Սույն օրենքը սահմանում է քաղաքացիական պաշտպանության սկզբունքները, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա քաղաքացիների (այսուհետ՝ քաղաքացիներ) իրավունքներն ու պարտականությունները քաղաքացիական պաշտպանության բնագավառում:
Ընդունված է 2004թ. մարտի 10-ին
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
քաղաքացիական պաշտպանություն՝ միջոցառումների համակարգ՝ ուղղված բնակչության և նյութական արժեքների պաշտպանությանը կամ պաշտպանության նախապատրաստմանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում.
քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածք՝ բնակավայր, հատուկ, կարևորագույն ու պատմամշակութային նշանակության օբյեկտներ ընդգրկող տարածք.
հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտներ՝ պետական և ռազմավարական նշանակության, բարձր վտանգավորություն ունեցող ու բնակչության կենսագործունեությունն ապահովող օբյեկտներ.
քաղաքացիական պաշտպանության ծառայություններ՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում՝ իրենց իրավասության սահմաններում, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումն ապահովելու համար ստեղծված ծառայություններ.
քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ՝ համայնքներում, կազմակերպություններում ստեղծվող կազմավորումներ, որոնք հանդերձավորված են փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների համար նախատեսված տեխնիկայով, հանդերձանքով, գույքով ու նախատեսված են իրականացնելու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ և չեն մտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կազմի մեջ.
անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ՝ առաջնահերթ աշխատանքներ՝ ուղղված մարդկանց կյանքին և առողջությանն սպառնացող այնպիսի գործոնների ազդեցության վտանգի վերացմանը, որոնք խոչընդոտում են մարդկանց որոնելուն և փրկելուն, ինչպես նաև շենքերի, շինությունների ամրացմանը կամ փլմանը, հեղուկ վառելիքի, գազի, էլեկտրաէներգիայի և ջրի աղբյուրների վթարային անջատմանը, բնակչության ու փրկարարների կենսաապահովման առաջնահերթ օբյեկտները ժամանակավոր սխեմաներով վերականգնմանը, վերանորոգմանը և տարածքի սանիտարական մաքրմանը:
Հոդված 2. Քաղաքացիական պաշտպանության իրավական հիմքը
Քաղաքացիական պաշտպանության իրավական ապահովման հիմքն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը, սույն օրենքը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ օրենքներն ու իրավական ակտերը:
Հոդված 3. Քաղաքացիական պաշտպանության համակարգը
Քաղաքացիական պաշտպանության համակարգը ներառում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները:
Գ Լ ՈՒ Խ 2
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ
Հոդված 4. Քաղաքացիական պաշտպանության սկզբունքները
Քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը պետության կարեվորագույն գործառույթներից մեկն է և ազգային անվտանգության բաղկացուցիչ ու անբաժանելի մասն է:
Պետությունը քաղաքացիական պաշտպանության խնդիրներին պատրաստվում է նախապես՝ խաղաղ պայմաններում:
Քաղաքացիական պաշտպանության սկզբունքներն են՝
ա) քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում.
բ) քաղաքացիական պաշտպանության իրականացումը տարբերակված՝ ըստ ռազմավարական, տարիքային, տարածքային, արտադրականտարածքային առանձնահատկությունների.
գ) քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը կենտրոնացված կառավարման սկզբունքով:
Հոդված 5. Քաղաքացիական պաշտպանության ձևերը
Քաղաքացիական պաշտպանության ձևերն են՝ տարահանումը, պատսպարումը և անհա-տական պաշտպանության միջոցներով ապահովումը, որոնք իրականացվում են Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Գ Լ ՈՒ Խ 3
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄիՋՈՑԱՌ ՈՒՄՆԵՐԸ
Հոդված 6. Քաղաքացիական պաշտպանության միջոցառումները
Քաղաքացիական պաշտպանության միջոցառումները բաժանվում են նախապատրաստա-կան և հիմնական միջոցառումների:
Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումներն իրականաց-վում են նախապես:
Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումներն իրականացվում են Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առ-կայության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում:
Հոդված 7. Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումները
Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումներն են՝
ա) քաղաքացիական պաշտպանության ուժերի ստեղծումը, պատրաստումը և մշտական պատրաստվածության ապահովումը.
