Ընդունված է 2015թ. մարտի 25-ին
Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-201 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել 9.1-ին և 9.2-րդ հոդվածներով.
«Հոդված 9.1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը և միասնական էլեկտրոնային գրանցամատյանը
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որը հասանելի է ՔԿԱԳ մարմիններին համացանցի միջոցով:
- ՔԿԱԳ մարմինները սույն օրենքով նախատեսված բոլոր քաղաքացիական կացության ակտերը, ինչպես նաև գրանցումից հետո տրամադրվող բոլոր վկայականները պատրաստում են բացառապես էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:
- Միասնական էլեկտրոնային գրանցամատյանը պաշտոնական էլեկտրոնային փաստաթուղթ է, որտեղ էլեկտրոնային եղանակով գրառվում և պահպանվում են սույն օրենքի համաձայն կատարվող բոլոր ակտային գրանցումներում գրանցման ենթակա՝ սույն օրենքով նախատեսված բոլոր տեղեկությունները, ինչպես նաև գրանցման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի, տրամադրվող վկայականների և քաղաքացիական կացության ակտերի էլեկտրոնային պատճենները:
Հոդված 9.2. Քաղաքացիական կացության ակտերի համար դիմելը
Սույն օրենքով նախատեսված՝ ՔԿԱԳ մարմիններ դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, երբ դիմող անձը ՔԿԱԳ մարմնի աշխատակցին է տրամադրում դիմումը պատրաստելու համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը և ստորագրում էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով պատրաստված դիմումը:»:
Հոդված 2. Անցումային և եզրափակիչ դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի մայիսի 1-ից:
- Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը էլեկտրոնային համակարգով փաստաթղթեր պատրաստելու տեխնիկական անհնարինության, ինչպես նաև գրանցումները միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով կատարելու տեխնիկական անհնարինության դեպքում ՔԿԱԳ մարմինը գրանցումը կատարում է թղթային տարբերակով և գրանցման տվյալները մուտքագրում է էլեկտրոնային կառավարման համակարգ ոչ ուշ, քան համապատասխան գրանցումը կատարելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2015թ. ապրիլի 3
Ստեփանակերտ
ՀՕ-8-Ն