Պետական նյութական պահուստի մասին

                                                                                                                                                                                                                          Ընդունված է 2005թ. ապրիլի 27-ին 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է պետական նյութական պահուստի (այսուհետ` պետական պահուստ) ձևավորման, տեղաբաշխման, պահպանման, օգտագործման, համալրման և թարմացման հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Պետական պահուստի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

              օրենսդրությունը 

 

Պետական պահուստի ոլորտում հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով:

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված են այլ նորմեր, քան սահմանված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

պետական պահուստ`  նյութական արժեքների պետական հատուկ նշանակության պահուստ, որը ներառում է սննդամթերքի, դեղորայքի, բժշկական սանիտարատնտեսական և սանիտարատեխնիկական գույքի, շինանյութի, հումքի կարևորագույն տեսակների, էներգակիրների, անհատական պաշտպանության միջոցների և այլ նյութերի ու ապրանքների պաշարներ, որոնք սույն օրենքով սահմանված կարգով նախատեսված են օգտագործման համար.

լիազորված մարմին` պետական պահուստի համակարգի կառավարման բնագավառում ծառայություններ մատուցող՝ գործադիր իշխանության հանրապետական մարմին.

պետական պահուստի համակարգի կառավարում` պետական պահուստի համակարգի ար-դյունավետ գործունեության նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարու-թյան` պետական պահուստի պաշարների ձևավորման, պահպանման և սպասարկման հետ կապված գործընթացների կառավարում.

պետական պահուստի չնվազող պաշար` պետական պահուստի նյութական արժեքների մշտապես պահպանվող նվազագույն ծավալ.

պետական պահուստի նյութական արժեքների մատակարարում` պետական պահուստի ձևավորման նպատակով նյութական արժեքների գնում և (կամ) բեռնաթափում (փոխադրում) դրանց պահպանման համար նախատեսված կազմակերպություններում.

նյութական արժեքների բացթողում պետական պահուստից` պետական պահուստի նյութական արժեքների իրացում կամ անհատույց փոխանցում որոշակի ստացողի (սպառողի) կամ դը-րանց իրացում շուկայում.

պետական պահուստի նյութական արժեքների պահպանում` պետական պահուստի նյութական արժեքների պահպանում այն իրականացնող կազմակերպություններում` առանց այդ ար-ժեքներից օգտվելու իրավունքի վերապահման, մինչև պետական պահուստից դրանք բաց թողնելու մասին սահմանված կարգով որոշման ընդունումը.

պետական պահուստի պաշարների թարմացում` տարայի և փաթեթավորման վնասման, պահպանվող նյութական արժեքների փչացման կամ որակի վատթարացման (որոշ հանգամանքների հետևանքով), ինչպես նաև դրանց պահպանման սահմանված ժամկետը լրանալու դեպքում նյութական արժեքների բացթողում պետական պահուստից` միաժամանակ պետական պահուստ հա-վասար քանակությամբ համանման նյութական արժեքներ մատակարարելու պայմանով.

պետական պահուստի նյութական արժեքների փոխարինում` զորահավաքային առաջադրանքով նախատեսված կամ արտադրանքի պատրաստման ստանդարտների և տեխնոլոգիաների փոփոխության հետ կապված՝ նյութական արժեքների բացթողում պետական պահուստից` միաժամանակ նույն քանակությամբ համանման նյութական արժեքներ մատակարարելու պայմանով.

պետական պահուստից նյութական արժեքների փոխառնում` որոշակի պայմաններով պետական պահուստից նյութական արժեքների բացթողում` նույն քանակությամբ համանման նյութական արժեքների հետագա վերադարձելիության պայմանով.

պետական պահուստի նյութական արժեքների ապաամրագրում` նյութական արժեքների բացթողում պետական պահուստից` առանց հետագա վերադարձելիության պայմանի:

 

Հոդված 4. Պետական պահուստի նշանակությունը

 

Պետական պահուստը նախատեսված է օգտագործել հետևյալ նպատակներով.

ա) ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զորահավաքային կարիքները.

բ) արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում ապահովել հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, փրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը.

գ) հումքային և վառելիքաէներգետիկ պաշարների, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման ժամանակավոր խափանումների ժամանակ ներքին շուկայում պահանջարկի և առաջարկի միջև անհամամասնությունների առաջացման դեպքում պետական աջակցություն ցուցաբերել տնտեսության տարբեր ոլորտներին, կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին.

դ) ցուցաբերել մարդասիրական օգնություն.

ե) պարենային ճգնաժամի դեպքում կարգավորող ազդեցություն ցուցաբերել շուկայի վրա:

 

Հոդված 5. Պետական պահուստի միասնական հանրապետական համակարգը

 

1. Պետական պահուստի պաշարների ձևավորումը, պահպանումն ու սպասարկումը ապահովվում է լիազորված մարմնի և պահպանումն ու սպասարկումը իրականացնող կազմակերպությունների միջոցով, որոնք կազմում են պետական պահուստի միասնական հանրապետական համակարգը (այսուհետ` պետական պահուստի համակարգ):

2. Պետական պահուստի համակարգի կառուցվածքը և պետական պահուստի կառավարման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

3. Պետական պահուստի համակարգ մտնող կազմակերպությունների ստեղծումը, վերակազմավորումը, լուծարումը, ինչպես նաև այդ կազմակերպություններին պետական գույքի ամրագրումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:

4. Պետական պահուստի համակարգի կառավարումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բացառիկ իրավասությունն է:

 

Հոդված 6. Պետական պահուստի նյութական արժեքների անվանացանկը և դրանց

              կուտակման նորմերը, ծավալներն ու ժամկետները 

 

1. Պետական պահուստի նյութական արժեքների անվանացանկը, ծավալը և դրանց կուտակման նորմերը և ամբարման ժամկետները, ինչպես նաև այդ անվանացանկի և նորմերի մշակման և հաշվառման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

2. Պետական պահուստում նյութական արժեքների կուտակման ամենամյա ծավալը պլանավորվում է պետական գնումների կազմում` այդ նպատակով ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում:

 

Հոդված 7. Պետական պահուստի չնվազող պաշարը

 

1. Պետական պահուստի չնվազող պաշարում պահպանման ենթակա նյութական արժեքների անվանացանկը և ծավալը, ինչպես նաև օգտագործման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

2. Պետական պահուստի չնվազող պաշարում եղած նյութական արժեքները փոխառնման ենթակա չեն:

 

Հոդված 8. Պետական պահուստի համակարգի ֆինանսավորումը

 

1. Պետական պահուստի համակարգի պահպանման, սպասարկման և զարգացման ծախսերի ֆինանսավորումը, պետական պահուստի նյութական արժեքներով գործառնությունների կատարումն իրականացվում են պետական բյուջեի, ինչպես նաև պետական պահուստի նյութական արժեք-ներով գործառնություններից ստացվող միջոցների հաշվին:

2. Պետական պահուստի նյութական արժեքներով գործառնություններից ստացվող միջոցները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը սահմանված կարգով ուղղում է բացառապես պետական պահուստի ձևավորմանն ու պետական պահուստի համակարգի զարգացմանը:

3. Պետական պահուստի ձևավորման, պետական պահուստի համակարգի պահպանման և զարգացման ծախսերը առանձին հոդվածով արտացոլվում են պետական բյուջեի մասին օրենքում:

 

Հոդված 9. Պետական պահուստի նյութական արժեքների մատակարարման

              կազմակերպումը 

 

1. Պետական պահուստի նյութական արժեքների մատակարարման պետական պատվիրատուն լիազորված մարմինն է:

2. Պետական պահուստի նյութական արժեքների մատակարարման կազմակերպումը պայմանագրերի հիման վրա իրականացվում է գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Ապրանքային շուկայում մենաշնորհային դիրք զբաղեցնող կազմակերպությունները չեն կարող անհիմն պատճառներով հրաժարվել լիազորված մարմնի հետ նյութական արժեքների մատակարարման մասին պայմանագրեր կնքելուց:

 

Հոդված 10. Պետական պահուստի նյութական արժեքների տեղաբաշխումը

 

1. Պետական պահուստի նյութական արժեքների տեղաբաշխումը դրանց պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպություններում կատարում է լիազորված մարմինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմատնտեսական ծրագրերի համաձայն:

2. Պետական պահուստի նյութական արժեքները կարող են պատասխանատու պահպանման հանձնվել պաշտպանական, արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային և այլ կազմակերպությունների` անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից:

3. Պատասխանատու պահպանման հանձնվող նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, որակը, գինը, պահպանման ժամկետները և պատասխանատու պահպանման ծառայության դիմաց վճարման կարգը սահմանվում են լիազորված մարմնի և պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպության միջև կնքված պայմանագրով:

4. Պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպությունները`

ա) իրավունք ունեն լիազորված մարմնից պահանջելու պատասխանատու պահպանման հանձնվող նյութական արժեքները բնութագրող փաստաթղթեր.

բ) իրավունք չունեն երրորդ անձի հետ ինքնուրույն կնքելու պատասխանատու պահպանման հանձնված նյութական արժեքների օտարման, փոխանակման կամ որևէ այլ գործարք.

գ) պատասխանատվություն են կրում պատասխանատու պահպանման հանձնված նյութական արժեքների անձեռնմխելիության, դրանց քանակական և որակական պահպանության, հաշվառման և հաշվետվության կազմակերպման համար:

5. Պետական պահուստի նյութական արժեքների պահպանումն իրականացնող կազմակերպությունների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ զորահավաքային և պետական այլ ծրագրերի համաձայն:

 

Հոդված 11. Պետական պահուստի նյութական արժեքների պահպանման

               առանձնահատկությունները 

 

1. Պետական պահուստ մատակարարվող նյութական արժեքները, որոնց նկատմամբ սահ-մանվում են կյանքի անվտանգության, սպառողների առողջության և շրջակա միջավայրի պահպանման ապահովման պահանջներ, պետք է ունենան համապատասխանության հավաստագրեր (սերտիֆիկատներ):

2. Պետական պահուստում նյութական արժեքների պահպանման պայմաններն ու ժամկետները սահմանում է լիազորված մարմինը` հաշվի առնելով գործող պետական ստանդարտների կամ տեխնիկական պայմանների պահանջները:

 

Հոդված 12. Պետական պահուստից նյութական արժեքները բաց թողնելու հիմքերը և

               կարգը 

 

1. Պետական պահուստից նյութական արժեքների բացթողումը իրականացվում է հետևյալ դեպքերում.

ա) թարմացման և փոխարինման.

բ) փոխառնման.

գ) ապաամրագրման:

2. Պետական պահուստից նյութական արժեքների բացթողումը թարմացման և փոխարինման նպատակով իրականացվում է լիազորված մարմնի որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Պետական պահուստից նյութական արժեքների փոխառնումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Պետական պահուստից նյութական արժեքների բացթողումը փոխառնման կարգով կատարվում է պայմանագրով, որը կնքվում է լիազորված մարմնի և ստացողի միջև: Պայմանագրում նշվում են ստացողի տվյալները, պետական պահուստից նյութական արժեքները բաց թողնելու պայմանները և ժամկետները, դրանց վերադարձման ժամկետներն ու կարգը:

Պետական պահուստից նյութական արժեքների փոխառնման համար նախատեսվում է վճար, որի չափը որոշում է լիազորված մարմինը` ելնելով փոխառնված նյութական արժեքների ընդհանուր արժեքից, փոխառնման ժամկետից: Նախատեսված վճարը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափը:

4. Պետական պահուստից նյութական արժեքների բացթողումը ապաամրագրման կարգով կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:

 

Հոդված 13. Պետական պահուստի պաշարների օգտագործման կարգը

 

1. Զորահավաքային նախապատրաստության շրջանակներում պետական պահուստի պա-շարների օգտագործումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով պետական պահուստից նյութական արժեքների օգտագործման թույլտվությունը տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացրած հայտի հիման վրա:

3. Պարենային ճգնաժամի սպառնալիքի, հումքային և վառելիքաէներգետիկ պաշարների, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման ժամանակավոր խափանումների ժամանակ ներքին շուկայում առաջարկի և պահանջարկի միջև անհամամասնության, ինչպես նաև տնտեսության կայունությանը խոչընդոտող այլ իրավիճակների առաջացման դեպքում երկրի պարենային անվտանգությունն ապահովելու, տնտեսության կայունացման և շուկայի վրա կարգավորող ազդեցություն ցուցաբերելու նպատակով պետական պահուստի պաշարները կարող են օգտագործվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը կարող է որոշում ընդունել կառավարության պահուստային ֆոնդի հաշվին պետական պահուստի նյութական արժեքների սահմանված ծավալներից և նորմերից ավել գնումներ կատարելու մասին:

 

Հոդված 14. Լիազորված մարմնի գործառույթները պետական պահուստի համակարգի

               կառավարման բնագավառում 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազորված մարմինը՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առաջարկություններ է ներկայացնում պետական պահուստի համակարգի զարգացման և կատարելագործման վերաբերյալ.

բ) մշակում է պետական պահուստի նյութական արժեքների անվանացանկը, ինչպես նաև դրանց կուտակման գիտականորեն հիմնավորված նորմերն ու չափորոշիչները և ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը.

գ) սահմանված կարգով մշակում ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում պետական պահուստի նյութական արժեքների կուտակման, ապաամրագրման, թարմացման և փոխարինման հեռանկարային ու տարեկան ծրագրերի նախագծերը.

դ) հսկողություն է իրականացնում պատասխանատու պահպանում իրականացնող կազմակերպություններում պետական պահուստի նյութական արժեքների կուտակման, բացթողման, թարմացման, փոխարինման, տեղաբաշխման ծրագրերի և առաջադրանքների կատարման նկատմամբ.

ե) սահմանված կարգով ապահովում է պետական պահուստի նյութական արժեքների միասնական հաշվառման կազմակերպումը, իրականացնում է դրանց առկայության ու շարժի ամփոփ հաշվառում, ինչպես նաև պետական պահուստի նյութական արժեքների առկայության ու վիճակի մասին տալիս է ամփոփ հաշվետվություն և տեղեկատվություն ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը.

զ) վերահսկողություն է իրականացնում պետական պահուստի համակարգի կազմակերպությունների` բյուջետային ֆինանսավորման նպատակային օգտագործման և այդ կազմակերպությունների սահմանած կարգով վճարովի ծառայությունների մատուցման նկատմամբ.

է) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ գործառույթներ:

 

Հոդված 15. Վեճերի լուծումը և պատասխանատվությունը պետական պահուստի մասին

                    օրենսդրությունը խախտելու դեպքում

 

1. Պետական պահուստի մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են պետական պահուստի մասին օրենսդրությամբ սահմանված, ինչպես նաև դատական կարգով:

2. Պետական պահուստի մասին օրենսդրությունը խախտող անձինք ենթակա են պատասխանատվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 16. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

24 մայիսի 2005 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-191