բ) քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից՝ բնակավայրերի, գործառնական այլ տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն հատակագծման նախագծերում հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների գործունեության կայունության ապահովումը և նպատակահարմար տեղաբաշխումը.
գ) շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների, տրանսպորտային հաղորդակցության ուղիների և մայրուղիների շինարարության անվտանգության ու հուսալիության ապահովումը, վտանգավոր օբյեկտների անվտանգ գործունեության ապահովումը.
դ) կառավարման, կապի ու ազդարարման համակարգերի հիմնումը և դրանց բնականոն գործունեության ապահովումը.
ե) պետական, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ կառավարման մարմիններ) ու կազմակերպությունների պատրաստումը և բնակչության ուսուցումը.
զ) ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի ստեղծումը և գործունեության ապահովումը.
է) կառավարման մարմինների և բնակչության իրազեկման ապահովման համակարգի հիմնումը.
ը) պաշտպանական կառույցների շինարարությունը և պահպանումը.
թ) անհատական պաշտպանության միջոցների ու քաղաքացիական պաշտպանության նպատակով այլ գույքի անհրաժեշտ պաշարների կուտակումը և պահպանումը.
ժ) սննդամթերքի, բժշկական ու նյութատեխնիկական անհրաժեշտ պաշարների ստեղծումը և պահպանումը.
ժա) քաղաքացիական պաշտպանության պլանների մշակումը:
Սույն հոդվածում նշված միջոցառումներն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 8. Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումները
Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումներն են՝
ա) կառավարման մարմինների և բնակչության ազդարարումը.
բ) տարահանումը և տեղաբաշխումը.
գ) պատսպարումը.
դ) անհատական պաշտպանության միջոցներով բնակչության ապահովումը.
ե) քողարկումը.
զ) փրկարարական աշխատանքների իրականացումը.
է) բժշկական ապահովումը.
ը) հակահրդեհային ապահովումը.
թ) վտանգավոր տարածքների բացահայտումը, վնասազերծումն ու վարակազերծումը ճառագայթային, քիմիական և մանրէաբանական միջոցներից.
ժ) բնակչության կենսագործունեության ապահովումը.
ժա) զոհվածների հաշվառումը և հուղարկավորումը.
ժբ) շրջակա միջավայրի, ջրի, սննդամթերքի վիճակի ու վարակվածության դիտարկման և հսկողության մշտական իրականացման ուժեղացումը.
ժգ) կառավարման մարմինների և բնակչության իրազեկման ապահովումը.
ժդ) քիմիական, ճառագայթային և մանրէաբանական ապահովումը.
ժե) անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարումը.
ժզ) հասարակական կարգի ապահովումը, ինչպես նաև հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանման ուժեղացումը.
ժէ) նյութատեխնիկական պաշարների, տրանսպորտային և այլ միջոցների նպատակային օգտագործման ապահովումը.
ժը) փրկարարական աշխատանքների կազմակերպման ու իրականացման համար կապի հանրապետական, գերատեսչական և տեղական ցանցերի առաջնահերթ օգտագործումը:
Սույն հոդվածում նշված միջոցառումներն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Գ Լ ՈՒ Խ 4
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 9. Քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետն է:
Քաղաքացիական պաշտպանության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) ղեկավարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալն է:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարները (գերատեսչությունների ղեկավարները), շրջանների վարչակազմերի ղեկավարները (Ստեփանակերտի քաղաքապետը), համայնքների և կազմակերպությունների ղեկավարները համապատասխանաբար նախարարությունների (գերատեսչությունների), շրջանների (Ստեփանակերտ քաղաքի), համայնքների քաղաքացիական պաշտպանության պետերն են:
Լիազորված մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները շրջանների (Ստեփանակերտ քաղաքի) քաղաքացիական պաշտպանության պետերի տեղակալներն են£
Քաղաքացիական պաշտպանության պետերն իրենց իրավասության սահմաններում՝
ա) պատասխանատվություն են կրում քաղաքացիական պաշտպանության պատրաստականության համար.
բ) կազմակերպում և ղեկավարում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը.
գ) հաստատում և գործողության մեջ են դնում քաղաքացիական պաշտպանության պլանները.
դ) արձակում են քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող որոշումներ, հրամաններ, հրահանգներ.
ե) վերահսկում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարումը.
զ) իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Գ Լ ՈՒ Խ 5
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրավասությունը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը`
ա) իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ընդհանուր ղեկավարումը.
բ) ապահովում է քաղաքացիական պաշտպանության բնագավառում պետական միասնական քաղաքականության իրականացումը.
գ) սահմանում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման կարգը.
դ) հաստատում է քաղաքացիական պաշտպանության զարգացման ծրագրերը և վերահսկում է դրանց կատարումը.
ե) սահմանում է քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածքների ցանկը՝ ըստ վտանգավորության աստիճանի.
զ) սահմանում է քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ու կազմավորումների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը.
է) հաստատում է հատուկ, կարևորագույն օբյեկտների, ինչպես նաև առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննության իրականացման կարգը.
ը) հաստատում է բնակչության ազդարարման և իրազեկման կարգը.
թ) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 11. Լիազորված մարմնի իրավասությունը
Լիազորված մարմինը՝
ա) մշակում է քաղաքացիական պաշտպանության պլաններ և ծրագրեր, ապահովում է դրանք սահմանված կարգով հաստատման ներկայացնելը և կազմակերպում է դրանց կատարումը.
բ) համակարգում և վերահսկում է կառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը քաղաքացիական պաշտպանության բնագավառում.
գ) կազմակերպում է կառավարման մարմինների պատրաստումն ու բնակչության ուսուցումը.
դ) կազմակերպում է բնակչության ազդարարումն ու իրազեկումը.
ե) կազմակերպում է հատուկ, կարևորագույն օբյեկտների, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից վտանգավորություն ներկայացնող առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննությունը.
զ) համակարգում և վերահսկում է տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների, ֆոնդերի կուտակման գործընթացը և դրանց նպատակային օգտագործումը.
է) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման
հանրապետական մարմինների իրավասությունը
Պետական կառավարման հանրապետական մարմինները՝
ա) կազմակերպում են իրենց համակարգի աշխատողների պաշտպանությունը.
բ) ստեղծում են քաղաքացիական պաշտպանության ծառայություններ.
գ) կազմակերպում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումը և իրականացումը.
դ) կազմակերպում են համակարգի կազմակերպությունների կայուն գործունեությունը.
ե) իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 13. Պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունը
Պետական կառավարման տարածքային մարմինները՝
ա) կազմակերպում և ղեկավարում են քաղաքացիական պաշտպանության միջոցառում-ների իրականացումը շրջանի տարածքում.
բ) մասնակցում են պետական պլաններով և ծրագրերով նախատեսված քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին.
գ) տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին և բնակչությանը ներգրավում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը.
դ) ստեղծում են շրջանային քաղաքացիական պաշտպանության ծառայություններ և ուժեր.
ե) հանձնարարականներ են տալիս պետական կառավարման հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումներին՝ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման վերաբերյալ.
զ) իրականացնում են շրջանի բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարհանումը.
է) իրականացնում են շրջանի բնակչության պատսպարումը և անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը.
ը) իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 14. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը
Տեղական ինքնակառավարման մարմինները՝
ա) կազմակերպում և իրականացնում են համայնքում քաղաքացիական պաշտպանությունը.
բ) իրականացնում են միջոցառումներ՝ համայնքային ենթակայության օբյեկտների անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով.
գ) կազմակերպում են համայնքի քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումը և իրականացումը.
դ) իրականացնում են համայնքի բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանումը, բնակչության պատսպարումը և անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը.
ե) ստեղծում են համայնքային քաղաքացիական պաշտպանության ծառայություններ.
զ) իրականացնում են համայնքի բնակչության ազդարարումը.
