Փախստականների մասին

                                                                                                                                                                                                                     Ընդունված է 2003թ. նոյեմբերի 26-ին

Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցող անձանց ժամանակավոր տեղավորելու, փախստականի կարգավիճակ տալու կամ այն մերժելու, փախստականի կարգավիճակը կորցնելու, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր ապաստան տալու հիմքերը, կարգն ու պայմանները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) իրավասությունները, փախստականի կարգավիճակ հայցողի և փախստականի իրավունքներն ու պարտականությունները, նրանց իրավական ու սոցիալական պաշտպանվածության երաշխիքները:

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.  Օրենքում օգտագործվող հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

փախստական` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձ, որն ըստ ռասայական, ազգային, կրոնական, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական համոզմունքների համար հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղի պատճառով գտնվում է իր քաղաքացիական պատկանելության պետությունից դուրս և չի կարող կամ չի կամենում օգտվել այդ պետության պաշտպանությունից, կամ, չունենալով որևէ պետության քաղաքացիություն և գտնվելով իր նախկին հիմնական բնակության վայրի պետությունից դուրս, չի կարող կամ չի կամենում վերադառնալ այդ պետություն, կամ եթե անձը միաժամանակ մի քանի պետության քաղաքացի է, սակայն երկյուղ ունի, որ չի կարող օգտվել այդ պետություններից որևէ մեկի պաշտպանությունից.

փախստականի կարգավիճակ հայցող՝ անձ, որը դիմում է կամ մտադրություն ունի դիմելու լիազորված մարմնին`  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստանալու համար.

հատուկ կացարան` փախստականի կարգավիճակ հայցողին բժշկական զննման ենթարկելու ժամանակամիջոցում ժամանակավոր բնակության համար հատկացված բնակելի տարածք.

ժամանակավոր կացարան` փախստականի կարգավիճակ հայցողին և փախստականին ժամանակավոր բնակության համար հատկացված բնակելի տարածք.

ժամանակավոր ապաստան` օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ժամանակավոր բնակության իրա-վունք՝ սույն օրենքի  22-րդ հոդվածին համապատասխան:

 

Հոդված 2. Օրենքի գործողության շրջանակը

           

Սույն օրենքի գործողությունը տարածվում է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիու-թյուն չունեցող այն անձանց վրա, ովքեր, գտնվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, սույն օրենքով սահմանված կարգով դիմել կամ մտադիր են դիմել լիազորված մարմնին` փախստականի կարգավիճակ ստանալու համար, կամ արդեն իսկ ձեռք են բերել փախստականի կարգավիճակ, կամ ստացել են մերժում:

 

Հոդված 3. Փախստականների մասին օրենսդրությունը

 

Փախստականի և փախստականի կարգավիճակ հայցողի իրավական վիճակը կարգավոր-վում է  սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ օրենքներով և օրենսդրական այլ ակտերով:

Եթե սույն օրենքի նորմերը հակասում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազ-գային պայմանագրերի նորմերին, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 4. Փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթղթերը

           

Փախստականի կարգավիճակ ստացած անձին լիազորված մարմինը տալիս է փախըս-տականի վկայական և ճամփորդական փաստաթուղթ, որոնց ձևերը և տրման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Փախստականի ճամփորդական փաստաթուղթը տրվում է «Փախստականի կարգավիճակի վերաբերյալ» 1951 թվականի Ժնևի կոնվենցիային համապատասխան:

Փախստականի վկայականը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում համարվում է փախստականի անձը հաստատող փաստաթուղթ և տրվում է փախստականի կարգավիճակ ստա-ցած, 16 տարին լրացած բոլոր անձանց, իսկ ճամփորդական փաստաթուղթը` փախստականի վկա-յական ստացած անձանց` ըստ ցանկության:

Սույն օրենքով սահմանված կարգով` փախստականի կարգավիճակ ստացած, 16 տարին չլրացած փախստականների մասին տվյալները նշվում են նրանց ծնողների՝ փախստականի վկա-յականում և ճամփորդական փաստաթղթում կամ այլ օրինական ներկայացուցչի համապատաս-խան փաստաթղթերում:

Փախստականի կարգավիճակ ստացած անձանց երեխաները 16 տարին լրանալուց հետո կարող են դիմել լիազորված մարմնին` փախստականի վկայական և ճամփորդական փաստա-թուղթ ստանալու համար:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

Հոդված 5. Փախստականի կարգավիճակ տալու հիմքերը

           

Փախստականի կարգավիճակ հայցողն իրավունք ունի դիմել լիազորված մարմնին և սույն օրենքով սահմանված կարգով ստանալ փախստականի կարգավիճակ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստանում է սույն օրենքի 1-ին հոդվածում նշված անձը, եթե`

ա) գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում,

բ) այլ պետության կողմից չի ստացել փախստականի կարգավիճակ:

 

Հոդված 6. Փախստականի կարգավիճակ տալու մերժման հիմքերը

 

Փախստականի կարգավիճակ չի տրվում այն անձին, եթե`

ա) նախքան Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործելը նա կատարել է խա-ղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործություն կամ զինվորական հանցագործություն` միջազգային ակտերում այդ արարքներին տրված բնորոշումերով.

բ) նախքան Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործելը նա կատարել է ոչ քաղաքական բնույթի հանցագործություն, կամ նրա նկատմամբ ուժի մեջ է Միջազգային դատարանի վճիռը` Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին և սկզբունքներին հակասող հանցագործության համար.

գ) նա կարող է վնասել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությանը.

դ) նա ունի մի քանի պետությունների քաղաքացիություն, բայց առանց հիմնավոր պատ-ճառների չի օգտվում այդ պետություններից որևէ մեկի պաշտպանությունից.

ե) սույն օրենքի համաձայն նրա` փախստականի կարգավիճակ ստանալու դիմումը նախկինում մերժվել է, իսկ նոր դիմումը լրացուցիչ տեղեկություններ չի պարունակում.

զ) նա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք է գործել այն պետության տարածքից, որտեղ հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղի պատճառներ չկան, և նա կարող էր ստանալ փախստականի կարգավիճակ.

է) նա հրաժարվում է հաղորդել անհրաժեշտ տեղեկություններ կամ հայտնում է ակնհայտ սխալ տեղեկություններ իր կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործելու հանգամանքների մասին.

ը) նա օրինական ամուսնության մեջ է գտնվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու հետ.

թ) նա «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստացել է կացության կարգավիճակ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂ ԱՆՁԱՆՑ  ՄՈՒՏՔԸ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 7. Փախստականի կարգավիճակ հայցող անձանց մուտքը

              Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

 

Փախստականի կարգավիճակ հայցող, ինչպես նաև այլ պետություններից զանգվածաբար Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եկող անձինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են մուտք գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փախստականի կարգավիճակ հայցողը փախստականի կարգավիճակ ստանալու դիմումը կարող է ներկայացնել ինչպես 5-րդ հոդվածում նշված դեպքերում, այնպես էլ Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության սահմանակետում` լիազորված մարմնի ներկայացուցչին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքի թույլտվություն չունենալու դեպքում փախստականի կարգավիճակ հայցելու դիմումը հիմք է հանդիսանում փախստականի կարգավիճակ հայցողին անարգել մուտք գործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և օգտվել սույն օրենքով սահմանված իրավունքներից:

 

Հոդված 8. Փախստականի կարգավիճակ հայցողի բնակեցումը հատուկ կացարանում

           

Փախստականի կարգավիճակ հայցողին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո, լիազորված մարմինը ժամանակավորապես տեղավորում է այդ նպատակի համար նախատեսված հատուկ կացարաններում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մեկամսյա ժամկետում, անհրաժեշտ բժշկական զննման ենթարկելու և փաստաթղթային ստուգումներ անցկացնելու համար:

Մինչև իր դիմումի վերջնական պատասխան ստանալը փախստականի կարգավիճակ հայցողն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղաշարժվել, բնա-կության վայր ընտրել` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 9. Փախստականի կարգավիճակ հայցողին և փախստականին

              ժամանակավոր կացարանով ապահովելը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործած անձը, սույն օրենքի 8-րդ  հոդվածով նախատեսված, բժշկական զննման ենթարկվելուց և փաստաթղթային ստուգումներից հետո տեղավորվում է ժամանակավոր կացարաններում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 10. Փախստականի կարգավիճակ հայցողի իրավունքները և

               դրանց երաշխիքները

 

Փախստականի կարգավիճակ հայցողն իրավունք ունի`

ա) ստանալ թարգմանչական, իրավական խորհրդատվության անվճար ծառայություններ, բժշկական օգնություն և սպասարկում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարու-թյան սահմանած կարգով, ինչպես նաև՝ տեղեկատվություն ազգականների վերաբերյալ.

բ) ստանալ միանվագ նպաստ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու չափով.

գ) հետ վերցնել փախստականի կարգավիճակ հայցողի դիմումը:

Փախստականի կարգավիճակ հայցողն օգտվում է սույն օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված երաշխիքներից, ինչպես նաև կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների գերագույն հանձնակատարի ներկայացուցչին:

 

Հոդված 11. Փախստականի կարգավիճակ հայցողի պարտականությունները

 

Ժամանակավոր կացարաններում տեղավորված անձինք, մինչև փախստականի կարգավի-ճակ ստանալու մասին իրենց գրավոր դիմումը քննարկելը և դրա վերաբերյալ որոշում ընդունելը, պարտավոր են`

ա) պահպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը և լիազորված մարմնի` ժամանակավոր կացարաններում բնակվելու համար սահմանած կարգն ու կանոնները.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դուրս գալու ցանկության դեպքում այդ մասին հայտնել լիազորված մարմնին.

գ) վերջնական մերժում ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, դուրս գալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, եթե իրավասու պետական մարմինների սահմանած կարգով նման պահանջ է ներկայացվել.

դ) ենթարկվել պարտադիր բժշկական զննման:

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼԸ

 

Հոդված 12. Փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմում տալու կարգը

 

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործած անձինք` ըստ իրենց ժամանա-կավոր կացարանների գտնվելու վայրի, սահմանված կարգով` տասնօրյա ժամկետում, գրավոր դիմում են լիազորված մարմնին` փախստականի կարգավիճակ ստանալու  համար: Փախստականի կարգավիճակ ստանալու դիմում ներկայացրած անձինք ստանում են փախստականի կարգավիճակ հայցողի վկայական:

Փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմելու իրավունք ունեն 16 տարին լրա-ցած անձինք: 16 տարին չլրացած անձանց համար դիմումները ներկայացնում են նրանց ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչներ:

Եթե 16 տարին չլրացած անձինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չունեն ծնողներ կամ այլ օրինական ներկայացուցիչներ, ապա նրանք անհապաղ վերցվում են պետության խնամքի տակ:

Փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմումները պարտադիր ընդունվում և սահմանված կարգով գրանցվում են:

Փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի ձևը և գրանցման կարգը սահ-մանում է լիազորված մարմինը:

Դիմողն ազատվում է փախստականի կարգավիճակի համար դիմումը քննարկելու և դրա վերաբերյալ որոշում ընդունելու հետ կապված ծախսերից:

Փախստականի կարգավիճակը տրվում է երեք տարի ժամկետով: Ժամկետը լրանալուց հետո այն երկարաձգվում է փախստականի կարգավիճակ տալու` օրենքով սահմանված կարգով: Եթե դադարել են այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական, ապա անձը կորցնում է փախստականի կարգավիճակը:

 

Հոդված 13. Դիմումի քննարկման ժամկետները

 

Փախստականի կարգավիճակ ստանալու համար ներկայացված դիմումները քննարկվում են մեկամսյա ժամկետում:

Այն դեպքում, երբ դիմումի քննարկումը պահանջում է լրացուցիչ ուսումնասիրություն, քննարկումը կարող է երկարաձգվել մինչև երեք ամիս:

 

Հոդված 14. Փախստականի կարգավիճակ ստանալու դիմումի մերժումը

           

Փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմումը կարող է մերժվել, եթե`

ա) դիմողի տվյալները չեն համապատասխանում սույն օրենքի 1-ին և 5-րդ հոդվածներով նախատեսված անձանց համար սահմանված պահանջներին.

բ) նախքան դիմումի քննարկումը և դրա վերաբերյալ որոշում ընդունելն անձն առանց լիազորված մարմնին տեղեկացնելու հեռացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից կամ խախտել է սույն օրենքի 8-րդ հոդվածի պահանջները.

գ) առկա են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենսդրությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված` մերժման այլ հիմքեր:

 

Հոդված 15. Փախստականի կարգավիճակ տալու մերժման որոշումը գանգատարկելը

 

Լիազորված մարմինը որոշում է ընդունում փախստականի կարգավիճակ տալու կամ այն մերժելու վերաբերյալ, որի մասին եռօրյա  ժամկետում գրավոր տեղեկացնում է դիմողին:

Դիմումը մերժելու դեպքում նշվում են սույն օրենքով նախատեսված այն հիմքերը, որոնք մերժման պատճառ են հանդիսացել:

Դիմումի մերժումը կարող է գանգատարկվել վերադասության և դատական կարգով` մեկամսյա ժամկետում:

Եթե փախստականի կարգավիճակ հայցողը դիմել է դատարան, ապա մինչև գանգատի վերաբերյալ՝ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելն անձն օգտվում է փախստականի կարգավիճակ հայցողի իրավունքներից, և արգելվում է նրա վտարումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:

 

Հոդված 16. Փախստականի կարգավիճակ տալու մերժման իրավական հետևանքները

 

Փախստականի կարգավիճակ տալու վերջնական մերժումը` ներառյալ բողոքարկման գործընթացի ավարտը, իրավասու մարմինների համար հիմք է հանդիսանում սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից վտարելու փախստականի կարգավիճակ հայցողին, եթե նա  հրաժարվում է սահմանված ժամկետում կամավոր մեկնել, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նրա մնալու համար սահմանված այլ օրինական հիմքեր:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից փախստականի կարգավիճակ հայցողի վտարումը կասեցվում է այն դեպքում, երբ նա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվելիս կատարել է հանցագործություն` մինչև նրա նկատմամբ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Անձի վտարումը կարող է հետաձգվել, եթե  նա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, նրա  քաղաքացիների կամ նրա տարածքում գործող կամ գտնվող այլ անձանց հանդեպ ունի այնպիսի պարտավորություններ, որոնց կատարումը պահանջում է այդ անձի ներկայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

 

Հոդված 17. Մերժում ստացած փախստականի կարգավիճակ հայցողի, փախստականի

               կարգավիճակը կորցրած կամ կարգավիճակից զրկված անձի վտարումը

 

Սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված կարգով մերժում ստացած փախստականի կարգավիճակ հայցող, ինչպես նաև փախստականի կարգավիճակը կորցրած կամ կարգավիճակից զրկված անձանց, ովքեր հրաժարվում են լիազորված մարմնի կողմից ընդունված որոշման համաձայն սահմանված ժամկետում կամավոր մեկնել, վտարումը Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տությունից իրականացվում է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Մերժում ստացած փախստականի կարգավիճակ հայցող անձը վտարվում է այն երկիր, որի քաղաքացին է կամ որևէ այլ երկիր, որտեղ մեկնելու ցանկություն է հայտնել, եթե տվյալ երկիրը նրան ընդունելու պատրաստակամություն է հայտնել:

Փախստականի կարգավիճակը կորցրած անձը վտարվում է միայն դատական կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 18. Փախստականի իրավունքները և պարտականությունները

 

Փախստականը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ունի օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար սահմանված իրավունքներն ու պարտա-կանությունները, այդ թվում` մտքի, խոսքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք:

Փախստականն իրավունք ունի ազատ տեղաշարժվել և սահմանված կարգով ընտրել բնակավայր:

Փախստականն ունի անձնական և ընտանեկան կյանքին անօրինական միջամտելուց օրենքով պաշտպանվելու, անձի և բնակարանի անձեռնմխելիության, հաղորդակցության գաղտնիու-թյան, պատվի և արժանապատվության, կյանքի և առողջության, անձնական ազատության և գույքի դեմ ոտնձգություններից դատական պաշտպանության` Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության քաղաքացուն հավասար իրավունքներ:

Փախստականն ունի սեփականության, աշխատանքի և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փախստականն ընտանեկան հարաբերություններում ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացուն հավասար իրավունքներ և պարտականություններ:

Փախստականն իրավունք ունի  ստանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն, ծառայել զինված ուժերում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Փախստականն օգտվում է սոցիալական պաշտպանվածության իրավունքից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փախստականը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չունի ընտրական իրավունք (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունքից), չի կարող անդամագրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որևէ կուսակցության, չի կարող ընտրվել կամ նշանակվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված պաշտոններում:

Փախստականը վճարում է հարկեր, տուրքեր և կատարում այլ պարտադիր վճարումներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փախստականն իր իրավունքներից ու ազատություններից օգտվելիս չպետք է վնաս հասցնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների, այլ անձանց օրինական շահերին, իրավունքներին ու ազատություններին, հասարակական կարգին, ընդհանուր բարեկեցությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությանը:

Փախստականի կարգավիճակ ստացած անձը պարտավոր է պահպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջները:

Սույն օրենքով չնախատեսված այլ իրավունքների և պարտականությունների հարցում փախստականն օգտվում է օտարերկրյա քաղաքացիների համար Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից:

 

Հոդված 19. Փախստականին տրված իրավունքների երաշխիքները

 

Փախստականը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն տրված իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս օգտվում է Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության հովանավորությունից և գտնվում է նրա պաշտպանության ներքո:

Փախստականին իրավունք չունեն վտարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից:

Փախստականին ձերբակալելու, կալանավորելու, քրեական պատասխանատվության ենթարկելու կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից նրա ելքն արգելելու դեպքում համա-պատասխան պաշտոնատար անձինք պարտավոր են ոչ ուշ, քան քսանչորս ժամվա ընթացքում, այդ մասին տեղեկացնել լիազորված մարմնին և Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների գերագույն հանձնակատարի ներկայացուցչին:

Փախստականն իր կամքին հակառակ  չի  կարող վերադարձվել այն երկիրը, որտեղից  նա  հեռացել է կամ ուղարկվել այլ երկիր, որտեղ վտանգ է սպառնում նրա կյանքին և ազատություններին:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Հոդված 20. Փախստականի կարգավիճակի դադարեցման հիմքերը

 

Անձը կորցնում է փախստականի կարգավիճակը, եթե`

ա) կամավոր կերպով կրկին ընդունել է այն երկրի պաշտպանությունը, որի քաղաքացին էր նա.

բ) կորցրած լինելով իր քաղաքացիությունը` կամավոր կերպով վերստանձնել է այն.

գ) ձեռք է բերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ որևէ պետության քաղաքացիություն և օգտվում է այն պետության պաշտպանությունից, որի քաղաքացին է դարձել.

դ) կամավոր կերպով վերահաստատվել է այն երկրում, որը լքել էր կամ որից մեկնել էր հալածանքի երկյուղի պատճառով.

ե) այլևս չի կարող մերժել այն երկրի պաշտպանությունը, որի քաղաքացին էր նա, որովհետև այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր  փախստական, դադարել են գոյություն ունենալ.

զ) լինելով քաղաքացիություն չունեցող անձ` ի վիճակի է վերադառնալ իր նախկին բնակության երկիրը, քանի որ այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական, դադարել են գոյություն ունենալ.

է) մեկնել է մշտական բնակության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս.

ը) լրացել է սույն օրենքի 12-րդ  հոդվածի յոթերորդ մասով սահմանված ժամկետը:

Անչափահաս փախստականները կորցնում են փախստականի կարգավիճակը, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց որդեգրում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ օտարերկրյա քաղաքացիները, բացառությամբ այն դեպքերի, երբ որդեգրողները փախստականներ են կամ քաղաքացիություն չունեցող անձինք:

 

Հոդված 21. Փախստականի կարգավիճակից զրկելը

 

Անձը զրկվում է փախստականի կարգավիճակից, եթե ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք նախկինում հայտնի չեն եղել, և որոնք  սահմանված են սույն օրենքի 6-րդ հոդվածով և հիմք են հանդիսանում անձին զրկելու փախստականի կարգավիճակից:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ  ՔԱՂԱՔԱՑՈՒՆ  ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ  ԱՆՁԻՆ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ  ԱՊԱՍՏԱՆ  ՏԱԼԸ

 

Հոդված 22. Օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին

               ժամանակավոր ապաստան տալու հիմքերը

 

Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն իրավունք ունի դիմել լիազորված մարմնին և ստանալ ժամանակավոր ապաստան` Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության կառավարության սահմանած կարգով:

Օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրվում է ժամանակավոր ապաստան, եթե`

ա) նրա տվյալները համապատասխանում են փախստական ճանաչվելու համար սույն օրենքով նախատեսված պահանջներին, սակայն գրավոր դիմում է լիազորված մարմնին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ժամանակավոր ապաստան ստանալու համար.

բ) նրա տվյալները չեն համապատասխանում փախստական ճանաչվելու համար սույն օրենքով նախատեսված պահանջներին, սակայն նա չի կարող կամ չի կամենում վերադառնալ իր քաղաքացիական պատկանելության կամ հիմնական բնակության վայրի պետություն` խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող այլ վերաբերմունքի ենթարկվելու վտանգի պատճառով, կամ եթե այդ պետությունում իր կյանքին կամ ազատությանը վտանգ է սպառնում զինված հակամարտությունների հետևանքով:

Ժամանակավոր ապաստանը տրվում է մեկ տարի ժամկետով: Ժամկետը լրանալուց հետո դա կարող է երկարաձգվել ժամանակավոր ապաստան տալու հիմքերի առկայության դեպքում:

 

Հոդված 23. Ժամանակավոր ապաստան ստանալու դիմում ներկայացրած և

                ժամանակավոր ապաստան ստացած անձանց իրավունքները և

                պարտականությունները

 

Ժամանակավոր ապաստան ստանալու համար լիազորված մարմնին դիմում ներկայացրած անձինք ունեն փախստականի կարգավիճակ հայցողների համար սույն օրենքով սահմանված իրավունքները (բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով միանվագ նպաստ ստանալու իրավունքի) և պարտականությունները:

Ժամանակավոր ապաստան ստացած անձինք ունեն փախստականի կարգավիճակ ստացած անձանց համար սույն օրենքով սահմանված իրավունքները (բացառությամբ տեղական ինք-նակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ  ընտրելու իրավունքի) և պարտականությունները:

 

Հոդված 24. Ժամանակավոր ապաստանը հաստատող փաստաթուղթը

 

Ժամանակավոր ապաստան ստացած անձին լիազորված մարմինը տալիս է ժամանակավոր ապաստանի վկայական, որի տրման կարգը և նկարագիրը սահմանում է Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության կառավարությունը:

Ժամանակավոր ապաստանի վկայականը հիմք է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում անձի օրինական բնակության համար:

 

Հոդված 25. Ժամանակավոր ապաստանի դադարեցումը և անձին ժամանակավոր

                ապաստանից զրկելը

 

Ժամանակավոր ապաստանը դադարեցվում է, եթե`

ա) դադարել են այն հանգամանքները, որոնք հիմք են անձին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան տալու համար.

բ) անձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստացել է փախստականի կամ որևէ այլ օրինական կացության կարգավիճակ.

գ) անձը ձեռք է բերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ որևէ այլ օտարերկրյա պետության քաղաքացիություն.

դ) անձը մեկնել է մշտական բնակության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս.

ե) լրացել է սույն օրենքի 22-րդ  հոդվածով սահմանված ժամկետը:

Անձը զրկվում է ժամանակավոր ապաստանից, եթե նա`

ա) հաղորդել է ակնհայտ սխալ տեղեկություններ կամ ներկայացրել է կեղծ փաստաթղթեր, որոնք հիմք են հանդիսացել նրան ժամանակավոր ապաստանի իրավունք տալու համար.

բ) կարող է վնասել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությանը:

 

Հոդված 26. Անձի վտարումը ժամանակավոր ապաստանը դադարեցվելու կամ

                   անձին ժամանակավոր ապաստանից զրկելու դեպքում

 

Ժամանակավոր ապաստանը դադարեցվելու կամ ժամանակավոր ապաստանից զրկվելու դեպքում անձը պարտավոր է իրավասու պետական մարմինների առաջարկով հնգօրյա ժամկե-տում  մեկնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից, եթե չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնակվելու այլ օրինական հիմքեր:

Անձը, որը հրաժարվում է սահմանված ժամկետում մեկնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից, ենթակա է վտարման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ

 

Հոդված 27. Փախստականների հարցերով զբաղվող լիազորված մարմնի

                    իրավասությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում անձին փախստականի կարգավիճակ տալու, մերժելու, դադարեցնելու, զրկելու իրավունքը վերապահվում է փախստականների հարցերով զբաղվող  լիազորված պետական մարմնին:

Լիազորված մարմինը կազմակերպում է փախստականի կարգավիճակ  հայցողի ընդունումը, տեղավորումը և սոցիալական  պաշտպանվածության  ապահովումը` սույն օրենքի պահանջներին համապատասխան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ  ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

 

Հոդված 28. Փախստականների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                     քաղաքացիության ձեռքբերումը

 

Փախստականները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերում  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության հիմնական սկզբունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Պետական համապատասխան մարմիններն իրենց իրավասության շրջանակներում օժանդակում են փախստականներին` ձեռք բերելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղա-քացիություն:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ  ՕՐԵՆՔԻ  ԽԱԽՏՄԱՆ  ՀԱՄԱՐ

 

Հոդված 29. Պատասխանատվությունն օրենքի խախտման համար

 

Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

 

 

Հոդված 30. 1988-1992 թվականներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

                     բռնագաղթված անձանց մասին

 

Սույն օրենքի այն նորմերը, որոնք սահմանափակում են փախստականի կարգավիճակ հայցողների իրավունքները (7-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ հոդվածներ) չեն տարածվում 1988-1992 թվականներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բռնագաղթված անձանց վրա:

 

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ՕՐԵՆՔԻ  ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Հոդված 31. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                          Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ                            

 

 

 

 

 

29 դեկտեմբերի 2003 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ- 80