Ընդունված է 2010թ. դեկտեմբերի 16-ին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-119 օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի`
1) 1-ին մասը «ստուգումների» բառից հետո լրացնել «և ուսումնասիրությունների» բառերով.
2) 3-րդ մասի վեցերորդ պարբերությունը «ներկայացնելու» բառից հետո լրացնել «,ինչպես նաև հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի մեծության արձանագրման նպատակով իրականացվող ուսումնասիրության» բառերով, իսկ 8-րդ, 9-րդ և 10-րդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե հարկային մարմինների կողմից հաշվեգրվող հարկերի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասով տնտեսավարող սուբյեկտի՝ այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարների որոշման, տվյալ հարկատեսակի հաշվանցումների ճշտության արձանագրման (այսուհետ` սույն օրենքի իմաստով հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի), օրենքով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների ճշտության արձանագրման, հսկիչ գնումների իրականացման, արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) չափագրման նպատակով հարկային մարմինները կարող են իրականացնել ուսումնասիրություններ:
Սույն կետի 8-րդ պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների անցկացման ընթացակարգերը (այսուհետ` ուսումնասիրությունների անցկացման կարգեր) սահմանվում են սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածներով:
Սույն օրենքի հավելվածներով սահմանվում են`
1) հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի հիմնավորվածության, օրենքով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների ճշտության արձանագրման նպատակով ուսումնասիրությունների անցկացման կարգը` համաձայն հավելված 1-ի:
Ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի մասով հարկային հաշվանցումների, ինչպես նաև ակցիզային դրոշմանիշների շարժի և դրոշմավորման կանոնների պահպանման ուսումնասիրությունների իրականացման առանձնահատկությունները սահմանվում են այդ հարկատեսակների մասին օրենքներով.
2) հսկիչ գնումների անցկացման կարգը` համաձայն հավելված 2-ի.
3) տնտեսավարող սուբյեկտների մոտ արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) չափագրման իրականացման կարգը` համաձայն հավելված 3-ի:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի`
1) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված» բառերից հետո լրացնել «,հարկ վճարողների կողմից «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «թ» կետով սահմանված` հայտարարության փակցման և դրանում պահանջվող տեղեկությունների ներառման» բառերով.
2) 3-րդ մասի առաջին նախադասությունում «առանց պայմանագրի կնքման աշխատող պահելու կամ աշխատանքային պայմանագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված պայմանները չներառելու» բառերը փոխարինել «առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի կատարվող աշխատանքի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի`
1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող ակտն ուժի մեջ է մտնում ստուգվող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:».
2) 3-րդ մասի առաջին պարբերությունում «հաշվարկված հարկային պարտավորությունների սահմանված չափից ավել վճարված գումարները հարկ վճարողի դիմումի հիման վրա հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցելուց կամ նրան վերադարձնելուց» բառերը փոխարինել «հարկային հաշվանցումներ և (կամ) վերադարձ իրականացնելուց» բառերով:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում «հարկային պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները հարկ վճարողի դիմումի հիման վրա հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցելուց կամ նրան վերադարձնելուց» բառերը փոխարինել «հարկային հաշվանցումներ և (կամ) վերադարձ իրականացնելուց» բառերով:
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «գործողություններն» բառը փոխարինել «գործողությունները, ինչպես նաև ստուգման արդյունքում կազմված ակտը» բառերով:
Հոդված 6. Օրենքի հավելվածը համարակալել հավելված 3-ի:
Հոդված 7. Օրենքի հավելված 3-ով հաստատված` տնտեսավարող սուբյեկտների մոտ արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) չափագրման իրականացման կարգի (այսուհետ` կարգ)`
1) 3-րդ կետում «հարկային մարմնի ղեկավարի հրապարակած հրամանի կամ» բառերը փոխարինել «հարկային մարմնի ղեկավարի հրապարակած հրամանի, հարկային մարմնի ղեկավարի կամ հարկային տեսչության պետի կողմից տրված գրավոր» բառերով, իսկ «կամ հարկային մարմնի ղեկավարի հրամանով» բառերից հետո լրացնել «կամ հարկային տեսչության պետի հանձնարարագրով» բառերը.
2) 5-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մեկ չափագրումը կարող է իրականացվել տնտեսավարող սուբյեկտի մոտ երկուսից մինչև հինգ աշխատանքային օրերի ընթացքում:».
3) 8-րդ կետի առաջին նախադասությունը «հարկային մարմնի» բառերից հետո լրացնել «պաշտոնատար անձինք» բառերով:
Հոդված 8. Օրենքը լրացնել հավելված 1-ով և 2-ով` համաձայն հավելվածի:
Հոդված 9.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
29 դեկտեմբերի 2010թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-71-Ն
Հավելված
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում
ստուգումների կազմակերպման և անցկացման
մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
օրենքում լրացումներ և փոփոխություններ
կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության օրենքի
«Հավելված 1
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում
ստուգումների կազմակերպման և անցկացման
մասին» Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության օրենքի
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ, ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՇՏՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով սահմանվում է հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի հիմնավորվածության, օրենքով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների ճշտության արձանագրման նպատակով ոսումնասիրության անցկացման կարգը:
2. Ոսումնասիրություն կատարելու համար հիմք են հանդիսանում`
1) հարկերի գծով գերավճարների, տնտեսավարող սուբյեկտի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա այլ գումարների հաշվին տնտեսավարող սուբյեկտի պետական բյուջե հաշվեգրվող այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման, անուղղակի հարկերի գծով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված հարկի գումարներից հաշվանցման ենթակա գումարը որոշելու անհրաժեշտությունը.
2) հարկերի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) գծով գերավճարների, տնտեսավարող սուբյեկտի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա այլ գումարների վերադարձման ենթակա գումարը որոշելու անհրաժեշտությունը.
3) օրենքով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների ճշտությունը (արժանահավատությունը) արձանագրելու անհրաժեշտությունը.
4) տնտեսավարող սուբյեկտի դիմումը` ոսումնասիրություն իրականացնելու մասին:
3. ՈՒսումնասիրությունն իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի, ղեկավարի տեղակալների, համապատասխան գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի, հարկային տեսչության պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից յուրաքանչյուր ուսումնասիրության համար տրված գրավոր հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են ուսումնասիրություն կատարելու հիմքերը, նպատակը, տնտեսավարող սուբյեկտի տվյալները (հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը), ուսումնասիրության իրականացման վայրը, ժամկետը, հարկային մարմնի անվանումն ու ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)՝ վավերացված ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի կնիքով:
4. ՈՒսումնասիրության իրականացման հանձնարարագիրը նախքան ուսումնասիրությունն սկսելը ծանոթացման նպատակով ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:
5. ՈՒսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձն ուսումնասիրության արդյունքում կազմում է արձանագրություն` երկու օրինակից: ՈՒսումնասիրության արդյունքում կազմված արձանագրության ձևը սահմանվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով: Արձանագրության մեջ նշվում են հանձնարարագրի համարը, ուսումնասիրության համար ընդգրկված ժամանակաշրջանը, արձանագրության կազմման վայրը, ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը, տնտեսավարող սուբյեկտի տվյալները (հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը), ստացված արդյունքները:
Արձանագրությունը ստորագրում են ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձը (անձինք) և տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, որն առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր:
Հավելված 2
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում
ստուգումների կազմակերպման և անցկացման մասին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի
ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հարկային մարմնի կողմից հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկմանը (գնահատմանը), ինչպես նաև արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների կատարմանն ուղղված հսկիչ գնումների իրականացման կարգը:
2. Հսկիչ գնում է համարվում հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) նպատակով հարկային մարմնի կողմից իրականացվող ապրանքների, առարկաների, աշխատանքների, ծառայությունների գների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռեզիդենտների ու ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող արժութային գործարքների վերահսկողության և հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման ոսումնասիրությունը: Ընդ որում, տարբեր հարկատեսակների գծով հարկային պարտավորությունների վերահաշվարկը կատարելու նպատակով ֆինանսական տարվա մեջ յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար անհրաժեշտ է կատարել առնվազն մեկ հսկիչ գնում:
3. Հսկիչ գնում իրականացնելու համար հիմք են հանդիսանում`
1) տնտեսավարող սուբյեկտի կողմից հարկվող օբյեկտի գծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված հաշվապահական հաշվառման, այլ հաշվառման կամ գրանցման սահմանված փաստաթղթերը չվարելը կամ դրանք կոպիտ խախտումներով վարելը կամ հարկային տեսչություն ներկայացված հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում և այլ փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելը, որի հետևանքով անհնար է դառնում տնտեսավարող սուբյեկտի հարկային պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկելը.
2) սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունները.
3) հարկային մարմնի պաշտոնատար անձի հիմնավորված միջնորդությունը` հսկիչ գնում կատարելու թույլտվություն ստանալու համար, որտեղ պետք է նշվեն հսկիչ գնում կատարելու պատճառները, այն տվյալները, որոնք նախատեսվում է ստանալ դրա արդյունքում, տնտեսավարող սուբյեկտի տվյալները, հսկիչ գնման իրականացման վայրը, ինչպես նաև հսկիչ գնումների իրականացման ժամանակահատվածի հիմնավորումը:
4. Հսկիչ գնումն իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի կամ հարկային տեսչության պետի կողմից տրված գրավոր հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են հսկիչ գնում կատարելու հիմքերը, նպատակը, տնտեսավարող սուբյեկտի տվյալները (հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը), հսկիչ գնում իրականացնելու վայրը, ժամկետները և հսկիչ գնում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)` վավերացված հսկիչ գնում իրականացնող հարկային մարմնի կնիքով: Ընդ որում, հսկիչ գնումն այլ անձի միջոցով (անձի գրավոր համաձայնությամբ) իրականացնելու դեպքում հանձնարարագրում նշվում են նաև այդ անձի տվյալները (ֆիզիկական անձի դեպքում` անձնագրային տվյալները, իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը):
5. Հսկիչ գնումից հետո հանձնարարագիրը ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:
6. Հսկիչ գնման արդյունքում կազմվում է հարկային մարմնի կողմից սահմանված ձևով արձանագրություն` երկու օրինակից: Արձանագրության մեջ նշվում են հանձնարարագրի համարը, ամսաթիվը, արձանագրության կազմման վայրը, հսկիչ գնման իրականացման վայրը, ժամանակը, հսկիչ գնումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը, հսկիչ գնումն այլ անձի միջոցով կատարելու դեպքում նաև այդ անձի տվյալները, տնտեսավարող սուբյեկտի տվյալները (հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը), ստացված արդյունքները: Արձանագրությունն ստորագրում են հսկիչ գնում կատարող անձինք և տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, որն առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր:
7. Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»: