Ընդունվել է 1996թ. սեպտեմբերի 18-ին
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, հասարակայնությանը մատուցած ակնառու եւ բացառիկ ծառայությունները նշելու համար հիմնվում են պետական պարգեւներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շքանշաններ եւ մեդալներ£
Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգեւները հիմնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը£
Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով պարգեւատրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը՝ դրանց վերաբերյալ հրապարակելով հրամանագրեր£
Հոդված 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչման, շքանշանների եւ մեդալների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժոդովն ընդունում է օրենքներ, որոնք սահմանում են պարգեւատրման կարգը, պետական պարգեւները կրելու կանոնները£
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շքանշանների, մեդալների նկարագրությունները եւ նմուշները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ ըստ իր կողմից անցկացված մրցույթի արդյունքների£
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, ստեղծագործական միությունների, գիտական ընկերությունների, հասարակական կազմակերպությունների եւ այլ հաստատությունների հիմնած շքանշանների եւ մեդալների նմուշները չպետք է արտաքին նմանություն ունենան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգեւների հետ:
Հոդված 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհվում է ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով պարգեւատրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք:
Հոդված 6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգեւի տեսակը որոշվում է պարգեւատրվողի անձի ծառայությունների բնույթին ու կարեւորությանը համապատասխան:
Պարգեւատրված անձանց նոր ծառայությունները կարող են կրկին նշվել պետական պարգեւով: Նույնանուն պետական պարգեւով մեկից ավելի պարգեւատրում չի կատարվում, բացառությամբ այն շքանշանների, որոնք ունեն աստիճաններ:
Շքանշանի նույն աստիճանը մեկից ավելի անգամ չի տրվում:
Հոդված 7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրումը կատարվում է նաեւ հետմահու:
Գ Լ ՈՒ Խ 2
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄԸ
Հոդված 8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչումը «Արցախի հերոս» կոչումն է:
«Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց հանձնվում է հայրենիքի շքանշան՝ «Ոսկե Արծիվ»:
Գ Լ ՈՒ Խ 3
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԸ
Հոդված 9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շքանշաններն են՝
հայրենիքի շքանշանը՝ «Ոսկե Արծիվ» - հանձնվում է միայն «Արցախի հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց.
Մարտական խաչ շքանշանը՝ 1-ին աստիճանի եւ 2-րդ աստիճանի.
Գրիգոր Լուսավորչի շքանշանը.
Մաշտոցի շքանշանը:
Գ Լ ՈՒ Խ 4
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ
Հոդված 10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեդալներն են՝
Մարտական ծառայության մեդալը.
Մխիթար Գոշի մեդալը.
Վաչագան Բարեպաշտի մեդալը.
Անանիա Շիրակացու մեդալը.
Արիության համար մեդալը.
Երախտագիտություն մեդալը.
Շուշիի ազատագրման համար մեդալը:
Գ Լ ՈՒ Խ 5
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ
ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրման միջնորդությունը հարուցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 6
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգեւները հանձնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը, նախարարները եւ գերատեսչությունների ղեկավարները:
Զինծառայողներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգեւները, րպես կանոն, հանձնվում են զորամասերում:
Հոդված 13. Պարգեւատրված անձին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգեւի հետ միասին հանձնվում է համապատասխան վկայական: Պետական պարգեւների վկայականների նմուշները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 14. Հետմահու պարգեւատրման դեպքում պետական պարգեւը վկայականի հետ միասին հանձնվում է պարգեւատրվածի ընտանիքին:
Գ Լ ՈՒ Խ 7
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգեւի արժանացած անձինք ունեն դրանք մշտապես կրելու իրավունք եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվում են արտոնություններից:
Պարգեւատրված անձինք պարտավոր են խնամքով պահպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգեւները:
Հոդված 16. Պարգեւատրված անձի մահվան դեպքում պարգեւները եւ դրանց վկայականները կարող են որպես հիշատակ պահպանվել նրա ժառանգների մոտ կամ վերջիններիս համաձայնությամբ՝ հանձնվել թանգարաններին: Պետական պարգեւները թանգարաններին հանձնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի գիտությամբ: Եթե պարգեւատրված անձը չունի ժառանգներ, նրա մահվանից հետո պետական պարգեւները եւ դրանց վկայականները վերադարձվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմ:
Հոդված 17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգեւները, դրանց վկայականները կորցնելու դեպքում պարգեւատրված անձինք պահպանում են իրենց իրավունքները:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շքանշանների, մեդալների կորստի դեպքում, որպես կանոն, կրկնօրինակներ չեն տրվում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շքանշանների եւ մեդալների կրկնօրինակները տրվում են այն դեպքում, եթե դրանք կորցվել են մարտական պայմաններում, տարերային աղետի հետեւանքով կամ այլ հանգամանքներում, երբ պետական պարգեւները պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չի եղել:
Պետական պարգեւների կրկնօրինակներ տալու միջնորդությունը հարուցվում է տեղական ինքնակառավարման գործադիր մարմինների կողմից, որոնք ուսումնասիրություններից հետո իրենց միջնորդությունը պարգեւատրված անձի դիմումի, պետական պարգեւների կորստի մասին համապատասխան տեղեկանքի հետ միասին ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին:
Կորցրած պետական պարգեւների եւ դրանց վկայականների կրկնօրինակները պարգեւատրված անձանց հանձնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Գ Լ ՈՒ Խ 8
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոդված 18. Արգելվում է այնպիսի նշանների, հուշադրամների եւ կրծքանշանների պատրաստումը, որոնք ունեն արտաքին նմանություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շքանշանների ու մեդալների հետ:
Հոդված 19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգեւների նկատմամբ ապօրինի գործողությունները առաջացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ
23 հոկտեմբերի 1996 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-23