Սահմանադրական դատավարության մասին

                                                                                                                                                                                                                            Ընդունված է 2009թ. մայիսի 27-ին

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի (այսուհետ` Գերագույն դատարան) կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու հետ կապված հարաբերությունները, սահմանում է սահմանադրական դատավարության հիմնական սկզբունքները, կարգն ու առանձնահատկությունները:

 

Հոդված 2. Սահմանադրական դատավարության մասին օրենսդրությունը

 

Սահմանադրական դատավարության մասին օրենսդրությունը բաղկացած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունից (այսուհետ` Սահմանադրություն), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքից և սույն օրենքից:

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ` ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

Հոդված 3. Սահմանադրական դատավարության կազմակերպումը

 

1. Սահմանադրական արդարադատություն իրականացնող բարձրագույն մարմինը Գերագույն դատարանն է, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավակարգում Սահմանադրության գերակայությունը և անմիջական գործողությունը:

2. Գերագույն դատարանը Սահմանադրության 114-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործերը քննում և դրանց վերաբերյալ որոշումներ (այդ թվում նաև` աշխատակարգային որոշումներ) ու եզրակացություններ է ընդունում սույն հոդվածով սահմանված կարգով կազմավորված սահմանադրական պալատի նիստում (այսուհետ` դատական նիստ):

3. Սահմանադրական պալատը կազմավորվում է յուրաքանչյուր գործով` Գերագույն դատարանի նախագահի կողմից:

4. Սույն օրենքի 57-րդ հոդվածում նշված գործերով, բացառությամբ սույն օրենքի 56-րդ հոդվածի 13-րդ մասով և 57-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի, սահմանադրական պալատի կազմում ընդգրկվում են Գերագույն դատարանի նախագահը և կոնկրետ գործով վերջնական դատական ակտի կայացմանը չմասնակցած երկու դատավորներ: Մյուս գործերով, ինչպես նաև սույն օրենքի 56-րդ հոդվածի 13-րդ մասով և 57-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում սահմանադրական պալատի կազմում ընդգրկվում են Գերագույն դատարանի բոլոր դատավորները:

 

Հոդված 4. Գերագույն դատարանի նախագահը

 

1. Սահմանադրական պալատի աշխատանքները, սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան, կազմակերպում և ղեկավարում է Գերագույն դատարանի նախագահը:

2. Գերագույն դատարանի նախագահը՝

1) կազմավորում է սահմանադրական պալատ.

2) գործով զեկուցողի (զեկուցողների) հետ համատեղ նախապատրաստում է դատական նիստերը.

3) դատական նիստերում հարցերի քննարկումները նախապատրաստելու համար հանձնարարություններ է տալիս սահմանադրական պալատի դատավորներին (այսուհետ` դատավոր).

4) հրավիրում և նախագահում  է դատական նիստերը.

5) ներկայացնում է դատական նիստերում քննարկման ենթակա հարցերը.

6) գործերի քննության կանոնների պահպանման վերաբերյալ դիտողություններ է անում, պահանջներ ներկայացնում դատավարության մասնակիցներին, հրավիրված անձանց, նիստի ներկաներին, որոնք պարտադիր են կատարման.

7) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

Գ Լ ՈՒ Խ 3

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 5. Սահմանադրական դատավարության հիմնական սկզբունքները

 

Սահմանադրական դատավարության հիմնական սկզբունքներն են՝

1) Գերագույն դատարանի անկա­խությունը.

2) կողմերի իրավահա­վասարությունն ու մրցակցությունը.

3) գործի հանգամանքների ի պաշտոնե պարզումը.

4) կոլեգիալությունը.

5) հրապարակայնությունը.

6) անընդհատությունը:

 

Հոդված 6. Գերագույն դատարանի անկա­խությունը

 

Սահմանադրական արդարադատություն իրականացնելիս Գերագույն դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

 

Հոդված 7. Սահմանադրական դատավարության իրականացումը կողմերի

              իրավահավասարության և  մրցակ­ցության հիման վրա

                 

Գերագույն դատարանը պարտավոր է անաչառ կերպով ապահովել, որպեսզի  կողմերն ունենան հավասար հնարավորություններ  գործի քննության ամբողջ ընթացքում, այդ  թվում`  յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի  վերա­բերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորու­թյուն:

 

Հոդված 8. Գործի հանգամանքների ի պաշտոնե պարզումը

 

Գործի բոլոր հանգամանքները Գերագույն դատարանը պարզում է ի պաշտոնե՝ չսահմանափակվելով սահմանադրական դատավարության մասնա­կիցների միջնորդություններով,  առաջարկություններով,  նրանց ներկայացրած ապա­ցույցներով և գոր­ծում առկա այլ նյութերով։

 

Հոդված 9. Կոլեգիալությունը

 

1. Գերագույն դատարանը գործերը քննում և դրանց վերաբերյալ որոշումներն ու եզրակացություններն  ընդունում  է կոլեգիալ:

2. Գերագույն դատարանի որոշում կամ եզրակացություն ընդունելիս դատավորն ունի մեկ ձայնի իրավունք։

 

Հոդված 10. Հրապարակայնությունը

 

1. Գործի դատաքննությունը դռնբաց է, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Գործի դատաքննության ընթացքը կարող է գրառվել,  ձայնագրվել: Դատաքննությունը կարող է տեսագրվել և հեռարձակվել Գերագույն դատարանի որոշմամբ:

3. Հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, դատավարության մասնակիցների անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով լրատվության միջոցների և հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը դատական նիստերին կամ դրանց մի մասին կարող է արգելվել Գերագույն դատարանի որոշմամբ՝ դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

4. Գերագույն դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության  որևէ կողմի միջնորդությամբ գործի դատաքննությունը դռնփակ  նիստում անցկացնելու հարցը նույնպես քննվում և լուծվում է  դռնփակ նիստում:

5. Դռնփակ նիստում ներկա գտնվելու իրավունք ունեն դատա­վարության կողմերը, նրանց ներկայացուցիչները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները: Դռնփակ նիստին ներկա անձինք Գերագույն դատարանի կողմից նախազգուշացվում են դռնփակ նիստում իրենց հայտնի դարձած տեղեկությունների հրապարակման համար պատասխանատվության մասին:

6. Գերագույն դատարանի ըստ էության որոշման, ինչպես նաև եզրակացության եզրափակիչ մասը բոլոր դեպքերում հրապարակվում է դռնբաց դատական նիստում:

 

Հոդված 11. Անընդհատությունը

 

1. Յուրաքանչյուր գործով դատական նիստը շարունակվում է անընդհատ, բացի հանգստի և Գերագույն դատարանի որոշմամբ ընդմիջման համար նախատեսված ժամանակից։

2. Մինչև գործի քննության ավարտը կամ դատաքննության հետաձգումն այլ գործեր քննելն արգելվում է: Գործի դատաքննությունը հետաձգելուց հետո Գերագույն դատարանն առանձին դատական նիստում կարող է  սկսել այլ գործի դատաքննություն կամ շարունակել հետաձգված գործի դատաքննությունը:

 

Հոդված 12. Գործերի քննության լեզուն

 

1. Սահմանադրական դատավարությունն իրականացվում է հայերենով։

2. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն Գերագույն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը: Հայերենին չտիրապետող դատավարության մասնակիցներին Գերագույն դատարանը պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովում է անվճար թարգմանչի ծառայություններով, եթե նրանք ապացուցում են, որ բավարար միջոցներ չունեն վճարովի թարգմանություն ապահովելու համար:

3. Թարգմանիչների վարձատրության կարգը սահմանվում է օրենքով:

 

Գ Լ ՈՒ Խ 4

 

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼԸ

 

Հոդված 13. Գերագույն դատարան դիմելու իրավունքը

 

Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված կարգով Գերագույն դատարան կարող են դիմել Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մարմինները և անձինք, ընդ որում, Սահմանադրության 114-րդ  հոդվածի 2-րդ մասի 2.6-րդ կետում նշված դեպքում Գերագույն դատարան կարող են դիմել նաև իրավաբանական անձինք` Սահմանադրության 59-րդ  հոդվածին համապատասխան:

 

Հոդված 14. Գերագույն դատարանում գործի քննության առիթը

 

Գերագույն դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:

 

Հոդված 15. Դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները

 

1. Դիմումը Գերագույն դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի (անձանց) կողմից ստորագրված։

2. Դիմումում պետք է նշվեն՝

1) Գերագույն դատարանի անվանումը.

2) դիմողի անունը (անվանումը)« հասցեն (իրավաբանական հասցեն).

3) դիմողի ներկայացուցչի մասին անհրաժեշտ տվյալներ« եթե կան այդպիսիք.

4) Սահմանադրության այն հոդվածը« որը Գերագույն դատարան դիմելու իրավունք է տալիս.

5) Գերագույն դատարան ներկայացվող խնդրանքը և դիմողի փաստարկները` Սահմանադրության համապատաս­խան նորմերին կատարված հղումներով.

6) դիմումին կցվող նյութերի  ցանկը, եթե կան այդպիսիք։

3. Սույն օրենքի 57-րդ հոդվածում նշված գործերով դիմողը պարտավոր է Գերագույն դատարան ներկայացնել նաև սույն օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելու վերաբերյալ անդորրագիրը կամ միջնորդություն՝ պետական տուրքի վճարումից ազատելու մասին: Դիմողի միջնորդության հիման վրա նրան պետական տուրքի վճարումից ազատելու հարցը Գերագույն դատարանը լուծում է անհատական դիմումը քննության ընդունելու հարցը լուծելու հետ միաժամանակ` «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Պետական տուրքը ֆիզիկական անձանց Գերագույն դատարան դիմելու համար սահմանվում է բազային պետական տուրքի հնգապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց համար` քսանապատիկի չափով:

 

Հոդված 16. Դիմումին կցվող նյութերը

 

1. Գերագույն դատարան ներկայացվող դիմումին կցվում են՝

1) լիազորագիրը կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաս­տաթուղթ.

2) օտար լեզվով շարադրված բոլոր փաստաթղթերի՝ օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.

3) վիճարկվող ակտի պաշտոնական տեքստը՝ Սահմանադրության 114-րդ հոդվածի 1-ին մասի 1.1¬րդ և 1.2¬րդ կետերով նախատեսված հարցերով դիմելու դեպքերում.

4) դիմողի հայեցողությամբ` այլ նյութեր:

2. Դիմումն ընդունվելուց հետո դիմող կողմը նոր նյութեր կարող է ներկայացնել միայն Գերագույն դատարանի որոշմամբ£

 

Գ Լ ՈՒ Խ 5

 

ԴԻՄՈՒՄԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 17. Դիմումի ընդունումը

 

1. Գերագույն դատարան ներկայացված դիմումը ենթակա է պարտադիր գրանցման: Գրանցված դիմումը ներկայացվում է Գերագույն դատարանի նախագահին:

2. Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի 2.6-րդ կետին համապատասխան`  ներկայացված դիմումների ընդունման կարգը սահմանվում է Գերագույն դատարանի կողմից ընդունված կանոնակարգով (այսուհետ` կանոնակարգ):

3. Եթե դիմումում բարձրացված հարցն ակնհայտորեն ենթակա չէ Գերագույն դատարանին, կամ այն ներկայացրել են Գերագույն դատարան դիմելու իրա­վունք չունեցող մարմինը, անձը (անձինք), ապա Գերագույն դատարանի աշխատակազմը հնգօրյա ժամկետում վերադարձնում է դիմումը:

4. Եթե դիմումն ըստ ձևի չի համապատասխանում սույն օրենքի 15-րդ և 16-րդ  հոդվածների պահանջներին, ապա դիմողը եռօրյա ժամկետում, իսկ Սահմանադրության 114-րդ   հոդվածի 1-ին մասի 1.3-րդ, 1.4-րդ և 1.5-րդ կետերով նախատեսված դեպքերում` 24 ժամվա ընթացքում Գերագույն դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվում է այդ մասին, և դիմումին հետագա ընթացք է տրվում երկօրյա ժամկետում` այն հիշյալ պահանջներին համապատասխանեցնելուց հետո:

5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետում դիմումի համապատասխանությունը սույն օրենքի 15-րդ  և  16-րդ   հոդվածների պահանջներին չապահովելու դեպքում այն վերադարձվում է դիմողին:

6. Դիմումը վերադարձնելը դիմողը կարող է եռօրյա ժամկետում բողոքարկել Գերագույն դատարանի նախագահին, որն այդ հարցով ոչ ուշ, քան բողոքը ներկայացվելուց մեկ օր հետո ընդունում է վերջնական որոշում:

 

Հոդված 18. Դիմումի նախնական ուսումնասիրումը

 

Սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում Գերագույն դատարանի նախագահը Գերագույն դատարանի մեկ կամ մի քանի դատավորների հանձ­նարարում է դիմումի նախնական ուսումնասիրումը: Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի 2.6-րդ կետին համապատասխան  ներկայացված դիմումի նախնական ուսումնասիրությունը չի կարող հանձնարարվել Գերագույն դատարանի այն դատավորին, որը մասնակցել է կոնկրետ գործով վերջնական դատական ակտի կայացմանը:

 

Հոդված 19. Գործը քննության ընդունելը

 

1. Գերագույն դատարանի դատավորը (դատավորները) Գերագույն դատարանի նախագահին զեկուցում է (զեկուցում են) դիմումի նախնական ուսումնասիրման արդյունքների մասին:

2. Զեկուցումից հետո կանոնակարգով նախատեսված  ժամկետում Գերագույն դատարանի նախագահը կազմավորում է սահմանադրական պալատ և հրավիրում դատական նիստ՝ գործը քննության ընդունելու հարցը լուծելու համար:

3. Գործն ընդունվում է քննության, եթե առկա չեն սույն օրենքի 20-րդ հոդվածում նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքերը:

4. Գործը քննության ընդունելու մասին որոշմամբ Գերագույն դատարանը լուծում է նաև գործի դատաքննությունն սկսելու ժամանակի, գործով զեկուցող նշա­նակելու, գործի դատաքննության ընթացակարգի հարցերը, ինչպես նաև գործը դատաքննության նախապատրաստելու հետ կապված այլ հարցեր:

5. Գերագույն դատարանի ընդունած որոշման մասին դատավարության կողմերը տեղեկացվում են եռօրյա ժամկետում:

 

Հոդված 20. Գործի քննությունը մերժելը

 

 Գերագույն դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում`

1) եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Գերագույն դատարանին.

2)  եթե դիմողն իրավասու չէ դիմելու Գերագույն դատարան.

3) եթե սույն օրենքի 56-63-րդ և 65-րդ  հոդվածներում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Գերագույն դատարանի որոշումը.

4) եթե սույն օրենքի 64-րդ, 66-րդ և 67-րդ հոդվածներում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում  առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Գերագույն դատարանի որոշումը, և այդ հարցով ներկայացված նոր դիմումում չեն արծարծվում այնպիսի նոր փաստական հանգամանքներ, որոնք դիմողից անկախ պատճառներով հայտնի չէին եղել  իրեն մինչև Գերագույն դատարանի որոշումն ընդունելը և ի հայտ չէին եկել գործի քննության ընթացքում.

5) եթե դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա Գերագույն դատարանում իրականացվում է գործի դատաքննություն.

6) սույն օրենքի 57-րդ  հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

 

Հոդված 21. Դիմումը հետ վերցնելը

 

1. Գերագույն դատարան ներկայացված դիմումը կարող է դիմողը հետ վերցնել մինչև գործի դատաքննությունը սկսվելը:

2. Գերագույն դատարանը կարող է մերժել այն դիմումը հետ վերցնելը, որի հիման վրա գործ է ընդունվել քննության, եթե գտնում է, որ դիմումի առարկայի վերաբերյալ գործի քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից, բացառությամբ սույն օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ դիմումից հրաժարվելը հանգեցնում է գործի քննության կարճմանը:

 

Հոդված 22. Դիմումի ապահովումը  

 

1. Գործը քննության ընդունելուց հետո Գերագույն դատարանը դիմող կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել այն իրավական ակտի գործողությունը, որի սահմանադրականությունը վիճարկվում է, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների դիմող կողմի կամ հանրության համար:

2. Վիճարկվող իրավական ակտի գործողության կասեցման մասին որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Այդ մասին հանրությունն անհապաղ իրազեկվում է զանգվածային լրատվության միջոցներով, իսկ համապատասխան տեղեկատվությունը հաղորդվում է հանրային հեռուս­տատե­սությամբ և ռադիոյով:

 

Գ Լ ՈՒ Խ 6

 

ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Հոդված 23. Դատական նիստը

 

1. Գերագույն դատարանում գործերի դատաքննությունն իրականացվում է դատական նիստերում:

2. Դատական նիստերն անցկացվում են Ստեփանակերտ քաղաքում՝ Գերագույն դատարանի նստավայրում:

3. Դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված աշխատակարգային որոշմամբ դատական նիստեր կարող են անցկացվել նաև այլ վայրում:

4. Սույն օրենքի 57-րդ հոդվածում նշված գործերով, բացառությամբ սույն օրենքի 56-րդ հոդվածի 13-րդ մասով և 57-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի, նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է երեք դատավոր: Մյուս գործերով, ինչպես նաև սույն օրենքի 56-րդ հոդվածի 13-րդ մասով և 57-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է առնվազն հինգ դատավոր:

5. Գերագույն դատարանում յուրաքանչյուր գործի դատաքննությունն իրականացվում է առանձին դատական նիստում:

 

Հոդված 24. Նիստի հրավիրումը

 

Դատական նիստը հրավիրում և նախագահում է Գերագույն դատարանի նախագահը,  իսկ  վերջինիս բացակայության  ժամանակ`  օրենքով նախատեսված փոխարինող դատավորը:

 

Հոդված 25.  Գործը դատաքննության նախապատրաստելը

 

1. Գերագույն դատարանի նախագահը և զեկուցողը (զեկուցողները) որոշում են դատական նիստին հրավիրվող անձանց շրջանակը։

2. Դիմումների և գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ ձեռք բերված այլ փաստաթղթերի պատ­ճենները դատավորներին, կողմերին, իսկ անհրա­ժեշ­տու­թյան դեպքում Գերագույն դատարանի նախագահի որոշմամբ հրավիրյալներին են ուղարկվում նիստից առնվազն հինգ օր առաջ:

3. Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված  որո­շումների վիճարկման վերաբերյալ գործերով, ինչպես նաև սույն օրենքի 63-րդ հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանը կանոնակարգով կարող է սահմանել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նյութերն ուղարկելու ավելի սեղմ ժամկետներ:

4. Դատական նիստի օրվա և ժամի մասին դատավարության մասնակիցներին ու հրավիրյալներին ծանուցում է Գերագույն դատարանի աշխատակազմը` կանոնակարգով սահմանված ժամկետներում։

 

Հոդված 26. Գործերի դատաքննության ընթացա­կարգը

 

1. Գերագույն դատարանում գործերի դատաքննությունն իրականացվում է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ընթացակարգով` սույն օրենքին համապատասխան:

2. Գրավոր ընթացակարգով գործերի դատաքննության կանոնները սահմանվում են կանոնակարգով` հիմք ընդունելով սույն օրենքի ընդհանուր պահանջները:

 

Հոդված 27. Գործերը միավորելը

 

Մինչև դատաքննությունն սկսվելը Գերագույն դատարանի նախագահի կողմից կարող են միավորվել և դատական նույն նիստում քննվել միայն նույն հարցին վերաբերող գործերը:

 

Հոդված 28. Գերագույն դատարանի պահանջները

 

1. Գերագույն դատարանը, իսկ գործը դատաքննության նախապատրաստելու կապակցությամբ նաև Գերագույն դատարանի կողմից որպես տվյալ գործով զեկուցող նշանակված դատավորը (դատավորները) Գերագույն դատարանի նախագահի գիտությամբ իրավասու է (են) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից« դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու փաստաթղթեր« եզրակացություններ և այլ նյութեր« հանձնարարելու կատարել ստուգումներ« ուսումնասիրություններ« փորձաքննություններ,  հետազոտություններ, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանցից` պահանջելու նրանց տրամադրության տակ գտնվող նյութեր:

2. Գերագույն դատարանի և զեկուցողի պահանջները և հանձնարարականները (այսուհետ` պահանջ) պետք է կատարվեն Գերագույն դատարանի կամ զեկուցողի սահմանած ժամկետում: Եթե այդ ժամկետում Գերագույն դատարանի կամ զեկուցողի պահանջների կատարումն անհնարին է, ապա պահանջի հասցեատերը պարտավոր է պահանջի կա­տարման ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան երեք օր առաջ Գերագույն դատարանին կամ զեկուցողին գրավոր իրազեկել ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության մասին: Գերագույն դատարանը և զեկուցողը կարող են երկարաձգել պահանջի կատարման ժամկետը կամ պահանջները վերահասցեագրել մեկ այլ մարմնի (անձի): Հակառակ դեպքում ուժի մեջ է մնում Գերագույն դատարանի կամ զեկուցողի արդեն իսկ սահմանած ժամկետը:

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Գերագույն դատարանի պահանջները չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու, դրանց կատա­րումից խուսափելու կամ կատարման ժամկետները խախտելու դեպքում Գերագույն դատարանն այդ մարմինների պաշտոնատար անձանց նկատմամբ կարող է նշանակել օրենքով սահմանված պատասխանատվության միջոց: Պատասխանատվության միջոցի նշանակումը չի ազատում Գերագույն դատարանի պահանջների կատարումից:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված գործողությունների կամ անգործության համար ֆիզիկական անձինք կամ իրավաբանական անձի ղեկավարը կարող են տուգանվել` օրենքով սահմանված չափով:

5. Պատասխանատվության միջոց նշանակվելուց հետո Գերագույն դատարանի պահանջները վերստին չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ դրանց կատա­րումից խուսափելը կամ կատարման ժամկետները խախտելն առաջացնում է քրեական պատասխանատվություն:

 

Հոդված 29. Ապացույցները

 

1. Գործով ապացույցներ են օրենքով սահմանված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա Գերագույն դատարանը պարզում է դատավարության կողմերի պահանջները և առարկությունները հիմնավորող փաստերի առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները, սույն օրենքին համապատասխան, կարող են ձեռք բերվել`

1) վկաների բացատրությունների միջոցով.

2) փորձագետի եզրակացության միջոցով.

3) գրավոր փաստաթղթերի, նյութերի և իրերի (գրավոր և իրեղեն ապա­ցույցներ), այդ թվում` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված պաշտոնական տեղեկանքների և այլ տեղեկությունների միջոցով.

4) զննման միջոցով.

5) դատավարության կողմերի` որպես վկա տված բացատրությունների միջոցով:

2. Կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտմանը և գնահատմանը՝ ապացուցման բեռը կրող կամ ապացույցներ ներկայացնելու իր իրավունքից օգտվող դատավարության մյուս կողմի համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը։

 

Հոդված 30. Դատավորի իրավունքները

 

Դատավորն իրավունք ունի՝

1) ծանոթանալու գործի նյութերին.

2) նիստում քննվող հարցերի առնչությամբ հարցեր տալու« պատասխաններ, պարզաբանումներ ստանալու.

3) աշխատակարգային հարցերի վերաբերյալ արտահայտելու իր կարծիքը.

4) առաջարկություններ անելու« միջնորդություններ հարուցելու:

 

Հոդված 31. Դատավորի պարտականությունները

 

Դատավորը պարտավոր է՝

1) կատարել Գերագույն դատարանի նախագահի հանձնարարությունները դատական նիստերում քննարկվելիք հարցերի նախապատրաստման վերաբերյալ.

2) մասնակցել  դատական նիստերին և քվեարկություններին.

3) պահպանել դռնփակ խորհրդակցություններում անցկացված քննարկումների և քվեարկությունների գաղտնիությունը:

 

Հոդված 32. Սահմանադրական դատավարության մասնակիցները

 

Սահմանադրական դատավարության մասնակիցներն են`

1) դատավարության կողմերը`

ա. դիմողը` սույն օրենքի 13-րդ  հոդվածին համապատասխան` Գերագույն դատարան դիմելու իրավունք ունեցող մարմինները և անձինք,

բ. պատասխանողը` սույն օրենքով նախատեսված մարմիններն ու անձինք.

2) վկան, փորձագետը և թարգմանիչը.

3) սույն օրենքով սահմանված դեպքերում` երրորդ անձինք, ինչպես նաև այլ անձինք, որոնք սույն օրենքով նախատեսված կարգով օգտվում են կողմի իրավունքներից:

 

Հոդված 33. Որպես պատասխանող կողմ ներգրավելը

 

Եթե դիմողը Գերագույն դատարան ներկայացրած դիմումում չի նշել պատաս­խանող կողմին կամ նշել է ոչ պատշաճ կողմի, ապա Գերագույն դատարանը գործը քննության ընդու­նելու մասին որոշմամբ դատավարությանը որպես կողմ ներգրավում է պատաս­խանողին կամ պատշաճ պատասխանողին, իսկ սույն օրենքով նախա­տեսված դեպ­քերում` նաև հարակից պատասխանողների:

 

Հոդված 34. Ներկայացուցչությունը  

 

1. Կողմերը Գերագույն դատարանում կարող են հանդես գալ անձամբ և (կամ)  ներկայացուցիչների միջոցով:

2. Կողմի ի պաշտոնե ներկայացուցիչ կարող են հանդես գալ Գերագույն դատարան դիմում ներկայացրած մարմնի ղեկավարը, վիճարկվող ակտն ընդունած մարմնի ղեկավարը, պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը ներկայացնող որևէ պատգամավոր` «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Գերագույն դատարանում որպես կողմի ներկայացուցիչ կարող են հանդես գալ նրա լիազորած անձինք` պաշտոնատար անձը կամ այն փաստաբանը կամ բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող կամ սահմանադրական  իրավունքի  ոլորտում գիտական աստիճան ունեցող անձը, որի լիազորու­թյուն­ները հավաստված են օրենքով սահմանված կարգով:

4. Յուրաքանչյուր կողմ Գերագույն դատարանում կարող է ունենալ ոչ ավելի« քան երեք ներկայացուցիչ:

5. Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, Մարդու իրավունքների պաշտպանի, գլխավոր դատախազի ներկայացուցիչները, որոնք ցանկանում են մասնակցել դատական նիստին, կարող են դիմել Գերագույն դատարան և նախա­պես ստանալ քննվող գործին առնչվող նյութերը, իսկ դատաքննության ընթացքում կարող են հրավիրյալների կարգավիճակով պարզաբանումներ տալ Գերագույն դատարանի հարցերին:

 

Հոդված 35. Կողմերի իրավունքները

 

Կողմերն իրավունք ունեն՝

1) ծանոթանալու գործի նյութերին, անելու քաղվածքներ.

2) ներկայացնելու գործի լուծման համար նշանակություն ունեցող նյութեր.

3) գործի առնչությամբ ներկայացնելու իրենց դիրքորոշումը.

4) հարցեր տալու մյուս կողմին, նրա ներկայացուցչին, փորձագետին« վկային.

5) միջնորդություններ հարուցելու, առաջարկություններ անելու։

 

Հոդված 36. Կողմերի պարտականությունները

 

Կողմերը պարտավոր են՝

1) ներկայանալ Գերագույն դատարանի հրավերով.

2) բացատրություններ տալ և պատասխանել հարցերին.

3) Գերագույն դատարանի պահանջով ներկայացնել գործին առնչվող նյութեր.

4) ենթարկվել Գերագույն դատարանում գործերի քննության կանոններին և սույն օրենքի այլ պահանջներին.

5) բարեխղճորեն օգտվել իրենց դատավարական իրավունքներից:

 

Հոդված 37. Նիստի ընթացակարգը

 

1. Դատական նիստերի դահլիճ դատավորների մտնելու պահին դահլիճում ներկա գտնվողները ոտքի են կանգնում, այնուհետև նիստը նախագահողի հրավերով զբաղեցնում իրենց տեղերը:

2. Նախագահողը նշանակված ժամին հավաստիանալով« որ նիստն իրավազոր է, բացում է այն և հայտարարում դատաքննության ենթակա գործը:

3. Նախագահողը պարզում է դատավարության մասնակիցների և հրավիրված անձանց ներկայությունը և ստուգում կողմերի ներկայացուցիչների լիազորությունները, այնու­հետև քննարկման է դնում գործի դատաքննությունն սկսելու հարցը:  Եթե դատարանը հնա­րավոր չի համարում սկսել գործի դատաքննությունը, ապա որոշում է կայացնում այն հե­տաձգելու մասին։

4. Նախագահողը նիստին ներկա դատավարության մասնակիցներին պարզաբանում է նրանց իրավունքներն ու պարտականությունները:

5. Դատավարության մասնակիցները և  հրավիրյալները դատարանին դիմում են «Բարձր դատարան» արտահայտությամբ և իրենց բացատրությունները,  պարզա­բանումները կամ պատասխանները տալիս են կանգնած: Այլ կերպ դատարանին բացատ­րու­թյուններ, պարզաբանումներ կամ պատասխաններ տալը կատարվում  է միայն դատարանի թույլտվությամբ:

6. Գործի դատաքննությունն սկսվում է զեկուցողի զեկույցով։ Զեկուցողին կարող են հարցեր տալ դատավորները։

7. Զեկուցման ավարտից հետո Գերագույն դատարանը լսում է գործի նյութերի հետազոտման կարգի մասին դատավորների կարծիքը, կողմերի առաջարկությունները և այդ կապակցությամբ ընդունում է որոշում: Գերագույն դատարանի որոշմամբ գործի նյութերի հետազոտման համար սահմանված կարգը կարող է փոփոխվել:  Գործի դատաքննության ընթացքում նյութերի հետազոտման կարգի վերաբերյալ դատավորների առաջարկությունները քննարկվում են անհապաղ: 

 

Հոդված 38. Դատական նիստում կարգը խախտողների նկատմամբ կիրառվող

                հարկադրանքի միջոցները

 

1. Դատական նիստում կարգը խախտելու դեպքում նիստը նախագահողն իրավունք ունի խախտում թույլ տված անձին նախազգուշացնելու, իսկ Գերագույն դատարանը` անհրաժեշտության դեպքում նշանակելու տուգանք` օրենքով սահ­մանված կարգով և չափով, կամ կարգը խախտողին հեռացնելու նիստերի դահլիճից:

2. Եթե դատավարության մասնակիցը և այլ անձինք Գերագույն դատարանի նկատմամբ դրսևորում են անհարգալից վերաբերմունք, ապա նախագահողը կարող է ընդմիջել դատական նիստը և դատարանի քննարկմանը դնել կարգազանց անձի հանդեպ օրենքով սահմանված պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ իրավասու պետական մարմնին դիմելու հարցը: Այդ հարցով Գերագույն դատարանն ընդունում է աշխատակարգային որոշում:

 

Հոդված 39. Կողմերի բացատրությունները

 

1. Նախագահողը կողմերին առաջարկում է բացատրություններ տալ քննվող գործի հանգամանքների մասին և ներկայացնել իրենց դիրքորոշումները հիմնավորող փաստարկներ:

2. Գերագույն դատարանը կողմերի բացատրությունները լսում է ամբողջ ծավալով:

3. Կողմի բացատրություններից հետո նրան կարող են հարցեր տալ դատավորները, մյուս կողմը, իսկ դատարանի թույլտվությամբ՝ նաև փորձագետը:

4. Կողմերն իրավունք չունեն իրենց ելույթներն օգտագործելու քաղաքական հայտարարությունների համար:

5. Փաստերի վերաբերյալ կողմերի բացատրություններում ներկայացվող տեղեկությունները ապացուցո­ղական նշանակություն չունեն: Փաստերի վերաբերյալ կողմը կարող է ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ հայտնել միայն սույն օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված կարգով:

6. Կողմերն իրենց բացատրություն­ների գրավոր տեքստը բացատրություններ տալուց հետո տրամադրում են Գերագույն դատարանին:

 

Հոդված 40.  Կողմի հանդես գալը որպես վկա

 

1. Եթե կողմին հայտնի է տվյալ գործով պարզելու ենթակա որևէ փաստ, ապա նա կարող է իր նախաձեռնությամբ հանդես գալ որպես վկա:

2. Եթե, չնայած ապացույցներ ձեռք բերելու համար ձեռնարկված միջոցներին, ձեռք բերված ապացույցները բավարար չեն գործով որոշում կամ եզրակացություն ընդունելու համար, և կողմին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ փաստ, ապա Գերագույն դատարանի նախաձեռնությամբ կամ մյուս կողմի միջնորդությամբ նա պարտավոր է հանդես գալ որպես վկա:

3. Որպես վկա հանդես գալու դեպքում կողմի վրա տարածվում են սույն օրենքի 42-րդ հոդվածի 2-4-րդ  մասերի և 43-րդ  հոդվածի կանոնները:

 

Հոդված 41.  Փորձագետի եզրակացությունը« իրավունքներն ու պարտա­կանությունները

 

1. Սահմանադրական դատավարությանն իր համաձայնությամբ որպես փորձագետ կարող է ներգրավվել այն անձը, որը քննվող գործին առնչվող հարցերով օժտված է հատուկ գիտելիքներով և շահագրգռված չէ գործի արդյունքով:

2. Եթե փորձագետն անհարգելի պատճառով չի ներկայացել դատական նիստին, ապա նա նիստը նախագահողի կարգադրությամբ կարող է բերման ենթարկվել Գերագույն դատարան` օրենքով սահմանված կարգով:

3. Փորձագետը նիստը նախագահողի կողմից նախազգուշացվում է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու և եզրակացություն տալուց հրաժարվելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

4. Գերագույն դատարանը որոշում է փորձագետի եզրակացություն պահանջող հարցերի շրջանակը:

5. Փորձագետն իրավունք ունի՝

1) Գերագույն դատարանի թույլտվությամբ ծանոթանալու գործի նյութերին.

2) Գերագույն դատարանի թույլտվությամբ հարցեր տալու կողմերին և վկաներին, ինչպես նաև դատական նիստում իր եզրակացությունը ներկայացրած այլ փորձագետի.

3) իրեն լրացուցիչ նյութեր տրամադրելու միջնորդություններ հարուցելու:

6. Եզրակացության շարադրումից հետո  փորձագետը պարտավոր է պատասխանել դատավորների և կողմերի հարցերին:

7. Եզրակացությունը գրավոր ներկայացվում է Գերագույն դատարան՝ փորձագետի ստորագրությամբ:

8. Փորձագետի եզրակացության` իրավական հարցերին վերաբերող մասը չունի ապացուցողական նշանակություն:

 

Հոդված 42.  Վկաների բացատրությունները

 

1. Կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ Գերագույն դատարանը դատական նիստին հրավիրում և որպես վկա լսում է այն անձանց բացատրությունները, որոնց կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ փաստ: Վկա հրավիրելու վերաբերյալ կողմի միջնորդությունը Գերագույն դատարանը կարող է մերժել պատճառաբանված որոշմամբ:

2. Եթե վկան անհարգելի պատճառով չի ներկայացել դատական նիստին, ապա նա նիստը նախագահողի կարգադրությամբ կարող է բերման ենթարկվել Գերագույն դատարան` օրենքով սահմանված կարգով:

3. Վկան նիստը նախագահողի կողմից նախազգուշացվում է ակնհայտ կեղծ բացատրություն տալու և բացատրություն տալուց հրաժարվելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

4. Վկան պարտավոր է դատարանին հայտնել քննվող գործի էությանն առնչվող այն փաստերը, որոնք հայտնի են անձամբ իրեն, պատասխանել դատավորների և կողմերի հարցերին:

5. Դատական  նիստին ներկայացած վկաները  մինչև իրենց հարցաքննությունն սկսվե­լը դուրս են հրավիրվում դատական նիստի դահլիճից: Նիստը նախա­գահողը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի հարցաքննված վկաները չհաղոր­դակցվեն չհարցաքննված վկաների հետ:

 

Հոդված 43.  Փորձագետի, վկայի և թարգմանչի պատասխանատվությունը

 

Գերագույն դատարանում ակնհայտ կեղծ եզրակացություն կամ  ակնհայտ կեղծ բացատրություն տալը կամ թարգմանչի կողմից ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը, ինչպես նաև եզրակացություն և բացատրություն տալուց հրաժարվելն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Հոդված 44.  Գործի վարույթը կասեցնելը

 

1. Գերագույն դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը`

1) եթե նշանակել է փորձաքննություն.

2) եթե տվել է դատական հանձնարարություններ.

3) եթե այլ մարմիններից կամ անձանցից անհրաժեշտ ապացույցներ է պահանջել.

4) եթե դատավարության կողմերից մեկն իր  հիվանդության կամ այլ հարգելի պատճառներով խնդրել է կասեցնել գործի վարույթը.

5) Գերագույն դատարանի պատճառաբանված որոշմամբ նախա­տեսված այլ դեպքերում:

2. Գործի վարույթը կասեցնելը հանգեցնում է սույն օրենքով, կանոնակարգով և Գերագույն դատարանի որոշումներով սահմանված դատավարական ժամկետների ընթացքի կասեցմանը:

 

Հոդված 45.  Գործի վարույթի վերսկսումը

 

1. Գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմքերը վերանալուց հետո կամ մինչև այդ հիմքերը վերանալը` Գերագույն դատարանի պատճառաբանված որոշմամբ:

2. Գերագույն դատարանը կողմերի եզրափակիչ ելույթներից հետո որոշում է կայացնում գործի վարույթը վերսկսելու մասին, եթե անհրաժեշտ է համարում պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ կամ հետա­զոտել նոր նյութեր:

3. Վերսկսված վարույթից հետո կողմերը եզրափակիչ ելույթ­ների իրավունք ունեն՝ հետազոտված նոր հանգամանքների և նյութերի առնչությամբ:

4. Կողմերի եզրափակիչ ելույթներից հետո նախագահողը հայտարարում է գործի քննության ավարտի մասին:

 

Հոդված 46. Դատական նիստի արձանագրությունը

 

1. Դատական նիստերն արձանագրվում են:

2. Նիստի արձանագրությունն ստորագրում են նախագահողը և արձանագրողը:

3. Կողմերն իրավունք ունեն ծանոթանալու նիստի արձանագրությանը և ներկայացնելու իրենց դիտողությունները, որոնք կցվում են արձանագրությանը:

 

Հոդված 47. Գործով որոշումների կամ եզրակացությունների ընդունումը

 

1. Գերագույն դատարանը գործով որոշում կամ եզրակացություն է ընդունում դռնփակ խորհրդակցությունում« որին կարող են ներկա գտնվել միայն գործը քննող դատավորները: 

2. Խորհրդակցությունում դատավորն իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը քննարկվող հարցերի, ինչպես նաև շարադրելու իր դիրքորոշումը գործի լուծման վերաբերյալ:

3. Խորհրդակցությունում ելույթների թիվը և տևողությունը չեն սահմանափակվում:

4. Խորհրդակցության արդյունքներն արձանագրում է դատավորներից որևէ մեկը՝ Գերագույն դատարանի նախագահի հանձնա­րա­րությամբ: Արձանագրությունում նշվում են քվեարկության դրված հարցերը և քվեարկության արդյունքները:

5. Արձանագրությունն ստորագրում են խորհրդակցությանը մասնակցած դատավորները:

6. Քվեարկության անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն:

7. Խորհրդակցությունը  շարունակվում է մինչև Գերագույն դատարանի կողմից որոշում կամ եզրակացություն ընդունելը, բացառությամբ ընդմիջումների և հանգստի համար նախատեսված ժամանակի:

8. Խորհրդակցության ավարտից հետո խորհրդակցական սենյակ է հրավիրվում Գերագույն դատարանի աշխատակազմի իրավասու աշխատակիցը, որը գրառում է Գերագույն դատարանի որոշումը և այն փոխանցում համակարգիչ:

9. Մինչև որոշման հրապարակումը դատական նիստում դատավորները և Գերագույն դատարանի աշխատակազմի աշխատակիցը պարտավոր են ձեռնպահ մնալ որոշման մասին որևէ տեղեկություն հայտնելուց:

 

Հոդված 48. Գործի  վարույթը կարճելը

 

Գերագույն դատարանը կարճում է գործի վարույթը՝

1) գործի քննության ցանկացած փուլում,  եթե   բացահայտվել են սույն օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր.

2) եթե իրավական ակտը կամ դրա դրույթը« որի համապատասխանությունը Սահմանադրությանը վիճարկվում է« վերացվել է կամ ուժը կորցրել  գործի դատաքննությունից առաջ կամ դրա ընթացքում և չի կիրառվել.

3) սույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված այն դեպքերում, երբ կասեցման հիմք հանդիսացած հանգամանքները չեն վերացել գործի վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունելուց հետո` մեկ տարվա ընթացքում, և գործի վարույթն այդ պայմաններում վերսկսելն անհնարին է.

4)  սույն օրենքի 64-րդ, 66-րդ և 67-րդ հոդվածներով  նախատեսված դեպքերում:

 

Գ Լ ՈՒ Խ  7 

 

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱԿՏԵՐԸ, ԴՐԱՆՑ Ը ՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ

 ԱՅԴ ԱԿՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 49. Գերագույն դատարանի ակտերը

 

1. Գերագույն դատարանը Սահմանադրության 114-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-1.5¬րդ և 1.9¬րդ կետերում նշված հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ:

2. Գերագույն դատարանը Սահմանադրության 114-րդ հոդվածի 1-ին մասի 1.6-1.8¬րդ կետերում նշված հարցերի վերաբերյալ ընդունում է եզրակացություններ:

3. Գերագույն դատարանը գործերը դատաքննության նախապատրաստելու և դատաքննության հարցերով, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հետ կապված այլ հարցերով ընդունում է աշխատակարգային որոշումներ՝ դատավորների ձայների մեծամասնությամբ,  բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

4. Գերագույն դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։

5. Գերագույն դատարանի գործով ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պե­տական և տեղական ինքնակառավարման մարմինների,  դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում։

6. Գերագույն դատարանի աշխատակարգային որոշումները պարտադիր են դատավարության մասնակիցների և դրանց այլ հասցեատերերի համար:

7. Եթե սույն օրենքով նախատեսված դեպքերում Գերագույն դատարանի որոշմամբ նշանակվել է տուգանք, և այդ որոշումը կամովին չի կատարվել, ապա այն ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից` օրենքով սահմանված կարգով:

8. Եթե Գերագույն դատարանի եզրակացությունը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննարկումից:

 

Հոդված 50. Որոշումների և եզրակացությունների ընդունման կարգը

 

1. Գերագույն դատարանի որոշումները և եզրակացություններն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ դատավորների անվանական հարցման միջոցով:

2. Նախագահողը քվեարկում է վերջում:

3. Գերագույն դատարանն ընդունում է որոշումներ՝ դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ,  բացառությամբ սույն օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված դեպքի:

4. Գերագույն դատարանն ընդունում է եզրակացություններ՝ դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

5. Դատավորն իրավունք չունի ձեռնպահ մնալու կամ հրաժարվելու քվեարկությունից:

6. Եթե Գերագույն դատարանը  քննարկվող հարցի վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում կամ եզրակացություն չի ընդունում, ապա դիմումը համարվում է մերժված:

7. Սահմանադրության 114-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-րդ և 1.2-րդ կետերով նախատեսված գործերով որոշում ընդունելիս դատավորը կարող է ներ­կայացնել հատուկ կարծիք` որոշման ինչպես եզրափակիչ, այնպես էլ պատճառաբանական մասի վերաբերյալ, որը Գերագույն դատարանի որոշման հետ հրապա­րակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում:

 

Հոդված 51. Որոշումներին և եզրակացություններին ներկայացվող պահանջները

 

1. Իրավական ակտի սահմանադրականությունը որոշելիս Գերագույն դատարանը գնահատում է ինչպես այդ ակտը« այնպես էլ ձևավորված իրավակիրառական պրակտիկան£

2. Գերագույն դատարանը որոշումներ և եզրակացություններ ընդունում է միայն դիմումում նշված առարկայի վերաբերյալ։

3. Գերագույն դատարանի որոշման և եզրակացության հիմքում չեն կարող դրվել գործի դատաքննության  ընթացքում չհետազոտված  հանգամանքներ:

4. Գերագույն դատարանի որոշումները և եզրակացությունները հրապա­րակվում են դատական նիստում և կցվում գործին։

 

Հոդված 52. Որոշման կամ եզրակացության շարադրանքը

 

1. Գերագույն դատարանի որոշումը կամ եզրակացությունը, կախված գործի բնույթից, պարունակում է հետևյալ տեղեկությունները`

1) որոշման կամ եզրակացության անվանումը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) կողմերի և դատավարության այլ մասնակիցների մասին անհրաժեշտ տվյալներ.

3) քննվող հարցը, առիթները և հիմքերը.

4) Սահմանադրության այն հոդվածը, որի համաձայն Գերագույն դատարանն իրավասու է քննելու տվյալ գործը.

5) դիմումի համառոտ բովանդակությունը.

6) փաստական և իրավական հանգամանքներ, որոնք հետազոտվել են Գերագույն դատարանի կողմից.

7) Սահմանադրության և սույն օրենքի այն հոդվածները, որոնցով ղեկավարվել է դատարանը որոշում կամ եզրակացություն ընդունելիս.

8) Գերագույն դատարանի ընդունած որոշումը կամ եզրակացությունը հիմնավորող փաստարկները, այդ թվում` նաև  այն փաստարկները, որոնք հաստատում կամ հերքում են կողմերի պնդումները.

9) որոշման կամ եզրակացության ձևակերպումը` սույն օրենքով նախատեսված դեպքերում նշելով նաև անվավեր ճանաչված իրավական ակտի կամ դրա դրույթ­ների հետ փոխկապակցված այլ դրույթների անվավերության մասին.

10) որոշման կամ եզրակացության վերջնական լինելու մասին նշումը.

11) որոշման՝ հրապարակման պահից ուժի մեջ մտնելու մասին կամ Գերագույն դատարանի կողմից Սահմանադրությանը չհամապատասխանող նորմատիվ ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ սահ­մանելու մասին   նշումը:

2. Գերագույն դատարանի` գործով ըստ էության ընդունված որոշումը կամ եզրակացությունն ստորագրում է դատական նիստը նախագահողը:

 

Հոդված 53. Որոշման կամ եզրակացության առաքումը և հրատարակումը

 

1. Գերագույն դատարանի որոշումներն ու եզրակացությունները դրանց ընդունման օրվանից հետո` եռօրյա ժամկետում, առաքվում են՝

1) դատավարության կողմերին.

2) Հանրապետության Նախագահին, Ազգային ժողով, կառավարություն, Մարդու իրավունքների պաշտպանին  և գլխավոր դատախազին:

2. Գերագույն դատարանի որոշումներն ու եզրակացությունները հրատա­րակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում` օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 54. Որոշումը չկատարելու հետեւանքները

 

Գերագույն դատարանի որոշումը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարմանն արգելք հանդիսանալն առաջացնում է օրենքով սահմանված պատաս­խանատվություն:

 

Հոդված 55. Որոշումների կատարման վիճակի ամփոփումը

 

Գերագույն դատարանը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում, հաղորդում է հրապարակում իր որոշումների կատարման վիճակի վերա­բերյալ: Այն ուղարկվում է պետական և տեղական ինքնակա­ռա­վարման համա­պատասխան մարմիններ:

 

Գ Լ ՈՒ Խ 8

 

ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ  ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 56.  Սահմանադրության 114-րդ հոդվածի 1¬ին մասի 1.1-րդ կետով նախատեսված գործերի  քննությունը  Սահմանադրության 114-րդ   հոդվածի  2-րդ  մասի 2.1-րդ, 2.3-րդ, 2.4-րդ և 2.8-րդ կետերում նշված մարմինների և անձանց դիմումների հիման վրա (իրավական նորմերի  սահմա­նադրա­­կանու­թյան վերացա­կան վերահսկողություն)

 

1. Սահմանադրության 114-րդ հոդվածի 1¬ին մասի 1.1-րդ կետով նախատեսված գործերով կարող է վիճարկվել այդ կետում նշված ինչպես նորմատիվ, այնպես էլ անհատական բնույթ ունեցող իրավական ակտերի սահմանադրականությունը, բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դիմում ներկայացնելու դեպքերի: Մարդու իրավունքների պաշտպանը  կարող է վիճարկել միայն նորմատիվ ակտերի սահմանադրականությունը:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացման վերաբերյալ Ազգային ժո­ղովի որոշումների սահմանադրականությունը կարող է վիճարկվել միայն տվյալ որոշման ընդունման համար Սահմանադրությամբ նախատեսված պահանջների պահպանման տեսանկյունից:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է վիճարկվող ակտն ընդունած պետական կամ տեղական ինքնակառա­վարման մարմինը: Օրենքների դրույթների վիճարկման վերաբերյալ գործերով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է Ազգային ժո­ղովը` իր ընդունած օրենքների առնչությամբ: Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքների դրույթների վիճարկման վերաբերյալ գոր­ծերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է Ազգային ժողովը, իսկ որպես հարակից պատասխանող` Գերագույն դատարանի որոշմամբ կարող է ներգրավվել կառավարությունը, եթե նա է ներկայացրել տվյալ օրենքը հանրաքվեի դնելու առաջարկը:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով Գերագույն դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Գերագույն դատարանի պատճառաբանված  որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամսով:

5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերը Գերագույն դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը Գերագույն դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասա­րակական մեծ հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը:

6. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով որոշում ընդունելիս Գերագույն դատարանը պարզում է վիճարկվող ակտի կամ վերջինիս առանձին դրույթների համապատաս­խանությունը Սահմանադրությանը` մասնավորապես հաշվի առնելով`

1) իրավական ակտի պահանջվող տեսակը.

2) իրավական ակտն ընդունելու և գործողության մեջ դնելու Սահմանադրությամբ նախատեսված կարգի պահպանվածությունը.

3) մարդու և քաղաքացու՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների ապահովման և  պաշտպանության, ազատ իրականացման անհրաժեշտությունը«  դրանց սահմանափակումների թույլատրելիությունը.

4) Սահմանադրությամբ նախատեսված՝ իշխանությունների բաժանման և հավա­սարակշռման ապահովվածությունը.

5) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտո­նատար անձանց լիազորությունների թույլատրելի սահմանները.

6) Սահմանադրության անմիջական գործողության ապահովման անհրաժեշտությունը։

7. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով Գերագույն դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից մեկը`

1) վիճարկվող ակտը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին.

2) վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին:

8. Սահմանադրության 114-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-րդ կետում նշված որևէ նորմա­տիվ ակտի սահմանադրականությունը որոշելիս Գերագույն դատարանը պարզում է նաև այդ ակտի վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրույթների սահմանադրականությունը: Հավաս­տիանալով վիճարկվող դրույթների հետ փոխկա­պակցված տվյալ նորմատիվ ակտի այլ դրույթների` Սահմանադրությանը հակասելու մեջ` Գերագույն դատարանը կարող է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել նաև այդ դրույթները:

9. Վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում այն իրավաբանական ուժը կորցնում է Գերագույն դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից, բացառությամբ սույն հոդվածի 11-րդ  և 12-րդ մասերով սահմանված դեպքերի: Այդ ակտերի վրա հիմնված Գերագույն դատարանի որոշման ընդունմանը նախորդող ժամանակահատվածում ընդունված և կատարված վարչական կամ դատական ակտերը վերանայման ենթա­կա չեն: Չկատարված վարչական և դատական ակտերի կատարումը Գերագույն դատարանի որոշումը հրապարակելուց հետո անհապաղ դադարեցվում է իրավասու վարչական մարմնի կամ դատարանի որոշմամբ:

10. Անվավեր ճանաչված նորմատիվ ակտի կատարումն ապահոված այլ նորմատիվ ակտերի համապատասխան դրույթները կորցնում են իրենց իրավաբանական ուժը` վիճարկվող ակտի ուժը կորցնելու հետ միաժամանակ:

11. Սույն հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետում նշված որոշումը Գերագույն դատարանն իրավասու է տարածելու նաև այդ որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա, եթե այդպիսի որոշում չընդունելը կարող է հանրության կամ պետության համար առաջացնել ծանր հետևանքներ: Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված նորմատիվ ակտի, ինչպես նաև այդ ակտի կատարումն ապահոված այլ նորմատիվ ակտերի վրա հիմնված` Գերագույն դատարանի որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող երեք տարիների ընթացքում ընդունված և կատարված վարչական կամ դատական ակտերը ենթա­կա են վերանայման վարչական կամ դատական ակտն ընդունած մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով:

12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` Քրեական օրենսգիրք) կամ վարչական պատասխանատվության վերաբերյալ օրենքի վիճարկվող դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում այդ դրույթն իրավաբանական ուժը կորցնում է իր ուժի մեջ մտնելու պահից: Այդ դրույթի կիրառման վերաբերյալ Գերագույն դատարանի որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող ժամանակահատվածում ընդունված դատական և վարչական ակտերը օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման:

13. Գերագույն դատարանը սույն հոդվածի 1-ին մասում նշված որևէ գործով ընդունված ըստ էության որոշումից առնվազն յոթ տարի հետո, սույն օրենքով սահմանված կարգով, ներկայացված համապատասխան դիմումի հիման վրա կարող է վերանայել իր հիշյալ որոշումը, եթե`

1) փոփոխվել է Սահմանադրության` տվյալ գործով կիրառված դրույթը.

2) ի հայտ է եկել տվյալ գործով կիրառված Սահմանադրության դրույթի այնպիսի նոր ընկալում, որի առկայությամբ նույն հարցի վերաբերյալ կարող է ընդունվել Գերագույն դատարանի այլ որոշում, և եթե տվյալ հարցն ունի սկզբունքային սահմանադրաիրավական նշանակություն:

14. Սույն հոդվածի 13-րդ մասում նշված դիմումը չի կարող վերաբերել այն իրավական ակտերին (դրանց առանձին դրույթներին), որոնք Գերագույն դատարանի որոշմամբ ճանաչվել են Սահմանադրությանը հակասող և անվավեր:

15. Սույն հոդվածի 13-րդ մասում նշված դիմումի հիման վրա գործը քննության ընդունելու վերաբերյալ Գերագույն դատարանի որոշումն ընդունվում է դատավորների հինգ ձայնով:

16. Սույն հոդվածի 13-րդ մասում նշված գործերի քննությունը չի կարող մերժվել սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա, եթե առկա են Գերագույն դատարանի որոշումը վերանայելու` սույն հոդվածի 13-րդ մասով նախատեսված հիմքերը:

17. Սահմանադրության 114-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, եթե Գերագույն դատարանը գտնում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի` Գերագույն դատարանի որոշման հրապարակման պահին Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչումն անխուսափելիորեն կառաջացնի այնպիսի ծանր հետևանք­ներ հանրության և պետության համար, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմատիվ ակտի վերացմամբ հաստատ­վելիք իրավական անվտանգությունը, ապա Գերագույն դատարանը կարող է, տվյալ ակտը ճանաչելով Սահ­մանադրությանը հակասող, իր որոշման մեջ հետաձգել այդ ակտի իրավաբանական ուժը կորցնելը: Այդ դեպքում մինչև ակտի իրավաբանական ուժը կորցնելն ակտը համարվում է Սահմանադրությանը համապատասխանող:

18. Նորմատիվ իրավական ակտի ուժը կորցնելու հետաձգումը պետք է հա­մար­ժեք լինի այն ժամանակահատվածին, որի ընթացքում հնարավոր և ան­հրաժեշտ է ձեռնարկել սույն հոդվածի 17-րդ մասում նշված հետևանքները կանխելուն ուղղված միջոցառումները:

19. Հետաձգման մասին որոշումը պետք է ընդունվի այն հաշվարկով, որպեսզի դրանով իրապես կանխվեն անխուսափելի և ծանր հետևանքները հանրության և պետության համար,և ավելի  էական վնաս չպատճառվի մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին:

 

Հոդված 57. Կոնկրետ գործերով վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ ակտի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերա­բերյալ գործերի քննությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմում­ների հիման վրա (անհատական դիմումների քննություն)

 

1. Սույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ` անհատական դիմում) կարող է ներկայացվել դատարաններում դա­տա­վարության մասնակից հանդիսացած այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառվել է Սահմանադրության 114-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-րդ կետով նախատեսված որևէ նորմատիվ ակտի դրույթ, որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, և որը գտնում է, որ տվյալ գործով կիրառված նորմատիվ ակտի դրույթը հակասում է Սահմանադրությանը:

2. Սույն հոդվածում նշված գործերով պատասխանող կողմի ներգրավվման հարցը պետք է լուծվի սույն օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի կանոններին համապատասխան:

3. Անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և Սահմանադրության այն դրույթներին, որոնց, դիմողի գնահատմամբ, հակա­սում են տվյալ նորմատիվ ակտի դրույթները, ինչպես նաև պետք է պարունակի Սահմա­նադրությանը հակասելու հիմնավորումներ:

4. Սույն  հոդվածում նշված գործերով դիմումները կարող են Գերագույն դատարան ներկայացվել ֆիզիկական կամ իրավաբանա­կան անձի կողմից իր հանդեպ կիրառված դատական ակտի վիճարկման հնարավորություն­ները սպառելու պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

5. Անհատական դիմումների քննությունը, ի լրումն սույն օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

6. Անհատական դիմումների քննությունը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված: Այն պետք է ընդունվի միաձայն, հակառակ դեպքում դիմումը քննության ընդունելու հարցը Գերագույն դատարանը վերստին քննում և լուծում է ամբողջ կազմով: Այդ հարցով որոշումն ընդու­նվում է անհատական դիմումը մուտքագրելու օրվանից  ոչ ուշ, քան երեք ամիս հետո:

7. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանը որոշում է ընդունում սույն օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետներում:

8. Անհատական դիմումների ընդունման և նախնական ուսումնասիրման կարգը սահմանվում է կանոնակարգով, իսկ դրանց հիման վրա գործերը քննության ընդունելու կամ գործերի քննությունը մերժելու հատուկ կանոնները սահմանվում են սույն օրենքով:

9. Սույն հոդվածում նշված գործերին առնչվող բոլոր այլ հանգամանքների քննության և այդ գործերով որոշումներ ընդունելու ժամանակ կիրառվում են սույն օրենքի 56-րդ հոդվածի 5-19-րդ մասերի կանոնները:

10. Սույն հոդվածում նշված գործերով նորմատիվ ակտի` դիմողի կողմից վիճարկվող դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշում ընդունվելու դեպքում դիմողի նկատմամբ կիրառված վերջնական դատական ակտը օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման:

 

Հոդված 58. Նորմատիվ ակտերի` Սահմանադրությանը համա­պա­տաս­խանությունը

                որոշելու վերաբերյալ գործերի քննությունը  տեղական ինքնակա­ռավարման 

                մարմինների դիմումների  հիման  վրա

 

1. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարան կարող են դիմել տեղական ինքնակառավարման այն մարմինները, որոնց` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները խախտվում են Սահմանադրության 114-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-րդ կետով նախա­տեսված որևէ նորմատիվ ակտով կամ դրա որևէ դրույթով:

2. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները Գերագույն դատարան կարող են ներկայացվել այն պահից սկսած, երբ տեղական ինքնակառավարման մարմինն իմացել է կամ պարտավոր էր իմանալ իր իրավունքների խախտման կամ դրանց խախտման իրական հնարավորության մասին, բայց ոչ ուշ, քան համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո:

3. Սույն հոդվածում նշված գործերով տեղական ինքնակառավարման մար­մինների դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախա­տեսված ընդհանուր, ինչպես նաև սույն օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին:

4. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է վիճարկվող նորմատիվ ակտն ընդունած պետական մարմինը, իսկ օրենքների վիճարկման դեպքում պատասխանող կողմի ներգրավվման հարցը պետք է լուծվի սույն օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կանոններին համապատասխան:

 5. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանը որոշում է ընդունում սույն օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետներում:

6. Սույն հոդվածում նշված գործերին առնչվող բոլոր այլ հանգամանքների քննության և այդ գործերով որոշումներ ընդունելու ժամանակ կիրառվում են սույն օրենքի 56-րդ հոդվածի 5-19-րդ մասերով նախատեսված կանոնները:

 

Հոդված 59. Նորմատիվ ակտերի` Սահմանադրությանը համա­պա­տասխանությունը որոշելու

               վերաբերյալ գործերի քննությունը դատարան­ների և գլխա­վոր դատախազի 

               դիմումների հիման վրա (իրավական նորմերի կոնկրետ վերահսկո­ղություն)

 

1. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարան դիմում են դատարանները, ինչպես նաև գլխավոր դատախազը, եթե գտնում են, որ Սահմանադրության 114-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-րդ կետով նախատեսված որևէ նորմատիվ ակտի դրույթ կամ դրույթներ, որոնք ենթակա են կիրառման իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով, հակասում են Սահմանադրությանը:

2. Դատարանները Գերագույն դատարան դիմե­լուց առաջ պարտավոր են, իսկ գլխավոր դատախազը կարող է կասեցնել կոնկրետ գործի վարույթը մինչև Գերագույն դատարանի ընդունած որոշումն ուժի մեջ մտնելը:

3. Դատարանները կարող են դիմել Գերագույն դատարան համապատասխան գործով վարույթը սկսվելուց մինչև այդ գործով ըստ էության որոշում ընդունելու պահը, իսկ գլխավոր դատախազը` տվյալ գործն իր վարույթ ընդունելուց հետո` մինչև այն օրենքով սահմանված կարգով իրավասու դատարան ուղարկելը:

4. Դատարանները և գլխավոր դատախազը վարույթը կասեցնելու դեպքում սույն հոդվածով նախատեսված դիմումները կարող են ներկայացնել իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով վարույթը կասեցնելու  մասին որոշում ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում: Գերագույն դատարան դիմելը ձևակերպվում է համապա­տասխան դատարանի կամ գլխավոր դատախազի որոշմամբ:

5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումներում դատարանը և գլխավոր դատա­խազը պետք է հիմնավորեն իրենց դիրքորոշումը նորմատիվ ակտի վի­ճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հանգամանքի առնչու­թյամբ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը կարող է իրականացվել միայն վիճարկվող դրույթի կիրառ­մամբ:

6. Դիմումին կցվում է դիմողի վարույթում գտնվող գործը, որը դիմողին է վերա­դարձվում Գերագույն դատարանի որոշումն ընդունելուց հետո:

7. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է վիճարկվող նորմատիվ ակտն ընդունած պետական մարմինը, իսկ օրենքների վիճարկման դեպքում պատասխանող կողմի ներգրավվման հարցը պետք է լուծվի սույն օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կանոններին համապատասխան:

8. Սույն հոդվածում նշված գործերով դատաքննությունն իրականացվում է միայն գրավոր ընթացակարգով: Կողմերը մինչև գործի դատաքննությունն սկսվելը Գերագույն դատարան են ներկայացնում իրենց դիրքորոշումն արտահայտող գրավոր բացատրություններ:

9. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանը որոշում է ընդունում սույն օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետներում:

10. Սույն հոդվածում նշված գործերին առնչվող բոլոր այլ հանգամանքների քննության և այդ գործերով որոշումներ ընդունելու ժամանակ կիրառվում են սույն օրենքի 56-րդ հոդվածի 6-19-րդ մասերով նախատեսված կանոնները:

 

Հոդված 60. Սահմանադրության 114-րդ հոդվածի 1-ին մասի 1.2¬րդ կետով նախատեսված գործերի քննությունը (միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորություններ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը)

 

1. Մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Գերագույն դատարան է դիմում Հանրապետության Նախագահը:

2. Սույն հոդվածում նշված գործերով, իր ծանրաբեռնվածությունից ելնելով, Գերագույն դատարանը կարող է որոշում կայացնել հիշյալ գործերը միմյանց հաջորդող դատական նիստերում քննելու մասին` այդ գործերից յուրաքանչյուրի քննության ավարտից հետո հետաձգելով դրանով ըստ էության որոշման ընդունումը` մինչև բոլոր հիշյալ գործերի քննության ավարտը: Այդ գործերից յուրաքանչյուրով ըստ էության որոշումն ընդունվում է միևնույն դռնփակ խորհրդակցության արդյունքում, և բոլոր որոշումները դատական նիստում հրապարակվում են հաջորդաբար` ըստ քննված գործերի հաջորդականության:

3. Սույն հոդվածում նշված գործերով դատաքննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:  Գերագույն դատարանի պատճառաբանված որոշմամբ գործի դատաքննությունն  իրականացվում է բանավոր ընթացակարգով:

4. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց հետո` երեք ամսվա ընթացքում:

5. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրու­թյանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Գերագույն դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը`

1) միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Սահմա­նադրությանը համապատասխանող  ճանաչելու մասին.

2) միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչելու մասին։

 

Հոդված 61. Սահմանադրության 114-րդ հոդվածի 1-ին մասի 1.3¬րդ կետով

               նախատեսված գործերի քննությունը (հանրաքվեների արդյունքների

               հետ կապված վեճերի լուծումը)

 

1. Սահմանադրության 114-րդ հոդվածի 1-ին մասի 1.3¬րդ կետով նախատեսված գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է հանրաքվեների արդյունքներն ամփոփող պետական մարմինը։

2.  Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով Գերագույն դատարանն իրավասու է իր որոշումն ըն­դու­­նելու համար անհրաժեշտ  ապացույցների (փաստերի վերաբերյալ տեղեկությունների) ձեռքբերումը  հանձնարարելու պետական կամ տեղական ինքնա­կա­ռավարման մարմինների, այդ թվում՝  դատարաններին և դատախազության մարմին­ներին, անհրա­ժեշտության դեպքում` նաև իր աշխատակազմի աշխատողներին: Այդ կապակ­ցությամբ Գերագույն դատարանն իրավասու է ձևավորելու հանձնախմբեր` ներգրավելով դատավորներից մեկին (որպես հանձնախմբի կամ հանձնախմբերի ղեկավար) և տարբեր կամ միևնույն մարմինների աշխատակիցների, ինչպես նաև իրենց համաձայնությամբ` Ազգային ժողովի պատգամավորների, տեղական և միջազ­գային դիտորդների: Ներկայացված ապացույցները ենթակա են հետազոտման Գերագույն դատարանի կողմից՝ սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

3. Հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերով Գերագույն դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամ­կետում։

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով Գերագույն դատարանի որոշումը պետք է ընդունվի դիմումը մուտքագրելու պահից հիսուն օրվա ընթացքում:

6. Գերագույն դատարանի որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան մեկ ամսով:

7. Հանրաքվեի  արդյունքների հետ կապված վեճերով Գերագույն դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) հանրաքվեի  արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումը թողնել ուժի մեջ.

2) անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքների  ամփոփման վերաբերյալ որոշումը, և հանրաքվեի դրված նախագիծը համարել ընդունված կամ չընդունված կամ անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքները:

 

Հոդված 62.  Սահմանադրության 114-րդ հոդվածի 1-ին մասի 1.4¬րդ կետով նախատեսված 

                գործերի քննությունը (Հանրապետության Նախագահի և պատգամավորների    

                ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված

                վեճերի լուծումը)

                        

1. Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որո­շում­ների վիճարկման մասին դիմումներով Գերագույն դատարան կարող են դիմել Հանրապետության Նախագահի թեկնածուները:

2. Պատգամավորների ընտրությունների (համամասնական և մեծամաս­նական ընտրակարգով) արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման մասին դիմումներով Գերագույն դատարան կարող են դիմել պատգա­մավորության թեկնածուները` մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների ար­դյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճե­րով, ինչպես նաև կուսակ­ցությունները  կամ կուսակցությունների դաշինքները` համամասնական ընտրա­կարգով անցկացված ընտրությունների արդյունքներով ընդունված որոշում­ների հետ կապված վեճերով:

3. Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների  հետ կապված վեճե­րով Գերագույն դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում։

4. Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է ընտրությունների արդյունքներն ամփոփող պետական մարմինը£ Անհրաժեշտության դեպքում կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ, որպես հարակից պատասխանող (պատասխանողներ), Գերագույն դատարանը կարող է ներգրավել այն պետական կամ տեղական ինքնա­կառա­վարման մարմիններին, որոնց որոշումները կամ գործողությունները կարող էին ներգործել ընտրությունների արդյունքների վրա, կամ որոնք պարտավոր էին (պարտավոր են) օրենքով սահմանված կարգով ապահովել և պաշտպանել ընտրական  իրավունքները, բացառությամբ դատարանների:

5. Այն թեկնածուները կամ կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), որոնց իրավունք­ները շոշափվում են կամ կարող են շոշափվել գործի քննության ընթացքում կամ դրա արդյունքում ընդունվելիք որոշմամբ, կարող են Գերագույն դատարանի որոշմամբ որպես երրորդ անձինք ներգրավվել դատավարության մեջ` իրենց դիմումի հիման վրա, իսկ այն դեպքերում, երբ Գերագույն դատարանի որոշումը պար­տադիր կերպով տարածվելու է նաև երրորդ անձանց վրա, ապա  Գերագույն դատարանն ինքն է պարտավոր այդ անձանց ներգրավել դատավարության մեջ:

6. Երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել գործի քննության ցանկացած փուլում:

7. Երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ այն իրավունքների և պարտակա­նությունների, որոնք իրենց էությամբ տարածելի չեն երրորդ անձանց վրա:

8. Գերագույն դատարանում քննվող գործով որոշում ըն­դու­­նելու համար անհրաժեշտ  ապացույցների (փաստերի վերաբերյալ տեղեկությունների)  ձեռքբերման առնչությամբ  կիրառվում են սույն օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կանոնները:

9.  Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Մեծամասնական ընտրակարգով   պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ գործերի դատաքննությունը Գերագույն դատարանը,   իր ծանրաբեռնվածությունից ելնելով,   կարող է իրականացնել գրավոր ընթացակարգով:

10. Փաստերի վերաբերյալ դիմող կողմի ներկայացրած տեղեկությունները համարվում են հավաստի, եթե պատաս­խանող կողմը խուսափում է դրանց վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայ­տելուց, և եթե դրանք չեն հակասում Գերագույն դատարանի կողմից ձեռք բերված, տվյալ գործով որոշում ընդունելու համար էական նշանակություն ունեցող այլ ապացույցների:

11.  Եթե պատասխանող կողմն ընդունում է այն հանգամանքները, որոնցով դիմող կողմը հիմնավորում է իր պահանջներն ու առարկությունները, ապա վերջինս ազատվում է այդ հանգամանքների վերաբերյալ հետագայում ապացույցներ ներկայացնելու անհրա­ժեշտությունից:

12.  Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որո­շումների վիճարկման վերաբերյալ գործերով քննությունը կարող է  կասեցվել միայն այն դեպքերում, երբ կասեցումը չի խոչընդոտի տվյալ գործի քննությունը Սահմա­նադրությամբ և սույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված ժամկետում ավարտելուն:

13. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանը պարզում է իրավասու ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ներկայացված բողոքների քննարկումը (քննությունը) անհիմն մերժելու, նման բողոքները սահմանված ժամկետներում չքննար­կելու (չքննելու) և քննարկումից (քննությունից) հրաժարվելու կամ խուսափելու հանգամանքները և իրա­վասու է նման դեպքերում բողոքներում արծարծվող փաստերը գնահատելու որպես հավաստի և անվիճելի, եթե այդպիսի գնահատումը չի հակասում գործի քննության ընթացքում ձեռք բերված այլ ապացույցների:

14. Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների  հետ կապված վեճերով Գերագույն դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը`

1) ընտրական հանձնաժողովի որոշումը թողնել ուժի մեջ.

2) անվավեր ճանաչել ընտրական հանձնաժողովի որոշումը և`

ա. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,

բ. ընտրված ճանաչել համապատասխան թեկնածուին կամ կուսակցության (դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների,

գ. ընտրությունները ճանաչել չկայացած,

դ. նշանակել ընտրության երկրորդ փուլ:

15. Եթե գործի քննության արդյունքում Գերագույն դատարանը, սպառելով ապացույցներ ձեռք բերելու համար սույն օրենքով նախատեսված բոլոր միջոցները, այդուհանդերձ, հնարավորություն չի ունեցել պարզելու ընտրության իրական արդ­յունքները, սակայն Գերագույն դատարանի կողմից որպես հավաստի գնահատված ապացույցներից ակնհայտ է դարձել, որ ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող կամ պարբերական բնույթ, և դրանց համադրումը վկայում է դրանց միջև համակարգային այնպիսի փոխկապակցվածության մասին, որի պայմաններում խախտվում են Սահմանադրության 4-րդ հոդվածով ամ­րագրված ընտրական իրավունքի սկզբունքները, ապա որոշում ընդունելիս Գերագույն դատարանն իրավասու է  այդ հիմքով անվավեր ճանաչելու ընտրու­թյունների արդյունքները:

16. Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որո­շումների հետ կապված վեճերով Գերագույն դատարանը պետք է որոշում ընդունի  դիմումի մուտքագրման օրվանից հետո` տասնօրյա ժամկետում:

17. Պատգամավորների` համամասնական ընտ­րա­կարգով անցկացված ընտրությունների արդյունքներով ընդունված որոշում­ների հետ կապված վեճերով Գերագույն դատարանը պետք է որոշում ընդունի դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո:

18. Պատգամավորների` մեծամասնական ընտ­րա­կարգով անցկացված ընտրությունների արդյունքներով ընդունված որոշում­ների հետ կապված վեճերով Գերագույն դատարանը պետք է որոշում ընդունի դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս հետո:

19. Սույն հոդվածի 18-րդ մասում նշված գործերով, Գերագույն դատարանի ծանրաբեռնվածությունից ելնելով,  Գերագույն դատարանի որոշմամբ  գործերի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան հիսուն օրով:

 

Հոդված 63. Սահմանադրության 114-րդ հոդվածի 1-ին մասի 1.5¬րդ կետով նախատեսված  գործերի քննությունը (Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի կամ վերացած ճանաչելու վերաբերյալ գործերի քննությունը)

                    

1. Սահմանադրության 114-րդ հոդվածի 1-ին մասի 1.5¬րդ կետով նախատեսված` իրենց առնչվող հարցերով Գերագույն դատարան կարող են դիմել Հանրապետության Նախա­գահի  թեկնածուները:

2. Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու հարցով Գերագույն դատարան կարելի է դիմել ոչ ուշ« քան Հանրապետության Նախագահի ընտրության օրվանից ութ օր առաջ։

3. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

4. Գերագույն դատարանը գործն ընդունում է քննության« գործը քննում և գործով որոշում է ընդունում դիմումն ստանալուց հետո` չորսօրյա ժամկետում։

5. Գերագույն դատարանը կարող է անհաղթահարելի ճանաչել այն խոչըն­դոտները, որոնք արդեն իսկ առաջացել են և տվյալ թեկնածուից անկախ պատ­ճառներով անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունն ընտրական գործընթացներին:

 

Հոդված 64. Սահմանադրության 114-րդ հոդվածի 1-ին մասի 1.6¬րդ կետով նախատեսված  գործերի քննությունը (Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմ­քերի առկա­յության մասին եզրակացություն տալու վերաբերյալ գործերի քննությունը)

 

1. Սույն  հոդվածում  նշված գործերով Ազգային ժողովը Սահմանադրության 71-րդ հոդվածի 2-րդ մա­սին համապատասխան ընդունած իր որոշման մեջ պետք է մատնանշի Հանրապետության Նախագահի այն որոշումը, գործողությունը կամ անգոր­ծու­թյունը, որի ընդունումը կամ իրականացումն իր մեջ պարունակում է պետա­կան դավաճանության կամ Քրեական օրենսգրքով նախատեսված այլ ծանր հան­ցագործության հատկանիշներ:

2. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

3. Սույն հոդվածում նշված գործերով դատավարությանը որպես դատավարության մասնակից պետք է ներգրավվի Հան­րապետության Նախագահը, որն օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով սահմանված իրավունքներից և կրում է նրա պարտականությունները այնքանով, որքանով դա չի կարող վնաս պատճառել իր իրավունքներին և ազատու­թյուններին:

4. Հանրապետության Նախագահի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության հա­մար:

5. Սույն հոդվածում նշված գործերի վարույթը չի կարող կարճվել Հանրապետության Նախագահի հրաժարականի կամ այլ հիմքով նրա լիազորությունների դադարման դեպքերում:

6. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

7. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանի եզրակացությունը պետք է ընդուն­վի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից երեք  ամիս հետո:

8. Գործը քննության ընդունելուց հետո մինչև գործի դատաքննությունն սկսվելը դիմումը չի կարող հետ վերցվել:

9. Գործը դատաքննության նախապատրաստելիս Գերագույն դատարանը կա­րող է ձևավորել նախաքննության մարմնի` օրենքով սահմանված լիազորու­թյուններով օժտված հատուկ հանձնախումբ, որում ընդգրկում է երկու դատավորների (որից մեկը` որպես հանձնախմբի ղեկավար): Ներկայացված ապացույցները ենթակա են հետազոտման Գերագույն դատարանի կողմից՝ սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

10. Հատուկ հանձնախմբի ձեւավորումը պարտադիր է, եթե դիմող կողմը կամ Հանրապետության Նախագահը միջնորդել է դրա  ձևավորման վերաբերյալ:

11. Սույն հոդվածում նշված գործերի քննության ընթացքում Գերագույն դատարանը կամ հատուկ հանձնախումբը մասնավորապես իրա­վասու է՝

1) դատական, դատախազական, քննչական մարմիններից, պետական այլ մարմիններից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջելու նյութեր, քրեական, քաղաքացիական, վարչական գործեր, դատավճիռներ, վճիռներ, որոշումներ, փորձագիտական եզրակացություններ,  տեղեկանքներ և այլ նյութեր.

2) հրավիրելու և լսելու այն անձանց, որոնց բացատրությունները կարող են նշանակություն ունենալ գործով կայացվելիք եզրա­կացության համար:

12. Դատական նիստը բացվելուց հետո Ազգային ժողովի ներկայացուցիչը (ներկայացուցիչները) ներկայացնում է (են) դիմող կողմի դիրքորոշումը, որից հետո ներկայացված փաստերի առնչությամբ իր դիրքորոշումն է հայտնում Հանրապետության Նախագահը և (կամ) նրա ներկայացուցիչը: Դրանից հետո կատարվում է ապացույցների հետազոտում: Նիստի վերջում եզրափակիչ խոսքով հանդես է գալիս դիմող կողմը, որը կարող է պնդել իր դիմումը կամ հրաժարվել դրանից, և Հանրապետության Նախագահը և (կամ) նրա ներկայացուցիչը, որին (որոնց) տրամադրվում է  պաշտպանությամբ հանդես գալու հնարավորություն: Այնուհետև Գերագույն դատարանը լսում է տվյալ գործով ձևավորված հանձնախմբի դիրքորոշումը գործի վերա­բերյալ: Հանրապետության Նախագահը և (կամ) նրա ներկայացուցիչն ունեն վերջին ելույթի իրավունք: Վերջին ելույթից հետո Գերագույն դատարանը կարող է  սույն օրենքով նախատեսված կարգով որոշում կայացնել գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ, իսկ այդպիսի որոշում չկայացվելու դեպքում նիստը նախագահողը հայտարարում է գործի քննության ավարտի մասին:

13. Եթե գործի դատաքննության ժամանակ դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և Հանրապետության Նախագահը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման: Դիմումից հրաժարվելը կատարվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

14. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանը կարող է ընդունել հետևյալ եզրա­կացություններից մեկը`

1) Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի բացակայության մասին.

2) Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին:

15. Եզրակացություն ընդունելիս Գերագույն դատարանն իրավասու է նաև գնահատելու Քրեական օրենսգրքի` սույն հոդվածի 1-ին մասում նշված հանցագործության հատկանիշներն ամրագրող դրույթների սահմանադրականությունը: Հանգելով այդ դրույթների` Սահմանադրությանը հակասելու համոզմանը` Գերագույն  դատարանն ընդունում է սույն հոդվածի 14-րդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը:

16. Սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով նախատեսված եզրակացությունում Գերագույն դատարանը պետք է նշի`

1) Հանրապետության Նախագահի այն որոշումները, գործողությունները կամ անգործությունը, որոնցում առկա են ծանր հանցագործության հատկա­նիշներ և այդ հանցագործության ճշգրիտ որակավորումը.

2) սույն մասի 1-ին կետում նշված արարքներում Հանրապետության Նա­խագահի մեղավորությունը հաստատող ապացույցները և դատարանի պատճա­ռաբանված դիրքորոշումը դրանց հետազոտման վերաբերյալ:

17. Եզրակացությունն ընդունվելուց հետո` ոչ ուշ, քան հաջորդ օրը, ուղարկվում է Ազգային ժողով և հայտարարվում հանրային հեռուստատեսությամբ:

 

Հոդված 65. Սահմանադրության 114-րդ հոդվածի 1-ին մասի 1.7-րդ կետով նախատեսված  գործերի քննությունը (Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին եզրակացություն տալու վերաբերյալ գործերի քննությունը)

 

1. Սույն հոդվածում նշված գործերով դիմում է կառավարությունը` Հանրապետության Նախագահի լիազորությունների կատար­ման անհնա­րինության մասին տեղեկություններին իրազեկ դառնալուց ոչ ուշ, քան հինգ օր հետո:

2. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

3. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանը Հանրապետության Նախագահին հնարավորություն է ընձեռում արտահայտելու իր դիրքորոշումը տվյալ գործի վերաբերյալ, եթե դա հնարավոր է:

4. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

5. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանն իրավասու է`

1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև բժշկական հաստատություններից պահանջելու նյութեր, որոշումներ, փորձագիտական եզրակացություններ, տեղեկանքներ և այլ նյութեր.

2) կանչելու և լսելու այն   անձանց, որոնց բացատրությունները կարող են նշանակություն ունենալ գործով եզրա­կացություն ընդունելու համար:

6. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանի եզրակացությունը պետք է ընդուն­վի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից հինգ օր հետո:

7. Եզրակացությունն ընդունվելուց ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում է Ազգային ժողով, կառավարություն և հայտարարվում է հանրային հեռուստատեսությամբ:

 

Հոդված 66. Սահմանադրության 114-րդ հոդվածի 1-ին մասի 1.8¬րդ կետով նախատեսված

               գործերի քննությունը (Գերագույն դատարանի դատավորի լիազորությունները

                դադարեց­նելու« նրան որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա

                նկատմամբ  դատական կարգով վարչական պատասխանատվության են­թար­կելու

                հարց հարուցելու մասին եզրակացություն տալու վերաբերյալ գործերի քննությունը)

                  

1. Սույն  հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանի այն դատավորը, որի լիազորությունների դադարեցման, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ  դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու  հարց հարուցելու մասին եզրակացություն է տրվելու, դատավարությանը պետք է ներգրավվի որպես դատավարության մասնակից, որն օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով սահմանված իրավունքներից և կրում է նրա պարտա­կա­նությունները այնքանով, որքանով դա չի կարող վնաս պատճառել իր իրավունքներին և ազատություններին:

2. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

3. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

4. Մինչև գործի դատաքննությունն սկսվելը դիմումը կարող է հետ վերցվել դիմողի կողմից, եթե Գերագույն դատարանի դատավորը տասնօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ:

5. Եթե գործի դատաքննության ժամանակ դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և Գերագույն դատարանի դատավորը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ,  ապա գործի քննությունը ենթակա է կարճման:

6. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանն իրականացնում  է սույն օրենքի 64-րդ հոդվածով նախատեսված իրավազորությունները:

7. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանի եզրակացությունը պետք է ընդուն­վի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից  երեսուն օր հետո:

8. Գերագույն դատարանի պատճառաբանված որոշմամբ սույն հոդվածի 7-րդ մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան հիսուն օրով:

9. Սույն հոդվածում նշված գործերով եզրակացություն ընդունելիս Գերագույն դատարանը գնա­հա­տում է նաև Գերագույն դատարանի դատավորի լիազորությունները դադարեց­նելու« նրան որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ  դատական կարգով վարչական պատասխանատվության են­թար­կելու հիմքերն ամ­րագրող օրենքների և Սահմանադրության 114-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-րդ կետով նախատեսված այլ իրավական ակտերի դրույթների համապատասխանությունը Սահմանադրությանը և հանգելով դրանց` Սահմանադրությանը հակասելու համոզմանը` եզրակացություն է ընդունում համապատասխան հիմքերի բացակայության մասին:

 

Հոդված 67. Սահմանադրության 114-րդ հոդվածի 1-ին մասի 1.9¬րդ կետով նախատեսված

                գոր­ծերի քննությունը (կուսակցության գործունեության կասեցման կամ 

                 արգելման վերաբերյալ գործերի քննությունը)

 

1. Գերագույն դատարանը կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ ար­գե­լելու մասին որոշում կարող է ընդունել նրա գործունեության մեջ Սահմա­նադրության կամ կուսակցությունների մասին համապատասխան օրենքի պահանջների խախտման հատկանիշներ բացահայտելու դեպքում։

2. Այն կուսակցությունը, որի գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերա­բե­ր­յալ դիմում է ներկայացվել, սահմանադրական դատավարությունում  ներգրավ­վում է որպես դատավարության մասնակից, որն օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով սահմանված իրավունքներից և կրում է նրա պարտականությունները:

3. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

4. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

5. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանն իրականացնում է սույն օրենքի 64-րդ հոդվածով նախատեսված իրավազորությունները։

6. Գերագույն դատարանն իրավասու է նաև որպես դիմումի ապահով­ման միջոց արգելանք դնելու տվյալ կուսակցության գույքի վրա:

7. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանի որոշումը պետք է ընդուն­վի դիմումի մուտքագրման օրվանից` երեք ամսվա ընթացքում:

8. Եթե գործի դատաքննության ժամանակ դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և տվյալ կուսակցությունը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը կարճվում է:

9. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) դիմումը մերժելու մասին.

2) կուսակցության գործունեությունը որոշակի ժամկետով կասեցնելու մասին, և կարող է այդ ժամկետում կուսակցության վրա դնել կասեցման համար հիմք հանդիսացած խախտումները վերացնելու պարտականություններ.

3) կուսակցության գործունեությունն արգելելու մասին:

10. Սույն հոդվածում նշված գործերով որոշում ընդունելիս Գերագույն դատարանն իրավասու է գնահատելու նաև կուսակցությունների մասին օրենքի` քննվող գործով կիրառման ենթակա դրույթների սահմանադրականությունը, և, հանգելով դրանց` Սահմանադրությանը հակասելու համոզմանը` որոշում է ընդունում դիմումը մերժելու մասին:

11. Որոշումն ընդունվում է դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։

 

 

Գ Լ ՈՒ Խ 9

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 68. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

2. Կանոնակարգն ընդունվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

 

 

 

 

       ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ         

       ՆԱԽԱԳԱՀ ̀                                                                                                     Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

      13 հունիսի 2009թ.

       ք.Ստեփանակերտ

       ՀՕ-18-Ն