Տոհմային անասնաբուծության մասին

Ընդունված է 2005 թվականի

դեկտեմբերի 21-ին

 

 

 

Սույն օրենքը կարգավորում է անասնաբուծության ինտենսիվացման, տոհմանյութի ստացման, գյուղատնտեսական կենդանիների նոր ցեղերի ստեղծման, վերարտադրության, օգտագործման, անհետացման վտանգի տակ գտնվող ցեղերի պահպանման հետ կապված հարաբերությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

         

Հոդված 1.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

                                                                                  

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

տոհմային անասնաբուծություն` սելեկցիայի նպատակով տոհմային կենդանիների բուծում, տոհմանյութի արտադրություն և օգտագործում.

տոհմանյութ` տոհմային կենդանի, սերմնահեղուկ (սպերմա), սաղմ, ձվաբջիջ, ձու, մեղվի մայրապտուկ, ձկնկիթ.

տոհմային կենդանի` փաստաթղթով ծագումը վավերացված, վերարտադրության համար օգտագործվող և սահմանված կարգով գրանցված որևէ ցեղի բարձրարժեք գյուղատնտեսական կենդանի.

տոհմային արժեք` տոհմային կենդանու գենետիկական ներուժի մակարդակը և դրա ազդեցությունը սերնդի տնտեսական օգտակար հատկությունների վրա.

բոնիտավորում` հետագա օգտագործման նպատակով գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկությունների, ինչպես նաև տոհմանյութի գնահատում և դասակարգում.

հավաստագիր (վկայական)` տոհմային կենդանու ծագումը, մթերատվությունը և այլ որակական ցուցանիշները, ինչպես նաև սաղմի կամ սերմնահեղուկի որակը հավաստիացնող փաստաթուղթ.

նշադրում` տոհմային կենդանու նշադրում, հաշվեպիտակի ամրացում, դաջում, խարանում, որոնք ապահովում են տոհմային կենդանու ճշգրիտ զանազանումը և հաշվառումը.

տոհմային գրանցումտոհմային արժեք ներկայացնող կենդանիների, նախիրների, հոտերի, երամակների և գյուղատնտեսական կենդանիների ցեղերի ու նրանց խմբերի տոհմային կարգավիճակի ամրագրում.

տոհմային անասնաբուծությամբ զբաղվող անձ` սելեկցիոն նպատակով տոհմային կենդանիների բուծում և տոհմանյութ արտադրող ու օգտագործող, ինչպես նաև տոհմային անասնաբուծության բնագավառում տոհմայինծառայություն մատուցող իրավաբանական և ֆիզիկական անձ.

տոհմային կենդանիների մթերատվություն` տոհմային կենդանիների տնտեսական օգտակար հատկությունների և նրանցից ստացվող արտադրանքի քանակական ու որակական ցուցանիշների ամբողջություն.

մաքրացեղ բուծում` միևնույն ցեղին պատկանող կենդանիների բուծում` այդ ցեղին յուրահատուկ հատկությունների կայունացման նպատակով.

տրամախաչումտարբեր ցեղերի պատկանող կենդանիների զուգավորում.

տոհմային կենդանիների պետական գրանցում` տոհմային կենդանիների ծագման, անհատական մթերատու հատկանիշների, սերնդի որակի տվյալների գրանցում պետական տոհմային գրքում.

գյուղատնտեսական կենդանիների պետական տոհմային գիրքորևէ ցեղի բարձր մթերատու տոհմայինկենդանիների կամ հոտերի, նախիրների և երամակների տվյալների հավաքածու.

գենոֆոնդային փոքրաթիվ ցեղ` գենետիկասելեկցիոն առանձնահատկություններով օժտված հազվադեպ հանդիպող և անհետացման վտանգի տակ գտնվող որևէ ցեղի կենդանիների խումբ:

 

 

Հոդված 2.

Տոհմային անասնաբուծության ոլորտի գործունեության հիմնական սկզբունքները

 

 

Տոհմային անասնաբուծության ոլորտում գործունեությունը հիմնվում է հետևյալ հիմնական սկզբունքների վրա`

ա) գյուղատնտեսական կենդանիների և թռչունների ցեղերի կատարելագործում, արհեստական սերմնավորման կիրառում, նախիրների, հոտերի, երամակների վերարտադրության ապահովում.

բ) գյուղատնտեսական կենդանիների ցեղերի և ցեղախմբերի գենոֆոնդի պահպանում ու հարստացում:

 

 

Հոդված 3.

Տոհմային անասնաբուծությունը կարգավորող օրենսդրությունը

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տոհմային անասնաբուծության բնագավառի հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և իրավական այլ ակտերով:

 

Գ Լ ՈՒ Խ   2

 

ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

 

Հոդված 4.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրավասությունները

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոհմային անասնաբուծության օրենսդրական պահանջների իրականացման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) իրավասություններն են`

ա) գյուղատնտեսական կենդանիների ցեղերի կատարելագործման, շրջանացման, օգտագործման, անհետացման վտանգի տակ գտնվող ցեղերի գենոֆոնդի պահպանության պետական ծրագրերի հաստատումը.

բ) տոհմանյութի հավաստագրման կարգի սահմանումը.

գ) տոհմանյութի արտադրության և օգտագործման կարգի սահմանումը.

դ) տոհմանյութի ներկրման և արտահանման կարգի հաստատումը.

ե) պետական տոհմային գրքերի, ինչպես նաև տոհմային կենդանիների, նախիրների, հոտերի ու երամակների կադաստրի վարման կանոնակարգումը.

զ) տոհմային անասնաբուծության դիտարկումների (մոնիտորինգի) կազմակերպման և իրականացման կարգի սահմանումը.

է) տոհմային անասնաբուծության զարգացման տնտեսական խթանումը.

ը) տոհմային անասնաբուծության բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը.

թ) տոհմային կենդանիների բոնիտավորման և նրանց ըստ սերնդի որակի գնահատման պայմանների հաստատումը.

ժ) օրենքով սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

 

 

Հոդված 5.

Կառավարության լիազորած պետական մարմնի իրավասությունները

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոհմային անասնաբուծության օրենսդրական պահանջների իրականացման նպատակով կառավարության լիազորած պետական մարմնի իրավասություններն են`

ա) գյուղատնտեսական կենդանիների ցեղերի կատարելագործման, շրջանացման, օգտագործման և անհետացման վտանգի տակ գտնվող ցեղերի գենոֆոնդի պահպանության ծրագրերի և տոհմային անասնաբուծության զարգացման այլ միջոցառումների մշակումը և իրականացումը.

բ) տոհմային անասնաբուծության համակարգված դիտարկումների (մոնիտորինգի) և գիտատեխնիկական խնդիրների լուծման կազմակերպումը և իրականացումը.

գ) տոհմանյութի ճանաչման համար անհրաժեշտ տոհմային, մթերատու և այլ ցուցանիշների ու դրանց հաշվառման պայմանների և կարգի հաստատումը.

դ) (կետն ուժը կորցրել է 31.10.2013 ՀՕ-52-Ն)

ե) (կետն ուժը կորցրել է 31.10.2013 ՀՕ-52-Ն)

զ) տոհմային կենդանիների, նախիրների, հոտերի, երամակների կադաստրի և տոհմային գրքերի վարման կարգի կազմակերպումը.

է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:

(5-րդ հոդվածը փոփ. 31.10.2013 ՀՕ-52-Ն)

 

 

Հոդված 6.

Տոհմային անասնաբուծության գործունեության լիցենզավորմանը ներկայացվող պահանջները

 

(6-րդ հոդվածն ուժը կորցրել է 31.10.2013 ՀՕ-52-Ն)

 

 

Հոդված 7.

Տոհմային անասնաբուծության զարգացման խթանումը

 

 

Տոհմային անասնաբուծության արդյունավետությունը բարձրացնելու և նրա շարունակական գործընթացն ապահովելու նպատակով պետությունը կիրառում է տնտեսական խթանման միջոցառումներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՃԱՆԱՉԵԼԸ ԵՎ ՆՐԱ ԲՈՆԻՏԱՎՈՐՈՒՄԸ

 

 

Հոդված 8.

Ցեղի վերարտադրության նպատակով տոհմային կենդանու օգտագործման պայմանները

 

 

Ցեղի վերարտադրության նպատակով տոհմային կենդանին օգտագործվում է, եթե օժտված է բարձր տոհմամթերատու հատկություններով, նշադրված է, գրանցված և ունի տոհմային վկայական:

 

Հոդված 9.

Տոհմային կենդանիների բոնիտավորումը

 

 Տոհմային կենդանիների բոնիտավորում անցկացվում է ամեն տարի բոլոր այն կազմակերպություններում, որոնք արտադրում են տոհմանյութ:

 

Հոդված 10.

Տոհմային կենդանիների գնահատումը

 

 Ցեղի վերարտադրության համար ընտրված տոհմային արու և էգ կենդանիները ենթակա են հետազոտման ու գնահատման` ըստ սերնդի որակի և մթերատվության:

Տոհմային կենդանիների հետազոտումն անցկացվում է այն տոհմային նախիրներում, հոտերում և երամակներում, որտեղ առկա է գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձր մակարդակ:

Տոհմային կենդանիները գնահատվում և հետազոտվում են կառավարության սահմանած կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ   4

 

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԾԱԳԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Հոդված 11.

Սույն օրենքի պահանջները խախտելը

 

 Սույն օրենքի պահանջները խախտելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է պատասխանատվություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 12.

Տոհմային անասնաբուծության մեջ հայրենական և արտասահմանյան գենոֆոնդերի օգտագործման ընթացքում ծագած վեճերի լուծումը

 

 Տոհմային անասնաբուծության մեջ հայրենական և արտասահմանյան գենոֆոնդերի օգտագործման ընթացքում տոհմային անասնաբուծական սուբյեկտների միջև ծագած վեճերը լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ դատական կարգով, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսված:

 

Գ Լ ՈՒ Խ   5

 

ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Հոդված 13.

Տոհմային անասնաբուծության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային համագործակցությունը

 

 

Տոհմային անասնաբուծության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային համագործակցությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

Գ Լ ՈՒ Խ   6

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

 

Հոդված 14.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

23 հունվարի 2006թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-251