողոքում պարունակվող տեղեկությունների, ինչպես նաև դիմողի անձնական կյանքին վերաբերող տեղեկությունների հրապարակումը: Գրավոր առաջարկության, դիմումի կամ բողոքի վերահասցեագրումը իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին կամ պաշտոնատար անձանց` առաջարկությունում, դիմումում կամ բողոքում պարունակվող տեղեկությունների հրապարակում չի համարվում:

 

Հոդված 7. Գրավոր առաջարկությանը, դիմումին և բողոքին ներկայացվող պահանջները

 

Քաղաքացու գրավոր առաջարկությունը, դիմումը և բողոքը պետք է պարունակի`

1) դիմողի անունը, ազգանունը.

2) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը կամ համապատասխան պաշտոնատար անձի անունը, ազգանունը կամ պաշտոնը, որին հասցեագրված է առաջարկությունը, դիմումը կամ բողոքը.

3) առաջարկության, դիմումի կամ բողոքի էությունը.

4) դիմողի փաստարկները հիմնավորող փաստաթղթերի և նյութերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են).

5) դիմողի փոստային հասցեն, որով պետք է ուղարկվի պատասխանը.

6) առաջարկությունը, դիմումը կամ բողոքը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.

7) դիմողի ստորագրությունը:

 

Հոդված 8. Գրավոր առաջարկության, դիմումի և բողոքի ներկայացման և գրանցման     

              կարգը

 

1. Քաղաքացիներն իրենց առաջարկությունները և դիմումները ներկայացնում են այն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, որոնց անմիջական իրավասությանն է վերապահված տվյալ հարցի լուծումը: Բողոքները տրվում են այն մարմիններին կամ պաշտոնատար անձանց, որոնց անմիջականորեն ենթակա է այն մարմինը կամ պաշտոնատար անձը« որի գործողությունները բողոքարկվում են:

2. Քաղաքացիների կողմից ստացված գրավոր առաջարկությունները« դիմումները և բողոքները ստացման օրվանից եռօրյա ժամկետում ենթակա են պարտադիր գրանցման:

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները« պաշտոնատար անձինք« որոնց իրավասությանը չի վերապահվում գրավոր առաջարկություններում« դիմումներում« բողոքներում առաջարկված հարցերի լուծումը« դրանք ոչ ուշ« քան գրանցման օրվանից հնգօրյա ժամկետում ուղարկում են ըստ պատկանելության` այդ մասին գրավոր ծանուցելով դիմողին:

4. Այն դեպքում, երբ գրավոր առաջարկություններում« դիմումներում« բողոքներում առաջադրված հարցերի լուծումը վերապահված է մի քանի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց, գրավոր առաջարկության, դիմումի կամ բողոքի պատճենը գրանցման օրվանից հնգօրյա ժամկետում ուղարկվում է համապատասխան մարմիններին կամ պաշտոնատար անձանց:

5. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք գրավոր առաջարկությունը« դիմումը կամ բողոքը իրավասու պետական մարմնին« տեղական ինքնակառավարման մարմնին կամ պաշտոնատար անձին ուղարկելիս, անհրաժեշտության դեպքում իրավունք ունեն տեղեկացվել գրավոր առաջարկության« դիմումի կամ բողոքի քննարկման արդյունքների մասին:

6. Արգելվում է քաղաքացիների բողոքները քննարկման համար ուղարկել այն պետական մարմնին« տեղական ինքնակառավարման մարմնին կամ պաշտոնատար անձանց« որոնց որոշումները, գործողությունները կամ անգործությունը բողոքարկվում են:

7. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված սահմանափակման հետևանքով անհնար է բողոքները լուծման համար ուղարկել այն պետական մարմնին« տեղական ինքնակառավարման մարմնին կամ պաշտոնատար անձին« որի իրավասությանն է վերապահված տվյալ հարցի լուծումը, բողոքը վերադարձվում է  դիմողին, պարզաբանելով սահմանված կարգով համապատասխան որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատական կարգով բողոքարկելու նրա իրավունքը:

 

 Հոդված 9. Առաջարկությունների« դիմումների և բողոքների քննության ընդունելու

               պարտադիր լինելը

 

1. Առաջարկությունները, դիմումները և բողոքները, որոնք տրվել են իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին կամ պաշտոնատար անձանց, ենթակա են պարտադիր քննարկման:

2. Անհրաժեշտության դեպքում առաջարկությունը, դիմումը կամ բողոքը քննարկող  պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը կարող է ապահովել դրա քննարկումը տեղում:

 

Հոդված 10. Առաջարկությունների« դիմումների և բողոքների քննարկումը

 

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք պարտավոր են՝

1) ընդունել և իրենց լիազորությունների սահմաններում, սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, քննարկել քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները, պատասխանել դրանց և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ.

2) ապահովել յուրաքանչյուր առաջարկության, դիմումի« բողոքի՝ օբյեկտիվ, ժամանակին ու համակողմանի քննարկումը, դրանց առթիվ հիմնավորված որոշումների ընդունումն ու փաստացի կատարումը.

3) անհրաժեշտության դեպքում այլ պետական մարմնից, տեղական ինքնակառավարման մարմնից և պաշտոնատար անձից պահանջել առաջարկության, դիմումի« բողոքի քննարկման համար անհրաժեշտ փաստաթղթեր և նյութեր.

4) ծանուցել դիմողին` առաջարկությունը« դիմումը կամ բողոքը այն պետական մարմնին, տեղական ինքնակառավարման մարմնին կամ պաշտոնատար անձին ուղարկելու մասին, որի իրավասությանն է վերապահված տվյալ հարցի լուծումը.

5) միջոցներ ձեռնարկել քաղաքացիների խախտված իրավունքները, ազատությունները և օրինական շահերը վերականգնելու կամ պաշտպանելու ուղղությամբ:

2. Առաջարկությունը, դիմումը կամ բողոքը քննարկող պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հարցումով այլ պետական մարմինները« տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք պարտավոր են 15-օրյա ժամկետում տրամադրել առաջարկությունը, դիմումը կամ բողոքը քննարկելու համար անհրաժեշտ փաստաթղթեր և նյութեր, բացառությամբ այն փաստաթղթերի կամ նյութերի, որոնք պարունակում են պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկություններ և որոնց համար սահմանված է տրամադրման հատուկ կարգ:

3. Առաջարկության« դիմումի կամ բողոքի պատասխանը ստորագրում է պետական մարմնի« տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը կամ պաշտոնատար անձը կամ նման լիազորություն ունեցող անձը:

 

Հոդված 11. Առանձին տեսակի առաջարկությունների, դիմումների և բողոքների

               քննարկման առանձնահատկությունները

 

1. Այն դեպքում, երբ գրավոր առաջարկությունում, դիմումում կամ բողոքում նշված չէ դիմողի ազգանունը կամ փոստային հասցեն, որով պետք է ուղարկվի պատասխանը, առաջարկությունը« դիմումը կամ բողոքը չի քննարկվում: Գրավոր առաջարկությունը, դիմումը կամ բողոքը չի քննարկվում նաև այն դեպքում, եթե պարզվում է, որ դիմողի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են:

2. Գրավոր առաջարկությունը, դիմումը կամ բողոքը, որում բողոքարկվում է դատական ակտ, վերադարձվում է դիմողին` պարզաբանելով տվյալ դատական ակտի բողոքարկման կարգը:

3. Անպարկեշտ կամ վիրավորական արտահայտություններ, պաշտոնատար անձի կամ նրա ընտանիքի անդամների կյանքին, առողջությանը կամ գույքին սպառնալիք պարունակող գրավոր առաջարկությունները, դիմումները կամ բողոքները պետական մարմինների« տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց կողմից կարող են թողնվել առանց քննարկման` դիմողին հայտնելով իրավունքի չարաշահման անթույլատրելիության մասին:

4. Այն դեպքում, երբ գրավոր առաջարկության« դիմումի կամ բողոքի տեքստն անընթեռնելի է, առաջարկության, դիմումի կամ բողոքի պատասխանը չի տրվում և այն ենթակա չէ ուղարկման իրավասու պետական մարմնին, տեղական ինքնակառավարման մարմնին կամ պաշտոնատար անձին: Այդ մասին հայտնվում է դիմողին, եթե նրա ազգանունը և փոստային հասցեն ընթերցվում են:

5. Այն դեպքում, երբ գրավոր առաջարկությունում« դիմումում կամ բողոքում պարունակվող հարցի շուրջ դիմողին բազմաթիվ անգամ տրվել են ըստ էության պատասխաններ և առաջարկությունում, դիմումում կամ բողոքում ներկայացված չեն նոր փաստարկներ կամ հանգամանքներ, պետական մարմնի« տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը, պաշտոնատար անձը կամ լիազոր այլ անձն իրավունք ունի որոշում կայացնել հերթական առաջարկության, դիմումի կամ բողոքի անհիմն լինելու և դիմողի հետ տվյալ հարցով նամակագրությունը դադարեցնելու վերաբերյալ, եթե նշված առաջարկությունը, դիմումը կամ բողոքը և նախկինում ներկայացված առաջարկությունները, դիմումները կամ բողոքները հասցեագրված են եղել նույն պետական մարմնին, տեղական ինքնակառավարման մարմնին կամ պաշտոնատար անձին: Նշված որոշման մասին դիմողին ուղարկվում է ծանուցում:

6. Այն դեպքում, երբ գրավոր առաջարկությունում« դիմումում կամ բողոքում պարունակվող հարցի շուրջ չի կարող տրվել ըստ էության պատասխան` առանց պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկություններ հրապարակելու, դիմողին հայտնվում է նշված տեղեկությունների հրապարակման անթույլատրելիության պատճառով հարցի շուրջ ըստ էության պատասխանի տրման անհնարինության մասին:

7. Այն դեպքում, երբ գրավոր առաջարկությունում« դիմումում կամ բողոքում պարունակվող հարցի շուրջ ըստ էության պատասխան տալու անհնարինության պատճառները հետագայում վերացվել են, քաղաքացին իրավունք ունի կրկին դիմել համապատասխան պետական մարմնին, տեղական ինքնակառավարման մարմնին կամ պաշտոնատար անձին:

 

Հոդված 12. Գրավոր առաջարկությունների« դիմումների և բողոքների քննարկման

                ժամկետները

 

1. Գրավոր առաջարկությունը, դիմումը կամ բողոքը, որը տրվել է իրավասու պետական մարմնին, տեղական ինքնակառավարման մարմնին կամ պաշտոնատար անձին, քննարկվում է մուտքագրման օրվանից 30-օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում չպահանջող առաջարկությունները, դիմումներն ու բողոքները՝ 15 օրից ոչ ուշ:

2. Այն դեպքում, երբ գրավոր առաջարկությանը, դիմումին կամ բողոքին ընթացք տալու համար անհրաժեշտ է կատարել ստուգում« պահանջել լրացուցիչ նյութեր կամ ձեռնարկել այլ միջոցներ, ինչպես նաև սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում առաջարկության, դիմումի կամ բողոքի քննարկման ժամկետները« բացառության կարգով, համապատասխան մարմնի ղեկավարը կամ իրավասու պաշտոնատար անձը կարող է երկարաձգել, բայց ոչ ավելի, քան 30 օրով՝ այդ մասին հայտնելով դիմողին:

3. Առանձին դեպքերում քաղաքացիների դիմումներն ու բողոքները վերցվում են հատուկ հսկողության և դրանց կատարման համար սահմանվում են անհատական ժամկետներ: Քաղաքացիների դիմումներն ու բողոքները հատուկ հսկողության վերցնելու և պատասխան պահանջելու իրավունք ունեն պետական իշխանության մարմինները, դիմումներին ու բողոքներին ընթացք տվող մարմինների վերադաս մարմինները:

4. Գրավոր առաջարկությունների, դիմումների և բողոքների ընթացքը համարվում է ավարտված, երբ ըստ էության ձեռնարկված միջոցառումների մասին պատասխանվել է քաղաքացուն: Պատասխանը տրվում է գրավոր կամ հեղինակի համաձայնությամբ՝ բանավոր:

 

Հոդված 13. Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման կարգը


1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների անհատական ընդունելությունը կատարվում է դրանց ղեկավարների կամ լիազորված պաշտոնատար անձանց կողմից: Ընդունելությունը կատարվում է ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ՝ քաղաքացիներին հայտնված օրերին և ժամերին:

2. Անհատական ընդունելության ժամանակ քաղաքացին պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ:

3. Բանավոր առաջարկության, դիմումի կամ բողոքի բովանդակությունը արձանագրվում է քաղաքացիների անհատական ընդունելության մատյանում:

4. Քաղաքացիների անհատական ընդունելության ժամանակ նրանց գրավոր առաջարկությունները, դիմումներն ու բողոքները ենթակա են գրանցման և քննարկման` սույն օրենքով սահմանված կարգով:

5. Այն դեպքում, երբ առաջարկությունում« դիմումում կամ բողոքում պարունակվում են հարցեր, որոնց լուծումը չի մտնում տվյալ պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի իրավասության մեջ, քաղաքացուն պարզաբանվում է, թե ում և ինչ կարգով անհրաժեշտ է դիմել:

6. Եթե քաղաքացու կողմից ներկայացված առաջարկության, դիմումի կամ բողոքի վերաբերյալ նախկինում տրվել է ըստ էության պատասխան, ապա անհատական ընդունելության ժամանակ կարող է մերժվել նույն հարցով քաղաքացու դիմումի հետագա քննարկումը:

 

Հոդված 14. Առաջարկությունների« դիմումների և բողոքների քննարկման կարգի 

               պահպանման նկատմամբ վերահսկողությունը

 

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք իրենց իրավասության սահմաններում իրականացնում են առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն, կատարում են ստացված առաջարկությունների, դիմումների և բողոքների վերլուծություն, ինչպես նաև միջոցներ են ձեռնարկում քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի խախտման պատճառները ժամանակին հայտնաբերելու և վերացնելու ուղղությամբ:

 

Հոդված 15. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար


Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման` սույն օրենքով սահմանված կարգի խախտման համար մեղավոր անձինք պատասխանատվության են ենթարկվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 16. Օրենքի ուժի մեջ մտնելը


1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Քաղաքացիների առաջարկությունները« դիմումները և գանգատները քննարկելու կարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1996 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-24  օրենքը:

 

 


 
   ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   ՆԱԽԱԳԱՀ`                                                                                                                     Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

19 նոյեմբերի 2009թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-57-Ն