Ընդունվել է 1995թ. նոյեմբերի 9-ին
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը անձի քաղաքական- իրավական կապն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, որն արտահայտվում է նրանց փոխադարձ իրավունքների, պարտականությունների եւ պատասխանատվության համակցության մեջ:
Հոդված 2. Պատկանելիություն Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության քաղաքացիությանը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներ են հանդիսանում այն անձինք, ովքեր օրենսդրական ակտերին համապատասխան ձեռք են բերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն:
Հոդված 3. Իրավական նորմեր Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության քաղաքացիության մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության մասին իրավական նորմեր են հանդիսանում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության հիմունքների մասին» սահմանադրական օրենքը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի կողմից վավերացված նորմատիվային այլ ակտեր եւ միջազգային պայմանագրեր, ինչպես նաեւ սույն օրենքը՝ մինչեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքի ընդունումը:
Հոդված 4. Կրկնակի քաղաքացիություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին կարող է միաժամանակ հանդիսանալ այլ պետության /այլ պետությունների/ քաղաքացի կամ օտարահպատակ եւ կատարել այլ պետության /այլ պետությունների/ քաղաքացու կամ օտարահպատակի պարտականությունները՝ սույն օրենքին համապատասխան, եթե դա նախատեսված է կողմերի միջեւ կնքված միջազգային իրավական ակտերով:
Հոդված 5. Արտասահմանյան պետություններում Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության քաղաքացիության պահպանումը
Արտասահմանյան պետություններում ապրող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին, անկախ այնտեղ գտնվելու ժամկետից, պահպանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներ են հանդիսանում Լեռնային Ղարաբաղում ծնված անձինք, որոնք հարկադրված գաղթել կամ մեկնել են իրենց հայրենիքից դուրս, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայիս տարածքից հեռու վայրեր, ինչպես նաեւ նրանց երեխաներն ու թոռները, որոնք ճանաչում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության հիմունքների մասին» սահմանադրական օրենքը:
Սույն հոդվածի 2-րդ պարբերությունում նշված անձինք լիովին օգտվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների իրավունքներից եւ համապատասխան պարտականություններ ունեն, եթե այլ բան չի սահմանված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան օրենքներով եւ միջազգային համաձայնագրերով:
Հոդված 6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու
պաշտպանությունը արտասահմանյան պետություններում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին արտասահմանյան պետություններում գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ներքո:
Հոդված 7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացուն
արտասահմանյան պետության հանձնելու
անթույլատրելիությունը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը քաղաքացուն արտասահմանյան պետության չի հանձնում, եթե նա միաժամանակ չի հանդիսանում այն պետության քաղաքացին, որի օրենքները խախտվել են, եւ եթե նման հանձնումը չի նախատեսված համապատասխան համաձայնագրով:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ
18 նոյեմբերի 1995 թ.
ք.Ստեփանակերտ