«Սահմանադրական դատավարության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                         Ընդունված է 2015թ. ապրիլի 20-ին

Հոդված 1. «Սահմանադրական դատավարության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  2009  թվականի  մայիսի  27-ի ՀՕ-18-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 49-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Գերագույն դատարանի որոշումները և եզրակացությունները պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին:»:

 

Հոդված 2. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 8-րդ կետի «հիմնավորող փաստարկները» բառերը փոխարինել «հիմնավորող իրավական դիրքորոշումները» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին և 9.2-րդ կետեր.

«9.1) սույն օրենքի 8-րդ գլխով նախատեսված դեպքերում՝ նշում վարչական կամ դատական ակտերի՝ օրենքով սահմանված կարգով վերանայման ենթակա լինելու մասին.

9.2) սույն օրենքի 56-րդ հոդվածի 7-րդ մասի 1.1-ին կետով սահմանված որոշումը ընդունելու դեպքում` որոշման եզրափակիչ մասում վիճարկվող ակտի կամ դրա վիճարկվող դրույթի համառոտ սահմանադրաիրավական բովանդակությունը.»:

 

Հոդված 3. Օրենքի 56-րդ հոդվածի 7-րդ մասում`

1) 1-ին կետը «ակտը» բառից հետո լրացնել «կամ դրա վիճարկվող դրույթը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետ.

«1.1) վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթը՝ Գերագույն դատարանի որոշմամբ բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությամբ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:»:

 

Հոդված 4. Օրենքի 57-րդ հոդվածում՝

1) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Սույն հոդվածում նշված գործերով` դիմողի նկատմամբ կիրառված նորմատիվ ակտի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ  Գերագույն դատարանը, որոշման եզրափակիչ մասում բացահայտելով նորմատիվ ակտի դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը, այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ գտել է, որ այդ դրույթը նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մաս.

«11. Սույն հոդվածի 10-րդ մասը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք Գերագույն դատարանի տվյալ որոշումը հրապարակելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով Գերագույն դատարան դիմելու իրենց իրավունքը, սակայն չէին դիմել Գերագույն դատարան:

Գերագույն դատարան դիմելու իրավունքի պահպանված լինելու հարցը լուծելիս սույն մասի առաջին պարբերությունում նշված անձանց նկատմամբ չեն կիրառվում սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերը:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                            Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2015թ. մայիսի 15

Ստեփանակերտ

ՀՕ-20-Ն