Ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                  Ընդունված է 2015թ. փետրվարի 26-ին

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  2003 թվականի նոյեմբերի 26-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ հասկացություններով.                                                         

«ջրաղբյուր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գետերի ջրերը, ստորերկրյա ջրերը, մակերեսային տեղական հոսքի ջրերը, որոնք հավաքվում են բնական կամ արհեստական ջրամբարներում, չորացման համակարգի ցամաքուրդային (դրենաժային) ջրերը.

ոռոգման ջուր` ոռոգման նպատակով օգտագործվող և ոռոգման ջրի ստանդարտներին համապատասխանող ջրային  ռեսուրս, որը կարող է լինել ինչպես մակերևութային, այնպես էլ ստորերկրյա.

ոռոգման համակարգ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային համակարգի մի մասը, որն ընդգրկում է ոռոգման և ցամաքուրդային (դրենաժային) ջրատարներ, ջրանցքներ, ջրանցույցներ, դյուկերներ, ստորասրահներ, արագահոսներ, թունելներ, ջրանկումներ, հեղեղատարներ, խողովակաշարեր, հիդրոտեխնիկական կառուցվածքներ, արտեզյան և շատրվանող հորեր, պոմպակայաններ, ջրամբարներ, լճակներ` ծառայողական ճանապարհներն իրենց օտարման գոտիներով, շենք-շինություններով, էլեկտրահաղորդման գծերով և այլ ենթակառուցվածքներով, այդ թվում` ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներ:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) տալիս է եզրակացություն`

- ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվություններ տալու վերաբերյալ,

- ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման նպատակով ջրօգտագործման թույլտվությունները 5 տարուց մինչև 15 տարի ժամկետով տալու վերաբերյալ:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 13-րդ հոդվածում «օրենքով» բառը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով:

 

Հոդված 4.  Օրենսգրքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«Հանձնաժողովը չի կարգավորում (ջրային համակարգերի օգտագործման թույլտվություններ չի տրամադրում և սակագներ չի սահմանում) «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 33-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.             

 

«Հոդված 33. Ջրօգտագործման թույլտվությունների գործողության ժամկետը

Մինչև ջրի ազգային ծրագրի ընդունումը սույն օրենսգրքի հիման վրա տրված ջրօգտագործման թույլտվությունը վավեր է երեք տարուց ոչ ավելի:

Ջրավազանային կառավարման պլան ունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չի կարող 25 տարուց ավելի լինել:

Ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չի կարող հինգ տարուց ավելի լինել, բացառությամբ շահագործման նպատակով փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների:

Ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվությունները տրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության դեպքում:

Ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության դեպքում ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ստանալու նպատակով դիմած անձանց ջրօգտագործման թույլտվությունները տրվում են մեկ տարի ժամկետով, որը համարվում է երկարաձգված` հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի ժամանակահատվածին հավասար, բայց ոչ ավելի, քան 20 տարին: Ջրավազանային կառավարման պլանների ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո նախկինում տրամադրված ջրօգտագործման թույլտվությունների ջրօգտագործման պայմանները կարող են վերանայվել:

Ջրօգտագործման թույլտվություններ տալու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Եթե ներդրումային ծախսերը կարող են երաշխավորվել, ապա Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը, Ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության դեպքում, ջրավազանային կառավարման պլանների հիման վրա կարող է ջրօգտագործման թույլտվություն տալ ավելի երկար ժամկետով, որը չի կարող գերազանցել 40 տարին:

Ջրօգտագործման թույլտվություն ունեցողը թույլտվության ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ կարող է դիմել Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին` ջրօգտագործման թույլտվության ժամկետը երկարաձգելու համար: Եթե ջրօգտագործման թույլտվության պայմանները չեն խախտվել, և դրա երկարաձգումը չի հակասում օրենքներին, այլ իրավական ակտերին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերին և ջրավազանային կառավարման պլաններին, ապա ջրօգտագործման թույլտվությունը Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից ենթակա է վերաձևակերպման` նույն ժամկետով և պայմաններով:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) գույքի անհատույց օգտագործման պայմանագրով:»:

 

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 55.1-ին հոդվածով.

 

«Հոդված 55.1. Գույքի անհատույց օգտագործման պայմանագրի միջոցով ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը 

Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը կարող է իրականացվել գույքի անհատույց օգտագործման պայմանագրով:

Գույքի անհատույց օգտագործման պայմանագրով կարող է տրամադրվել ջրային համակարգը կամ դրա մի մասը` անհատույց ժամանակավոր օգտագործման նպատակով, այդ գույքը նույն վիճակում` հաշվի առնելով դրա բնական մաշվածքը, կամ պայմանագրով որոշված վիճակը, վերադարձնելու պայմանով:

Գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը կնքվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 61-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61.1-ին հոդվածով.

 

«Հոդված 61.1. Պետական և համայնքային սեփականություն համարվող ոռոգման համակարգը

Ոռոգման համակարգը ըստ ֆունկցիոնալ նշանակության դասակարգվում է`

1) մայրուղային ոռոգման համակարգ` ջրային  աղբյուրից սկիզբ առնող միջհամայնքային, տնտեսային կամ ներտնտեսային ոռոգման համակարգերին ոռոգման ջուր մատակարարող համակարգ (առաջին կարգի (հիմնական) ջրատարներ և պոմպակայաններ, մայր ջրանցքներ).

2) ոռոգման միջհամայնքային (միջտնտեսային) համակարգ` մայրուղային ոռոգման համակարգից սկիզբ առնող մեկից ավելի համայնքների ոռոգելի հողերին ոռոգման ջուր մատակարարող համակարգ (երկրորդ կարգի ջրանցքներ և պոմպակայաններ).

3) ոռոգման տնտեսային համակարգ` մայրուղային կամ միջտնտեսային ոռոգման համակարգերից սկիզբ առնող և միայն մեկ համայնքի ոռոգելի հողերին ոռոգման ջուր մատակարարող համակարգ (երրորդ կարգի ջրանցքներ).

4) ոռոգման ներտնտեսային համակարգ` տնտեսային ոռոգման համակարգերից, ինչպես նաև տեղական ջրաղբյուրներից սկիզբ առնող և միայն մեկ համայնքի ոռոգելի հողատարածքներին ոռոգման ջուր բաշխող համակարգ (չորրորդ կարգի ջրանցքներ կամ բաշխիչ ցանցեր):

Պետական սեփականություն համարվող առաջին և երկրորդ կարգի ոռոգման համակարգերը մասնավորեցման ենթակա չեն: Դրանք կարող են փոխանցվել միայն օգտագործման իրավունքով ջրամատակարարներին` սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Պետական սեփականություն համարվող երրորդ կարգի ոռոգման համակարգերը, որոնք չեն կառուցվել մասնավոր ներդրումների միջոցով, կարող են սեփականության իրավունքով փոխանցվել համայնքին:

Պետական սեփականություն համարվող չորրորդ կարգի ոռոգման համակարգերը, որոնք չեն կառուցվել մասնավոր ներդրումների միջոցով, կարող են սեփականության իրավունքով տրվել համայնքին, ջրամատակարարներին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

 

Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 61.2. Ոռոգման համակարգի կառավարումը

Ոռոգման ջրամատակարարման հարաբերությունների սուբյեկտներն են ջրօգտագործողը և ջրամատակարարը, որոնց լիազորությունների ցանկը և գործունեության կարգը սահմանվում են օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով:

Ոռոգման ջրամատակարարման կառավարումը կարող է իրականացվել Ջրային համակարգերի կառավարման մարմնի և (կամ) մասնավոր կառավարման միջոցով:

Ոռոգման ջրամատակարարման մասնավոր կառավարումը կարող է իրականացվել մասնակցային կառավարման միջոցով ջրօգտագործողների ընկերությունների և (կամ) ջրօգտագործողների ընկերությունների միությունների կողմից` օրենքով սահմանված կարգով:

Ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից ոռոգման ջրամատակարարման մասնավոր կառավարման դեպքում ոռոգման համակարգերի օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել սույն օրենսգրքի 6-րդ գլխով սահմանված դեպքերում և կարգով:

Մասնակցային կառավարումն իրականացնող իրավաբանական անձինք ունեն ոռոգման համակարգի օգտագործման նախապատվության իրավունք:»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 9-րդ գլխի վերնագրում «ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» բառերը փոխարինել «ՈՌՈԳՄԱՆ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ» բառերով:

 

Հոդված 12. Օրենսգրքի 71-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 13. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 71.1-ին հոդվածով.

 

«Հոդված 71.1. Ոռոգման համակարգի մասնակցային կառավարումը

Ոռոգման ջրամատակարարման մասնակցային կառավարումն իրականացվում է ջրօգտագործողների ընկերությունների և (կամ) ջրօգտագործողների ընկերությունների միությունների միջոցով:

Ջրօգտագործողները կարող են միավորվել` օրենքով սահմանված կարգով հիմնադրելով ջրօգտագործողների ընկերություններ, իսկ ջրօգտագործողների ընկերությունները` ջրօգտագործողների ընկերությունների միություններ:»:

 

Հոդված 14. Օրենսգրքի 79.1-ին հոդվածի 2-րդ մասը «լինել» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքի, երբ սահմանված սակագների մեծությունների դատական կարգով բողոքարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա հանձնաժողովը ընդունում է սակագնի սահմանման վերաբերյալ նոր որոշում» բառերով:

 

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                              Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2015թ. մարտի 13

Ստեփանակերտ

ՀՕ-6-Ն