Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրություն

                                                                                                                                                                                                                       Ընդունված է 2006թ. նոյեմբերի 1-ին

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԳԼՈՒԽ 1.    ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 2.    ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 3.    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

ԳԼՈՒԽ 4.     ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ

ԳԼՈՒԽ 5.     ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ 6.     ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 7.     ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ 8.     ՄԱՐԴՈՒ  ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ  ՊԱՇՏՊԱՆԸ

ԳԼՈՒԽ 9.     ՎԵՐԱՀՍԿԻՉ  ՊԱԼԱՏԸ

ԳԼՈՒԽ 10.   ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 11.   ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒՄԸ  ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆ

ԳԼՈՒԽ 12.    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

 

Մենք՝ Արցախի ժողովուրդը,

 -տոգորված ազատության ոգով,

- իրագործելով Հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու ու ստեղծագործելու մեր նախնիների երազանքը և ժողովրդի բնական իրավունքը,

- դրսևորելով անսասան կամք՝ զարգացնելու և պաշտպանելու ինքնորոշման իրավուն­քի հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծված և 1991 թվականի դեկտեմ­բերի 10-ի հանրաքվեով անկախ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես ազատ« իրավահավասար քաղաքացիների ինքնիշխան պետություն, որտեղ մարդը, նրա կյանքն ու անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեքներ են,

- հաստատելով հավատարմությունը 1992 թվականի հունվարի 6-ի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին» Հռչակագրի սկզբունքներին,

- երախտագիտությամբ հիշելով մեր նախնիների և ներկա սերունդների հերոսական պայքարը ազատության վերականգնման համար, խոնարհվելով մեզ պարտադրված պատերազմում նահատակ-վածների հիշատակի առջև,

- ոգեշնչված աշխարհասփյուռ հայության դրսևորած միասնության զորությամբ,

- վերակերտելով Արցախում ազգային պետականության պատմական ավանդույթները,

- ձգտելով հաստատել բարիդրացիական հարաբերություններ բոլոր ժողովուրդների, առաջին հերթին` հարևանների հետ՝ իրավահավասարության« փոխադարձ հարգանքի և խաղաղ գոյակցության հիման վրա,

- հանդես գալով հանուն միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան համաշխարհային արդարացի կարգերի,

- գիտակցելով պատմական Հայրենիքի ճակատագրի համար սեփական պատասխա­նատվությունը ներկա և ապագա սերունդների առջև,

- իրականացնելով մեր ինքնիշխան իրավունքը,

մեզ համար« սերունդների և բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան ապրել Արցախում, ընդունում և հռչակում ենք սույն Սահմանադրությունը:

 

 ԳԼՈՒԽ 1

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 1.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարա­կան, իրավական, սոցիալական պետություն է:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են:

 

Հոդված 2.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչում է մարդու հիմնական իրա­վունքներն ու ազատությունները` որպես անօտարելի ու բարձրագույն արժեքներ, ազատության, արդարության և խաղաղության հիմք:

 

Հոդված 3.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

2. Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրու­թյունների, հանրաքվեների եղանակով, ինչպես նաև Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

3. Իշխանության յուրացումը հանցագործություն է:

 

Հոդված 4.

Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:

 

Հոդված 5.

Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան: Պետությունը սահմա­նափակված է  այդ իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք:

 

Հոդված 6.

1. Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրու­թյանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանու­թյունների բաժանման և հավասարակշռման  հիման վրա:

2. Պետական և տեղական ինքնա­կառավարման մարմիններն ու պաշտո­նատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով:

 

Հոդված 7.

1. Սահմանադրությունն ունի բարձրա­գույն իրավաբա­նական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն:

2. Օրենքները պետք է համապատաս­խանեն Սահմանադրու­թյանը: Այլ  ներպետական իրա­վական ակտերը պետք է համա­պատասխանեն Սահմանադրու­թյանը և օրենք­ներին: Ներպետական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով:

3. Օրենքները և այլ ներպետական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով պաշտո­նական հրապարակումից հետո:

4. Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենքները, ինչպես նաև Սահմանա­դրությանը կամ օրենքին հակասող ճանաչված այլ ներպետական իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են:

6. Օրենքներն ու այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին:

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց  հետո: Եթե  վավե­րացված միջազգային պայմա­նագրե­րում սահմանված են այլ նորմեր, քան նախա­տեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:

8. Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավե­րաց­վել:  Օրենքին հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող հաստատվել:


Հոդված 8.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ճանաչվում են գաղափարա­խո­սական բազմակարծությունը և բազմակու­սակցու­թյունը:

2. Կուսակցությունները կազմավորվում են ազատորեն, նպաստում ժողովրդի քաղա­քական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը: Նրանց գործունեու­թյունը չի կարող հակասել Սահմանադրությանը և օրենքներին, իսկ գործելա­կերպը` ժողովրդավարության սկզբունքներին:

3. Կուսակ­ցու­թյուններն ապահովում են իրենց ֆինանսական գործունեության հրապարակայնությունը:

           

Հոդված 9.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երաշխավորվում են տնտեսա­կան գոր­ծու­նեու­թյան ազատու­թյունը և ազատ տնտեսական մրցակցու­թյունը:

2. Արգելվում է անբարեխիղճ մրցակ­ցությունը:

3. Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի թույլատրելի տեսակներն ու սահմանները կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի ապահովման համար:

4. Պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձևերի ազատ զարգա­ցումը և հավասար իրավական պաշտպանությունը:

 

Հոդված 10.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ  առաքելությունն արցախա­հայության հոգևոր կյանքում« նրա ազգային մշա­կույթի զար­գաց­ման և ազգային ինքնության պահպանման գործում: 

       

Հոդված 11.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերն ապա­հովում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը:

2. Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզո­քություն և  գտնվում են քաղա­քացիական վերահսկողության ներքո£ 

 

Հոդված 12.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականու­թյունն իրա­կանացվում է միջազգային իրավունքի հանրաճանաչ սզբունքներին և նորմերին համապատասխան:

 

Հոդված 13.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երաշխա­վորվում է տեղական ինքնակառավարումը:

 

Հոդված 14.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները Լեռնային Ղարա­բաղի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ներքո:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության ձեռք բերման և դադարման կարգը սահմանվում է օրենքով:

 

Հոդված 15.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երաշխավորվում է բնակչության մեջ տարածում գտած այլ լեզուների ազատ գործածումը:

           

Հոդված 16.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը եռագույն է` կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով, աջ կողմի երկու ծայրերից սկսվող և դրոշի մեկ երրորդ հատվածում միացող սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով: Դրոշի մանրամասն նկարագրությունը սահմանվում է օրենքով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը և օրհներգը սահմանվում են օրենքով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքը Ստեփանակերտն է:

 

ԳԼՈՒԽ 2

 

ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 17.

Մարդու արժանապատվությունը հարգվում և պաշտպանվում է պետության կողմից:

 

Հոդված 18.

1. Յուրաքանչյուր  ոք ունի  կյանքի  իրավունք:

2. Ոչ ոք չի կարող դատապարտվել մահապատժի:

 

Հոդված 19.

1.  Յուրաքանչյուր  ոք  ունի  ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության  իրա­վունք:

2. Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, արժանա­­պատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Ոչ ոք չի կարող առանց իր համա­­ձայնության ենթարկվել գիտական, բժշկական և այլ փորձերի:

 

Հոդված 20.

Յուրաքանչյուր ոք ազատ  է  նելու այն ամենը, ինչն արգելված չէ Սահմա­նա­դրությամբ կամ օրենքով և չի խախտում այլոց իրավունքներն ու ազատու­թյուն­ները:

 

Հոդված 21.

1. Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև:

2. Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

 

Հոդված 22.

1. Յուրաքանչյուր  ոք ունի անձնական ազատության իրավունք:

2. Անձը կարող է զրկվել ազատությունից միայն օրենքով սահմանված կարգով` հետևյալ դեպքերում.

2.1) դատարանի կողմից անձը դատապարտվել է հանցագործություն կատարելու համար.

2.2) անձը չի կատարել դատարանի` օրինական ուժի մեջ մտած կարգա­դրու­թյունը.

2.3) օրենքով սահմանված որոշակի պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով.

2.4) առկա է հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով.

2.5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու այլ մարմին ներկայացնելու նպատակով.

2.6) վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով կամ հոգեկան հիվանդ, գինեմոլ, թմրամոլ կամ թափառաշրջիկ անձանցից բխող հասարակական վտանգը կանխելու նպատակով.

2.7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անձի անօրինական մուտքը կանխելու, նրան արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:

3. Եթե ձերբակալված անձը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման:

4. Ազատությունից զրկված անձն իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում` նաև մեղադրանքի մասին: Ազատությունից զրկված անձի ցանկությամբ այդ մասին անհապաղ տեղեկացվում է նրա կողմից նշված անձը:

5. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր ձերբակալման, կալանավորման և կալանքի տակ պահվելու օրինականությունն ու հիմնա­վոր­վածությունը վիճարկել դատական կարգով:

6. Յուրաքանչյուր ոք ապօրինի ձերբակալման, կալանավորման կամ կալանքի տակ պահ­վելու համար օրենքով սահմանված հիմքերով և կարգով ունի պատճառված վնասի հա­տուցման իրավունք:

7. Ոչ ոք չի կարող ազատությունից զրկվել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները:

8. Ոչ ոք չի կարող խուզարկվել այլ կերպ, քան օրենքով սահ­ման­ված դեպքերում  և  կարգով:   

 

Հոդված 23.

