ԼՂՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

                                                                                                                                                                                                                         Ընդունված է 2015թ. ապրիլի 20-ին

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով. 

«4. Վարչական դատարան կարող են դիմել նաև դատավորները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 66.3-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ դատավորների գնահատման հանձնաժողովի գնահատման արդյունքների վերաբերյալ որոշումները վիճարկելու վերաբերյալ գործերով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 118.19-րդ հոդվածի «յոթնօրյա» բառը փոխարինել «երկշաբաթյա» բառով:

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-ին գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ  28.1

 ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

ՎԻՃԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 161.1. Դատավորների գնահատման հանձնաժողովի որոշումների վիճարկման վերաբերյալ գործերը

 

  1. Վարչական դատարան կարող են դիմել դատավորները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 66.3-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ դատավորների գնահատման հանձնաժողովի գնահատման արդյունքների վերաբերյալ որոշումները վիճարկելու պահանջով:
  2. Սույն գլխով նախատեսված գործերով դատավորը կարող է դիմել վարչական դատարան դատավորների գնահատման հանձնաժողովի որոշումը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
  3. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում է կոլեգիալ՝ 5 դատավորի կազմով:
  4. Սույն գլխով նախատեսված գործերի վրա տարածվում են վիճարկման հայցին վերաբերող կանոնները՝ այնքանով, որքանով դրանք կիրառելի են սույն գլխով նախատեսված գործերի քննության վրա:»:

 

Հոդված 4. Եզրափակիչ և անցումային դրույթներ

 

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                            Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2015թ. մայիսի 15

Ստեփանակերտ

ՀՕ-19-Ն