Ընդունված է 2008թ. դեկտեմբերի 24-ին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (30 նոյեմբերի 2000 թվականի, ՀՕ-119, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի`
1. 3-րդ մասում.
1) առաջին նախադասությունը «ընթացակարգ է» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի» բառերով.
2) առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.
«Հարկային մարմինները կարող են անցկացնել տնտեսավարող սուբյեկտի կողմից հարկային մարմին ներկայացրած հաշվետվությունների, հաշվարկների, հայտարարագրերի, ելակետային տվյալների վերաբերյալ հայտարարությունների և օրենսդրությամբ սահմանված տեղեկությունների (այսուհետ սույն հոդվածում՝ հաշվետվություններ) կամերալ (գրասենյակային) ուսումնասիրություններ:
Կամերալ ուսումնասիրության նպատակն է պարզել հարկերի և պարտադիր վճարների հաշվարկման ճշտությունը, միևնույն հաշվետվության ցուցանիշների, տվյալների և թվաբանական հաշվարկների ճշտությունը, տարբեր հաշվետվություններում առկա համադրելի ցուցանիշների կամ տեղեկությունների համապատասխանությունը, հաշվետվություններում արտացոլված ցուցանիշների և տեղեկությունների համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու պետական մարմիններից ստացված տեղեկությունների հետ:
Սույն հոդվածով նախատեսված կամերալ ուսումնասիրությունն իրականացվում է հարկային մարմնի գրասենյակում` առանց տնտեսավարող սուբյեկտին այցելության և լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու պահանջի:
Կամերալ ուսումնասիրության արդյունքում հաշվետվություններում խախտումներ, անճշտություններ, անհամապատասխանություններ (այսուհետ սույն հոդվածում` խախտումներ) հայտնաբերելու դեպքում դրա վերաբերյալ կազմվում է արձանագրություն (երկու օրինակից), որը ուսումնասիրություն անցկացնող հարկային մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում փոստով կամ առձեռն տրամադրում է տնտեսավարող սուբյեկտին: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (նրան փոխարինող պաշտոնատար անձը) հինգ աշխատանքային օրվա ընթացքում արձանագրված խախտումների հետ համաձայնվելու դեպքում հարկային մարմին է ներկայացնում օրենսդրությամբ սահմանված ճշտված (ճշգրտված) հաշվետվությունը կամ հաշվետվությունները: Արձանագրված խախտումների հետ համաձայն չլինելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (նրան փոխարինող պաշտոնատար անձը) հարկային մարմին է ներկայացնում իր գրավոր առարկությունները:
Սույն հոդվածով նախատեսված կամերալ ուսումնասիրության ընթացքում լրացուցիչ հարկային պարտավորություններ կարող են առաջանալ միայն տնտեսավարող սուբյեկտի կողմից հարկային մարմնի հայտնաբերած խախտումները ընդունելու և ճշգրտված հաշվետվություններ ներկայացնելու արդյունքում:
Հարկային մարմինը նշված գրավոր առարկությունները կցում է տնտեսավարող սուբյեկտի հարկային գործին և կարող է դրանք օգտագործել միայն սույն օրենքով նախատեսված ստուգումների ժամանակ: Ինչ վերաբերում է նշված խախտումների հետևանքով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումներին, ապա այդ խախտումների հիմքով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների կրկնակի ստուգումներ կարող են անցկացվել միայն սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքերում:
Որևէ հարկային կամ պարտադիր վճարների պարտավորությունից ավել վճարված գումարների (գերավճարների) հաշվանցման և վերադարձի, հսկիչ գնումների իրականացման և արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) չափագրման նպատակով հարկային մարմինները կարող են իրականացնել ուսումնասիրություններ:
Տնտեսավարող սուբյեկտների մոտ արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) չափագրման իրականացման կարգը սահմանվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով:».
3) նախավերջին պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.
«Սույն կետի ութերորդ պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների արդյունքներն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հարկային մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտի հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) նպատակով, իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22-րդ և 28-րդ հոդվածները կիրառելիս հսկիչ գնման արդյունքները կիրառվում են միայն հսկիչ գնմամբ արձանագրված արտադրատեսակների և ապրանքների նկատմամբ:
Սույն օրենքով նախատեսված տնտեսավարող սուբյեկտների պաշտոնատար անձանց և ստուգում իրականացնող անձանց իրավունքներն ու պարտականությունները գործում են սույն կետի ութերորդ պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների անցկացման դեպքերում:»:
2. 4-րդ կետի առաջին պարբերության վերջում «ստուգումները» բառից հետո լրացնել «, աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումները, կենսաթոշակային օրենսդրության կիրառմանը և անհատական հաշվառման տվյալների բազայի վարմանն ուղղված ստուգումները, վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման և իրականացման, պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը վերաբերող ֆինանսական և վիճակագրական տվյալների տեղեկությունների հավաստիության ճշտմանն ուղղված ստուգումները, երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների կիրառման ընթացքի նկատմամբ ստուգումները, սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումները» բառերով:
Հոդված 2.Օրենքի 2-րդ հոդվածը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը.» տողից հետո լրացնել «-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը.» տողով:
Հոդված 3.Օրենքի 3-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի երրորդ պարբերության «չձևակերպված աշխատողների» բառերը փոխարինել «անօրինական աշխատանքի» բառերով.