1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ու ընտանեկան կյանքի հարգման իրավունք:

2. Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ կարող են հավաքվել, պահվել, օգտագործվել կամ տարածվել միայն օրենքով նախատեսված  տեղեկու­թյուն­­ներ: Արգելվում է անձի վերաբերյալ տեղեկությունների օգտագործումը և տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին:

3. Յուրաքանչյուր ոք իրավունք  ունի  ծանոթանալ  իր  վերաբերյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում  առկա  տեղեկություններին և պահանջել դրանց ճշգրտում կամ վերացում՝ օրենքով նախատեսված դեպքերում:

4.  Յուրաքանչյուր  ոք ունի  նամակագրության,  հեռախոսային  խոսակ­ցու­թյունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնի­­ու­թյան  իրավունք,  որը  կարող  է  սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով` դատարանի  որոշմամբ:

 

Հոդված 24.

1. Յուրաքանչյուր  ոք ունի  բնակարանի  անձեռնմխելիության  իրավունք: Արգելվում  է  անձի  կամքին  հակառակ  մուտք  գործել  նրա  բնա­կա­րան,  բացառությամբ օրենքով նախատեսված  դեպքերի:  

2. Բնակարանը կարող է խուզարկվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով` դատարանի որոշմամբ:

           

Հոդված 25.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու և բնակավայր  ընտրելու  իրա­վունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից  դուրս  գալու  իրա­վունք:

3. Յուրաքանչյուր քաղաքացի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնակվելու իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացին ու քաղաքացիություն չունեցող անձն  ունեն  Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն  վերա­դառ­նալու  իրավունք:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող օտարերկրյա քաղաքացին և քաղաքացիություն չունեցող անձը կարող են արտաքսվել Հանրապետությունից  օրենքով  նախատեսված  դեպքերում  և  կարգով: 

           

Հոդված 26.

1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և դավանանքի  ազատության  իրավունք:

2. Կրոնի և համոզմունքների արտահայտման ազատությունը կարող է սահմա­նափակվել միայն օրենքով` Սահմանադրության 52-րդ հոդվածում նախատեսված հիմքերով:

3. Օրենքով սահմանված կարգով գործող կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը երաշխավորվում է:

 

Հոդված 27.

1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատորեն արտա­հայտելու  իրավունք, այդ թվում` խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկու­թյուններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը տեղե­կատվության ցանկացած միջոցով` անկախ պետական սահմաններից:

2. Արգելվում է անձին  հարկադրել հրաժարվելու իր կար­ծիքից կամ փոխելու այն:

3. Զանգվածային լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազա­տու­­թյունը երաշխա­վորվում է: Տեղեկատվության միջոցների գործունեության  կարգը սահմանվում է օրենքով:

4. Պետությունը երաշխավորում է հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը:

 

Հոդված 28.

Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց դիմումներ, առաջարկություններ և հանրագրեր ներկայացնելու ու ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք:

 

Հոդված 29.

1. Յուրաքանչյուր ոք ունի այլ անձանց հետ միավորումներ կազմելու, այդ թվում` արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունք: Արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրա­վունքը օրենքով կարող է սահմանափակվել զինված ուժերում, դատախազու­թյունում, ոստիկանության և ազգային անվտանգության մարմիններում ծառայող­ների, ինչպես նաև դատավորների համար:

2. Անձին չի կարելի հարկադրել անդամագրվելու որևէ միավորման:

3. Միավորումների գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել միայն օրենքով նախատեսված դեպքերում` դատական կարգով:

 

Հոդված 30.

1. Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունք: Այս իրավունքը օրենքով կարող է սահմանափակվել զինված ուժերում, դատախազու­թյունում, ոստիկանության և ազգային անվտանգության մարմիններում ծառայողների համար:

2. Անձին չի կարելի հարկադրել անդամագրվելու որևէ կուսակցության:

3. Կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել միայն օրենքով նախատեսված դեպքերում` Գերագույն դատարանի որոշմամբ:

 

Հոդված 31.

1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր և այլ հավաքներ անցկացնելու իրավունք:

2. Օրենքով սահմանված դեպքերում հավաքներն անցկացվում են նախնական իրազեկմամբ:

 

Հոդված 32.

1. Տասնութ տարին լրացած քաղա­քացիներն ունեն հանրաքվեներին մասնակցելու և ընտրելու իրավունք:

2. Օրենքով  կարող  է սահմանվել  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության   քա­ղա­քացիություն չունեցող անձանց ընտրական իրավունք՝ տեղական ինքնակառա­վար­ման մարմինների  ըֆտրություն-ներում:

3. Հանրաքվեներին մասնակցելու, ընտրելու և ընտրվելու իրավունք չունեն դատարանի`  օրինական ուժի մեջ մտած վճռով  անգործունակ  ճանաչված,  ինչպես նաև օրինական  ուժի  մեջ  մտած  դատավճռով ազատազրկման  դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները:

4. Քաղաքացիներն ունեն օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության ընդունվելու իրավունք: Հանրային ծառայության սկզբունքները և կազմակերպման կարգը սահմանվում են օրենքով:

 

Հոդված 33.

1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետել, օգտա­գործել, տնօրինել և ժառանգել օրինական հիմքերով որպես սեփականություն ձեռք բերած գույքը:

2. Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է խախտի այլ անձանց իրավունքները և ազատությունները, վնաս պատճառի շրջակա միջավայրին,  հանրային շահերին:

3. Սեփականությունից կարող է զրկել միայն դատարանը` օրենքով նախատեսված դեպքերում:

4. Սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում՝ օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք  փոխհատուցմամբ:

5. Հողի նկատմամբ սեփականության իրավունք չունեն օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 34.

1.  Յուրաքանչյուր ոք ունի  աշխա­տանքի ընտրության ազատություն:

2. Յուրաքանչյուր աշխատող ունի արդարացի և  օրենքով սահմանված նվազագույ­նից ոչ ցածր աշխատա­վարձի, ինչպես նաև անվտան­գության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատան­քային պայմանների իրավունք:

3. Յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված տնտեսական, այդ թվում` ձեռնարկատիրական գործունեու­թյամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքը օրենքով կարող է սահմանափակվել հանրային ծառայողների համար:

4. Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական և աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք:

5. Մինչև 16 տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:

6. Հարկադիր աշխատանքն արգելվում է:

 
Հոդված 35.

1. Յուրաքանչյուր աշխատող ունի ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:

2. Առավելագույն աշխատաժամանակը, ընդմիջման տևողությունը, հանգստյան օրերը և ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տևողությունը սահմանվում են օրենքով:

 

Հոդված 36.

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու բարենպաստ շրջակա միջավայրում:

2. Յուրաքանչյուր ոք ունի շրջակա միջավայրի մասին տեղեկատվություն ստանալու իրավունք:

 

Հոդված 37.

Յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի ապահովման իրավունք:

 

Հոդված 38.

1. Ընտանիքը հասարակության բնական և հիմնական հիմքն է:

2. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը ունեն ամուսնանալու և ընտանիք ստեղծելու իրավունք: Ամուսնանալիս, ամուսնության ընթաց­քում և ամուսնա­լուծվելիս նրանք օգտվում են հավասար իրավունքներից:

3. Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է: Յուրաքանչյուր աշխատող կին հղիության և ծննդաբերության դեպքում ունի վճարովի արձակուրդի, իսկ նորածնի խնամքի համար կամ երեխայի որդեգրման կապակցությամբ՝ արձակուրդի իրավունք:

4. Ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում:

 

Հոդված 39.

Յուրաքանչյուր ոք ունի ծերության, հաշմանդա­մու­թյան, հիվան­­դության, կերակրողին կորցնելու, գործազրկության և օրենքով նախա­­տեսված այլ դեպ­քերում սոցիալական ապահովության իրավունք: Սոցիալական ապահովության ծավալներն ու ձևերը սահմանվում են օրենքով:

 

Հոդված 40.

1. Յուրաքանչյուր ոք ունի առողջության պահպանման իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի օրենքով սահմանված կարգով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք:

3. Յուրաքանչյուր ոք ունի անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալու իրավունք: Դրանց ցանկը և մատուցման կարգը սահմանվում են օրենքով:

 

Հոդված 41.

1. Յուրաքանչյուր  ոք  ունի կրթության իրավունք:

2. Հիմնական ընդհանուր կրթու­թյունը պար­տա­դիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով կարող է սահմանվել պարտադիր կրթության ավելի բարձր մակարդակ:

3. Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստա­­տություններում անվճար է:

4. Յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք` օրենքով սահմանված կարգով:

5. Պետությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆինանսական ու այլ աջակցություն է ցուցաբերում բարձրագույն և այլ մասնագիտական կրթական ծրագրեր իրա­կանացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներին:

 6. Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության սկզբունքները սահմանվում են օրենքով:

7. Ուսումնական հաստատությունների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

 

Հոդված 42.

1. Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատություն:

2. Մտավոր սեփա­կանությունը պաշտպանվում է օրենքով:

 

Հոդված 43.

1. Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային, էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք:

2. Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթ­ների, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման  ազատություն:

 

Հոդված 44.

1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների և ազատությունների պաշտպանության համար օրենքով սահմանված հիմքերով ու կարգով ստանալ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը:

3. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատությունները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք:

4. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդրով դիմելու մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին:

 

Հոդված 45.

1. Յուրաքանչյուր ոք ունի հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

2. Դատավարության մասնակիցների անձնական և ընտանեկան կյանքի, անչափահասների շահերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, հանրության բարոյականության կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով լրատվամիջոցների և հասարակու-թյան ներկայացուցիչների մասնակցությունը դատական քննությանը կամ դրա մի մասին կարող է արգելվել դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 46.

1. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, խափանման միջոցի ընտրման կամ մեղադրանքի առաջադրման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունք:

3. Դատապաշտպանի ծառայության համար վճարման բավարար միջոցներ չունեցող մեղադրյալին, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում անձին իրավաբանական օգնություն ցույց է տրվում պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Հոդված 47.

1. Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու և մերձավոր ազգա­կանների վերաբերյալ: Օրենքով կարող են նախատեսվել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր: 

2. Արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը:    

 

Հոդված 48.

1. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

2. Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի:

3. Տուժողին պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 49.

1. Անձին չի կարելի որևէ արարքի համար ենթարկել քրեական հետապնդման և մեղավոր ճանաչել, եթե այդ արարքի կատարման պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել:

2. Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար:

3. Արգելվում է նշանակել ավելի ծանր պատիժ, քան կարող էր կիրառվել հանցագործության կատարման պահին գործող օրենքով:

4. Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:

                                        

Հոդված 50.

1. Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված կարգով ունի իր նկատմամբ կայացված դատավճռի վերանայման իրավունք` վերադաս դատարանի կողմից:

 2. Յուրաքանչյուր դատապարտյալ ունի ներման կամ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք:

 
Հոդված 51.

Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը, անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

 
Հոդված 52.

Սահմանադրության 23-31-րդ հոդվածներում, 32-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում, 34-րդ հոդվածի 4-րդ կետում ամրագրված` մարդու և քաղաքացու հիմնական իրա­վունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա պիտանի, անհրաժեշտ և համարժեք է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի պահպան­ման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց իրավունք-ների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար:

 

Հոդված 53.

Մարդու և քաղաքացու առանձին հիմնական իրավունքներ ու ազատություններ, բացառությամբ Սահմանադրության 17-21-րդ և 44-50-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես սահմանափակվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ:

 

Հոդված 54.

Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող աղավաղել այդ իրավունքների ու ազատությունների էությունը:

 

Հոդված 55.

1. Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրու­թյունը և օրենքները, հարգել այլոց արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները:

2. Արգելվում է իրավունքների և ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն և  պատերազմ քարոզելու նպատակով:

3. Ոչ ոք չի կարող հարկադրվել կրելու պարտականություններ, որոնք սահմանված չեն Սահմա­նա­դրու­թյամբ կամ օրենքով:

 

Հոդված 56.

Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված դեպքերում, կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:

 

Հոդված 57.

Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահ­ման­ված կարգով մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանու­թյանը:

 

Հոդված 58.

Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել պատմական և մշակութային հուշարձանները:

 

Հոդված 59.

 Սույն գլխում ամրագրված հիմնական իրավունքները, ազատությունները և պարտականությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով որ այդ իրավունք­ները, ազատությունները և պարտականությունները  իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

 

Հոդված 60.

Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնա­կան խնդիրներն են.

1) հովանավորել ընտանիքը, մայրությունը և մանկությունը.

2) աջակցել բազմազավակ ընտանիքներին.

3) դրսևորել առանձնահատուկ հոգածություն հաշմանդամ ազատամարտիկների և զոհված ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ.

4) նպաստել բնակչության զբաղվածությանը և աշխատանքի պայմանների բարելավմանը.

5)  խթանել բնակարանային շինարարությունը, նպաստել յուրաքանչյուր քաղաքացու բնակարա-նային պայմանների բարելավմանը.

6) իրակա­նացնել  բնակչության առողջության պահպանման ծրագրեր, նպաստել արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծմանը.

7) իրականացնել հաշմանդամության կանխարգելման և բուժման ծրագրեր, խթանել հաշմանդամ-ների մասնակցությունը հասարակական կյանքին.

8)  խթանել ֆիզկուլ­տուրայի և սպորտի զարգացումը.

9) նպաստել երիտասարդության մասնակցությանը երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին.

10) նպաստել անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության զարգացմանը.

11)  նպաստել գիտության և մշակույթի զարգացմանը.

12) իրականացնել ներկա և ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականություն.

13)    պահպանել և վերականգնել պատմամշակութային հուշարձանները.

14)  նպաստել հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը.

15) նպաստել ազգային և համամարդկային արժեքներին յուրաքանչյուրի ազատ հաղորդակցմանը.

16) պահովել տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակը:

Պետությունը պարտավոր է իր հնարավորությունների սահմաններում միջոցներ ձեռնարկել նշված  խնդիրների իրականացման համար:

 

ԳԼՈՒԽ 3

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

Հոդված 61.

1. Հանրապետության Նախագահը պետության գլուխն է:

2. Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:

3. Հանրապետության Նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տու­թյան ինքնիշխանության, անկախության, տա­րած­­քային ամբողջականու­թյան և անվտանգության երաշ­­խավորն է:

 

Հոդված 62.

1. Հանրապետության Նախագահն ընտրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով:

2. Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրա­քանչյուր ոք:

3. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում:

 

Հոդված 63.

1. Հանրապետության Նախագահն ընտրվում է Սահմա­նադրությամբ և օրենքով սահմանված կարգով: Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է Հանրա­պետության Նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ:

2. Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին:

3. Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկին կողմ չի քվեարկել թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին, ապա քվեարկությունից հետո` տասնչորսե­րորդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկություն: Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ: Երկրորդ փուլում Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:

4. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է Հանրապետության Նախագահ, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:

 5. Եթե Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքների վերա­բերյալ Գերագույն դատարանը գործ է ընդունում քննության« ապա որոշում պետք է կայացնի դիմումը ստանալոց հետո` տասնօրյա ժամկե­տում« իսկ սույն  հոդվածով սահմանված ժամկետները հաշվվում են Գերագույն դատա­րանի որոշման ուժի մեջ մտնելու պահից£

6. Եթե Հանրապետության Նախագահ չի ընտրվում, ապա նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակվելուց հետո` քառասուներորդ օրը:

7. Հանրապետության Նախագահը պաշտոնը ստանձնում է Հանրա­պետու­թյան նախորդ Նախագահի լիազորությունների ավարտման օրը:

8. Նոր կամ արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապե­տության Նախա­գահը պաշտոնը ստանձնում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` քսաներորդ օրը:

 

Հոդված 64.

1. Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամ­կետով: Անհաղ­թահարելի ճանաչված խոչըն­դոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո` քառասուներորդ օրը:

2. Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում եռօրյա ժամկետում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակվելուց հետո` քառասուներորդ օրը:

 

Հոդված 65.

Հանրապետության Նախագահի հրաժարականի, մահվան, լիազո­րու­թյունների կատարման անհնարինության կամ Սահմանադրության 71-րդ հոդվածով սահմանված կարգով նրան պաշտոնանկ անելու դեպքերում նշանակվում է Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալուց  հետո` քառասուներորդ օրը:

 

Հոդված 66.

Պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ Հանրապետության Նախագահի ընտրություն չի անցկացվում, իսկ Հանրապետության Նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը մինչև պատերազմի կամ արտակարգ դրության ավարտից հետո ընտրված Հանրապետության Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը: Այդ դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է պատերազմի կամ արտակարգ դրության ավարտից հետո` իննսուներորդ օրը, և նորընտիր Նախագահը պաշտոնը ստանձնում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` քսաներորդ օրը, իսկ եթե ընտրության արդյունքների վերաբերյալ Գերագույն դատարանը գործ է ընդունում քննության, ապա՝ դատարանի որոշման ուժի մեջ մտնելուց հետո` քսաներորդ օրը:

           

Հոդված 67.

Հանրապետության Նախագահը պաշտոնը ստանձնում է օրենքով սահ­մանված կարգով` Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդ­մամբ. «Ստանձնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության Նախա­գահի պաշտոնը` երդվում եմ.

 անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախու-թյունը, տարածքային ամբողջակա­նությունը և անվտանգությունը` ի փառս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ի բարօրություն մեր ժողովրդի»:

 

Հոդված 68.

Հանրապետության Նախագահը`

1) ուղերձով դիմում է ժողովրդին և  Ազգային ժողովին.

2) Ազգային ժողովի ընդունած օրենքն ստանալուց հետո` երեսնօրյա  ժամկե­տում, ստորագրում և հրապարակում է այն: Այդ ժամկետում կարող է օրենքն առար­կություններով և առաջար­կություններով վերադարձնել Ազգային ժողով` նոր քննարկման: Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն.

3) Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով արձակում է  Ազգային ժողովը և նշանակում արտահերթ ընտրություն.

4) Սահմանադրության 100-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակում է վարչա­պետին: Վարչապետի առաջարկու­թյամբ նշանա­կում և ազատում է Կառավարության  մյուս անդամներին£

Խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և խմբակցությունների ղեկավարների հետ՝ ազատում է վարչապետին: Վարչապետի ազատման կամ հրաժարականի, Ազգային ժողովի կողմից Կառավա­րությանն անվստահություն հայտնե­լու, վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքերում ընդունում է Կառավարության հրաժարականը.

