Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին

 

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն օրենքի նպատակն է փողերի լվացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու իրավական կառուցակարգերի սահմանման միջոցով պաշտպանել քաղաքացիների իրավունքները, ազատությունները և օրինական շահերը, հասարակությունը և պետությունը, ինչպես նաև ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական համակարգի կայունության համար անհրաժեշտ իրավական մեխանիզմների առկայությունը:

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ կապված հարաբերությունները, սահմանում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարն իրականացնող մարմինների համակարգը, ինչպես նաև այդ մարմինների համագործակցության կարգն ու պայմանները, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում վերահսկողության և պատասխանատվության միջոցների կիրառման հարցերը:

 

Հոդված 2. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ

              պայքարի իրավական կարգավորումը

                 

Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ օրենքներով, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքում` նաև իրավական այլ ակտերով:

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված գույքը.

2) փողերի լվացում (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված արարքը.

3) ահաբեկչության ֆինանսավորում` ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 2171-րդ հոդվածով նախատեսված արարքը.

4) հաշվետվություն տրամադրող անձինք`

ա) բանկերը.

բ) վարկային կազմակերպությունները.

գ) արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի, արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձինք.

դ) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող լիցենզավորված անձինք.

ե) «Արժեթղթերի շուկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն՝ ներդրումային ծառայություններ մատուցող անձինք.

զ) «Արժեթղթերի շուկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն՝ կարգավորվող շուկայի արժեթղթերի կենտրոնացված պահառուն.

է) ապահովագրական (ներառյալ՝ վերաապահովագրական) ընկերությունները և ապահովագրական (ներառյալ՝ վերաապահովագրական) միջնորդային գործունեություն իրականացնող անձինք.

ը) գրավատները.

թ) անշարժ գույքի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձինք (անշարժ գույքի գործակալները).

ժ) նոտարները.

ժա) փաստաբանները, ինչպես նաև իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք.

ժբ) անհատ ձեռնարկատեր հաշվապահները և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք.

ժգ) անհատ ձեռնարկատեր աուդիտորները և աուդիտորական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք.

ժդ) թանկարժեք մետաղների և քարերի դիլերները.

ժե) վիճակախաղեր, շահումներով խաղեր և (կամ) խաղատներ կազմակերպող անձինք.

ժզ) հավատարմագրային կառավարման և իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցող անձինք.

ժէ) անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազորված մարմինը, որի նկատմամբ սույն օրենքը տարածվում է միայն 5-7-րդ հոդվածներով սահմանված հաշվետվությունների տրամադրման պարտականությունը` 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և 27-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պատասխանատվությունը.

ժը) իրավաբանական անձանց գրանցող պետական մարմինը (պետական ռեգիստրը), որի նկատմամբ սույն օրենքը տարածվում է միայն 5-7-րդ հոդվածներով սահմանված հաշվետվությունների տրամադրման պարտականությունը՝ 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, 9-րդ հոդվածը և 27-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պատասխանատվությունը.

5) ֆինանսական հաստատություններ` սույն հոդվածի 4-րդ կետի «ա»-«ը» ենթակետերով սահմանված հաշվետվություն տրամադրող անձինք.

6) ոչ ֆինանսական հաստատություններ կամ անձինք` սույն հոդվածի 4-րդ կետի «թ»-«ժզ» ենթակետերով սահմանված հաշվետվություն տրամադրող անձինք:

Ոչ ֆինանսական հաստատությունների նկատմամբ տարածվում են միայն սույն օրենքի 4-8-րդ հոդվածները՝ 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, 10-րդ հոդվածի 1-ին մասի  4-րդ, 6-րդ, 8-րդ կետերը, 12-րդ հոդվածը, 15-րդ հոդվածը և 16-րդ հոդվածը՝ 15-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով, ինչպես նաև 19-20-րդ հոդվածները, 24-28-րդ հոդվածները.

7) վերահսկող մարմիններ` հաշվետվություն տրամադրող անձանց լիցենզավորող (նշանակող, որակավորում տվող կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրող ու դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող) իրավասու մարմինները.

8) գործարք կամ գործառնություն` հաշվետվություն տրամադրող անձի և հաճախորդի կամ լիազորված անձի միջև, ինչպես նաև հաճախորդի կամ լիազորված անձի և այլ անձանց միջև հաշվետվություն տրամադրող անձի միջոցով կնքված գործարքը: Գործարք կարող է համարվել նաև որոշակի գործարքի հիման վրա կամ դրա արդյունքում իրավունքներ և պարտականություններ առաջացնող յուրաքանչյուր գործողություն.

9) միանգամյա գործարք` այն գործարքը, որի արդյունքում հաճախորդի և հաշվետվություն տրամադրող անձի միջև պարբերական ծառայությունների տրամադրման պարտավորություններ չեն առաջանում (գործարար հարաբերություն չի հաստատվում).

10) գործարար հարաբերություն` հաճախորդին մատուցվող պարբերական ծառայությունները, որոնք չեն սահմանափակվում մեկ կամ մի քանի միանգամյա գործարքներով: Հաշվետու անձի հետ գործարար հարաբերությունը չի ներառում հաշվետվություն տրամադրող անձի հետ այն գործունեությունը, որի շրջանակներում հաշվետվություն տրամադրող անձը սեփական կարիքների համար իրականացնում է տվյալ տեսակի հաշվետվություն տրամադրող անձանց համար օրենքով սահմանված գործունեությունից տարբեր այլ գործունեություն.

11) ավագ ղեկավարություն՝ հաշվետվություն տրամադրող անձի մարմին կամ աշխատակից, որն իրավասու է հաշվետվություն տրամադրող անձի անունից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հարցերով որոշումներ կայացնել կամ մասնակցում է այդպիսի որոշումների կայացմանը.

12) հաճախորդ՝ հաշվետվություն տրամադրող անձի հետ գործարար հարաբերություն հաստատող կամ այդպիսի հարաբերությունների մեջ գտնվող անձը, ինչպես նաև այն անձը, որն առաջարկում է հաշվետվություն տրամադրող անձին կնքել միանգամյա գործարք կամ մատուցել գործարքի կատարմանն ուղղված այլ ծառայություններ.

13) իրական շահառու՝ գործարար հարաբերության կամ գործարքի կողմ չհանդիսացող այն ֆիզիկական անձը, ում անունից կամ օգտին հաճախորդը իրականում գործում է և (կամ) ով իրականում տիրապետում և (կամ) վերահսկում է հաճախորդին կամ այն անձին, ում անունից գործարքը կատարվում է: Իրավաբանական անձի մասով իրական շահառու է համարվում այն ֆիզիկական անձը, ով փաստացի (իրական) հսկողություն է իրականացնում իրավաբանական անձի կամ գործարքի (գործարար հարաբերության) նկատմամբ և (կամ) ի շահ ում իրականացվում է գործարար հարաբերությունը կամ գործարքը: Իրավաբանական անձի իրական շահառու կարող է համարվել նաև այն ֆիզիկական անձը, ով`

ա) քվեարկելու իրավունքով տիրապետում է տվյալ իրավաբանական անձի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի, այսուհետ` բաժնետոմս) քսան և ավելի տոկոսին, կամ իր մասնակցության ուժով կամ իրավաբանական անձի հետ կնքված պայմանագրին համապատասխան հնարավորություն ունի կանխորոշել դրա որոշումները,

բ) հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի կառավարման և (կամ) ղեկավար մարմնի անդամ,

գ) գործում է տվյալ իրավաբանական անձի հետ համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.

14) լիազորված անձ՝ հաճախորդի հանձնարարությամբ և հաճախորդի անունից գործարքի կատարման կամ գործարար հարաբերությունում որոշակի իրավաբանական կամ փաստացի գործողություններ իրականացնելու լիազորություն ունեցող, այդ թվում՝ լիազորագրի կամ օրենքով սահմանված այլ հիմքով հաճախորդի տված լիազորությունների հիման վրա ներկայացուցչություն իրականացնող անձը: Լիազորված անձ է համարվում նաև այն անձը, որը չունի լիազորագիր, սակայն փաստացի հանդես է գալիս հաճախորդի անունից կամ հանձնարարությամբ կամ հաճախորդի հաշվին կամ հօգուտ հաճախորդի կատարում է փաստացի գործողություններ.

15) սույն օրենքի իմաստով իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե՝

ա) տվյալ իրավաբանական անձը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի՝ ձայնի իրավունք  տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի, այսուհետ՝ բաժնետոմս) քսան և ավելի տոկոսին, կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջև կնքված պայմանագրին համապատասխան  հնարավորություն ունի կանխորոշել  մյուսի որոշումները,

բ) նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քսան տոկոսից ավելիին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձևով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող  մասնակիցը (բաժնետերը) և (կամ) մասնակիցները (բաժնետերերը) կամ նրանց ընտանիքի անդամներն իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետել (այդ թվում՝ առուվաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության  պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների հիման վրա) մյուս անձի՝ ձայնի  իրավունք տվող բաժնետոմսերի քսան տոկոսից ավելիին կամ ունեն օրենքով չարգելված այլ ձևով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն,

գ) նրանցից մեկի որևէ կառավարման մարմնի կամ նման պարտականություններ կատարող այլ անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների թվի մեկ երրորդը միաժամանակ հանդիսանում է մյուս անձի որևէ կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ.

դ) նրանք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, կամ եթե նրանք այդպիսիք են ճանաչվել Լիազորված մարմնի  հիմնավոր կարծիքով:

Սույն օրենքի իմաստով ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք այդպիսիք են ճանաչվել Լիազորված մարմնի հիմնավոր կարծիքով, կամ եթե նրանք միևնույն ընտանիքի անդամ են, կամ վարում են ընդհանուր տնտեսություն, կամ համատեղ ձեռնարկատիրական  գործունեություն, կամ գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:

Սույն օրենքի իմաստով ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական  շահերից, կամ նրանք այդպիսիք են ճանաչվել Լիազորված մարմնի հիմնավոր կարծիքով, կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է՝

ա) տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի 20 տոկոսից ավելին տնօրինող մասնակից,

բ) օրենքով չարգելված այլ ձևով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ,

գ) տվյալ իրավաբանական անձի խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, վարչության նախագահ, վարչության անդամ, գլխավոր հաշվապահ, նրա տեղակալ, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար, անդամ կամ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, վերստուգիչ հանձնաժողովի անդամ կամ նման այլ մարմինների անդամ,

դ) իրավաբանական անձի կամ նրա տարածքային ստորաբաժանման այնպիսի աշխատակից կամ այն կառուցվածքային ստորաբաժանման (այդ թվում՝ դեպարտամենտի, վարչության, բաժնի) աշխատակից, որը Լիազորված մարմնի սահմանած չափանիշներով հիմնավորված՝ իրավաբանական անձի կանոնադրության կամ ներքին իրավական այլ ակտերի համաձայն կամ Լիազորված մարմնի կարծիքով որևէ կերպ կապված է իրավաբանական անձի հիմնական գործունեության հետ կամ աշխատում է գործադիր  տնօրենի անմիջական ղեկավարության ներքո կամ իրավաբանական անձի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ էական ազդեցություն ունի:

Սույն օրենքի  իմաստով միևնույն ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխաները.