է) ստեղծում են քաղաքացիական պաշտպանության կազմակերպման համար անհրաժեշտ ուժեր և ապահովում են այդ ուժերի պատրաստականությունը.
ը) իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություներ:
Հոդված 15. Կազմակերպությունների իրավասությունը
Կազմակերպությունները՝
ա) իրականացնում են իրենց աշխատողների պաշտպանությունը.
բ) ստեղծում են փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ուժեր.
գ) իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Պաշտպանական, տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից բարձր վտանգավորություն ներկայացնող կազմակերպություններն ստեղծում են քաղաքացիական պաշտպանության ծառայություններ: Այդ կազմակերպությունների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 6
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների իրավունքները
և պարտականությունները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունեն՝
ա) ստանալ ճշգրիտ տեղեկություն իրենց պաշտպանվածության աստիճանի մասին.
բ) ստանալ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման հետևանքով կրած վնասների փոխհատուցում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն չունեցող
անձանց և օտարերկրյա քաղաքացիների իրավունքներն ու
պարտականությունները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք և օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են կատարել քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ուղղությամբ քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմինների բոլոր ցուցումները:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք և օտարերկրյա քաղաքացիները քաղաքացիական պաշտպանության միջոցառումներում ներգրավվում են սույն օրենքին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 7
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԸ
Հոդված 18. Քաղաքացիական պաշտպանության ուժերը
Քաղաքացիական պաշտպանության ուժերն են՝
ա) փրկարար ուժերը.
բ) քաղաքացիական պաշտպանության կազմավորումները:
Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին կարող են ներգրավվել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի ստորաբաժանումներ:
Հոդված 19. Փրկարար ուժերը
Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ փրկարարական աշխատանքների կատարման և բնակչությանը մասնագիտացված օգնություն ցույց տալու նպատակով ստեղծվում են փրկարար ուժեր, որոնք մշտական պատրաստության վիճակում են և գործում են կենտրոնացված կառավարման սկզբունքով:
Փրկարար ուժերն ստեղծվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների կազմում:
Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներում ներգրավվում են նաև հասարակական փրկարար միավորումները:
Հոդված 20. Քաղաքացիական պաշտպանության կազմավորումները
Քաղաքացիական պաշտպանության կազմավորումները նախատեսված են փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների կատարման համար:
Քաղաքացիական պաշտպանության կազմավորումները բաժանվում են շրջանային, համայնքային և կազմակերպությունների կազմավորումների:
Կազմակերպությունների կազմավորումներն ստեղծվում են կազմակերպություններում (անկախ կազմակերպաիրավական ձևից):
Համայնքի քաղաքացիական պաշտպանության պետի որոշմամբ կազմակերպությունների կազմավորումները (բացի հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտներից) կարող են միավորվել համայնքային կազմավորումներում:
Շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) քաղաքացիական պաշտպանության պետի որոշմամբ քաղաքացիական պաշտպանության համայնքային (Ստեփանակերտի թաղային) կազմավորումները կարող են միավորվել շրջանային (քաղաքային) կազմավորումներում:
Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կազմավորումները նախատեսված են հանրապետական, շրջանային, համայնքային և կազմակերպության մակարդակներում քաղաքացիական պաշտպանության միջոցառումներն ապահովելու նպատակով:
Գ Լ ՈՒ Խ 8
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 21. Նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման
հիմնական աղբյուրները
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները քաղաքացիական պաշտպանության միջոցառումների նյութատեխնիկական ապահովումն ու ֆինանսավորումն իրականացնում են համապատասխանաբար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների միջոցների հաշվին:
Կազմակերպությունները (անկախ կազմակերպաիրավական ձևից) սույն օրենքով նախա-տեսված լիազորություններն իրականացնում են իրենց միջոցների հաշվին:
Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ պետա-կան սեփականություն չհամարվող գույքի ու այլ արժեքների տիրապետումը և օգտագործումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ հետագա համարժեք փոխհատուցմամբ:
Գ Լ ՈՒ Խ 9
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 22. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար
Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 23. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
8 ապրիլի 2004 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-101