‹‹ԼՂՀ փրկարար ծառայության մասին›› ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին

Ընդունված է 2010 թվականի

հոկտեմբերի 28-ին

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար  ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-2 օրենքը (այսուհետ` օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 321-րդ  հոդվածով.

 

«Հոդված 321. Փրկարար ծառայության ծառայողների ուսուցումը և

                        ուսման ծախսերի փոխհատուցումը

                      

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության ծառայողների ուսուցումը, վերապատրաստումն ու որակավորման բարձրացումն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և միջկառավարական ու միջգերատեսչական համաձայնությունների հիման վրա:

2. Ծառայողը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության կողմից ուսուցման գործուղված ուսումնական հաստատությունում սովորողը պարտավոր է փոխհատուցել իր ուսումնական հաստատությունում ուսման կամ օտարերկրյա պետությունում կազմակերպված ուսուցման և վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը, եթե նա`

1)  առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը.

2) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ծառայությունից.

3) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ծառայությունից.

4)  անձնական նախաձեռնությամբ ազատվել է ծառայությունից:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում ծառայողը չի հատուցում ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերը, եթե նա`

1) բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց կամ վերապատրաստումն (որակավորումն) անցնելուց հետո ծառայել է ոչ պակաս,  քան հինգ տարի.

2) ծառայությունից ազատվել է հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքերում, եթե ծառայողին համապատասխան համարժեք պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է փրկարարական ծառայության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ, հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:  

4. Ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանում է կառավարությունը:»:

 

Հոդված 2.  Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «նաև» բառը:

 

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը  հաջորդող օրվանից:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ         

        ՆԱԽԱԳԱՀ ̀                           Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

       13 նոյեմբերի 2010թ.

       ք.Ստեփանակերտ

       ՀՕ-39-Ն