16) հաճախորդի գործարար բնութագիր՝ հաճախորդի եկամուտի աղբյուրների, գործունեության բնույթի, ազդեցության ու նշանակության, գործարար հարաբերությունների և միանգամյա գործարքների առկա ու ակնկալվող շարժի, ծավալների և ոլորտների, լիազորված անձանց և իրական շահառուների առկայության, ինքնության ու փոխկապակցվածության բնույթի վերաբերյալ հաշվետվություն տրամադրող անձի տեղեկությունների (պատկերացումների) ամբողջությունը.

17) գործարքի մյուս կողմ՝ հաճախորդի կողմից իրականացվող գործարքի այլ մասնակից, ով տրամադրում (փոխանցում) կամ որին հասցեագրվում են գործարքից բխող դրամական միջոցները կամ այլ գույքը.

18) քաղաքական ազդեցություն ունեցող անձ՝ այն անձը, ով օտարերկրյա պետությունում կամ տարածքում իրականացնում է կամ իրականացրել է բարձրաստիճան մակարդակով պետական, քաղաքական կամ հանրային բնույթի նշանակալից գործառույթներ, մասնավորապես՝ պետության և կառավարության ղեկավարները, ազդեցիկ քաղաքական գործիչները, բարձրաստիճան կառավարական, դատական կամ ռազմական պաշտոնյաները, պետական սեփականություն հանդիսացող կազմակերպությունների կառավարման մարմինների անդամները, քաղաքական կուսակցությունների ակնառու գործիչները: Քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը չի ընդգրկում միջին և ցածր դասի հանրային գործառույթներ իրականացնող անձանց.

19) կենսական շահերի կենտրոն` այն վայրը, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Ընտանեկան կամ տնտեսական շահ է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), ուր բնակվում է անձը կամ նրա ընտանիքը, և գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը:

20) Լիազորված մարմին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն.

21) ներքին դիտարկումների մարմին՝ ֆինանսական հաստատության ստորաբաժանում կամ աշխատակից կամ մասնագիտացված գործունեություն իրականացնող անձ, որն իրականացնում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման գործառույթներ.

 22) ահաբեկչության հետ կապված անձ՝ ցանկացած անձ կամ կազմակերպություն, որը ներառվել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի կողմից հրապարակված անձանց և կազմակերպությունների կամ Լիազորված մարմնի կողմից ներկայացված ցանկերում, ինչպես նաև ահաբեկչության մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձինք.

23) տիպաբանություն՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր սխեմաներ.

24) բարձր ռիսկի չափանիշ՝ սույն օրենքով և Լիազորված մարմնի կողմից նորմատիվ իրավական ակտերով սահմանված այնպիսի չափանիշներ, որոնք վկայում են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման բարձր հավանականության մասին, այդ թվում՝ քաղաքական ազդեցություն ունեցող  և նրանց հետ փոխկապակցված անձինք, ըստ ներկայացնողի արժեթղթերը կամ ըստ ներկայացնողի չեկային գրքույկները, օֆշորային տարածքները.

25) գործարար հարաբերության կամ գործարքի կասեցում՝ սույն օրենքով սահմանված կարգով կասկածելի գործարար հարաբերության կամ գործարքի առարկա ֆինանսական միջոցների կամ այլ գույքի փաստացի և իրավաբանական շարժի ժամկետային արգելք. 

26) գործարար հարաբերության կամ գործարքի իրականացման մերժում՝ սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով կասկածելի գործարար հարաբերության կամ գործարքի կատարման համար նախատեսված գործողությունների չիրականացում.

27) ֆինանսական միջոցների սառեցում՝ սույն օրենքով սահմանված կարգով ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցների փաստացի և իրավաբանական շարժի ժամկետային արգելք.

28) կեղծ բանկ («շել» բանկ)՝ բանկեր, որոնք գրանցված լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, դրա տարածքում փաստացի գտնվելու կամ գործունեության վայր չունեն և որոնք փոխկապակցված չեն գործող այլ ֆինանսական հաստատությունների հետ:

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

 

Հոդված 4. Հաշվետվություն տրամադրող անձի կողմից գործարար հարաբերությունը կամ գործարքը կասկածելի ճանաչելու և կանխելու պարտականությունը

    

1. Հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են օրենքով և ներքին իրավական ակտերով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել իրենց հաճախորդի կողմից իրականացվող կասկածելի գործարար հարաբերությունները և գործարքները բացահայտելու ու կանխելու ուղղությամբ, ինչպես նաև կատարել սույն օրենքով սահմանված այլ պարտականություններ:

2. Հաշվետվություն տրամադրող անձինք օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով պարտավոր են Լիազորված մարմին ներկայացնել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ` սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված տեղեկությունները, այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկությունները:

3. Նոտարները, փաստաբանները, ինչպես նաև իրավաբանական ծառայություններ մատուցող անձինք, անհատ ձեռնարկատեր աուդիտորները և աուդիտորական գործունություն իրականացնող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատեր հաշվապահները և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք Լիազորված մարմնին ներկայացնում են սույն օրենքով սահմանված տեղեկությունները միայն այն դեպքերում, որոնք չեն հակասում նրանց գործունեությունը կարգավորող օրենքներով սահմանված գաղտնիքի պահպանման պահանջին:

 

Հոդված 5. Տեղեկացման ենթակա գործարքները կամ գործարար հարաբերությունները

 

1. Հաշվետվություն տրամադրող անձինք Լիազորված մարմնին են տրամադրում հետևյալ գործարքներից ցանկացածի վերաբերյալ հաշվետվություն` 

1) գործարքներ, որոնց արժեքը գերազանցում է 20 միլիոն դրամը, բացառությամբ անշարժ գույքի հետ կապված  գործարքների.

2) անշարժ գույքի հետ կապված գործարքներ, որոնց արժեքը գերազանցում է 50 միլիոն դրամը.

3) կասկածելի գործարքներ կամ գործարար հարաբերություններ` անկախ սույն մասում նշված գումարի չափից:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվետվությունների տրամադրման պարտականությունը հաշվետվություն տրամադրող անձանց մոտ առաջանում է հետևյալ դեպքերում՝

1) ֆինանսական հաստատությունների մոտ` Լիազորված մարմնի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով.

2) շահումով խաղ և վիճակախաղ կազմակերպող անձանց, խաղատների, ինչպես նաև անշարժ գույքի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց (անշարժ գույքի գործակալների) մոտ՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ցանկացած դեպքում.

3) նոտարների, փաստաբանների, ինչպես նաև իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց, անհատ ձեռնարկատեր աուդիտորների և աուդիտորական գործունություն իրականացնող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր հաշվապահների և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազորված մարմնի նկատմամբ՝ միայն հաճախորդի համար նախապատրաստվող կամ իրականացվող հետևյալ գործարքների մասով՝

ա) անշարժ գույքի առք ու վաճառք,

բ) հաճախորդի դրամական միջոցների, արժեթղթերի կամ այլ գույքի կառավարում,

գ) բանկային հաշիվների կառավարում,

դ) իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման համար դրամական միջոցների կամ այլ գույքի տրամադրում,

ե) իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման գործառույթների իրականացում, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի և այլն) 75 տոկոսը գերազանցող բաժնի (մասնակցության, փայի և այլն) օտարում (ձեռքբերում), կամ իրավաբանական անձանց՝ 20 միլիոն դրամը գերազանցող անվանական կամ շուկայական արժեքով բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) օտարում (ձեռքբերում).

4) թանկարժեք մետաղների և քարերի դիլերների նկատմամբ՝ միայն կանխիկ դրամով կատարվող գործարքների մասով` եթե գործարքի գումարը գերազանցում է  5 միլիոն դրամը.

5) հավատարմագրային կառավարման և իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ՝ այնպիսի գործարքների դեպքում, երբ այդ անձինք՝

ա) հանդես են գալիս որպես հիմնադրող գործակալ (ներկայացուցիչ) իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցելիս,

բ) հանդես են գալիս (վերապահում են այլ անձի հանդես գալու) որպես ընկերության տնօրեն (գործադիր մարմին), ընկերակցության մասնակից կամ իրականացնում են իրավաբանական անձի կառավարման համանման գործառույթներ,

գ) իրավաբանական անձին տրամադրում են գտնվելու (գործունեության, թղթակցության կամ վարչական) վայր,

դ) հանդես են գալիս (վերապահում են այլ անձի հանդես գալու) որպես կողմերի համաձայնությամբ ձևավորված ֆինանսական միջոցների հավատարմագրային կառավարիչ,

ե) հանդես են գալիս (վերապահում են այլ անձի հանդես գալու) որպես այլ իրավաբանական անձի անվանատեր.