2) 3-րդ մասը «հաստատագրված վճարների մասին օրենքով սահմանված ելակետային տվյալների և դրանց ուղղիչ գործակիցների,» բառերից հետո լրացնել «հարկ վճարողների կողմից «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «թ» կետով սահմանված` հայտարարության փակցման և դրանում պահանջվող տեղեկությունների ներառման,» բառերով, «, իսկ պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագրքերի վարման» բառերը հանել, իսկ «չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված» բառերը փոխարինել «առանց պայմանագրի կնքման աշխատող պահելու կամ աշխատանքային պայմանագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված պայմանները չներառելու դեպքերի բացահայտմանն ուղղված» բառերով:
Հոդված 4.Օրենքը լրացնել հավելվածով` համաձայն հավելվածի:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
30 դեկտեմբերի 2008թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-86-Ն
Հավելված
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում
ստուգումների կազմակերպման և անցկացման մասին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում
լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի
«Հավելված
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում
ստուգումների կազմակերպման և անցկացման մասին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի
ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՄՈՏ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՓԱՍՏԱՑԻ ԳՆԵՐԻ (ՍԱԿԱԳՆԵՐԻ)
(ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԻՆ) ՉԱՓԱԳՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հարկային մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտների մոտ արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման (այդ թվում` օգտակար հանածոյի լեռնային զանգվածից հանքարտադրատեսակի հիմնական և ուղեկից բաղադրիչների ելքի) և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) չափագրման (այսուհետ` չափագրում) իրականացման կարգը:
2. Չափագրում է համարվում հարկային մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցչի անմիջական մասնակցությամբ (անհրաժեշտության դեպքում ներգրավելով լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի ներկայացուցչի կամ անկախ փորձագետի) իրականացվող ուսումնասիրությունը, որի նպատակն է պարզել`
1) օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները չներկայացնելու դեպքում արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման իրական ծավալները, ինչպես նաև իրացման փաստացի գները (սակագները).
2) տնտեսավարող սուբյեկտի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված հաշվետվություններում, ներառյալ` դրանց համար հիմք հանդիսացած հաշվապահական, արտադրատեխնոլոգիական փաստաթղթերում և այլ ներքին հաշվառման տվյալներում (այսուհետ` հաշվետվություններում) ներառված արտադրանքի արտադրության (այդ թվում` ծախսումների և կորուստների), օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման իրական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) ճշտությունը:
3. Տնտեսավարող սուբյեկտների մոտ սույն կարգին համապատասխան չափագրումներն իրականացվում են հարկային մարմնի ղեկավարի հրապարակած հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են չափագրման հիմքերը, նպատակը, տնտեսավարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), չափագրում իրականացնելու վայրը, ժամկետները և չափագրում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձանց, լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի ղեկավարի հրապարակած հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա չափագրմանը ներգրավված ներկայացուցչի կամ հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով չափագրմանը ներգրավված անկախ փորձագետի տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)` վավերացված հարկային մարմնի կնիքով:
4. Հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը չափագրումը փաստացի սկսելու օրը տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին): Վերջինս պարտավոր է ստորագրել մեկ օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված է չափագրում իրականացնելու մասին: Ստորագրված օրինակը վերադարձվում է այն ներկայացնող պաշտոնատար անձանց: Հրամանում կամ հանձնարարագրում նշված օրը չափագրումը սկսելու կամ փաստացի սկսված չափագրումն ավարտելու անհնարինության դեպքում (գործունեության ժամանակավոր դադարեցման, տեխնիկական պատճառներով առաջացած պարապուրդների, գործադուլների, բնակլիմայական անբարենպաստ պայմանների և համանման այլ հանգամանքների հետևանքով) չափագրումն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են նաև տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք: Նշված դեպքերում չափագրումը փաստացի սկսվում կամ շարունակվում է տնտեսավարող սուբյեկտի բնականոն գործունեությունը վերսկսվելուց հետո, որի մասին տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը) պարտավոր է հայտնել չափագրումն իրականացնող հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին կամ հարկային տեսչության պետին: Նշված հիմքերով չափագրման ժամանակավոր դադարեցման ժամանակահատվածը չի ներառվում հրամանով կամ հանձնարարագրով չափագրման իրականացման համար սահմանված ժամանակահատվածի մեջ:
Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց կողմից սույն կարգին համապատասխան իրականացվող չափագրման աշխատանքներին խոչընդոտելու, հարկային մարմնի պաշտոնատար անձանց պահանջով գույքագրումներ իրականացնելուց կամ չափագրման նպատակներին առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելուց հրաժարվելու դեպքերում չափագրումն իրականացնող պաշտոնատար անձինք կազմում են արձանագրություն, որը հիմք է տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման, իսկ օգտակար հանածոների արդյունահանման դեպքում` օրենքով սահմանված կարգով զգուշացման և հանքային իրավունքի դադարեցման համար:
5. Տնտեսավարող սուբյեկտի մոտ տվյալ ֆինանսական տարում իրականացվող բոլոր չափագրումների ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երեսուն աշխատանքային օրը: Մեկ չափագրումը կարող է իրականացվել տնտեսավարող սուբյեկտի կողմից սահմանված երկուսից մինչև հինգ աշխատանքային օրերի ընթացքում:
6. Ընդգծված սեզոնայնություն ունեցող ապրանքների արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման, դրանց շրջանառության ֆիզիկական ծավալների չափագրումների արդյունքները տարեկան կտրվածքով կիրառելու համար դրանք տվյալ ֆինանսական տարվա ընթացքում հավասար համամասնությամբ պարտադիր իրականացվում են համապատասխան սեզոնի և սեզոնից դուրս ժամանակահատվածի ընթացքում, և այդ կարգով իրականացված չափագրումների արդյունքները համապատասխան հաշվետու ժամանակահատվածների մասով միջինացվում են: Սույն կարգի կիրառման նպատակով առանձին ապրանքատեսակների արտադրության և իրացման սեզոնայնության չափանիշները և ժամկետները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
7. Օգտակար հանածոների արդյունահանման ֆիզիկական ծավալների չափագրման ընթացքում լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի ներկայացուցչին կամ անկախ փորձագետին ներգրավելու դեպքում նրանք չափագրմանը կարող են մասնակցել միայն լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի ղեկավարի հրամանը կամ հարկային մարմնի ղեկավարի հրամանի կամ հանձնարարագրի համապատասխան լրացումը տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին) ծանոթացնելուց անմիջապես հետո:
Օգտակար հանածոների արդյունահանման ֆիզիկական ծավալների չափագրումների իրականացման նպատակով բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումների) ստուգում իրականացնող լիազոր մարմինները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմիններին են տրամադրում վերջին (նախորդ) ստուգման արդյունքում արձանագրված ելակետային տվյալները (համապատասխան կոորդինատային նիշերով): Սույն կարգով իրականացված չափագրումների արդյունքում արձանագրված ելակետային տվյալները (համապատասխան կոորդինատային նիշերով) հարկային մարմինները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրում են բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումների) ստուգում իրականացնող լիազոր մարմիններին` ստուգումների իրականացման ժամանակ կիրառելու նպատակով:
8. Չափագրման արդյունքներն արտացոլվում են երկու օրինակից կազմվող արձանագրությունում, որը պարտավոր են ստորագրել չափագրումն իրականացրած հարկային մարմնի և տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը), չափագրմանը ներգրավված լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի պաշտոնատար անձինք կամ անկախ փորձագետները: Չափագրման արդյունքում կազմված արձանագրության ձևը սահմանվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին) չափագրումն ավարտելուն հաջորդող երեք աշխատանքային օրերի ընթացքում: Արձանագրության օրինակը ստանալուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու դեպքում չափագրումն իրականացրած պաշտոնատար անձինք այդ մասին համապատասխան նշում են կատարում արձանագրությունում և այն ուղարկում տնտեսավարող սուբյեկտին պատվիրված նամակով: Չափագրման ընթացքի կամ արդյունքների վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք այդ մասին նշում են կատարում արձանագրության հարկային մարմնում պահվող օրինակում, իսկ գրավոր առարկությունները հարկային մարմին սահմանված կարգով ներկայացվում են չափագրման արձանագրությունը տնտեսավարող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրերի ընթացքում: Նշված ժամանակահատվածում գրավոր առարկություններ չներկայացնելու, ինչպես նաև չափագրման արձանագրության օրինակը ստանալուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու դեպքերում չափագրմամբ արձանագրված տվյալները համարվում են անառարկելի: Տնտեսավարող սուբյեկտները չափագրում իրականացրած պաշտոնատար անձանց կամ անկախ փորձագետների գործողությունները բողոքարկում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
9. Չափագրման արդյունքներով կազմված արձանագրությունները ժամանակագրական կարգով կարվում և պահվում են տնտեսավարող սուբյեկտի հարկային գործում: Օրենքով սահմանված դեպքերում արձանագրությունների տվյալների կիրառմամբ տնտեսավարող սուբյեկտի հարկային և բնօգտագործման վճարների պարտավորությունների հաշվարկը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով` տնտեսավարող սուբյեկտի մոտ իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների հերթական ստուգման (կամ վերստուգման) ընթացքում: