Ընդունված է 2013թ. դեկտեմբերի 18-ին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-119 օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի`
1) 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «ակցիզային դրոշմանիշների» բառերից հետո լրացնել «, դրոշմապիտակների» բառը, իսկ «կարող է փոխանցվել» բառերից հետո` «հարկային մարմնի ղեկավարի տեղակալին կամ» բառերը.
2) 3-րդ մասի առաջին նախադասությունում «ակցիզային դրոշմանիշների» բառերից հետո լրացնել «, դրոշմապիտակների» բառը և նախադասությունից հանել «(այդ թվում` վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի վարման)» բառերը:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ պարբերության «թ» կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն կետում նշված վերստուգումների դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել հարկային մարմնի ղեկավարի տեղակալին:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի`
1) առաջին պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ստուգման հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետն ավարտվելուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, ստուգումն իրականացնող անձը ամփոփում է ստուգման արդյունքները, խախտումներ չհայտնաբերելու դեպքում կազմում տեղեկանք, որում արձանագրվում են տեղեկանքը կազմելու ամսաթիվն ու տեղը, ստուգումն իրականացնող համապատասխան պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի անվանումները, ստուգող պաշտոնատար անձանց կազմը, ստուգման նպատակը, ժամկետը, արդյունքները, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում` ակտ` երկու օրինակից, եթե տնտեսավարող սուբյեկտն ունի պետական բաժնեմաս` երեք օրինակից:».
2) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ակտում նշվում են`
1) ակտի անվանումը, համարը, կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
2) ստուգում իրականացնող պետական մարմնի անվանումը.
3) ստուգում նշանակելու մասին հրամանի կամ հանձնարարագրի ամսաթիվն ու համարը.
4) ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը.
5) ստուգվող տնտեսավարող սուբյեկտի անվանումը (հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների դեպքում` ստուգվող տնտեսավարող սուբյեկտի (վերակազմակերպման դեպքերում իրավանախորդի (իրավանախորդների) լրիվ անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը (համարները), ինչպես նաև վերջինիս պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող անձի անունը, ազգանունը.
6) ստուգում անցկացնելու ամսաթիվը, վայրը և ժամանակահատվածը.
7) փորձագիտական եզրակացությունը՝ ստուգման ընթացքում փորձաքննություն անցկացնելու դեպքում: Փորձագիտական եզրակացությունը կցվում է ակտին և կազմում է դրա անբաժանելի մասը.
8) ստուգմամբ բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, խախտման ժամկետը (եթե հնարավոր է որոշել) և այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել.
9) պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը.
10) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ներկայացրած առարկությունների ընդունման վերաբերյալ նշումները:»:
Հոդված 4. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից։
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
24 դեկտեմբերի 2013թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-67-Ն