5) Ազգային ժողովին է առաջարկում Գերագույն դատարանի նախագահի և մյուս դատավորների թեկնածությունները, Սահմանադրության 116-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակում է առաջին ատյանի, վերաքննիչ ու օրենքով նախատեսված այլ դատա­րանների նախագահներին և մյուս դատա­վորներին, դադարեցնում է դատավորների լիազորությունները, համաձայնություն է տալիս դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ  նրա նկատ­մամբ դատական կարգով վարչական պատասխա­նատվության ենթարկելու հարց հարուցելու համար.

6) Ազգային ժողովին է առաջարկում գլխավոր դատախազի թեկնածությունը: Գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում և ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին.

7) Ազգային ժողովին է առաջարկում  վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու­թյուն­ը.

8) նշանակում է արդարադատության խորհրդի երկու իրավաբան անդամներ.

9) օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում պետական պաշտոններում.

10) կազմավորում է անվտանգության խորհուրդ և նախագա­հում այն, կարող է կազմավորել խորհրդակցական այլ մարմիններ.

11) ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային հարա­բե­րու­­­թյուն­­ներում, իրականացնում է արտաքին քաղաքակա­նության ընդհանուր ղեկավարումը, ստորագրում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավե­րացմանն է ներկայացնում միջազգային պայմա­նագրեր և ստո­րագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ դադարեցնում է վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը.

12) նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազ­գային կազմակերպություններին առընթեր Լեռնային Ղարա­բաղի Հանրապե­տու­թյան դիվա­նա­­գիտական ներկայացուցիչ­ներին, ընդու­նում է օտարերկրյա պետություն­ների և միջազգային կազմակեր­պությունների դիվանագի­տական ներկա­­յա­ցուցիչների հավա­տար­մա­գրերը և հետկանչագրերը.

13) զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակար­գում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագա­վառում, նշա­նա­կում և ազատում է զինված ուժերի ու այլ զորքերի բարձրա­գույն հրամանատարական կազմը.

14)  Հանրա­պետու­թյան վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտա­րարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք և որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին:

Զինված ուժերի օգտագործման կամ ռազմական դրություն հայտա­րարվելու դեպքերում իրավունքի ուժով գումարվում է Ազգա­յին ժողովի հատուկ նիստ:

Ռազմա­կան դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով.

15) աղետի դեպքում կամ այլ արտակարգ իրավիճակ­ներում, ինչպես նաև սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակ­ցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ,  իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում  ժողովրդին, անհրաժեշտության դեպքում հայտարարում է արտակարգ դրություն:

Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով.

16) օրենքով սահ­մանված կարգով լուծում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության և քաղա­քական ապաստան տալու հետ կապված հարցերը.

17) պարգևատրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շքանշաններով և  մեդալ­ներով, շնորհում բարձրագույն զինվորական և պատվավոր կոչում­ներ, բարձրա­գույն դիվանագիտական և  այլ դասային աստիճաններ.

18) լուծում է դատապարտյալին ներում շնորհելու հարցը:

 

Հոդված 69.

Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամա­նագրեր և կարգադրություններ:

 

Հոդված 70.

Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է: Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո:

 

Հոդված 71.

1. Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետա­կան դավա­ճանության կամ այլ ծանր հանցագործության համար:

2. Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայ­ների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Գերագույն դատարան:

3. Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը Գերագույն դատարանի  եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

4. Եթե Գերագույն դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի քննարկումից:

 

Հոդված 72.

Հանրապետության Նախագահն իր հրաժարականը ներկա­յաց­նում է  Ազգային ժողովին: Տասնօրյա ժամկետում հրաժա­րականը կրկին ներկայացնելու դեպքում Հանրապե­տության Նախա­գահի հրաժարականը համարվում է ընդունված, և Սահմանադրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում անցկացվում է արտահերթ  ընտրություն:  

 

Հոդված 73.

1.Հանրապետության Նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորու­թյունների իրականացումը, Ազգային ժողովը` Կառավարության առաջար­կով և Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, պատգա­մավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով որոշում է ընդունում Հանրապետու­թյան Նախագահի կողմից իր լիազորու­թյունների կատարման անհնարինության և այդ հիմքով նրա լիազորությունները դադարեցնելու մասին:

2. Եթե Գերագույն դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության հիմքերը բացակայում են, ապա Կառավարությունը չի կարող նման առաջարկով դիմել Ազգային ժողով:

 

Հոդված 74.

Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպ­քում, մինչև նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հանրա­պետու­թյան Նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա` վարչապետը: Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության Նախագահի լիազորություններն իրականացնելիս Ազգային ժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահի տեղակալը: Այդ ընթացքում արգելվում է նշանակել հանրաքվե, արձակել Ազգային ժողովը, նշանակել կամ ազատել վարչապետին, գլխավոր դատախազին, զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը, օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ կատարել ոստիկանության և ազգային անվտանգության մարմինների պաշտոններում, ինչպես նաև իրականացնել Սահմանադրության 68-րդ հոդվածի 12, 17, 18-րդ կետերով սահմանված լիազորությունները:

 

Հոդված 75.

1. Հանրապետության Նախագահը ձևավորում է իր աշխատա­կազմը:

2. Հանրա­պետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման կարգը սահմանվում է օրենքով:

 

ԳԼՈՒԽ 4

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ

 

Հոդված 76.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օրենսդիր իշխանու­թյունն իրակա­նացնում է Ազգային ժողովը:

2. Սահմանադրության 68-րդ հոդվածի 14-րդ և 15-րդ կետերով, 71, 73-րդ հոդվածներով, սույն հոդվածի 3-րդ մասով, 80, 81, 83, 84, 85, 89, 90, 92, 93-րդ հոդվածներով, 94-րդ հոդվածի 1-ին մասի 1.1, 1.2, 1.4 կետերով և 2-րդ մասով, 95, 97, 100-րդ հոդվածներով, 114-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2-րդ կետով, 133, 134, 135-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ, որոնք ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

3. Ազգային ժողովը կարող է ընդունել ուղերձներ և հայտարարություններ:

4. Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

5. Ազգային ժողովի գործունեության, նրա մարմինների ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ և Ազգային ժողովի կանո­նակարգ օրենքով:

 

Հոդված 77.

1. Ազգային ժողովի պատգամավորների թիվը սահմանվում է օրենքով:

2. Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով: Ազգային ժողովի լիազորություններն ավարտվում են նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման օրը, երբ սկսվում են նորընտիր Ազգային ողովի լիազորու­թյունները:

3. Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ:

4. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակումից հետո՝ ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում:

5. Ազգային ժողովը չի կարող արձակվել պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ, ինչպես նաև, երբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարց է հարուցված:

6. Պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում, իսկ Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը երկա­­րաձգվում է մինչև պատերազմի կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման օրը: Այդ դեպքում Ազգային ժողովի ընտրությունն անցկացվում է պատերազմի կամ արտակարգ դրության ավարտից հետո` ոչ շուտ, քան յոթանասուն, և ոչ ուշ, քան հարյուր օրվա ընթացքում:

7. Ազգային ժողովի ընտրությունը նշանակվում է Հանրա­պետության Նախագահի հրամա­նագրով:

8. Ազգային ժողովի ընտրության կարգը սահմանվում է օրենքով:

 

Հոդված 78.

Պատգամավոր կարող է ընտրվել քսաներեք տարին լրացած, վերջին հինգ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

 

Հոդված 79.

1. Պատգամավորը չի կարող զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպությունում, զբաղվել ձեռնարկատի­րական գործու­նեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Պատգամավորն իր լիազորություններն իրականացնում է մշտական հիմունքներով:

2. Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով:

3. Պատգամավորի կարգավիճակը, գործունեության երաշ­խիք­ները սահ­ման­վում են Սահմանադրությամբ և  օրենքով:

 

Հոդված 80.

1. Պատգամավորն իր լիազորություն­ների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում` Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:

2. Պատգամավորը չի կարող ներգրավվել որպես մեղադրյալ, կալանավորվել, ինչպես նաև նրա նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել առանց Ազգային ժողովի համաձայնության:

3. Պատգամավորը չի կարող ձերբակալվել առանց Ազգային ժողովի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին: Այդ դեպքում անհապաղ տեղե­կացվում է Ազգային ժողովի նախագահը:

 

Հոդված 81.

1. Պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Ազգային ժողովի արձակման, Սահմանադրության 79-րդ հոդվածի 1-ին մասի պայման­ները խախտելու, մեկ հերթական նստաշր­ջա­նի ընթացքում քվեար­կությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելու, հրաժարականի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու, օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատա­պարտվելու, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ, անհայտ բացակայող ճանաչվելու, մահացած հայտարարվելու դեպքերում:

2. Պատգամավորի լիազորու­թյունների դադարման կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգով:

 

Հոդված 82.

1. Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո` երրորդ հինգշաբթի օրը:

2. Մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը Ազգային ժողովի նիստերը վարում է տարիքով ավագ պատգամավորը:

 

Հոդված 83.

1. Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրում է Ազգային ժողովի նախագահ, նախագահի տեղակալ:

2. Ազգային ժողովի նախագահը վարում է նիստերը, տնօրինում է Ազգային ժողովի նյութական միջոցները, ապահովում նրա բնականոն գործու­նեությունը:

 

Հոդված 84.

1. Օրենքների  նախագծերի և այլ հարցերի նախնական քննարկման և դրանց վերա­բերյալ Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու համար Ազգային ժողովում ստեղծվում են մշտական հանձնաժողովներ:

2. Անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի կանոնակարգով սահման­ված կարգով կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ` առան­ձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի հարցերի, իրադարձու­թյունների և փաստերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար:

 

Հոդված 85.

1. Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ` սեպտեմբեր-դեկտեմբեր, փետրվար-հունիս ամիսներին` Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով: 

2. Ազգային ժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են քննարկման ենթակա հարցի լուծման համար անհրաժեշտ թվով պատգամավորներ:

3. Ազգային ժողովի նիստերը դռնբաց են: Դռնփակ նիստ կարող է գումարվել Ազգային ժողովի որոշմամբ:

 

Հոդված 86.

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է  Ազգային ժողովի նախագահը` Հանրապետության Նախագահի, պատգամա­վորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ Կառավարության նախա­ձեռնությամբ` նախաձեռնողի սահ­մանած օրակարգով և ժամկետում:

 

Հոդված 87.

Օրենքները և Ազգային ժողովի որոշումները, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի, ընդունվում են քվեարկությանը մասնակցած պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան պատգամավորների ընդհանուր թվի երկու հինգերորդով:

 

Հոդված 88.

1. Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի կողմից առարկություններով և առաջարկու­թյուն­­ներով նոր քննարկման վերա­դարձված օրենքը քննարկում է արտահերթ:

2. Հանրապետության Նախագահի առարկությունները և առաջարկու­թյուն­­ները չընդունելու դեպքում Ազգային ժողովը վերադարձված օրենքը վերստին ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

 

Հոդված 89.

1. Կառավարությունը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարումից կամ իր կազմավորումից հետո` քսանօրյա ժամկետում, Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր գործունեության ծրագիրը` Ազգային ժողովի նիստում դնելով իր վստահության հարցը:

2. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախա­գիծը կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից` Կառավարության կողմից իր վստահության հարցը դնելուց հետո քսանչորս ժամվա ընթացքում: Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախա­գիծը քվեարկու­թյան է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան յոթա­նասուներկու ժամվա ընթացքում: Որոշումն ընդունվում է պատգա­մավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չներկայացվելու կամ նման որոշում չընդունվելու դեպքերում Կառավարության գործունեության ծրագիրը համարվում է հավանության արժանացած:

4. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշում ընդունվելու դեպքում վարչապետը նույն օրը Հանրապետության Նախագահին դիմում է ներկայացնում Կառավարության հրաժարականի մասին:

 

Հոդված 90.

1. Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնության իրա­վունքը պատ­կանում է Հանրապետության Նախագահին,  պատգամավորներին և Կառա­վա­­րությանը:

2. Կառավարությունը կարող է սահմանել իր ներկայացրած օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը և պահանջել, որ դրանք քվեարկության դրվեն միայն իր համար ընդունելի ուղղումներով:

3. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը Ազգային Ժողովը քննարկում և քվեարկում է վաթսունօրյա ժամկետում:

4. Կառավարության եզրակացության համաձայն` պետական բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող օրենք­ների նախագծերն Ազգային ժողովն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

5. Կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագծի ընդունման առնչու­թյամբ կարող է դնել իր վստահության հարցը: Եթե Ազգային ժողովը Սահմանադրության 89-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով որոշում չի ընդունում Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը համարվում է ընդունված: Անվստահություն հայտնելու մասին որոշում ընդունվելու դեպքում վարչապետը նույն օրը Հանրապետության Նախագահին դիմում է ներկայացնում Կառավարության հրաժականի մասին:

6. Կառավարությունն օրենքի նախագծի առնչությամբ իր վստա­հության հարցը նույն նստաշրջանի ընթացքում կարող է դնել ոչ ավելի, քան երկու անգամ:

 

 Հոդված 91. 

1. Ազգային ժողովը Կառավարության ներկայացմամբ հաստա­տում է պետա­կան բյուջեն: Մինչև բյուջե­տային տարվա սկիզբը պետական բյուջեն չհաս­տատվելու դեպքում ծախսերը կատար­վում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:

2. Պետական բյուջեի  քննարկման և հաստատման կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգով:

 

Հոդված 92.

1. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում պետա­կան բյուջեի կատարման, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառու-թյունների և վար­կերի օգտա­գործման նկատմամբ: 

2. Ազգային ժողովը վերահսկիչ պալատի եզրա­կացու­թյան առկայությամբ քննարկում և հաստատում է պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետ­վու­­թյունը:

 

Հոդված 93.

1. Պատգամավորներն իրավունք ունեն հարցերով դիմելու Կառավա­րությանը: Վարչա­պետը և Կառավարության մյուս անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին: Պատգամա-վորների հարցերի կապակցությամբ Ազգային ժողովը որոշումներ չի ընդու­նում:

2. Խմբակցությունները և խմբերը իրավունք ունեն հարցապնդումներով դիմել Կառավարությանը: Հարցապնդումները ներկայացվում են գրավոր` քննարկումից առնվազն տասն օր առաջ: Հարցապնդումներով դիմելու, քննարկում կազմակերպելու և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունելու կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգով:

 

Հոդված 94.

1. Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի առաջարկու­թյամբ`

1.1) Սահմանադրության 100-րդ հոդվածով սահմանված կարգով համաձայնություն է տալիս վարչապետի թեկնածությանը.

1.2) հայտարարում է համաներում.

1.3) վավերացնում, կասեցնում կամ դադարեցնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տու­թյան միջազ­գային պայմանագրերը: Ազգային ժողովի վավերացմանը ենթակա միջազգային պայմանագրերի շրջանակը սահմանվում է օրենքով.

1.4)  որոշում  է  ընդունում  պատերազմ  հայտարարելու և խաղաղություն հաստա­տելու մասին: Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարի­նության դեպքում պատերազմ հայտարարելու որոշումը կայացնում է Հանրա­պետու­թյան Նախագահը:

2. Ազգային ժողովը կարող է դադարեցնել զինված ուժերի օգտագործումը, ռազմական և արտակարգ դրությունը:

 

Հոդված 95.

1. Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է `

1.1) Գերագույն դատարանի նախագահին և մյուս դատավորներին.

1.2) գլխավոր դատախազին.

1.3) վերահսկիչ պալատի նախագահին:

2. Ազգային ժողովը նշանակում է մարդու իրավունքների պաշտպա­նին, արդարադատության խորհրդի երկու իրավաբան անդամներ:

 

Հոդված 96.

Ազգային ժողովը Կառավարության առաջարկությամբ սահմանում է Հանրապետության վարչատարածքային բաժանումը, վարչատարածքային միավորների անվա­նում­ներն ու սահմանները:

 

Հոդված 97. 

1. Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է անվստահություն հայտնել Կառավա­րությանը: Այդ իրավուն­քից Ազգային ժողովը չի կարող օգտվել Կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալուց հետո վեց ամսվա ընթացքում, ինչպես նաև պատերազմի ժամանակ կամ Սահմա­­նադրության 68-րդ հոդվածի 15-րդ կետով նախատեսված դեպքերում:

2. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից: Որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում:

           

Հոդված 98.

1. Հանրապետության Նախագահն արձակում է Ազգային ժողովը Սահմանադրության 100-րդ հոդվածով սահմանված դեպքերում:

2. Հանրապետության Նախագահը Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջար­կությամբ կարող է արձակել Ազգային Ժողովը, եթե.

2.1)  հերթական նստաշրջանի վաթսուն օրվա ընթացքում Ազգային ժողովը որոշում չի կայացնում Կա­ռա­­վարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ,

2.2)  հերթական նստաշրջանի վաթսուն օրվա ընթացքում Ազգային ժողովը իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում,

2.3) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը վաթսուն օրից ավելի չեն գումարվում:

 

ԳԼՈՒԽ 5

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 99.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործադիր իշխանությունն իրականացնում է  Կառավարությունը:

2. Կառավարության իրավա­սու­թյանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը« որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մար­մինների£

3. Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետից և նախարարներից:

4. Կառավարության կառուցվածքը Կառավարության առաջարկությամբ սահմանվում է օրենքով: Կառավարության և նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:

5. Կառավարությունն ընդունում է որոշումներ, որոնք ստորագրում և հրապարակում է վարչապետը:

 

Հոդված 100.

1. Վարչապետը նշանակվում և Կառավարությունը կազմավորվում է Հանրապետու­թյան Նախագահի կողմից` հետևյալ կարգով.

1.1) Հանրապետության Նախագահն Ազգային ժողովի համաձայնությանն է ներկայացնում վարչապետի թեկնածությունը Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելուց կամ Կառավարության հրաժարականն ընդունելուց կամ Ազգային ժողովի արձակման` սույն հոդվածում նշված դեպքերում նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարումից հետո` տասնօրյա ժամկետում.

1.2) Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի կողմից ներկայացված վարչապետի թեկնածությունը քննարկում է հնգօրյա ժամկետում.

1.3) պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ Ազգային ժողովի համաձայնությանն արժանացած վարչապետի թեկնածուին եռօրյա ժամկետում Հանրապետության Նախագահը նշանակում է վարչապետ: Վարչապետի առաջարկությամբ Հանրապետության Նախագահը քսանօրյա ժամկետում նշանակում է Կառավարության մյուս անդամներին: Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով Ազգային ժողովը հավանություն է տալիս Կառավարության գործունեության ծրագրին:

1.4) սույն հոդվածի 1-ին մասի 1.3-րդ կետով սահմանված կարգով Ազգային ժողովի կողմից վարչապետի թեկնածությանը համաձայնություն չտալու կամ Ազգային ժողովի համաձայնությամբ նշանակված վարչապետի առաջարկությամբ կազմավորված Կառավարության գործունեության ծրագրին հավանություն չտալու դեպքերում Հանրապետության Նախագահը յոթնօրյա ժամկետում երկրորդ անգամ է վարչապետի թեկնածություն ներկայացնում Ազգային ժողովի համաձայնությանը.

1.5) սույն հոդվածի 1-ին մասի 1.3-րդ կետով սահմանված կարգով Ազգային ժողովի կողմից վարչապետի թեկնածության առնչությամբ երկու անգամ համաձայնություն չտալու կամ Ազգային ժողովի կողմից վարչապետի թեկնածությանը համաձայնություն չտալուց հետո Ազգային ժողովի համաձայնությամբ նշանակված վարչապետի առաջարկությամբ կազմավոր­ված Կառավա­րու­թյան գործունեության ծրագրին հավանություն չտալու կամ Ազգային ժողովի համաձայնությամբ նշանակված վարչապետի առաջարկու­թյամբ կազմավորված Կառավարության գործունեության ծրագրին հավա­նություն չտալուց հետո ներկայացված վարչապետի  թեկնածությանը համաձայֆություն չտալու դեպքերում  Հանրապետության Նախագահը տասնօրյա ժամկետում նշանակում է վարչապետ և կազմավորում Կառա­վա­րություն.

1.6) Հանրապետության Նախագահը չի կարող նշանակել վարչապետ այն անձին, ում թեկնածությունը երկու անգամ մերժվել է Ազգային ժողովի կողմից:

2. Ազգային ժողովի կողմից երկու անգամ անընդմեջ Ազգային ժողովի համաձայնությամբ նշանակված վարչապետի առաջարկությամբ կազմավոր­ված Կառավա­րու­թյան գործունեության ծրագրին հավանություն չտալու կամ սույն հոդվածի 1-ին մասի 1.5-րդ կետին համապատասխան Հանրապետության Նախագահի կողմից կազմավորված  Կառավարության գործունեության ծրագրին հավանության չտալու դեպքերում Հանրապետության Նախագահն արձակում է Ազգային ժողովը և նշանակում արտահերթ ընտրություն:

 

Հոդված 101.

1. Վարչապետը ղեկավարում է Կառավարության գործու­նեու­թյունը և համակարգում Կառավարության անդամների աշխատանքը:

2. Վարչապետն ընդունում է որոշումներ` Կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով:

3. Վարչապետի բացակայության կամ նրա կողմից իր լիազորու­թյունների կատարման անհնարինության դեպքերում վարչապետի լիազո­րու­թյուններն իրականացնում է փոխվարչապետը:

 

Հոդված 102.

Կառավարության անդամը չի կարող զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպությունում, զբաղվել ձեռնարկատի­րական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

 

Հոդված 103.

1. Կառավարության նիստերը հրավիրում և վարում է վարչապետը:

2. Կառավարության նիստ կարող է հրավիրել և վարել Հանրապետության Նախագահը:

 

Հոդված 104.

1. Վարչակազմերի ղեկավարներն իրագործում են Կառավարու­թյան տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմին­ների տարած­քա­յին ծառա­յությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: 

2. Վարչակազմերի ղեկավարները նշանակվում և ազատվում են Կառա­վա­­րության որոշմամբ:

3. Ստեփանակերտ քաղաքում տարածքային կառավարման առանձնահատկությունները սահման-վում են օրենքով:

 

Հոդված 105.

1. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջե­տային տարին սկսվելուց առնվազն երեսուն օր առաջ և կարող է պահանջել, որ այն իր կողմից ընդունված ուղղումներով քվեարկության դրվի մինչև այդ ժամկետի ավարտը: Բյուջեի հաստատման առնչությամբ Կառա­վարությունը կարող է դնել իր վստահության հարցը: Եթե Ազգային ժողովը Սահմանադրության 90-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով Կառավարությանն անվստա­­հություն չի հայտնում, ապա պետական բյուջեն` Կառավարության կողմից ընդունված ուղղումներով, համարվում է հաստատված:

2. Բյուջեի հաստատման առնչու­թյամբ Ազգային ժողովի կող­մից Կառավարությանն անվստահություն հայտնելու դեպքում նոր Կառա­վարությունը Ազգային ժողով բյուջեի նախագիծ է ներկա­յաց­նում իր գործունեության ծրագրին հավանություն տալուց հետո՝ տասն օրվա ընթացքում, որը քննարկվում և հաստատվում է սույն հոդ­վածով նախա­տեսված կարգով` երեսուն օրվա ընթացքում:

 

Հոդված 106.

Նորընտիր Հանրապետության Նախագահի կողմից պաշտոնը ստանձնելու օրը Կառավարությունը վայր է դնում իր լիազորությունները:

 

Հոդված 107.

Հանրապետության Նախագահի կողմից Կառավարության հրաժարականի ընդունու­մից կամ Կառավարության կողմից իր լիազորությունները վայր դնելուց հետո Կառավարության անդամները շարունակում են գործել մինչև նոր Կառավարության կազմավորումը:

 

ԳԼՈՒԽ 6

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ

 

Հոդված 108.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դատական իշխանությունն  իրականացնում են դատարանները` Սահմա­նադրու­թյանը և օրենք­ներին համապատասխան:

2. Դատական իշխանությունն իրականացվում է սահմանադրական, քաղաքացիական, քրեական և օրենքով նախատեսված այլ դատա­վա­րության միջոցով:

3. Դատարաններն անկախ են:

 

 Հոդված 109. 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական համակարգը բաղկացած է ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարաններից և Գերագույն դատարանից,  ինչպես նաև օրենքով նախա­տես­ված մասնագիտացված դատարաններից:

2. Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:

3. Դատարանների լիազորությունները, կազմավորման ու գործու­նեու­թյան կարգը սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով:

4. Դատարանների վերջնական ակտերն ընդունվում են Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետու­թյան անունից:

 

Հոդված 110.

1. Դատավորն անփո­փոխելի է: Դատավորը պաշտո­նավարում է մինչև  65 տարին լրանալը:

2. Դատավորի լիազո­րությունները դադարում են միայն Սահմանադրությամբ և օրենքով նախա­տեսված դեպքերում ու կարգով:

 

Հոդված 111.

Դատավորը չի կարող զբա­ղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառա­վարման մարմին­ներում, պաշտոն առևտրային կազմակերպու­թյունում, զբաղվել ձեռնարկատի­րական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտա­կան, մանկավարժական և ստեղծագոր­ծա­կան աշխատանքից: Դատավորը չի կարող լինել որևէ կուսակ­ցության անդամ:

 

Հոդված 112.

1. Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է:

2. Դատավորի գործու­նեության երաշխիքները և պատասխա­նատվության հիմքերն ու կարգը սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով:

3. Դատավորը չի կարող  ներգրավվել որպես մեղադրյալ, կալանավորվել, ինչպես նաև նրա նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել առանց արդարադատության խորհրդի եզրակացության և Հանրապետության Նախագահի համաձայնության` Սահմանա­դրության 116-րդ հոդվածով սահմանված կարգով£

4. Դատ­ավորը չի կարող ձերբակալվել« բացա­ռությամբ այն դեպքերի« երբ ձերբակալումն իրականացվում է հանցա­գործության  կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո: Դատավորի ձերբակալման մասին անհապաղ տեղեկացվում են Հանրապետության Նախագահը և Գերագույն դատարանի նախագահը:

 

Հոդված 113.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն դատական մարմինը Գերագույն դատարանն է:

2. Գերագույն դատարանը բաղկացած է սահմանադրական և վճռաբեկ պալատներից:

3. Գերագույն դատարանն ապահովում է Սահմանադրության գերակայությունը և օրենքի միատեսակ կիրառումը:

4. Գերագույն դատարանի նախագահը և մյուս դատավորները նշանակվում են Ազգային ժողովի կողմից` Հանրապետության Նախագահի առաջարկությամբ:

 

Հոդված 114.

1. Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Գերա­գույն դատա­րանը: Գերագույն դատարանն  օրենքով սահմանված կարգով`

1.1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապե­տության Նախա­գահի հրամանագրերի, կարգադրու­թյուն­ների, Կառավարության, վար­­չա­­­­պետի, տեղա­կան ինքնակառա­վարման մար­­մին­ների  որոշումների  համա­պա­տասխա­նությունը  Սահմանա­դրու­­թյանը.

1.2) մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է նրանում ամրագրված դրույթների  համապատաս­խանու­թյունը Սահմա­նադրու­­թյանը.

1.3)  լուծում է հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերը.

1.4) լուծում է Հանրապետության Նախագահի և պատ­գա­մավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշում­ների  հետ կապված վեճերը.

1.5) անհաղթահարելի կամ վերացած է ճանաչում Հանրապետության Նախա­գահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտները.

1.6) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին.

1.7) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահի կողմից իր լիազորու­թյուն­ների կատարման անհնարինության մասին.

1.8) եզրակացություն է տալիս Գերագույն դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու մասին.

1.9) օրենքով նախատեսված դեպքերում որոշում է կայացնում կուսակ­ցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու մասին:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցերով Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով Գերագույն դատարան  կարող են դիմել`

2.1) Հանրապետության Նախագահը` 1.1, 1.2, 1.3, 1.8 և 1.9-րդ կետերում նշված հարցերով.

2.2)  Ազգային ժողովը` 1.3, 1.6, 1.8 և 1.9-րդ կետերում նշված հարցերով.

2.3)  Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը` 1.1 և 1.3-րդ կետերում նշված հարցերով.

2.4)  Կառավարությունը` 1.1, 1.7 և 1.9-րդ  կետերում նշված հարցերով.   

2.5) տեղական ինքնակառավարման մարմինները՝ իրենց սահմա­նա­դրական իրավունքները խախտող` պետական մար­մին­ների նորմատիվ ակտերի սահմանադրականության հարցով.

2.6) յուրաքանչյուր ոք՝  կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկվում է այդ դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ ակտի դրույթների սահմանադրականությունը.

2.7) դատարանները և գլխավոր դատախազը՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտի դրույթների սահմա­նադրականության հարցով©

2.8) մարդու իրավունքների պաշտպանը՝ 1.1-րդ կե­տում թվարկված  նորմատիվ ակտերի՝ Սահմանա­դրու­­թյան 2-րդ գլխի դրույթներին համա­պատասխա­նու­թյան  հարցով©

2.9) Հանրապետության Նախագահի և պատգամավորության  թեկնա­ծուները՝ 1.4 և 1.5-րդ  կետերում նշված հարցերով:

Գերագույն դատարանը գործը քննում է միայն համապա­տասխան դիմումի առկայության դեպքում:

3. Գերագույն դատարանը սույն հոդվածի 1-ին մասի 1.1–1.5-րդ և 1.9-րդ կետերում նշված հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ« իսկ 1.6-1.8-րդ կետերում նշված հարցերով՝ եզրա­կացություններ£ Եզրակացու­թյունները և 1.9-րդ կետում նշված հարցերով որոշումներն ընդունվում են սահմանադ-րական պալատի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով« մնացած որոշումները` ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ£ Որոշումները և եզրակացություն-ները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

4. Սահմանադրությանը հակասող ճանաչված` սույն հոդվածի 1-ին մասի 1.1-րդ կետում նշված իրավական ակտերը կամ դրանց առանձին դրույթները կորցնում են իրավա­բանական ուժը: Գերագույն դատարանն  իր որոշմամբ կարող է սահմանել Սահմանադրությանը չհամապատասխանող նորմա­տիվ ակտի կամ դրա  առանձին դրույթների իրավաբանական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ:

5. Եթե Գերագույն դատարանի եզրակացությունը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննարկումից:

 

Հոդված 115.

1. Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով ձևա­վոր­վում և գործում է արդարադատության խորհուրդը:

2. Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով օրենքով սահմանված կարգով ընտրված հինգ դատավորներ, Հանրապետու­թյան Նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբաններ:

3. Արդարադատության խորհրդի նիստերը վարում է Գերագույն դատարանի նախագահը` առանց քվեարկության իրավունքի:

 

Հոդված 116.

Արդարադատության խորհուրդն օրենքով սահմանված կարգով` 

1) կազմում և Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկա­յացնում դատավորների թեկնածուների և դատա­վորների ծառայողական առաջխաղացման ցուցակ­ները, որոնց հիման վրա կատարվում են առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորների նշանակումները.

2) Հանրապետության Նախագահին առաջարկություն է ներկայացնում դատավորների նշանակման վերաբերյալ.

3) դատավորներին ենթարկում է կարգապահական պատասխա­նատվու­­թյան.

4) Հանրապետության Նախագահին եզրակացություն է տալիս դատա­վորի լիազորությունները դադա­րեց­նելու վերաբերյալ: Գերագույն դատարանի դատավորի առնչությամբ Հանրապետության Նախագահին եզրակացությունը տրվում է Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա.

5) Հանրապետության Նախագահին եզրակացություն է տալիս դատա­վորին որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համար համաձայնություն տալու վերաբերյալ: Գերագույն դատարանի դատավորի առնչությամբ Հանրապետության Նախագահին եզրակացությունը տրվում է Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա:

 

ԳԼՈՒԽ 7

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 117.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախա­զությունը միասնա­կան  համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:

2. Գլխավոր դատախազին Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ:

3. Գլխավոր դատախազը չի կարող զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպությունում, զբաղվել ձեռնարկատի­րական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Գլխավոր դատախազը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

4. Օրենքով նախատեսված դեպքերում Հանրապետության Նախագահի առաջարկությամբ Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին:

 

Հոդված 118.

1. Դատախա­զությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով`

1.1) հարուցում և իրականացնում է քրեական հետապնդում.

1.2) հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ.

1.3)  դատարանում պաշտպանում է մեղադրանքը.

1.4)  պետական  շահերի պաշտպանության հայց է հարուցում դա­տարանում.

1.5) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշում­ները.

1.6) հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

 2. Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում` օրենքի հիման վրա:

 

ԳԼՈՒԽ 8

ՄԱՐԴՈՒ  ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ  ՊԱՇՏՊԱՆԸ

 

Հոդված 119.

1. Մարդու իրավունքների պաշտպանը անկախ պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու և քաղաքացու խախտված իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը:

2. Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

           

Հոդված  120.

1. Մարդու իրավունքների պաշտպանին նշանակում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով` վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել մարդու իրավունքների պաշտպան:

2. Մարդու իրավունքների պաշտպանն անփոփոխելի է:

3. Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող զբաղեցնել պաշտոն  պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպությունում, զբաղվել ձեռնարկատի­րական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

4. Մարդու իրավունքների պաշտպանն օժտված է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիությամբ: Նրա գործունեության այլ երաշխիքները սահմանվում են օրենքով:

 

ԳԼՈՒԽ 9

ՎԵՐԱՀՍԿԻՉ  ՊԱԼԱՏԸ

 

Հոդված 121.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատն անկախ մարմին է, որը հսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների, օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպու­թյուններից ստացված փոխառությունների ու վարկերի, պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ:

2. Վերահսկիչ պալատի գործունեության ծրագիրը հաստատում է Ազգային ժողովը:

3. Վերահսկիչ պալատը տարեկան ոչ պակաս, քան մեկ անգամ Ազգային ժողով է ներկայացնում իր գործունեության հաշվետվությունը:

4. Վերահսկիչ պալատի կառուցվածքը և գործունեության կարգը սահման­վում են օրենքով:

 

Հոդված 122.

1. Վերահսկիչ պալատի նախագահին Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծա­մասնությամբ` վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել վերահսկիչ պալատի նախա­գահ:

2. Վերահսկիչ պալատի նախագահը չի կարող զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպությունում, զբաղվել ձեռնարկատի­րական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Վերահսկիչ պալատի նախագահը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

3. Օրենքով նախատեսված դեպքերում Հանրապետության Նախագահի առաջարկությամբ Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է պաշտոնանկ անել վերահսկիչ պալատի նախագահին:

 

ԳԼՈՒԽ 10

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 123.

Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքնե­րում` Սահմանադրու­թյանը և օրենքներին համապատասխան:

 

Հոդված 124.

1. Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակչության հանրությունն է:

2. Համայնքն ունի սեփակա­նության իրավունք և գույքային այլ իրավունքներ:

 

Հոդված 125.

1. Համայնքի սեփականությունը տնօրինելու, համայնքային նշանա­կության հարցերի լուծմանն ուղղված այլ լիազորություն­ները համայնքն իրականացնում է որպես սեփական լիազորու­թյուններ՝ իր պատասխա­նատվու­թյամբ: Համայնքի սեփական լիազորությունների մի մասը օրենքով կարող է սահմանվել որպես պարտադիր:

2. Պետական մարմինների լիազորությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով դրանք օրենքով կարող են պատվիրակվել տեղական ինքնակառավարման մարմիններին:  

 

Հոդված 126.

Համայնքի վարչական սահմաններում գտնվող հողը, բացառությամբ ֆիզիկական, իրավաբանական անձանց և պետության սեփականությունը հանդիսացող հողերի, համայնքի սեփակա­նությունն է:

 

Հոդված 127.

1. Համայնքներն իրենց բյուջեն ձևավորում են ինքնուրույն:

2. Համայնքների եկամուտների աղբյուրները սահմանվում են օրենքով: Օրենքով սահմանվում են համայնքների ֆինանսավորման այնպիսի աղբյուր­ներ, որոնք ապահովում են նրանց լիազորություն-ների իրակա­նացումը:

3. Համայնքներին պատվիրակված լիազորությունները ենթակա են պարտադիր ֆինանսավորման պետական բյուջեից:

4. Համայնքները սահմանում են տեղական հարկեր և տուրքեր` օրենքով նախատեսված սահմաններում: Համայնքներն իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կարող են սահմանել վճարներ` օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 128.

1. Համայնքն իր ինքնակառավարման իրավունքն իրականաց­նում է տեղա­կան ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի միջոցով, որոնք օրենքով սահմանված կարգով ընտրվում են չորս տարի ժամկետով:

2. Պատերազմի ժամանակ կամ արտակարգ դրության պայմաններում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն չի անցկացվում, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև պատերազմի կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր տեղական ինքնակառավարման մարմինների առաջին նիստը: Այդ դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունն անցկացվում է պատերազմի կամ արտակարգ դրության ավարտից հետո` ոչ շուտ, քան յոթանասուն, և ոչ ուշ, քան հարյուր օրվա ընթացքում:

 

Հոդված 129.

1. Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայն­քի սեփականությունը, համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է հա­մայնքի բյուջեն, վերահսկում բյուջեի կատարումը, օրենքով սահմանված կարգով սահմանում տեղական հարկեր, տուրքեր և վճարներ, ընդունում է համայնքի տարածքում պարտադիր կատարման ենթակա իրավական ակտեր:

2. Համայնքի ղեկավարի լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են օրենքով:

 

Հոդված 130.

1. Տեղական ինքնակառավարման մարմինների գործու­նեության օրինականությունն ապահո­վելու նպատակով օրենքով սահ­մանված կար­գով իրականացվում է իրավական  հսկո­ղություն:

2. Տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրակա­նաց­­ման նկատմամբ օրենքով սահմանված կարգով իրականացվում է պետական վերահսկողություն:

 

Հոդված 131.

Կառավարությունը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարող է պաշտոնանկ անել համայնքի ղեկավարին:

 

Հոդված 132.

1. Համայնքները, հանրության շահերից ելնելով, կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել: Ազգային ժողովը համապատասխան օրենքն ընդունում է Կառավարության առաջարկությամբ: Մինչև օրենսդրական նախաձեռնության ներկայացումը Կառավարությունը համապատասխան համայնքներում կարող է նշանակել տեղական հանրաքվեներ: Տեղական հանրաքվեների արդյունքները կցվում են օրենսդրական նախաձեռնությանը:

2. Համայնքների միավորման կամ բաժանման սկզբունքները, կարգը, ինչպես նաև նոր ձևավորված համայնքներում տեղական ինքնակա­ռավարման մարմինների ընտրության ժամկետները սահմանվում են օրենքով:

3. Օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել միջհամայն­քային միավորումներ:

 

ԳԼՈՒԽ 11

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒՄԸ  ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆ

 

Հոդված 133.

1. Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխու­թյուններ կատարվում են հանրաքվեի միջոցով` Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի նախաձեռնությամբ:

2. Հանրաքվեն նշանակում է Հանրապե­տության Նախագահը` Ազգային ժողովի առաջարկով կամ համաձայնությամբ: Համապատասխան որոշումը Ազգային ժողովն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3. Հանրապետության Նախագահը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծն ստանալուց հետո` երեսնօրյա ժամկետում, կարող է այն առարկություններով և առաջարկություններով վերա­դարձնել Ազգային ժողով` նոր քննարկման:

4. Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով վերստին առա­ջարկված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում Ազգային ժողովի սահմանած ժամկետում:

5. Եթե նախաձեռնությամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահը, ապա Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը հանրաքվեի դնելու հարցը Ազգային ժողովում քվեարկության է դրվում նախագիծն ստանալուց հետո` վաթսունօրյա ժամկետում: Եթե Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ որոշում է ընդունվում Հանրապետության Նախագահի ներկայացրած նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայ­նություն տալու վերաբերյալ, ապա Հանրապետության Նախագահն այն հանրաքվեի է դնում իր սահմանած ժամկետում:

 

Հոդված 134.

1. Օրենքները հանրաքվեի են դրվում Ազգային ժողովի կամ Կառա­վա­րության առաջարկությամբ` Սահմանադրության 133-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները փոփոխվում են միայն հանրաքվեով:

 

 

Հոդված 135.

1. Պետության համար կարևոր նշանակություն ունեցող հարցերը հանրաքվեի են դրվում Ազգային ժողովի կամ Կառավարության առաջարկությամբ` հարցադրումների տեսքով` Սահմանադրության 133-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Պետության համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ հանրաքվեով ընդունված որոշումները կարող են փոփոխվել միայն հանրաքվեով:

 

Հոդված 136.

Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը:

 

ԳԼՈՒԽ 12

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 137.

Սահմանադրության ընդունման օրը հայտարարվում է տոն՝ «Սահմանադրության օր»:

           

Հոդված 138.

Սույն Սահմանադրությունը, բացառությամբ 79-րդ հոդվածի 1-ին մասի, 99-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված դրույթի, 113-րդ հոդվածի 2-րդ մասի, 114-րդ հոդվածի 2-րդ մասի 2.6-րդ կետի, 128-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետին վերաբերող դրույթի, ուժի մեջ է մտնում հանրաքվեի արդյունքների հիման վրա՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնա-կան տեղե­կագրում» հրապարակվելու հաջորդ օրվանից:

 

Հոդված 139.

Մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելը ընտրված կամ նշանակված հանրային իշխանության սահմանադրական մարմինների, պաշտոնատար անձանց լիազորությունների ժամկետը ավարտվում է մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելը գործող իրավանորմերով սահմանված ժամկետի ավարտը:

 

Հոդված 140.

1. Սահմանադրության 79-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում ոչ ուշ, քան 2015 թվականից՝ Ազգային ժողովի հաջորդ գումարումների համար: Մինչ այդ Ազգային ժողովի պատգամավոր միաժամանակ չեն կարող լինել Հանրապետության Նախագահը, վարչապետը, փոխվարչապետը, նախարարները և նրանց տեղակալները, վարչակազմերի ղեկավարները և նրանց տեղակալները, դատավորները, զինված ուժերում, դատախազությունում, ոստիկանության, ազգային անվտան­գության և հարկային մարմիններում ծառայողները, մարդու իրավունքների պաշտպանը, վերահսկիչ պալատի նախագահը, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ անձինք, իսկ մշտական հիմունքներով աշխատող պատգամավորը չի կարող զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագոր­ծա­կան աշխա­տանքից:

2. Սահմանադրության 99-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված դրույթն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: Մինչ այդ Կառավարության կառուցվածքը սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Սահմանադրության 113-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունիսի 1-ից: Մինչև սահմանադրական և վճռաբեկ պալատների կազմավորումը Գերագույն դատարանը Սահմանադրության 114-րդ հոդվածով սահման­ված լիազորություններն իրականացնում է ամբողջ կազմով, վճռաբեկության կարգով գործերը քննում է օրենքով սահմանված կարգով:

4. Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի 2.6-րդ կետն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից:

5. Սահմանադրության 128-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետին վերաբերող դրույթն ուժի մեջ է մտնում Սահմանադրության ընդունումից հետո ընտրված տեղական ինքնակառավարման մարմինների համար, որոնց ընտրություններն անցկացվում են 2007 թվականի հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը: Այն տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց ընտրության ժամկետը չի ավարտվում 2007 թվականին, իրականացնում են Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունները մինչև իրենց ընտրության ժամկետի ավարտը:

 

Հոդված 141.

Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո՝

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները և մյուս իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում Սահմանադրությանը.

2) մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի և օրհներգի մասին օրենքների ընդունումը ուժի մեջ են  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի նոյեմբերի 23-ին և  դեկտեմբերի 23-ին  ընդունված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի և օրհներգի մասին որոշումները.

3) ուժը կորցրած է ճանաչվում 1994 թվականի դեկտեմբերի 22-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը: Հանրապետության Նախագահն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորու­թյունները մինչև իր ընտրության ժամկետի ավարտը:

4) ուժը կորցրած է ճանաչվում 2001 թվականի մարտի 19-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը: Ազգային ժողովն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորու­թյունները մինչև իր ընտրության ժամկետի ավարտը.

5) ուժը կորցրած է ճանաչվում 2004 թվականի մարտի 22-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը: Կառավարու­թյունն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորու­թյունները.

6) մինչև Սահմանադրությանը համապատասխան դատարանակազմության ու դատավարական օրենսդրության ընդունումը և դատական նոր համակարգի կազմավորումը առաջին ատյանի դատարանը և Գերագույն դատարանը շարունակում են մինչև Սահմանադրության ընդունումը սահմանված լիազորությունների իրականա­ցումը.

7) մինչև դատական նոր համակարգի և արդարադատության խորհրդի կազմավորումը դատական մագիստրատուրայի խորհուրդը շարունակում է իրականացնել օրենքով սահմանված իր լիազորությունները.

8) գլխավոր դատախազը շարունակում է իրականացնել իր լիազորությունները մինչև Սահմանադրությանը համապատասխան օրենքի ընդունումը և Սահմանադրության 117-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով գլխավոր դատախազի նշանակումը, բայց ոչ ուշ, քան մինչև 2008 թվականի հունվարի 1-ը.

9) մինչև Սահմանադրությանը համապատասխան օրենքի ընդունումը վերահսկիչ պալատը շարունակում է մինչև Սահմանադրության ընդունումը սահմանված լիազորությունների իրականա­ցումը: Վերահսկիչ պալատի նախագահը շարունակում է իրականացնել իր լիազորությունները մինչև Սահմանադրության 122-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վերահսկիչ պալատի նախագահի նշանակումը, բայց ոչ ուշ, քան մինչև  2008 թվականի հունվարի 1-ը.

10) Ազգային ժողովը երկու տարվա ընթացքում համապատասխանեցնում է գործող օրենքները Սահմանադրությանը:

             

Հոդված 142.

Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո: