Ընդունված է 2006թ. փետրվարի 15-ին
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի նպատակը
Սույն օրենքի նպատակը ներկայում և ապագայում մարդու բարեկեցության, հանրապետության սոցիալ-տնտեսական համակարգի զարգացման, տնտեսական և էկոլոգիական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի, ռեժիմի և որակի ջրային ռեսուրսների մատչելիության ապահովումն է:
Հոդված 2. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենս-գրքի 15-րդ հոդվածի պահանջներից բխող՝ ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթները հետևյալ ուղղություններով.
1) ջրային ռեսուրսների կայուն կառավարում.
2) ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության գերակայություններ.
3) ջրային ռեսուրսների հաշվառում և գնահատում.
4) ջրային ռեսուրսների առաջարկի և պահանջարկի ձևավորում.
5) ջրավազանային կառավարման հետ կապված հարաբերություններ:
Հոդված 3. Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին օրենքի
օրենսդրական հիմքերը
Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին օրենսդրությունը հիմնված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի վրա, բաղկացած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքից, սույն օրենքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից:
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահման-ված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.
ջրային ռեսուրսների կայուն կառավարում՝ այնպիսի կառավարում, որն ապահովում է մարդկանց, ներկա և ապագա սերունդների հիմնական կարիքները, բարեկեցության բարելավումն ու ջրաէկոհամակարգերի պահպանումը՝ չվտանգելով ազգային ջրային պաշարը.
ջրային ռեսուրսների թափանցիկ և մասնակցային կառավարում՝ ջրային ռեսուրսների, ջրային համակարգերի այնպիսի կառավարում, որոնց վերաբերյալ որոշումների ընդունման գործ-ընթացը բաց և տեսանելի է հասարակության բոլոր խավերի համար և հասանելի է նրանց մասնակցությունն այդ գործընթացին.
մարդկանց հիմնական կարիքներ՝ մարդու գոյատևման և կենցաղի առաջնային նվազագույն կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի և պահանջվող որակի ջուր.
ռիսկերի կարգավորում՝ ռիսկի հայտնաբերման, վերլուծության, գնահատման, դիտարկման և հակադարձման կարգավորման խնդիրներին ուղղված քաղաքականության, ընթացակարգի և միջոցառումների համակարգված իրականացում:
Հոդված 5. Օրենքի խնդիրները
Սույն օրենքի խնդիրներն են՝
1) ապահովել ջրային ռեսուրսների մատչելիության գնահատման, ազգային ջրային պաշարի բնութագրման, ջրային ռեսուրսների առաջարկի և պահանջարկի ձևավորման գործընթացի իրականացումը.
2) սահմանել ջրային ռեսուրսների օգտագործման գերակայությունները.
3) ներդնել ջրավազանային կառավարման սկզբունքները, կազմել ջրավազանային կա-ռավարման պլանները և նախապատրաստել Ջրի ազգային ծրագրի հիմքերը:
Հոդված 6. Ջրի ազգային քաղաքականության սկզբունքները
Ջրի ազգային քաղաքականությունը ապահովում է հետևյալ սկզբունքների իրականա-ցումը.
1) բնակչության հիմնական կենսական կարիքների ապահովումը.
2) ներկա և ապագա սերունդների լիարժեք կենսագործունեության համար անհրաժեշտ ջրային ռեսուրսներով ապահովումը.
3) բնակչության կենցաղային կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի և պահանջվող որակի ջրապահանջի ապահովումը.
4) բնակչության հատկապես սոցիալապես անապահով խավի հիմնական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի և պահանջվող որակի ջրի մատչելիության ապահովումը.
5) բնակչության մեջ ջրի խնայողաբար օգտագործման վերաբերմունքի դաստիարակումը և ձևավորումը, ջրի խնայողաբար օգտագործման խրախուսման տնտեսական և ֆինանսական մեխանիզմների մշակումը և կիրառումը.
6) «առաջարկն է ձևավորում պահանջարկը» սկզբունքի կիրառումը.
7) ելնելով պահանջարկից՝ ջրային ռեսուրսների կարգավորման խնդիրների ձևավորումը (ներառյալ՝ ջրամբարների զարգացումը).
8) երկրի զարգացման շահերից բխող տարբերակված և ճկուն սակագնային քաղաքականության մշակումը և կիրառումը.
9) ջրային ռեսուրսների աղտոտման նվազեցման փուլային միջոցառումների մշակումը և կիրառումը՝ ելնելով ջրավազանի նշանակությունից.
10) շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռության ապահովումը.
11) «աղտոտողն է վճարում» և «օգտագործողն է վճարում» մեխանիզմի կիրառումը.
12) ջրային ռեսուրսների պահպանության, կառավարման և օգտագործման ոլորտներում մարդկային և տեխնոլոգիական հզորությունների զարգացման ապահովումը.
13) ջրային ռեսուրսների օգտագործման և ջրային ավազան վնասակար նյութերի ու միացությունների արտանետման համար վճարների գանձումից հավաքագրված գումարների մասնահանման միջոցով ջրային ռեսուրսների կայուն կառավարմանն աջակցող գործողությունների իրականացման համապատասխան ֆինանսական հենքի ապահովումը և ոլորտում առկա բնապահպանական հիմնախնդիրների լուծումը.
14) պետական ջրային կադաստրի վարման ապահովումը.
15) անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման գործընթացում միջազգային ընդունված պարտավորությունների կատարման և համագործակցության զարգացման ապահովումը.
16) ջրի ազգային քաղաքականության ոլորտում օրենքով սահմանված կարգով տեղեկատվության մատչելիության ապահովումը:
Հոդված 7. Ջրային ռեսուրսների կառավարման սկզբունքները
Ջրային ռեսուրսների կառավարումն ապահովում է հետևյալ սկզբունքների իրականացումը.
1) ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման գիտական հիմնավորվածությունը.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքով սահմանված գնագոյացման կարգավորման, խթանման և այլ չափանիշների կիրառումը.
3) ռիսկերի կարգավորման կիրառման ապահովումը.
4) բնապահպանական, մշակութային, սոցիալական և տնտեսական արժեքների համալիր գնահատմամբ ջրային ռեսուրսների կառավարման իրականացումը.
5) ջրային ռեսուրսների ազատ հոսքի կուտակումը և տեղափոխումը արհեստական ջրամբարների ու պատվարների կառուցմամբ.
6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերում, իրավական ակտերով սահմանված նորմերին և ստանդարտներին համապատասխանող որակով, հետզհետե շուրջօրյա ջրամատակարարման ապահովումը.
7) ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի թափանցիկ և մասնակցային կառավարումը, ինչպես նաև գենդերային քաղաքականության սկզբունքների իրականացումը.
8) ջրավազանային կառավարման մակարդակով ջրային ռեսուրսների ջրառատության, ինչպես նաև ջրային ռեսուրսների սպառողական և ոչ սպառողական արժեքների հիման վրա ջրային ռեսուրսների բաշխման, վերաբաշխման և գնագոյացման ապահովումը.
9) անդրսահմանային ջրային ռեսուրսների և ջրահոսքերի կառավարումը:
Հոդված 8. Ջրի ազգային ծրագրի մշակման սկզբունքները
1. Ջրի ազգային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) ներկայացնում է ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի առաջարկվող կառավարման կարճաժամկետ ծրագիրը, նախագծերի և ծրագրերի նկարագրությունները, ծախսերն ու օգուտները և դրանց բաշխվածությունը:
2. Ծրագիրը ներկայացնում է ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի առաջարկվող կառավարման միջնաժամկետ ծրագիրը, հաշվարկելի նախագծային և ծրագրային նկարագրությունները, ծախսերն ու օգուտները և դրանց բաշխվածությունը:
3. Ծրագրում ներկայացվում են ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ (մինչև 15 տարի) նախատեսվող բոլոր միջոցառումները:
4. Ծրագրի կատարման վերաբերյալ ամենամյա հաղորդումը ներառում է՝
1) նախորդ տարում Ծրագրի իրականացման ընթացքը և արդյունքները.
2) Ծրագրի կառավարման և օպերատիվ ռազմավարության իրականացման շարունակելիության նպատակահարմարությունը.
3) Ծրագրի նոր բաղադրիչներ նախաձեռնելու, ինչպես նաև դրանում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունները:
Գ Լ ՈՒ Խ 2
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՋՐԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 9. Ջրային ռեսուրսների գնահատումը
Ջրային ռեսուրսների գնահատումն իրականացվում է ջրային ռեսուրսի որակի, քանակի, ձևի և բաշխվածության ամբողջական գույքագրմամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի և դրանից բխող իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
Ջրային ռեսուրսների վերագնահատումն իրականացվում է պարբերաբար` առնվազն 5 տարին մեկ:
Ջրային ռեսուրսների ամբողջական կամ մասնակի գնահատումը կարող է իրականացվել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կամ համապատասխանաբար ջրօգտագործողի պահանջով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահ-մանած կարգով:
Ջրային ռեսուրսների գնահատման մեխանիզմները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 10. Ջրային ռեսուրսների առաջարկի ձևավորումը
Ջրային ռեսուրսների գնահատման, վերագնահատման և ազգային ջրային պաշարի ու բնապահպանական (էկոլոգիական) թողքերի հաշվարկման արդյունքների հիման վրա ձևավոր-վում է ջրի առաջարկը:
Գ Լ ՈՒ Խ 3
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ
Հոդված 11. Ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատման և ձևավորման
ընթացակարգը
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային ռեսուրսների պահանջարկի գնա-հատումն իրականացնում է ջրային ռեսուրսների պահպանության և կառավարման պետական լիազոր մարմինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքով և իրավական այլ ակտերով՝ հիմք ընդունելով «առաջարկն է թելադրում պահանջարկը» սկզբունքը:
2. Ջրային ռեսուրսների պահանջարկը ձևավորում է ջրային ռեսուրսների պահպանության և կառավարման պետական լիազոր մարմինը՝ Ծրագրի հիման վրա:
Հոդված 12. Ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատման բաղադրիչները
1. Ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատումը ներառում է, սակայն չի սահմանափակում հետևյալ ջրօգտագործումները՝
1) տնտեսական-կենցաղային, կենսական.
2) գյուղատնտեսական.
3) արդյունաբերական.
4) ձկնաբուծական.
5) ռեկրեացիոն.
6) էներգետիկ՝ էլեկտրաէներգիայի արտադրություն և սարքավորումների հովացում. ատո-մային էլեկտրակայաններ.
7) միջազգային պարտավորություններ անդրսահմանային ջրային ռեսուրսների վերաբեր-յալ.
8) ջրային ռեսուրսների կուտակումներ:
2. Ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատումը ընդգրկում է՝
1) ջրօգտագործման նպատակը, ջրապահանջի հիմնավորումը, ջրօգտագործման զարգացման հեռանկարը.
2) պահանջվող ջրի քանակը, ռեժիմը, ջրառի վայրը.
3) պահանջվող ջրի որակը.
4) ջրօգտագործումից ջրային ռեսուրսներին պատճառված աղտոտվածությունը:
Գ Լ ՈՒ Խ 4
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 13. Ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության
գերակայությունները
1. Ջրային ռեսուրսների պահպանության և կայուն կառավարման նպատակով ընդհանուր առաջարկի-պահանջարկի գնահատումից ստացված արդյունքների հիման վրա ջրային ռեսուրսների բաշխումը ջրօգտագործողների միջև ըստ առաջնահերթության իրականացվում է հետևյալ գերակա ուղղություններով` ըստ հերթականության.
1) ազգային ջրային պաշար՝ բնակչության հիմնական կարիքները բավարարելու, ջրի անբավարարության հետևանքով հիվանդությունները նվազեցնելու ու կանխարգելելու և ջրային էկոհամակարգերը պահպանելու համար անհրաժեշտ քանակի և որակի վերականգնվող ջրային ռեսուրսների պահպանում և օգտագործում.
2) ավանդական՝ ջրահոսքի հունի սահմաններում պատմական, ոչ արդյունահանման նպա-տակով ջրերի օգտագործում.
3) ջրային ռեսուրսների օգտագործում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենս-դրության և միջազգային պայմանագրերի համաձայն.
4) կենցաղային՝ մարդկանց կուլտուր-կենցաղային ջրապահանջի կարիքները բավարա-րելու համար ջրօգտագործում.
5) գյուղատնտեսական՝ ոռոգման, արոտավայրերի ջրարբիացման, անասնապահության և այլ ոչ արդյունաբերական ջրապահանջի կարիքները բավարարելու համար.
6) էներգետիկ՝ էներգիայի արտադրության ջրապահանջի կարիքները բավարարելու հա-մար.
7) արդյունաբերական՝ ջուր արտադրական գործընթացներում.
8) ռեկրեացիոն օգտագործում՝ ջուր մարզական, սիրողական ձկնորսության, լողի, նավարկության և գեղագիտական վայելքի համար.
9) հակաերաշտային միջոցառումներ՝ երաշտներից վնասները նվազագույնի հասցնելու համար:
2. Ջրերի բաշխում չի կարող տեղի ունենալ, եթե այն վնաս է հասցնում ազգային ջրային պաշարին:
Հոդված 14. Արտակարգ իրավիճակների հետ կապված առանձնահատկությունները
1. Ջրային ռեսուրսների մատչելիության հետ կապված արտակարգ իրավիճակներում ջրային ռեսուրսների օգտագործման սահմանափակումն իրականացվում է սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-9-րդ կետերով սահմանված՝ ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության գերակայությունների փոփոխությամբ՝ հակառակ հերթականությամբ:
2. Ջրային ռեսուրսների քանակի և (կամ) որակի փոփոխության հետ կապված արտակարգ իրավիճակների դեպքում ջրօգտագործողներին ավելի ցածր, բայց դեռևս պիտանի որակի ջրային ռեսուրսներ են ապահովում այլընտրանքային աղբյուրներից:
Գ Լ ՈՒ Խ 5
ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Հոդված 15. Ջրային ռեսուրսների ռազմավարական կառավարումը
1. Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման ռազմավարության հիմքում ընկած են ջրավազանային կառավարման կայացումն ու զարգացումը:
2. Ջրավազանային կառավարման մարմինների կողմից կազմվող ջրավազանային կառավարման պլանները ներառում են տվյալ ջրավազանի՝
1) քարտեզագրման տվյալները.
2) տրված ջրօգտագործման թույլտվությունների վերաբերյալ տվյալները.
3) ջրային և առափնյա էկոհամակարգերի մասին տվյալները.
4) հիդրոտեխնիկական կառուցվածքների վերաբերյալ տվյալները.
5) բնական ջրային ռեսուրսներից ջրառի և հեռացվող կեղտաջրերի վերաբերյալ տվյալները.
6) տարածքում արգելված կամ որոշ սահմանափակումներով գործունեության տեսակների ցանկը:
3. Ջրավազանային կառավարման պլանները կազմվում են՝ ղեկավարվելով սույն օրենքով և սահմանված գերակայություններով, Ծրագրով՝ հաշվի առնելով տվյալ ջրավազանի առանձնահատկությունները:
4. Ջրավազանային կառավարման պլանները կազմելու գործընթացին հասարակության մասնակցությունը ապահովվում է հասարակական լսումներ և քննարկումներ կազմակերպելով, զանգվածային լրատվության միջոցներով այդ մասին տեղեկություններ հաղորդելով:
Գ Լ ՈՒ Խ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 16. Եզրափակիչ դրույթ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
20 մարտի 2006 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 266