Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման և վերանայման մասին

                                                                                                                                                                                                                           Ընդունված է 2008թ. մայիսի 14-ին

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման (այսուհետ` ծառայությունների մատուցում) համար գանձվող սակագների սահմանման սկզբունքները, ինչպես նաև դրանց սահմանումն ու վերանայումը:

                                           

Հոդված 2. Ծառայությունների մատուցման սակագների ձևավորման  սկզբունքները

 

1. Ծառայությունների մատուցման սակագները (այսուհետ` սակագներ) սահմանում և վերանայում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով):

2. Սակագների ձևավորման սկզբունքներն են`

1) միանմանությունն ու միասնականությունը բոլոր ծառայություն մատուցողների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքում.

2) ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ` հիմնավորված շահագործման և պահպանման ծախսերի, հիմնական միջոցների և նյութական ակտիվների մաշվածության փոխհատուցման ապահովումը.

3) մատչելիությունը` տվյալ ծառայության բոլոր սպառողների համար.

4) ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը.

5) մատուցվող ծառայության որակի բարձրացման խթանների ստեղծումը.

6) հիմնավորված և անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը.

7) տրանսպորտային միջոցների տեսակներով ու առանձնահատկություններով պայմանավորված սակագների տարբերակումը:

 

Հոդված 3. Սակագների սահմանումը և կիրառումը

 

1. Սակագների սահմանման և վերանայման կարգը, այդ առնչությամբ ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ցանկը սահմանում է Հանձնաժողովը:

2. Սահմանված սակագները ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց 30 օր հետո: Սակագների գործողության ժամկետը մեկ տարուց պակաս լինել չի կարող, բացառությամբ այն դեպքի, երբ սահմանված սակագների մեծությունների` դատական կարգով բողոքարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա Հանձնաժողովն ընդունում է սակագնի սահմանման վերաբերյալ նոր որոշում:

3. Հանձնաժողովը կարող է սահմանել ծառայությունների մատուցման երկարաժամկետ սակագին:

4. Սահմանված սակագինը կարող է արտահայտվել ինչպես որոշակի թվային արժեքով, այնպես էլ հաշվարկվել որոշակի մեծություններից կախված բանաձևով:

5. Սահմանված սակագինը կարող է վերանայվել Հանձնաժողովի նախաձեռնությամբ կամ ծառայություններ մատուցողների պահանջով: Հանձնաժողովը սակագինը վերանայում (վերահաստատում կամ փոփոխում)  և  որոշում է  կայացնում  վերանայման  հայտի  փաթեթն ընդունելուց հետո` 45-օրյա ժամկետում:

6. Հաշվետվություններ ներկայացնելու նպատակով ծառայություններ մատուցողների համար Հանձնաժողովը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին, ազգային հաշվային պլանին և այլ իրավական ակտերին համապատասխանող հաշիվներ և ենթահաշիվներ:

7. Ծառայություններ մատուցողները սակագների սահմանման և վերանայման հետ կապված իրենց ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող հաշվետվությունները և այլ տեղեկատվությունը (անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերով) ներկայացնում են Հանձնաժողով` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ձևերով և ցանկով:

8. Ներկայացված հաշվետվությունների և տեղեկությունների հավաստիության ճշգրտման նպատակով Հանձնաժողովն իրավասու է իրականացնելու կամ կազմակերպելու ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրություններ` պահանջելով հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթեր:

9. Հիմք ընդունելով սույն օրենքի 2-րդ հոդվածը` Հանձնաժողովը հաստատում է սակագները և դրանց հաշվարկման անհրաժեշտ մեթոդիկաները:

 

Հոդված 4. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

 

 

        ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                

        ՆԱԽԱԳԱՀ ̀                                                                                                    Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

        4 հունիսի 2008թ.

        ք.Ստեփանակերտ

        ՀՕ-29