6) իրավաբանական անձանց գրանցող մարմնի (պետական ռեգիստրի) նկատմամբ՝ միայն առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի և այլն) 75 տոկոսը գերազանցող բաժնի (մասնակցության, փայի և այլն) օտարման (ձեռքբերման), կամ 20 միլիոն դրամը գերազանցող կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի և այլն) ձևավորման կամ փոփոխության  հետ կապված պետական գրանցումների  մասով:

3. Փաստաբանները, ինչպես նաև իրավաբանական ծառայություններ մատուցող անձինք, անհատ ձեռնարկատեր աուդիտորները և աուդիտորական գործունություն իրականացնող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատեր հաշվապահները և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «ա» և «ե» պարբերություններով սահմանված գործարքների մասին հաշվետվություն ներկայացնում են միայն կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների առկայության դեպքում:

4. Հաշվետվություն տրամադրող անձին, նրա աշխատակիցներին ու ներկայացուցիչներին արգելվում է այն անձին, որի վերաբերյալ հաշվետվություն կամ այլ տեղեկատվություն է տրամադրվում Լիազորված մարմնին, ինչպես նաև այլ անձանց հայտնելու հաշվետվության կամ այլ տեղեկատվության տրամադրման փաստի մասին:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված գործարքների վերաբերյալ հաշվետվության տրամադրման պարտականությունից ազատելու դեպքերը սահմանում է Լիազորված մարմինը:

 

Հոդված 6. Կասկածելի գործարար հարաբերությունը կամ գործարքը

 

1. Հաշվետվություն տրամադրող անձի կողմից գործարար հարաբերությունը կամ գործարքը, այդ թվում՝ դրանց կատարման փորձը պետք է որակվի որպես կասկածելի և դրա մասին սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հաշվետվություն անմիջապես տրամադրվի Լիազորված մարմնին, եթե սույն օրենքով, Լիազորված մարմնի ներկայացրած ուղեցույցերով, իր ներքին իրավական ակտերով սահմանված կասկածելի գործարքների (գործարար հարաբերությունների) հիմքերի ու չափանիշների հիման վրա կասկածվում է կամ բավարար հիմքեր կան կասկածելու, որ այդ գործարքների (գործարար հարաբերությունների) միջոցները հանցավոր գործունեության արդյունք են կամ կապված են ահաբեկչության ֆինանսավորման հետ:

2. Գործարար հարաբերությունը կամ գործարքը պետք է համարվի կասկածելի՝ անկախ սույն հոդվածի 1-ին մասում նշվածից, եթե կասկածվում է կամ բավարար հիմքեր կան կասկածելու, որ գործարար հարաբերությունում կամ գործարքում ներգրավված են այնպիսի ֆինանսական միջոցներ կամ այլ գույք, որոնք կապված են կամ նախատեսվում են օգտագործվել ահաբեկչության նպատակով, ահաբեկչական կազմակերպությունների կամ անհատ ահաբեկիչների կողմից:

3. Գործարար հարաբերությունը կամ գործարքը կարող է համարվել կասկածելի, եթե`

1) հաճախորդը հաշվետվություն տրամադրող անձին առաջարկում է կնքել (հաստատել) կամ նրա հետ կնքում (հաստատում) է այնպիսի գործարք (գործարար հարաբերություն), որը թեկուզև համապատասխանում է օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին, սակայն տվյալ գործարքով (գործարար հարաբերությամբ) հնարավոր չէ պարզել հաճախորդի ինքնությունը կամ ստանալ տվյալ գործարքի (գործարար հարաբերության) կնքման կամ իրականացման համար հաշվետվություն տրամադրող անձի համար օրենքով նախատեսված տեղեկություններ.

2) գործարքի (գործարար հարաբերության) պայմանները չեն համապատասխանում հաճախորդի գործարար բնութագրին, ձեռնարկատիրական գործունեության տվյալ բնագավառում սովորաբար կնքվող նման գործարքների (գործարար հարաբերությունների) պայմաններին կամ գործարար շրջանառության սովորույթներին.

3) հաշվետվություն տրամադրող անձի համար պարզ է դառնում, որ առաջարկվող կամ կնքված գործարքը (գործարար հարաբերությունը) ակնհայտորեն տնտեսական կամ իրավաչափ նպատակ չի հետապնդում.

4) ըստ իր կատարման տրամաբանության և շարժի (դինամիկայի) գործարքը (գործարար հարաբերությունը) համապատասխանում է միջազգային լավագույն փորձով և Լիազորված մարմնի կողմից ներկայացված ուղեցույցներով սահմանված տիպաբանություններին.

5) հաշվետվություն տրամադրող անձի համար ակնհայտ է դառնում, որ առաջարկվող կամ կնքված գործարքի (գործարքների) արժեքը չի գերազանցում սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հաշվետվության տրամադրման և սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված նույնականացման համար անհրաժեշտ սահմանաչափը միայն այն պատճառով, որ հաճախորդը ցանկանում է խուսափել հաշվետվություն տրամադրող անձի կողմից այդ գործարքի վերաբերյալ հաշվետվության տրամադրումից կամ նույնականացումից.

6) ֆինանսական հաստատությունների համար՝ ֆիզիկական անձը, որը փոխկապակցված է որևէ իրավաբանական անձի հետ, իր անունից այլ իրավաբանական անձի փոխանցում (տրամադրում) է գումարներ, որն ակնհայտորեն իրականացվում է այդ իրավաբանական անձանց միջև պայմանագրային պարտավորությունների կատարման նպատակով կամ այդ իրավաբանական անձանց միջև այլ կերպ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար:

4. Հաշվետվություն տրամադրող անձը կարող է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն տրամադրել Լիազորված մարմնին նաև այն դեպքերում, երբ այդ գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիությունը չի բխում սույն օրենքով, Լիազորված մարմնի կողմից ներկայացված ուղեցույցերով, հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով սահմանված հիմքերից, սակայն կատարման տրամաբանությունը և շարժը (դինամիկան) հիմք են տալիս ենթադրելու, որ այն իրականացվում է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով:

5. Լիազորված մարմնի կողմից ներկայացվող ուղեցույցերով կարող են սահմանվել գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի համարելու` սույն հոդվածի 4-րդ մասով չնշված այլ հիմքեր, ինչպես նաև կասկածելի գործարքի հիմքերը որոշելու չափանիշներ:

6. Հաշվետվություն տրամադրող անձն իր ներքին իրավական ակտերով կարող է սահմանել կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության հիմքերն ու դրանց որոշման չափանիշները:

7. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործարքները (գործարար հարաբերությունները) կարող են հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիտարկվել որպես կասկածելի գործարք (գործարար հարաբերություն) և դրանց մասին հաշվետվություն ներկայացվել Լիազորված մարմնին:

8. Գործարար հարաբերության կամ գործարքի կասկածելի լինելու մասին իմանալու պահ է համարվում այն պահը, երբ հաշվետվություն տրամադրող անձը տվյալ գործարար հարաբերությունը կամ գործարքը որակել է կամ բավարար հիմքեր ուներ որակելու որպես կասկածելի:

 

Հոդված 7. Հաշվետվության բովանդակությունը և տրամադրման կարգը

 

1. Հաշվետվության մեջ նշվում են`

1) հաճախորդի, լիազորված անձի, գործարքի մյուս կողմի, կասկածելի գործարքի դեպքում` նաև իրական շահառուի տվյալները ներառյալ՝

ա) ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսանալու դեպքում` նրա անունը, ազգանունը, բնակության վայրը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը և տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, պետական գրանցման վկայականի համարը (անհատ ձեռնարկատիրոջ համար), հարկ վճարողի հաշվառման համարը (անհատ ձեռնարկատիրոջ համար),

բ) իրավաբանական անձ հանդիսանալու դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման վկայականի համարը, իսկ ֆինանսական հաստատությունների կողմից հաշվետվության ներկայացման դեպքում՝ նաև հարկ վճարողի հաշվառման համարը,

գ) ֆինանսական հաստատությունների կողմից հաշվետվության ներկայացման դեպքում` նաև հաճախորդի բանկային հաշվի համարը.

2) գործարքի առարկայի նկարագրությունը.

3) գործարքի գինը (արժեքը).

4) գործարքի կնքման ամսաթիվը:

2. Կասկածելի գործարար հարաբերության կամ գործարքի մասին հաշվետվության մեջ նշվում են նաև գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի համարելու հիմքը, չափանիշը, նկարագրությունը, ինչպես նաև գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցված, մերժված լինելու կամ ահաբեկչության հետ կապված անձանց եկամուտները սառեցված լինելու հանգամանքը:

3. Սույն հոդվածով սահմանված հաշվետվությունները պետք է ներկայացվեն հերթական համարով, հաշվետվություն տրամադրող անձի պատասխանատու աշխատակցի ստորագրությամբ (թղթային տարբերակները՝ նաև կնքված` կնիքի առկայության դեպքում): Հաշվետվության մեջ նշվում է հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը Լիազորված մարմնում:

4. Գործարար հարաբերությունում կամ գործարքում հաճախորդի, լիազորված անձի, գործարքի մյուս կողմի կարգավիճակում պետական մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմին հանդես գալու դեպքում հաշվետվության մեջ նշվում է միայն այդ մարմնի անվանումը:

5. Հաշվետվություն տրամադրող անձանց այն աշխատակիցները, որոնք իրականացնում են հաճախորդների սպասարկումը, տվյալ գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակվելու դեպքում պետք է տեղեկացված լինեն տվյալ հաճախորդի վերաբերյալ Լիազորված մարմնին տեղեկություն տրամադրելու փաստի մասին:

6. Հաշվետվության տրամադրումը կարող է կատարվել թղթային, իսկ Լիազորված մարմնի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքում` նաև (կամ) էլեկտրոնային եղանակով:

7. Հաշվետվության տրամադրման կարգը, ժամկետները և ձևերը սահմանում է Լիազորված մարմինը նորմատիվ իրավական ակտերով:

 

Հոդված 8. Գործարքների (գործարար հարաբերությունների) լրացուցիչ դիտանցումը

 

1. Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է առավել ուշադրության առնել՝

1) բոլոր բարդ կամ անսովոր մեծ գումարով գործարքները (գործարար հարաբերությունները), ինչպես նաև անսովոր պայմաններով գործարքները (գործարար հարաբերությունները), որոնց տնտեսական կամ այլ իրավաչափ նպատակներն ակնհայտ չեն,

2) այնպիսի նոր կամ զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող գործարքները (գործարար հարաբերությունները), որոնք հանգեցնում են այդ գործարքների (գործարար հարաբերությունների) անանունությանը:

2. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է առնվազն 5 տարի, իսկ օրենքով նախատեսված լինելու դեպքում ավելի երկար ժամկետով պահպանի սույն հոդվածի առաջին մասով սահմանված գործարքների (գործարար հարաբերությունների) տվյալները և դրանք Լիազորված մարմնի հարցման հիման վրա տրամադրի նրան, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:

 

Հոդված 9. Իրավաբանական անձանց գրանցման և ֆինանսական հաստատությունների լիցենզավորման ժամանակ իրականացվող ընթացակարգերը

 

1. Իրավաբանական անձանց պետական գրանցման, կանոնադրական կապիտալը (բաժնեհավաք կապիտալը և այլն) կամ հիմնադիրների, մասնակիցների, անդամների, փայատերերի, բաժնետերերի կազմը փոփոխելու դեպքում հիմնադիրները (մասնակիցները, անդամները, փայատերերը, բաժնետերերը և այլոք) պարտավոր են իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին ներկայացնել իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն` Լիազորված մարմնի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում: Այդ հայտարարության օրինակը իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմինը հարցման դեպքում տրամադրում է Լիազորված մարմնին:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ իրական շահառուների վերաբերյալ տվյալները չներկայացնելու, տվյալները սխալ (այդ թվում՝ կեղծ կամ ոչ արժանահավատ) կամ թերի լրացնելու դեպքում իրավաբանական անձինք ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության:

3. Ֆինանսական հաստատության լիցենզավորման ընթացքում լիցենզավորող մարմինը պարտավոր է լիցենզավորման (նշանակման, թույլտվության տրման) ժամանակ պահանջել Լիազորված մարմնի կողմից նորմատիվ իրավական ակտով սահմանված տեղեկություններ և ստուգել այդ տեղեկությունների իսկությունը:

 

Գ Լ ՈՒ Խ 3

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ 

 

Հոդված 10. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի լիազորված մարմինը

 

1. Լիազորված մարմնի գործառույթներն ու լիազորություններն են`

1) հաշվետվություն տրամադրող անձանցից հաշվետվությունների, պետական մարմիններից ու կազմակերպություններից տեղեկությունների ստացումը.

2) ստացված հաշվետվությունների և այլ տեղեկությունների վերլուծությունը.

3) քրեական հետապնդում իրականացնող մարմիններին հաղորդման ուղարկումը սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված դեպքերում.

4) հաշվետվություն տրամադրող անձանցից սույն օրենքի նպատակներից բխող այլ տեղեկություններ, այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելը, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի.

5) պետական, այդ թվում` վերահսկող և քրեական հետապնդման մարմիններից սույն օրենքի նպատակներից բխող տեղեկություններ, այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելը.

6) օրենքով սահմանված դեպքերում հաշվետվություն տրամադրող անձանց կողմից հաշվետվությունների սխալ կամ թերի լրացման կամ չներկայացման, ինչպես նաև ներքին իրավական ակտերում առկա թերությունների դեպքում դրանք շտկելու հանձնարարականների ներկայացումը.

7) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում  սույն օրենքով սահմանված իրավական ակտերի ընդունումը, ուղեցույցների հաստատումը, տիպաբանությունների հրապարակումը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով հաշվետվություն տրամադրող անձանց, վերահսկող և այլ մարմինների ու կազմակերպությունների  հետ.

8) անձանց նույնականացման համար անհրաժեշտ տվյալների կամ տիպաբանությունների տրամադրումը հաշվետվություն տրամադրող անձանց, որոնց հիման վրա հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են կասեցնել այդ անուններին (անվանումներին) կամ տիպաբանություններին համընկնող գործարար հարաբերությունները կամ գործարքները կամ մերժել դրանց իրականացումը.

9) սույն օրենքով սահմանված կարգով և դեպքերում հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ վերահսկողության իրականացումը.

10) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ֆինանսական հաստատությունների կողմից ներքին աուդիտի իրականացման դեպքերն ու հաճախականությունը սահմանելը, արտաքին աուդիտի իրականացում պահանջելը.

11) ֆինանսական հաստատությունների և իրավաբանական անձանց նկատմամբ սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված դեպքերում հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ պատասխանատվություն կիրառելու միջնորդություն ներկայացնելը.

12) գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու (դադարեցնելու) կամ ահաբեկչության հետ կապված ֆինանսական միջոցները սառեցնելու վերաբերյալ որոշում կայացնելը.

13) հաշվետվություն տրամադրող անձանց կողմից տրամադրված հաշվետվությունների վերաբերյալ Լիազորված մարմնի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով հաշվետվություն տրամադրող անձանց պարբերաբար տեղեկատվության (հետադարձ կապի) տրամադրումը.

14) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով ուսուցում իրականացնելը և այլ մարմինների կողմից իրականացվող ուսուցումը համակարգելը, ինչպես նաև 22-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա ֆինանսական հաստատությունների ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցներին որակավորում տալը.

15) իր իրավական ակտերով սահմանված կարգով սույն օրենքով սահմանված գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություններ հրապարակելը.

16) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին հանրային իրազեկման իրականացումը.

17) սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով միջազգային կազմակերպությունների և ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների հետ համագործակցության համաձայնագրեր կնքելը, տեղեկատվություն (այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող) փոխանակելը.

18) սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ և գործառույթներ:

2. Սույն օրենքի նպատակներից ելնելով` Լիազորված մարմնում ստեղծվում է պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանում՝ ֆինանսական դիտարկումների կատարումն ապահովող ծառայություն, որն օրենքի, Լիազորված մարմնի կողմից հաստատված կանոնադրության և այլ իրավական ակտերի հիման վրա իրականացնում է Լիազորված մարմնի համար սույն հոդվածի առաջին մասով սահմանված գործառույթներն ու լիազորությունները, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված  դեպքերի:

Լիազորված մարմինը հաստատում է ֆինանսական դիտարկումների կատարումն ապահովող ծառայության ռազմավարությունը, ամենամյա ծրագիրը, ինչպես նաև իրականացնում է սույն հոդվածի առաջին մասի 7-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերով սահմանված գործառույթներն ու լիազորությունները:

3. Ֆինանսական դիտարկումների ծառայողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում  է Լիազորված մարմնի ղեկավարը:

Ֆինանսական դիտարկումների կատարումն ապահովող ծառայությունն իր գործառույթների կատարման համար հաշվետու է Լիազորված մարմնի ղեկավարին:

4. Ֆինանսական դիտարկումների կատարումն ապահովող ծառայության կողմից սույն օրենքի նպատակներից ելնելով` ստացվող և պահպանվող տեղեկատվությունը պետք է հասանելի լինի միայն ֆինանսական դիտարկումների ծառայողներին:

Ֆինանսական դիտարկումների ծառայողները, որոնց հասանելի է ստացվող և պահպանվող տեղեկատվությունը, պետք է օրենքով և Լիազորված մարմնի իրավական ակտերով սահմանված կարգով պահպանեն գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունն իրենց պարտականությունների կատարման ընթացքում և դրանց դադարումից հետո, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կրեն դրա հրապարակման դեպքում: Այդպիսի տեղեկատվությունը կարող է օգտագործվել միայն սույն օրենքի նպատակներով:

5. Լիազորված մարմինը չի կարող ենթարկվել վարչական կամ քաղաքացիական պատասխանատվության սույն օրենքով նախատեսված իր գործառույթների կատարման համար՝ այդ գործառույթները պատշաճ կատարելու դեպքում:

Ֆինանսական դիտարկումների ծառայողները չեն կարող ենթարկվել քրեական, վարչական, քաղաքացիական կամ այլ պատասխանատվության սույն օրենքով նախատեսված իրենց պարտականությունների կատարման համար՝ այդ պարտականությունները պատշաճ կատարելու դեպքում:

 

Հոդված 11. Լիազորված մարմնի կողմից ընդունվող նորմատիվ իրավական ակտերը և ուղեցույցները

 

1. Լիազորված մարմնի կողմից ընդունվող նորմատիվ իրավական ակտերը սահմանում են՝

1) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ֆինանսական հաստատությունների կառավարման մարմինների, այդ թվում՝ ներքին դիտարկումների մարմնի գործառույթների  իրականացման կարգի նվազագույն պահանջները.

2) ֆինանսական հաստատությունների կողմից հաճախորդի նույնականացման, պատշաճ (այդ թվում՝ հավելյալ) ուսումնասիրության, տեղեկությունների հաշվառման, հավաքագրման ու թարմացման նվազագույն կանոնները.

3) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ֆինանսական հաստատությունների կողմից փաստաթղթերի (տեղեկությունների) հաշվառմանն ու պահպանմանը ներկայացվող նվազագույն կանոնները.

4) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ֆինանսական հաստատությունների ներքին իրավական ակտերի հաստատման ու փոփոխման ընթացակարգերը, ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն չափանիշները.

5) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ֆինանսական հաստատությունների գործունեության աուդիտին ներկայացվող նվազագույն կանոնները.

6) իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու կարգը և օրինակելի ձևը.

7) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման բարձր ռիսկի չափանիշներն ու դրանց որոշման կարգը.

8) պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների (գործարար հարաբերությունների) մասին հաշվետվություն տրամադրող անձանց կողմից Լիազորված մարմնին տեղեկությունների ներկայացման ձևերը, ժամկետները և կարգը.

9) ֆինանսական հաստատությունների` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում իրավասու աշխատակիցների ընտրության, ուսուցման, որակավորման նվազագույն կանոնները.

10) պետական մարմիններից հավաքագրվող վիճակագրության բովանդակությունը, տրամադրման կարգը, ձևերը և ժամկետները.

11) սույն օրենքով սահմանված այլ հարցեր:

2. Լիազորված մարմնի կողմից ընդունվում և հաշվետվություն տրամադրող անձանց ներկայացվում են նաև սույն օրենքի, դրա հիման վրա ընդունվող նորմատիվ իրավական ակտերի կիրառության ընթացակարգերը պարզաբանող ուղեցույցեր, այդ թվում՝ հրապարակվում են տիպաբանություններ:

 

Հոդված 12. Կասկածելի գործարքների հետ կապված տեղեկատվության

                պաշտպանությունը 

 

Հաշվետվություն տրամադրող անձին կամ Լիազորված մարմնին արգելվում է հրապարակել կամ այլ կերպ տրամադրել որևէ տեղեկատվություն (բացառությամբ օրենքով սահմանված կարգով Լիազորված մարմնին, քրեական հետապնդման մարմիններին կամ այլ մարմիններին տրամադրվող տեղեկատվության), որը կբացահայտի կամ կարող է նպաստել բացահայտմանը.

1) ցանկացած անձի, ով տրամադրել է կասկածելի գործարքը (գործարար հարաբերությունը) և (կամ) մասնակցել է դրա մասին Լիազորված մարմնին հաշվետվության տրամադրմանը կամ Լիազորված մարմնի կողմից քրեական հետապնդման մարմիններին հաղորդման տրամադրմանը.

2) կասկածելի գործարքի (գործարար հարաբերության) վերաբերյալ հաշվետվություն կամ այլ տեղեկատվություն տրամադրելու փաստը, որը տրամադրվել է Լիազորված մարմնին կամ Լիազորված մարմնի կողմից այլ մարմիններին:

 

Գ Լ ՈՒ Խ 4

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 13. Լիազորված մարմնի և այլ մարմինների փոխհարաբերությունները

 

1. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի արդյունավետ իրականացման նպատակով Լիազորված մարմինը սույն օրենքով նախատեսված կարգով և սահմաններում համագործակցում է այլ մարմինների, ներառյալ՝ վերահսկող ու քրեական հետապնդման մարմինների հետ՝ կնքելով երկկողմ համաձայնագրեր կամ առանց դրա:

2. Լիազորված մարմինը սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով համագործակցում է վերահսկող մարմինների հետ՝ սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջներին հաշվետվություն տրամադրող անձանց համապատասխանության ապահովման նպատակով:

3. Լիազորված մարմինը քրեական հետապնդման մարմիններին հաղորդում է ուղարկում այն դեպքերում, երբ հաշվետվություն տրամադրող անձանցից սույն օրենքով սահմանված կարգով ստացված հաշվետվության կամ այլ տեղեկությունների հիման վրա կատարված վերլուծության արդյունքում գալիս է այն եզրակացության, որ առկա են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հիմնավոր կասկածներ: Հաղորդման հետ միաժամանակ կամ հետագայում, ի լրումն հաղորդման, քրեական հետապնդում իրականացնող մարմնին կարող են ներկայացվել նաև հաղորդման մեջ նշված հանգամանքները հավաստող այլ նյութեր: Հաղորդումը կամ ի լրումն հաղորդման տրամադրված նյութերը կարող են պարունակել օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:

4. Քրեական հետապնդման մարմինների հարցման հիման վրա Լիազորված մարմինը տրամադրում է իր տրամադրության տակ առկա, այդ թվում` օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, եթե հարցումը պարունակում է բավարար հիմնավորում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հիմնավոր կասկածի կամ դեպքի վերաբերյալ: Այդպիսի տեղեկությունները տրամադրվում են 10-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ Լիազորված մարմնի հիմնավորված կարծիքով անհրաժեշտ չէ ավելի երկար ժամկետ հարցմանը պատասխանելու համար:

5. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված տեղեկությունները պահանջելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձինք, պետական, այդ թվում` վերահսկող և իրավապահ մարմինները պետք է այդ տեղեկատվությունը Լիազորված մարմնին տրամադրեն 10-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ պետական մարմնի հիմնավորված կարծիքով անհրաժեշտ չէ ավելի երկար ժամկետ հարցմանը պատաս-խանելու համար: 

6. Քրեական հետապնդում իրականացնող մարմինները սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հաղորդումների քննարկման, իսկ քրեական գործ հարուցելու դեպքում՝ նաև կատարված նախաքննության արդյունքում ընդունված որոշումների մասին տեղեկացնում են Լիազորված մարմնին՝ որոշումն ընդունելուց հետո՝ 10-օրյա ժամկետում:

7. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում պետական մարմինները պետք է ամփոփեն և Լիազորված մարմնի կողմից սահմանած կարգով, ձևով և ժամկետներում Լիազորված մարմնին տրամադրեն պարբերական վիճակագրություն, որը պետք է ներառի՝

1) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով հարուցված քրեական գործերի, այդ գործերի հետ կապված այլ հանցագործությունների թիվը և նկարագրությունը.

2) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով քրեական գործերի քննության ընթացքում կալանքի տակ գտնվող գույքի արժեքը՝ ըստ առանձին գործերի.

3) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով հարուցված այն քրեական գործերի թիվը, որոնցով քրեական հետապնդումը դադարեցվել է, ինչպես նաև դադարեցման պատճառները.

4) դատական քննության փուլում գտնվող փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով քրեական գործերի թիվը և նկարագրությունը.

5) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով քրեական գործերի, այդ գործերի հետ կապված այլ հանցագործությունների կապակցությամբ կայացված դատավճիռների (մեղադրական և արդարացման) թիվը, դրանցով կիրառված պատիժները, ինչպես նաև բռնագրավված գույքի արժեքը.

6) Լիազորված մարմնի կողմից չլիցենզավորվող հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության խախտման դեպքերում կիրառված պատասխանատվության միջոցները:

 

Հոդված 14. Միջազգային համագործակցությունը

 

1. Լիազորված մարմինը և պետական մարմինները համագործակցում են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար իրականացնող միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների (այդ թվում՝ ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների) հետ  միջազգային պայմանագրերի շրջանակներում, իսկ միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում՝ միջազգային պրակտիկայում ընդունված կարգով:

2. Լիազորված մարմինը փոխադարձության հիման վրա, սեփական նախաձեռնությամբ կամ հարցման դեպքում փոխանակում է տեղեկատվություն (այդ թվում` օրենքով սահմանված գաղտնիք պարունակող) ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների հետ, որոնք երկկողմ համաձայնագրերի կամ միջազգային կառույցներում անդամակցությունից բխող պարտավորությունների հիման վրա ապահովում են տեղեկատվության համարժեք գաղտնիություն և այդ տեղեկատվությունն օգտագործում են միայն փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակներով:

3. Լիազորված մարմինն իրավասու չէ որևէ երրորդ անձի բացահայտել, ինչպես նաև քրեական հետապնդման, վարչական կամ դատական նպատակներով օգտագործել կամ տրամադրել ստացված տեղեկատվությունն առանց տեղեկատվությունը տրամադրած օտարերկրյա մարմնի նախնական համաձայնության:

4. Սույն հոդվածի նպատակներից ելնելով` Լիազորված մարմինը իրավասու է համագործակցության համաձայնագրեր կնքել ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների հետ:

 

Գ Լ ՈՒ Խ 5

ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 15. Հաճախորդների նույնականացումը

 

1. Հաճախորդի հետ որևէ գործարար հարաբերություն կարող է հաստատվել կամ միանգամյա գործարք կարող  է կնքվել միայն հաշվետվություն տրամադրող անձանց կողմից նույնականացման համար սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերը (տեղեկությունները) ստանալուց և դրանց իսկությունը ստուգելուց հետո: Հաշվետվություն տրամադրող անձինք կարող են ձեռքբերել սույն օրենքով նույնականացման համար պահանջվող տեղեկությունները և ստուգել դրանց իսկությունը նաև գործարար հարաբերություն հաստատելու կամ միանգամյա գործարք կատարելու ընթացքում կամ դրանից հետո ողջամիտ ժամկետում, եթե արդյունավետորեն կանխարգելված է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկը և դա անհրաժեշտ է բնականոն գործարար հարաբերությունները չխափանելու նպատակով: 

2. Հաշվետվություն տրամադրող անձինք պետք է նույնականացնեն իրենց հաճախորդներին և ստուգեն նրանց ինքնությունը՝ իրավասու աղբյուրներից ստացված արժանահավատ փաստա-թղթերի կամ այլ տեղեկատվության հիման վրա, երբ

1) հաստատվում են գործարար հարաբերություններ.

2) կատարվում է միանգամյա գործարք, այդ թվում՝ ներպետական կամ միջազգային դրամական փոխանցում, որի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկին համարժեք դրամ կամ արտարժույթ, եթե խստացնող այլ դրույթ սահմանված չէ այլ իրավական ակտերով.

3) կասկածներ են առաջանում հաճախորդի նույնականացմանը վերաբերող նախկինում ձեռք բերված տեղեկատվության հավաստիության կամ ամբողջականության մասին.

4) կասկածներ են առաջանում փողերի լվացման և (կամ) ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ:

3. Հաճախորդներին նույնականացնելիս և ինքնությունը ստուգելիս`

1) ֆիզիկական անձանց համար պահանջվող տեղեկատվությունը պետք է առնվազն ներառի անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, բնակության վայրը, ծննդյան ամսաթիվը, վայրը, իսկ անհատ ձեռնարկատերերի համար՝ նաև պետական գրանցման վկայականի համարը և հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև օրենքով սահմանված այլ տեղեկություններ.

2) իրավաբանական անձանց համար պահանջվող տեղեկատվությունը պետք է առնվազն ներառի իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման վկայականի համարը և հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև օրենքով սահմանված այլ տեղեկություններ:

4. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի պարզելու իրական շահառուի առկայությունը և առկայության դեպքում, սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան, նույնականացնի ու ստուգի նրա ինքնությունը:

5. Այն դեպքում, երբ հաճախորդի կողմից հանդես է գալիս լիազորված անձ, ապա հաշվետվություն տրամադրող անձը, սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է նաև նույնականացնել այդ անձին և ստուգել նրա ինքնությունը:

6. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է ձեռնարկի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ռիսկերին համարժեք միջոցներ՝ բարձր ռիսկի չափանիշների առկայության դեպքում:

7. Ֆինանսական հաստատությունը պետք է ունենա ներքին իրավական ակտերով սահմանված ռիսկերի կառավարման ընթացակարգեր՝ պարզելու համար, թե արդյոք հաճախորդը հանդիսանում է քաղաքական ազդեցություն ունեցող անձ կամ նրա ընտանիքի անդամ կամ նրա հետ փոխկապակցված այլ անձ կամ առկա է բարձր ռիսկի այլ չափանիշ:

8. Բարձր ռիսկի չափանիշների առկայության դեպքում ֆինանսական հաստատությունը պետք է իրականացնի հաճախորդի հավելյալ ուսումնասիրություն: Քաղաքական ազդեցություն ունեցող անձի առկայության դեպքում ֆինանսական հաստատությունը պետք է նաև`

1) հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաստատելուց առաջ ստանա ավագ ղեկավարության հավանությունը.

2) ձեռնարկի անհրաժեշտ միջոցառումներ՝ հաճախորդի եկամուտների և գործարար հարաբերության կամ միանգամյա գործարքի առարկա գումարների աղբյուրը պարզելու համար.

3) իրականացնի նոր հաստատվող և ընթացիկ գործարար հարաբերությունների մոնիտորինգ:

9. Եթե հաճախորդը կամ գործարքի մյուս կողմը օտարերկրյա իրավաբանական անձ է, կամ օտարերկրյա ֆիզիկական անձ կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձ, ապա ֆինանսական հաստատությունն իր ներքին իրավական ակտերով սահմանված կարգով պարտավոր է պարզել և գրառել նաև այդ անձանց կենսական շահերի կենտրոնը և եկամտի աղբյուրները:

10. Բանկերն իրենց ներքին իրավական ակտերով պետք է սահմանեն օտարերկրյա բանկերի թղթակցային հաշիվների բացման և վարման կարգը, ինչպես նաև օտարերկրյա բանկերում իրենց թղթակցային հաշիվների բացման և վարման առանձնահատկությունները, որպեսզի հավաստիանան, որ իրենք թղթակցային հարաբերություններ չեն հաստատել կեղծ բանկերի հետ կամ այն բանկերի հետ, որոնք թույլատրում են կեղծ բանկերի կողմից իրենց հաշիվների օգտագործումը: Օտարերկրյա բանկերի հետ թղթակցային հարաբերությունների դեպքում բանկերը պետք է`

1) հավաքեն նորմատիվ և ներքին իրավական ակտերով սահմանված բավարար տեղեկատվություն, որպեսզի ամբողջությամբ պարզեն թղթակից բանկի գործունեության բնույթը և հիմք ընդունելով հրապարակային ու ներքին իրավական ակտերով սահմանված այլ արժանահավատ տեղեկատվությունը՝ գնահատեն թղթակից բանկի գործարար համբավն ու դրա նկատմամբ իրականացվող վերահսկողության որակը, ներառյալ այն, թե արդյոք այդ բանկը ներգրավված է եղել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման քրեական հետապնդման կամ որևէ այլ վարույթի մեջ.

2) ընդունելով հրապարակային և այլ արժանահավատ տեղեկատվությունը՝ գնահատեն թղթակից բանկի գործարար համբավը և այն վերահսկողությունը, որը տարածվում է նրա վրա.

3) իրենց ներքին իրավական ակտերով սահմանված կարգով գնահատեն թղթակից բանկի կողմից իրականացվող՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ներքին ընթացակարգերը.

4) թղթակցային հարաբերություն հաստատելուց առաջ ստանան ավագ ղեկավարության հավանությունը.

5) փաստաթղթավորեն թղթակից բանկերից յուրաքանչյուրի համապատասխան գործառույթները.

6) հավաստիանան, որ տարանցիկ հաշիվների դեպքում թղթակից բանկը պարզել է իր հաշիվների նկատմամբ հասանելիություն ունեցող հաճախորդների ինքնությունը և անընդհատ հիմունքներով իրականացնում է նրանց ընթացիկ մոնիտորինգ և որ այն հարցման դեպքում կարող է թղթակից բանկին տրամադրել հաճախորդի ինքնության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:

11. Հաշվետվություն տրամադրող անձանց համար հաճախորդի նույնականացման և տեղեկությունների իսկության ստուգման ժամանակ հիմք չեն կարող ծառայել հաշվետվություն տրամադրող այլ անձանց, մասնագիտացված միջնորդների կամ երրորդ անձանց ներկայացնելու իրավասություն ունեցող անձանց կողմից հաճախորդի նույնականացման և տեղեկությունների իսկության ստուգման արդյունքում ստացված տվյալները:

12. Սույն գլխով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության կանոնները հաշվետվություն տրամադրող հետևյալ անձանց նկատմամբ տարածվում են ներքոնշյալ դեպքերում՝

1) անշարժ գույքի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց (անշարժ գույքի գործակալների) նկատմամբ՝ միայն այն գործարքների մասով, որոնք կապված են հաճախորդի համար անշարժ գույքի առքի ու վաճառքի հետ.

2) նոտարների, փաստաբանների, ինչպես նաև իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց, անհատ ձեռնարկատեր աուդիտորների և աուդիտորական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր հաշվապահների և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, ինվեստիցիոն ընկերությունների նկատմամբ՝ միայն հաճախորդի համար նախապատրաստվող կամ իրականացվող հետևյալ գործարքների մասով՝

ա) անշարժ գույքի առք ու վաճառք,

բ) հաճախորդի դրամական միջոցների, արժեթղթերի կամ այլ գույքի կառավարում,

գ) բանկային հաշիվների կառավարում,

դ) իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման համար դրամական միջոցների կամ այլ գույքի տրամադրում,

ե) իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման գործառույթների իրականացում, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի և այլն) 75 տոկոսը գերազանցող բաժնի (մասնակցության, փայի և այլն) առք ու վաճառք, կամ իրավաբանական անձանց՝ 20 միլիոն դրամը գերազանցող անվանական կամ շուկայական արժեքով բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) առք ու վաճառք.

3) թանկարժեք մետաղների և քարերի դիլերների նկատմամբ՝ միայն հաճախորդի հետ կանխիկ դրամով կատարվող գործարքների մասով, իսկ կասկածելի գործարքների դեպքում` եթե գործարքի գումարը գերազանցում է 5 միլիոն դրամը.

4) շահումով խաղ և վիճակախաղ կազմակերպող անձանց և խաղատների նկատմամբ՝ միայն հաճախորդի կողմից կատարվող գործարքների (խաղանիշերի գնման, խաղադրույքների կատարման կամ շահումների) մասով, եթե գործարքի գումարը գերազանցում է 1 միլիոն դրամը.

5) հավատարմագրային կառավարման և իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ հետևյալ գործարքներից որևէ մեկի դեպքում՝

ա) հանդես են գալիս որպես հիմնադրող գործակալ (ներկայացուցիչ) իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցելիս,

բ) հանդես են գալիս (վերապահում են այլ անձի հանդես գալու) որպես ընկերության տնօրեն (գործադիր մարմին), ընկերակցության մասնակից կամ իրականացնում են իրավաբանական անձի կառավարման համանման գործառույթներ,

գ) իրավաբանական անձի համար տրամադրում են գտնվելու (գործունեության, թղթակցության կամ վարչական) վայր,

դ) հանդես են գալիս (վերապահում են այլ անձի հանդես գալու) որպես կողմերի համաձայնությամբ ձևավորված ֆինանսական միջոցների հավատարմագրային կառավարիչ,

ե) հանդես են գալիս (վերապահում են այլ անձի հանդես գալու) որպես այլ իրավաբանական անձի անվանատեր:

 

Հոդված 16. Գործարար հարաբերություններում հաճախորդի անընդհատ

               ուսումնասիրությունը

 

1. Հաշվետվություն տրամադրող անձինք պետք է գործարար հարաբերության ամբողջ ընթացքում իրականացնեն հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն: Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության ընթացքում հաշվետվություն տրամադրող անձինք իրականացնում են հաճախորդի հետ գործարքների մոնիտորինգ, որպեսզի հավաստիանան հաճախորդի, նրա գործարար բնութագրի և ռիսկայնության վերաբերյալ առկա տեղեկատվության, իսկ անհրաժեշտության դեպքում` եկամուտների աղբյուրի իսկության հարցում:

2. Հաշվետվություն տրամադրող անձինք պետք է իրենց կողմից սահմանված հաճախականությամբ թարմացնեն գործարար հարաբերությունում հաճախորդի նույնականացման արդյունքում ստացված տվյալները:

 

Հոդված 17. Գործարար հարաբերություն հաստատելու կամ միանգամյա   գործարք կնքելու սահմանափակումները, կեղծ ֆինանսական գործունեության արգելքը

 

1. Արգելվում է բացել, սպասարկել կամ տրամադրել`

1) անանուն կամ մտացածին անուններով հաշիվներ, ինչպես նաև այլ վճարային փաստաթղթեր.

2)  միայն թվային, տառային կամ պայմանական այլ նշաններով արտահայտված հաշիվներ:

2. Ըստ ներկայացնողի արժեթղթերը կամ ըստ ներկայացնողի չեկային գրքույկները համարվում են բարձր ռիսկի չափանիշներ:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արգելվում է ստեղծել կեղծ բանկ («շել» բանկ):

 

Հոդված 18. Դրամական փոխանցումների հետ կապվածպարտավորություններ

 

1. Դրամական փոխանցում իրականացնող ֆինանսական հաստատությունները, անկախ հաշվի բացման հանգամանքից, սույն օրենքով սահմանված կարգով պետք է պարզեն և ստուգեն նման փոխանցումներ կատարողների ինքնությունը: Այդ ինքնությունը պարզելու և ստուգելու նպատակով պետք է պահանջվեն և պահպանվեն փոխանցում կատարողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

1) անունը, ազգանունը.

2) հաշվի համարը (բացակայության դեպքում՝ եզակի հղման համարը).

3) անձը հաստատող փաստաթղթի տվյալները:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տեղեկատվությունը, ներառյալ՝ փոխանցումը կատարողի հաշվի համարը (բացակայության դեպքում՝ փոխանցումն ուղեկցող եզակի համարը) պետք է ներառվեն փոխանցմանն ուղեկցող վճարման հանձնարարականում:

3. Ֆինանսական հաստատությունները պետք է պահպանեն սույն հոդվածով սահմանված և նույնականացման արդյունքում ձեռքբերված տեղեկատվությունը, ինչպես նաև հաշվի (բացակայության դեպքում՝ փոխանցումն ուղեկցող եզակի համարի)  վերաբերյալ տվյալներն ու գործարար նամակագրությունն առնվազն 5 տարի, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ ավելի երկար:

4. Հաճախորդի նույնականացման և գործարքի (գործարար հարաբերության) վերաբերյալ տվյալները հարցման դեպքում պետք է տրամադրվեն Լիազորված մարմնին:

5. Սույն հոդվածով նախատեսված պարտավորությունները չեն կիրառվում՝

1) ֆինանսական հաստատությունների միջև իրենց անունից կատարվող փոխանցումների նկատմամբ.

2) կրեդիտ կամ դեբետ քարտերով իրականացվող գործարքների նկատմամբ, երբ գործարքի պայմաններում առկա է տեղեկատվություն այդ քարտերի համարների վերաբերյալ:

6. Դրամական փոխանցում իրականացնող հաշվետվություն տրամադրող անձինք՝

1) պետք է մերժեն դրամական փոխանցման ցանկացած պահանջ, եթե բացակայում է սույն հոդվածով սահմանված տեղեկատվությունը.

2) պետք է մերժեն դրամական փոխանցման ստացումը, եթե  դրամական փոխանցումը չի պարունակում սույն հոդվածով նախատեսված տեղեկատվությունը, և չնայած ձեռնարկված միջոցներին, հնարավոր չի լինում ստանալ և ստուգել բացակայող տեղեկատվությունը:

7. Սույն կետով սահմանված դեպքերում հաշվետվություն տրամադրող անձը կարող է սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կասկածելի գործարքի մասին հաշվետվություն տրամադրել Լիազորված մարմնին:

 

Հոդված 19. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից հավելյալ

               ուսումնասիրության անցկացումը, հաշվետվություն տրամադրող 

               անձանց օտարերկրյա պետություններում և տարածքներում

               գործող մասնաճյուղերին և ներկայացուցչություններին 

               ներկայացվող պահանջները

 

1. Հաշվետվություն տրամադրող անձինք պետք է հավելյալ ուսումնասիրություն իրականացնեն այն անձանց (ներառյալ՝ ֆինանսական հաստատությունների) հետ գործարար հարաբերություն հաստատելիս կամ միանգամյա գործարք կնքելիս, որոնք բնակվում (գտնվում) են օտարերկրյա այն պետություններում կամ տարածքներում, որտեղ չեն կիրառվում կամ ոչ պատշաճ են կիրառվում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային պահանջները:

2. Լիազորված մարմինը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնի հետ և հիմք ընդունելով փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարով զբաղվող միջազգային կազմակերպությունների հրապարակած տվյալները՝ սահմանում և թարմացնում է սույն հոդվածի 1-ին մասում նշված պետությունների կամ տարածքների ցանկը:

3. Հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են հանձնարարել օտարերկրյա պետություններում կամ տարածքներում (ներառյալ՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված պետություններում կամ տարածքներում) գտնվող իրենց մասնաճյուղերին և ներկայացուցչություններին կիրառել սույն օրենքի և սույն օրենքից բխող իրավական այլ ակտերի պահանջները, եթե սույն օրենքը և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերը սահմանում են ավելի խիստ նորմեր, քան մասնաճյուղի կամ ներկայացուցչության գտնվելու վայրի պետության օրենքներն ու իրավական այլ ակտերը: Եթե մասնաճյուղի կամ ներկայացուցչության գտնվելու վայրի պետության օրենքներն ու իրավական այլ ակտերն արգելում են կամ հնարավորություն չեն տալիս կիրառելու սույն օրենքի և սույն օրենքից բխող իրավական այլ ակտերի պահանջները, մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը պետք է այդ մասին տեղեկացնեն հաշվետվություն տրամադրող անձին, իսկ հաշվետվություն տրամադրող  անձը՝ Լիազորված մարմնին:

 

Հոդված 20. Տեղեկատվության պահպանումը

 

1. Հաշվետվություն տրամադրող անձինք Լիազորված մարմնի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով պետք է պահպանեն սույն օրենքով պահանջվող առնվազն հետևյալ  տեղեկատվությունը՝

1) հաճախորդի նույնականացման տվյալներ, այդ թվում՝ հաշվեհամարի և հաշվի շարժի վերաբերյալ տվյալներ և գործարար թղթակցության տվյալներ՝ գործարար հարաբերության ավարտից հետո առնվազն 5 տարվա ընթացքում, իսկ օրենքով նախատեսված լինելու դեպքում` ավելի երկար.

2) գործարքի (գործարար հարաբերության) հիմնական պայմանների վերաբերյալ տվյալներ, որոնք հնարավորություն կտան վերականգնել գործարքի (գործարար հարաբերության) իրական պատկերը՝ գործարքի կատարումից (գործարար հարաբերության դադարեցումից) հետո առնվազն 5 տարվա ընթացքում, իսկ օրենքով նախատեսված լինելու դեպքում` ավելի երկար:

 2. Սույն օրենքով պահանջվող և հաշվետվություն տրամադրող անձի կողմից պահպանվող տեղեկատվությունը պետք է բավարար լինի Լիազորված մարմնի կողմից կամ օրենքով սահմանված դեպքերում՝ քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից հարցվող գործարքների (գործարար հարաբերությունների) վերաբերյալ ամբողջական տեղեկությունների տրամադրման համար:

 

Գ Լ ՈՒ Խ 6

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ

 

Հոդված 21. Ֆինանսական հաստատությունների ներքին իրավական ակտերը

 

         1. Ֆինանսական հաստատությունները պետք է ունենան փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված ներքին իրավական ակտեր (կարգ, կանոն, ընթացակարգ, հրահանգ, կանոնակարգ): Սույն մասով նախատեսված ներքին իրավական ակտերը պետք է սահմանեն առնվազն՝

1) այն ներքին ընթացակարգերը, որոնք պետք է իրականացվեն հաճախորդի պատշաճ ուսումնասիրության և տեղեկատվության պահպանման նպատակով.

2) հաճախորդի պատշաճ և հավելյալ ուսումնասիրության նպատակով պահանջվող փաստաթղթերի և այլ տեղեկությունների ցանկը.

3) ներքին իրավական ակտով նախատեսված ընթացակարգերի և պահանջների պահպանման նկատմամբ ներքին աուդիտի իրականացման կարգն ու պայմանները՝ ներքին աուդիտի անցկացման՝ օրենքով սահմանված պահանջի դեպքում.

4) ներքին դիտարկումների մարմնի գործունեության ներքին ընթացակարգը.

5) կասկածելի և այլ գործարքների (գործարար հարաբերությունների) մասին տեղեկատվության հավաքագրման, գրանցման և պահպանման ընթացակարգերը.

6) գործարքների (գործարար հարաբերությունների) կասեցման (դադարեցման), ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցների սառեցման ներքին ընթացակարգերը.

7) ներքին դիտարկումների մարմնի կամ սույն օրենքով սահմանված գործառույթներ իրականացնող այլ աշխատակիցների աշխատանքի ընդունման, ուսուցման և վերապատրաստման  պահանջները.

8) գործարար հարաբերությունը կամ գործարքը կասկածելի համարելու չափանիշները.

9) Լիազորված մարմնին հաշվետվություն տրամադրելու ներքին ընթացակարգը.

10) սույն օրենքով, Լիազորված մարմնի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ պահանջների կիրառությունն ապահովող ներքին ընթացակարգերը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ներքին իրավական ակտերից մեկական օրինակ ֆինանսական հաստատությունները դրանց հաստատման, ինչպես նաև դրանցում լրացումներ և փոփոխություններ կատարելու դեպքում մեկշաբաթյա ժամկետում տրամադրում են Լիազորված մարմնին: Լիազորված մարմնի պահանջով ֆինանսական հաստատությունները պարտավոր են համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել ներքին իրավական ակտերում:

 

Հոդված 22. Ֆինանսական հաստատությունների ներքին դիտարկումների

                ստորաբաժանումը

 

1. Ֆինանսական հաստատությունները պարտավոր են ունենալ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմամբ զբաղվող ներքին դիտարկումների ստորաբաժանում կամ աշխատակից կամ այդ գործառույթները վերապահել մասնագիտացված գործունեություն իրականացնող համապատասխան անձանց (այսուհետ՝ ներքին դիտարկումների մարմին):

2. Ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցները պետք է Լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով և մասնագիտական համապատասխանության չափանիշների հիման վրա անցնեն որակավորում:

3. Ներքին դիտարկումների մարմինը ապահովում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից Լիազորված մարմնին սույն օրենքով սահմանված հաշվետվությունների տրամադրումը, հաշվետվություն տրամադրող անձի կողմից սույն օրենքով սահմանված այլ պարտականությունների կատարումը:

4. Ներքին դիտարկումների մարմինը հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով և հաճախականությամբ, բայց ոչ ուշ, քան կիսամյակը մեկ անգամ ուսումնասիրում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից իրականացված գործարքների (գործարար հարաբերությունների), կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ու աշխատակիցների գործողությունների համապատասխանությունը սույն օրենքին, սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական այլ ակտերին և ներքին իրավական ակտերին: Ուսումնասիրության արդյունքների, ինչպես նաև Լիազորված մարմնի կողմից ներկայացված այլ հարցերի վերաբերյալ ներքին դիտարկումների ստորաբաժանումը հաշվետվություն է ներկայացնում հաշվետվություն տրամադրող  անձի կառավարման բարձրագույն մարմնին (բանկերում՝ խորհրդին):

5. Ներքին դիտարկումների մարմինը սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված գործառույթներն իրականացնելիս անկախ է և պետք է ունենա հաշվետվություն տրամադրող անձի ավագ ղեկավարության կարգավիճակ: Ներքին դիտարկումների մարմինը պետք է իրավունք ունենա իր կառավարման բարձրագույն մարմնին (բանկերի դեպքում՝ խորհրդին) անմիջականորեն ներկայացնել հաշվետվություն տրամադրող անձի՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ծագած խնդիրները:

 

Հոդված 23. Ֆինանսական հաստատությունների կողմից աուդիտի իրականացումը

 

1. Ֆինանսական հաստատությունները պետք է իրականացնեն ներքին աուդիտ Լիազորված մարմնի նորմատիվ իրավական ակտով սահմանված դեպքերում և հաճախականությամբ՝ սույն օրենքով նախատեսված պարտականությունների պատշաճ իրականացումը վերստուգելու համար:

2. Ֆինանսական հաստատությունները Լիազորված մարմնի պահանջով կամ իրենց նախաձեռնությամբ հրավիրում են արտաքին աուդիտ՝ վերստուգելու փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության ներդրման և արդյունավետության մակարդակը:

 

Գ Լ ՈՒ Խ 7

 

ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ՄԵՐԺՈՒՄԸ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՍԱՌԵՑՈՒՄԸ

 

Հոդված 24. Գործարար հարաբերության կամ գործարքների կասեցումը, դադարեցումը և մերժումը

 

1. Ֆինանսական հաստատությունն իրավունք ունի մինչև 5 օրով, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված դեպքերում պարտավոր է 5 օրով կասեցնել գործարար հարաբերությունը կամ գործարքը՝ փողերի լվացման կասկածի առկայության դեպքում և այդ մասին անմիջապես Լիազորված մարմնին ներկայացնել սույն օրենքի 5-7-րդ հոդվածներով սահմանված կասկածելի գործարքի (գործարար հարաբերության) մասին հաշվետվություն:

2. Գործարար հարաբերությունը կամ գործարքը կարող է 10 օրով կասեցվել Լիազորված մարմնի որոշմամբ՝ Լիազորված մարմնին տրամադրված հաշվետվությունների և (կամ) վերահսկող մարմինների ներկայացրած կամ այլ տեղեկությունների վերլուծությունների հիման վրա: Գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու մասին Լիազորված մարմնի որոշումը ֆինանսական հաստատության կողմից ստանալու պահից պետք է կատարվի անմիջապես:

3. Լիազորված մարմինը ֆինանսական հաստատության կողմից գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման մասին տեղեկանալու պահից 5 օրվա ընթացքում որոշում է կայացնում սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված դեպքերում քրեական հետապնդման մարմիններին հաղորդում ուղարկելու, կամ քրեական հետապնդման մարմիններին հաղորդում ուղարկելու հիմքերը պարզելու նպատակով Ֆինանսական դիտարկումների կենտրոնին 5-օրյա ժամկետ տրամադրելու, կամ կասեցման որոշումը վերացնելու մասին: Սույն մասում նշված ժամկետում Լիազորված մարմնի որոշումը ֆինանսական հաստատությանը չտրամադրելու դեպքում կասեցման մասին որոշումը համարվում է վերացված:

4. Քրեական հետապնդման մարմիններին հաղորդում ուղարկելու մասին որոշում կայացնելու դեպքում քրեական հետապնդման մարմինների կողմից հաղորդումը ստանալու պահից գործարար հարաբերությունը կամ գործարքը կասեցնելու ժամկետը համարվում է 10 օրով երկարացված, որից հետո՝ վերացված, եթե օրենքով սահմանված կարգով կասեցումը պահպանելու գործողություններ չեն ձեռնարկվել: Քրեական հետապնդման մարմիններին հաղորդում ուղարկելու վերաբերյալ Լիազորված մարմինը տեղեկացնում է ֆինանսական հաստատությանը:

5. Ֆինանսական հաստատության կամ Լիազորված մարմնի՝ գործարար հարաբերությունը կամ գործարքը կասեցնելու մասին որոշումը, մինչև կասեցման ժամկետի ավարտը, կարող է վերացվել միայն Լիազորված մարմնի կողմից՝ իր նախաձեռնությամբ կամ ֆինանսական հաստատության միջնորդությամբ, եթե պարզվի, որ փողերի լվացման կասկածը հիմնավորված չէ:

6. Հաշվետվություն տրամադրող անձն պարտավոր է չհաստատել կամ չիրականացնել գործարար հարաբերություն կամ չկնքել գործարք, եթե օրենքով սահմանված կարգով ձեռնարկված գործողությունների արդյունքում հնարավոր չի լինում կատարել սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված հաճախորդների նույնականացումը, բացառությամբ 15-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված դեպքի:

7. Գործարար հարաբերություն չիրականացնելու կամ չհաստատելու կամ գործարք չկնքելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձը պետք է քննարկի սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կասկածելի գործարքի մասին Լիազորված մարմնին հաշվետվություն ներկայացնելու հարցը:

8. Ոչ ֆինանսական հաստատությունն իրավունք ունի, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված դեպքերում պարտավոր է մերժել գործարար հարաբերությունը կամ գործարքը՝ փողերի լվացման կասկածի առկայության դեպքում և այդ մասին անմիջապես ներկայացնել սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կասկածելի գործարքի (գործարար հարաբերության) մասին հաշվետվություն Լիազորված մարմնին:

 

Հոդված 25. Ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցների

                   սառեցումը

 

1. Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման նպատակով Լիազորված մարմինը պետք է հրապարակի ահաբեկչության հետ կապված անձանց ցանկեր և ապահովի այդ ցանկերում ներառված, ինչպես նաև ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված այլ անձանց ֆինանսական միջոցների անմիջապես սառեցումը:

2. Ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերում ներառված կազմակերպությունները սույն օրենքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 2171-րդ հոդվածի իմաստով համարվում են ահաբեկչական կազմակերպություններ:

3. Ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցների սառեցման մասին որոշումը կայացնում է հաշվետվություն տրամադրող անձը կամ Լիազորված մարմինը՝ 5-օրյա ժամկետով: Հաշվետվություն տրամադրող անձը սառեցման մասին որոշում կայացնելու դեպքում դրա մասին Լիազորված մարմնին անմիջապես ներկայացնում է սույն օրենքի 5-7-րդ հոդվածներով սահմանված կասկածելի գործարքի (գործարար հարաբերության) մասին հաշվետվություն:

4. Հաշվետվություն տրամադրող անձի՝ ֆինանսական միջոցների սառեցման մասին որոշումը մինչև սառեցման ժամկետի ավարտը կարող է վերացվել միայն Լիազորված մարմնի կողմից՝ իր նախաձեռնությամբ կամ հաշվետվություն տրամադրող անձի միջնորդությամբ:

5. Սառեցման մասին Լիազորված մարմնի տեղեկանալու պահից 5 օրվա ընթացքում Լիազորված մարմինն որոշում է կայացնում դրա մասին սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված դեպքերում քրեական հետապնդման մարմիններին հաղորդում ուղարկելու մասին կամ սառեցման որոշումը վերացնելու մասին: Լիազորված մարմնի կողմից սույն կետով սահմանված ժամկետում որոշում չկայացնելու դեպքում սառեցման մասին որոշումը համարվում է վերացված:

6. Քրեական հետապնդման մարմինների կողմից հաղորդում ստանալու պահից սառեցման ժամկետը համարվում է 10 օրով երկարացված, որից հետո՝ վերացված, եթե օրենքով սահմանված կարգով կասեցումը պահպանելու գործողություններ չեն ձեռնարկվել:

7. Անձն իրավունք ունի դատական կարգով Լիազորված մարմնից պահանջել իր սառեցված ֆինանսական միջոցների հաշվին կատարել իր ընտանեկան, բժշկական և այլ անձնական նպատակներով վճարումներ: Դատական կարգով այդպիսի վճարումների վերաբերյալ որոշում կայացվում է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով սահմանված համաձայնության ստացումից հետո, եթե տվյալ անձի անունն ընդգրկված է  ՄԱԿ-ի կողմից սահմանված ցանկերում:

 

Գ Լ ՈՒ Խ 8

 

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 26. Հաշվետվություն տրամադրող անձանց և ոչ առևտրային

               կազմակերպությունների նկատմամբ վերահսկողությունը

 

1. Հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են վերահսկող մարմինները: Լիազորված մարմնի առաջարկով վերահսկող մարմիններն իրականացնում են հաշվետվություն տրամադրող անձի մոտ ստուգումներ՝ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված տեղեկությունների հիման վրա:

2. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում իրականացված ստուգման արդյունքների, ինչպես նաև կիրառված պատասխանատվության միջոցների մասին Լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով վերահսկող մարմինները տեղեկացնում են Լիազորված մարմնին:

3. Ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգող օրենսդրությամբ սահմանված վերահսկող մարմինները պետք է Լիազորված մարմնի դիմումով միջոցներ ձեռնարկեն ոչ առևտրային կազմակերպություններին ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավելը կամ օգտագործելը կանխարգելելու համար: Այդ նպատակով ոչ առևտրային կազմակերպությունները պարտավոր են առնվազն 5 տարի պահպանել հետևյալ տեղեկությունները՝

1) կառավարման  մարմինների  անդամների  նույնականացման  տվյալները՝ սույն օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան.

2) հիմնադիր փաստաթղթերը և կառավարման մարմինների որոշումները.

3) ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ փաստաթղթերը:

4. Լիազորված մարմինը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև այլ մարմիններ, կարող են ոչ առևտրային կազմակերպություններից կամ դրանց գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմիններից պահանջել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված տեղեկություններ:

 

Հոդված 27. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

 

1. Հաշվետվություն տրամադրող անձը կամ նրա աշխատակիցները (ղեկավարները) չեն կարող ենթարկվել քրեական, վարչական, քաղաքացիական կամ այլ պատասխանատվության սույն օրենքով նախատեսված իրենց պարտականությունների կատարման համար՝ այդ պարտականությունները պատշաճ կատարելու դեպքում:

2. Ֆինանսական հաստատությունների կողմից սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է իրենց գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

3. Իրավաբանական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց կողմից սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է հետևյալ պատասխանատվության միջոցների կիրառումը.

1) սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հաշվետվությունները չտրամադրելը կամ ժամկետանց տրամադրելը, ինչպես նաև 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հաշվետվությունների մեջ տվյալները սխալ (այդ թվում՝ կեղծ կամ ոչ արժանահավատ) կամ թերի լրացնելը, հաստատված հաշվետվական ձևը կառուցվածքային փոփոխությունների ենթարկելը առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով.

2) սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հաշվետվությունները չտրամադրելը կամ ժամկետանց տրամադրելը առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով.

3) սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունը խախտելը առաջացնում է նախազգուշացման հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով.

4) սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով.

5) սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված պարտականությունը խախտելը առաջացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվություն.

6) սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանք նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով.

7) սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով.

8) սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով.

9) սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.

10) սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի չափով.

11) սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:

4. Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց կողմից սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվություն:

5. Վերահսկող մարմնի կողմից լիցենզավորվող (նշանակվող) ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցները կիրառվում են համապատասխան լիցենզավորող (նշանակող) մարմնի կողմից՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով՝ այնքանով, որքանով դա չի հակասում սույն օրենքի պահանջներին:

6. Որևէ վերահսկող մարմնի կողմից չլիցենզավորվող (չնշանակվող) ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցները կիրառվում են Լիազորված մարմնի կողմից՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով՝ այնքանով, որքանով դա չի հակասում սույն օրենքի պահանջներին:

7. Լիազորված մարմնի աշխատակիցների կողմից սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի համաձայն` Լիազորված մարմին ներկայացված գաղտնիք կազմող տեղեկությունների ապօրինի հրապարակումը, ինչպես նաև առևտրային և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների ապօրինի հրապարակումը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

8. Պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտումը առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվություն:

 

Հոդված 28. Իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվող պատասխանատվությունը փողերի լվացման կամ  ահաբեկչության

                ֆինանսավորման մեջ ներգրավվածության համար

 

1. Փողերի լվացման մեջ իրավաբանական անձի (բացառությամբ հաշվետվություն տրամադրող անձի) ներգրավված լինելն առաջացնում է տուգանքի նշանակում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքի չափով, ինչպես նաև կարող է հայց ներկայացվել դատարան՝ օրենքով սահմանված կարգով այդ իրավաբանական անձին լուծարելու պահանջով:

2. Փողերի լվացման մեջ իրավաբանական անձ հանդիսացող հաշվետվություն տրամադրող անձի ներգրավված լինելն առաջացնում է տուգանքի նշանակում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքի չափով, ինչպես նաև կարող է ուժը կորցրած ճանաչվել կամ կասեցվել կամ դադարեցվել այդ անձի լիցենզիան կամ այլ կերպ օրենքով սահմանված կարգով կարող է արգելվել հաշվետվություն տրամադրող անձին բնորոշ գործունեության իրականացումը:

3. Ահաբեկչության ֆինանսավորման մեջ իրավաբանական անձի (բացառությամբ հաշվետվություն տրամադրող անձի) ներգրավված լինելն առաջացնում է տուգանքի նշանակում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքի չափով, ինչպես նաև հայց է ներկայացվում դատարան՝ օրենքով սահմանված կարգով այդ իրավաբանական անձին լուծարելու պահանջով:

4. Ահաբեկչության ֆինանսավորման մեջ իրավաբանական անձ հանդիսացող հաշվետվություն տրամադրող անձի ներգրավված լինելն առաջացնում է տուգանքի նշանակում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքի չափով, ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվում այդ անձի լիցենզիան կամ այլ կերպ օրենքով սահմանված կարգով արգելվում է հաշվետվություն տրամադրող անձին բնորոշ գործունեության իրականացումը:

5. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները ֆինանսական հաստատությունների նկատմամբ կիրառվում են Լիազորված մարմնի կողմից դրանց գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ սահմանված կարգով:

 6. Ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց և իրավաբանական անձանց նկատմամբ սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները կիրառվում են համապատասխան վերահսկող մարմնի կողմից, իսկ վերահսկող մարմնի բացակայության դեպքում՝ Լիազորված մարմնի կողմից՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով՝ այնքանով, որքանով դա չի հակասում սույն օրենքի պահանջներին:

 

Գ Լ ՈՒ Խ 9

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 29. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող վաթսուներորդ օրվանից:

2. Իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր հաշվապահների և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, թանկարժեք մետաղների և քարերի դիլերների, հավատարմագրային կառավարման և իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հաշվետվության տրամադրման  պարտականությունն առաջանում է միայն օրենքով սահմանված կարգով լիցենզավորման (նշանակման, որակավորման կամ այլ կերպ գործունեության թույլտվության տրամադրման ու դրա նկատմամբ վերահսկողության իրականացման) պահանջների ամրագրումից հետո:

 

 

 

         ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ               

         ՆԱԽԱԳԱՀ ̀                                                                                            Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

        26 հունվարի 2008թ.

        ք.Ստեփանակերտ

        ՀՕ-1